Գիտության հիմնասյուներից մեկը՝ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Իսահակ Նյուտոնը(1642-1727) լայն հանրությանն ավելի հայտնի է ընկնող խնձորի հետ կապված պատմությամբ, սակայն նրա մեծագույն հայտնագործություններն ու ուսումնասիրությունները ձևավորել են դասական ֆիզիկան դարձել, յուրաքանչյուրիս կյանքի կարևոր մասը։ Նյուտոնը «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» ուսումնասիրության մեջ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը, մեխանիկայի երեք օրենքները։ Մշակել է դիֆերենցիալ ու ինտեգրալ հաշվարկների տեսությունը, դրել գույնի ու օպտիկայի ուսումնասիրության հիմունքները։ Art365-ը առանձնացրել է Իսահակ Նյուտոնի կյանքի ու գործունեության հետ կապված 10 ուշագրավ փաստ, որոնք նոր ու զարմանալի կողմերից են ներկայացնում մեծ գիտնականին։
10 փաստ Նյուտոնի մասին
1. Ծառից գիտնականի գլխին ընկնող խնձորի պատմությունն ու այդ միջադեպի հետևանքով հայտնագործված Տիեզերական ձգողականության օրենքի տպավորիչ պատմությունն իրականում լեգենդ է, որը մեծ ճանաչում է գտել ֆրանսիացի գրող ու լուսավորիչ փիլիսոփա Վոլտերի շնորհիվ։ Հետագայում այս լեգենդը այնքան է տարածվում, որ նույնիսկ տեղ է գտնում Apple ընկերությունն առաջին լոգոյում։
2.Նյուտոնին է պատկանում սպիտակ գույնի հատկությունների վերաբերյալ մեծ հայտնագործությունը, ըստ որի սպիտակը տեսանելի սպեկտորի գույների խառնուրդն է։
3. Իսահակ Նյուտոնն է ընտրել մեզ հայտնի ծիածանի յոթ գույները, որոնք ֆիզիկայում կոչվում են տեսանելի սպեկտորի հիմնական գույներ։ Ընդ որում, սկզբում դրանք 5-ն էին, հետո ֆիզիկոսը ավելացնում է ևս 2-ը՝ ստանալով մեզ հայտնի՝ կարմիր, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, կապույտ, երկնագույն և կանաչ գույների ցանկը։
4.Նյուտոնը զբաղվելով ճշգրիտ գիտություններով, նաև տարված էր ու խորապես ուսումնասիրությում էր ալքիմիայի մոգական արվեստն ու աստվածաբանությունը։ Հայտնի է, որ նա կյանքի վերջում մի մեծ աստվածաբանական գիրք էր գրում, որը ցավոք չի պահպանվել, քանի որ այրվել է ֆիզիկոսի տանը բռնկված հրդեհի ժամանակ։
5. Ինչպես շատ այլ նշանավոր մարդիկ, օրինակ՝ Արիստոտելը, Դարվինը և այլք, Նյուտոնը նույնպես կակազում էր, ինչի պատճառով էլ թերևս աչքի չէր ընկնոմ շատ խոսելով։ Հայտնի է, որ նա լինելով Բրիտանական լորդերի պալատի անդամ, միշտ մասնակցել է նիստերին, սակայն երբեք չի խոսել, բացառությամբ մի դեպքի, երբ խնդրել է փակել պատուհանը։
6. Մաթեմատիկայում առաջին խոշոր հայտնագործությունը Նյուտոնը կատարում է 21 տարեկանում․ ապացուցում է բինոմի բանաձևը։
7. Հայտնի է, որ Նյուտոնը հավատացյալ էր, սակայն նրա կրոնական հայացքները տարբերվում էին եկեղեցու կանոնիկ հայացքներից։ Ըստ որոշ ուսումնասիրողների, նա չէր ընդունում Սուրբ Երրորդության գաղափարը և ձգտում էր ուսումնասիրել ու գտնել միջնադարյան կրոնական վեճերի հետևանքով փոխված քրիստոնեկան նախնական ու անխաթար ուսմունքը։
8. Կյանքի վերջին տարիներին Նյուտոնը շատ ժամանակ էր ծախսում անմահության էլիքսիրի ստեղծման փորձերի վրա։
9. Ըստ Նյուտոնի Աստվածաշունչը գաղտնի հաղորդագրություններով ու գաղտնագրերով լեցուն մի գիրք է, որտեղ հնարավոր է գտնել մարդկության պատմության, ներկայի ու ապագայի բոլոր հարցերի պատասխանները։
10. Նյուտոնն է առաջին անգամ հայտարարել, որ երկրագունդը կլոր չէ ամբողջությամբ, քանի որ սեփական առանցքի շուրջ պտտվելու ընթացքում Երկրի ձևը որոշ փոփոխություններ է կրում։