Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հունիսի 18-ին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելու օրը։ Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, Հռիփսիմյան կույսերի նահատակությունից հետո Տրդատ արքան հիվանդանում է և արքայի քույրը՝ Խոսրովադուխտը երազ է տեսնում, որ արքային կբժշկի բանտարկված Գրիգորը։ Եվ 13-ամյա բանտարկությունից հետո, հիշում և բերում են հրաշքով ողջ մնացած Գրիգորին։ Այս իրադարձություններով է սկսվում հայոց դարձի պատմությունը։ Հայ մատենագրության մեջ այս իրադարձությունները գտել են իրենց գեղարվեստական յուրահատուկ ու առինքնող արտահայտությունը։ Art365-ը ներկայացնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապին նախորդող ու հաջորդող իրադարձություններն ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» և Վարդան Արևելցու «Գովեստի խոսք՝ ուղղված Սուրբ Գրիգոր Լուսավորչին» երկի՝ իրադարձության պատկերագրության ուղեկցությամբ։
Մերժված երկրպագություն
Մեծ Հայքի Տրդատ արքայի առաջին տարում շարժվեցին եկան, Հասան Եկեղյաց գավառը, Երիզա գյուղը, Անահիտի մեհյանը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն: Երբ անարժան գործը կատարեցին, իջան տեղավորվեցին այն գետի ափին, որ Գայլ է կոչվում: Թագավորը եկավ մտավ վրանը, ընթրիքի բազմեց.երբ գինովցան, թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերի Անահիտի արձանի բագինին: Սակայն նա հանձն չառավ աստվածների երկրպագության պաշտամունքը կատարել։
Կենդանի Աստված ու կուռքեր
Ապա հրաման տվեց իջեցնել այդտեղից ու սկսեց հարցնել նրան` ասելով. «Կկատարես իմ կամքը թե չես պաշտի Աստվածներին, որոնք ամբողջ երկրի կամքն են ու հիմքը»: Պատասխանեց Գրիգորն ու ասաց. «Ես կերկրպագեմ իմ տեր Աստծուն, քանզի նա է Արարիչը, կյանքն ու հիմքը և Որդուն, որը ստեղծող է համազոր ու համագործ և նրա Հոգուն, որ իմաստությամբ լցրեց ամբողջ աշխարհը: Իսկ կռած, կոփած, փորագրած ու ձեռագործ կուռքերը երբեք Աստվածներ չեմ համարել և այլ կերպ չեմ անի, քանի դեռ շունչ կա իմ մարմնի մեջ»
Տանջանքներ
Այսչափ հարցերից ու տանջանքներից, գանահարություններից ու բանտերից, գելարաններից ու կախաղաններից, դառն նեղություններից և խոշտանգումներից, որոնք նա մեծ համբերությամբ հանձն առավ տեր մեր Հիսուս Քրիստոսի անվան համար, երբ թագավորը այս էլ իմացավ, թե իսկապես դա որդին է Անակ Պարթևի, որն սպանել էր նրա հորը` Խոսրովին, հրաման տվեց կապել ոտքերը, ձեռքերն ու պարանոցը և տարան նրան Այրարատ գավառը, հանձնեցին Արտաշատ քաղաքի բերդի դղյակը և իջեցրին ներքին վիրապը, որի խորությունից դուրս գալ անհնարին էր, որպեսզի իսկույն մեռներ: Այդ վիրապում նա մնաց 13 տարի։
Աղոթք պաշտպանության
Շնորհներ տուր ինձ Տեր համբերելու այս դառն տանջանքներին, որոնցով կտտում են ինձ, որպեսզի ես ևս արժանի լինեմ լուսավոր հավատքիս ավանդությունը պահելու, որ տվել ես ինձ քեզ ճանաչելու և քո կամքը կատարելու համար: Քանզի չեն ամաչի քեզ հուսացողները, որոնք մի անգամ պարծեցել են քո միածին Որդով` մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին դու առաքեցիր:
Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն
Անմարմին հրեշտակ
Մեծ Եղիայի նման Աստծո օրենքների նախանձախնդիր էր, նաև անապատում բնակությամբ նրա կենցաղավարությունն ուներ։ Եղիսեի նման ճոխացած էր բազմազան հրաշագործություններով, բարձր խոսող էր՝ ինչպես Եսային, ցանկալի այր՝ ինչպես Դանիելը, հրաշատես՝ ինչպես Եզեկիելը, վշտերին համբերող՝ ինչպես արդար Հոբը, ողբացող՝ ինչպես Երեմիան, անաչառ հանդիմանող՝ ինչպես Հովհաննեսը։ Առաքյալների նման ճշմարտության Խոսքի քարոզիչ էր, մարգարեների հետ՝ ապագայի տեսանող, մարտիրոսների հետ՝ նահատակ և Աստծո Որդու վկա։ Ճգնավորների հետ՝ առաքինասեր վարքով ճգնող, երկնքի զվարթունների հետ՝ անմարմին հրեշտակ մարմնի մեջ
Վարդան Արևելցի, Գովեստի խոսք՝ ուղղված Սուրբ Գրիգոր Լուսավորիչին
Հրաշքը
Այն տասներեք տարիներում, որ Գրիգորը մնաց բանտի բերդում և Խոր Վիրապում, մի այրի կին, որ այդ բերդում էր, երազում հրաման ստացավ, որ օրական մի նկանակ պատրաստելով` Խոր Վիրապում վայր գցեր: Այսպիսով` Աստծո հրամանով նա կերակրվեց այնտեղ մնացած տարիներին: Սույն վիրապում, ուր նետել էին նրան, կենդանի մնաց շնորհիվ իր Տիրոջ, իսկ այլ մարդիկ, որոնք մի անգամ այնտեղ իջեցված էին, բոլորը մեռել էին` դժնդակ, հեղձուցիչ, անտանելի տեղի, թանձր տիղմի, օձախառն ու խորունկ լինելու պատճառով։
Պատիժ
Մինչդեռ կառքի վրա նստած թագավորը քաղաքից դուրս էր եկել, իսկույն նրա վրա տիրոջ պատուհասը հասավ, և պիղծ դևը խփելով թագավորին կառքից վայր տապալեց: Անմիջապես սկսեց մոլոգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնույթից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու: Այնուհետև մտնելով մտնելով եղեգնուտը՝ խոտաճարակ դարձավ, սաստիկ անզգայությամբ դաշտերում կոծելով իր մերկ մարմինը։
Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն
Վերելք
Եվ սուրբ կույսերն իրենց նահատակության հանդեսից ձայնում էին սուրբ Գրիգորին և ասում էին. «Վե՛ր կաց, զվարթուն մշակ, որ խորը խավարում ես, վե՛ր կաց, բարի՛ նահատակ, որ քարբերի մեջ ես, վե՛ր կաց, արփիափայլ ակ, որ խավարում ես։ Ելիր և սերմանի՛ր կենաց խոսքը քո անդաստանում, որ ոռոգված է մեր մաքուր արյամբ։ Ելի՛ր, հոգևոր մշա՛կ, և սերմանի՛ր խոսքի ոգեղեն սերմը։ Որովհետև ձմեռն անցավ, այգիները ծաղկեցին, բանական թռչունները եկել են, տատրակները երգում են քաղցրաձայն. քո աստվածային վարդապետության հոգևոր քարոզության գարունն է»։
Վարդան Արևելցի, Գովեստի խոսք՝ ուղղված Սուրբ Գրիգոր Լուսավորչին
Տեսիլ
Այն ժամանակ Աստծուց տեսիլ երևաց թագավորի քրոջը, որի անունն էր Խոսրովադուխտ: Արդ` եկավ պատմեց մարդկանց իր տեսիլը`ասելով «Ինձ տեսիլ երևաց այս գիշեր, մի մարդ լույսի նմանությամբ եկավ պատմեց ինձ, թե ձեզ վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե մարդ չուղարկեք Արտաշատ քաղաք` այնտեղից բերելու կապյալ Գրիգորին: Նա գալով կսովորեցնի ձեզ ցավերից բժշկվելու դեղը»:
Փրկություն
Եվ եկան բերեցին իսկույն հաստ պարաններ ու իրարա կապելով իջեցրին ներքև: Մեծ ձայնով աղաղակեց Օտա նախարարն ու ասաց. «Գրիգոր, ուր որ էս դուրս եկ, քանզի քո Տեր Աստվածը, որին պաշտում էիր, հրամայեց հանել քեզ այդտեղից»: Նա անմիջապես ոտքի կանգնեց, իսկույն շարժեց պարանն ու ամուր բռնեց։
Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն,
Մարգարեական ծաղիկ
Դու, սո՛ւրբ Գրիգոր, մարգարեական ծաղիկ, առաքելական պտուղ, հայրապետական պսակ, վարդապետական պարծանք, մարտիրոսական թագ, քահանայական պատիվ, ճգնավորական հանդես, կրոնավորական նախանձ, քրիստոսական տիպ, մաքուր կերպ, սրբության օրինակ, առաքինական կնիք, պարկեշտության դրոշմ, ժուժկալության պատկեր, համբերության օրինակ, ճշմարտության հարացույց, ստուգության տարազ, աստվածպաշտության ապացույց, ուղղափառ հավատի ամուր զենք, ուղղադավան խոստովանող։
Վարդան Արևելցի, Գովեստի խոսք՝ ուղղված Սուրբ Գրիգոր Լուսավորիչին
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան