«Տարին Չարենցյան է».այս կարգախոսով 2022 թ․ ամբողջ տարվա ընթացքում նշվեց Եղիշե Չարենցի ծնդյան 125-ամյակը։Կազմակերպեցին հոբելյանական բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներով, տարբեր հրատարակություններով ու ամենատարբեր ձևաչափերով ներկայացավ հանճարեղ բանաստեղծը և արժևորվեցին նրա ստեղծագործությունները։ Եվ ամենակարևորը՝ այս միջոցառումների շրջանակում սկսվեցին նաև նոր գիտական-ակադեմիական հրատարակության ստեղծման, սկզբում անհնարին թվացող աշխատանքները։
2023 թ. վերջին արդեն ընթերցողի սեղանին է Եղիշե Չարենցի երկերի գիտական հրատարակության առաջին հատոր: Այս կարևոր ձեռնարկն իրականություն դարձավ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և «Անտարես» հրատարակչության համատեղ աշխատանքով ու չարենցագիտական լավագույն ուժերի համախմբմամբ: Դեկտեմբերի 21-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Հնչեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ողջույնի խոսքերը, տրվեցին շնորհակալագրեր նախագծի մասնակիցներին ու գրականագետները ներկայացրին գիրքը:
Եղիշե Չարենցի երկերի առաջին հատորում ընդգրկված են բանաստեղծի 1912-1922 թթ. գործերը: Բնագրերը պատրաստել և ծանոթագրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, հատորի խմբագիրը Դավիթ Գասպարյանն է:
Գիտական հրատարակության խմբագրական խորհրդում Ա. Նիկողոսյանից ու Դ. Գասպարյանից բացի ընդգրկված են երկար տարիներ Չարենցի ստեղծագործությամբ ուսումնասիրությամբ զբաղված վաստակաշատ գրականագետներ ու թանգարանի աշխատակիցներ՝ Սամվել Մուրադյանը, Ժենյա Քալանթարյանը Ազատ Եղիազարյանը, Սեյրան Գրիգորյանը, Ավիկ Իսահակյանը, Հենրիկ Էդոյանը, Անուշ Թասալյանը, Ժաննա Մանուկյանը, Հերիքնազ Որսկանյանը և Գոհար Չարենցը։
100 և մեկ տարի առաջ ՝ 1922 թ․ իր երկերի երկհատորյակի առաջաբանում Եղիշե Չարենցն ասում է․ «Այս «Երկերի Ժողովածուն», թվում է թե, շատերին պիտի զարմացնի: Եվ դա հասկանալի է միանգամայն: Եվ ահա թե ինչու: Իմ գրական գործունեութեան սկզբի օրից ես ստիպված եմ եղել իմ հրատարակություններն ինքս անել և քանի որ այդ գործը միշտ կապված է եղել նկութական որոշ հնարավորությունների հետ – ուստի և ես մինչև օրս ինչ որ հրատարակել եմ—հրատարակել եմ պատահմամբ և երբեք հնարաւորություն չեմ ունեցել սիստեմատիկ կերպով հրապարակ հանելու իմ ստեղծագործությունը, — մի հանգամանք, որ չափազանց նպաստում է որևէ գրողի մասին ոչ ճիշտ՝ պատահական կարծիք կազմելուն»։ Մեծ բանաստեղծի՝ իր երկերը ամբողջական ու համակարգված հրատարակված տեսնելու ցանկությունը սկզբում իրականություն է դառնում 1962-1967 թթ․, երբ պատրաստվում է առաջին գիտական հրատարակությունը և արդեն հիմա, երբ ընթացքի մեջ է 13 հատոր ընդգրկող գիտական այս բացառիկ հրատարակությունը և արդեն տպագրվել է առաջին հատորը: