«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» ժողովածուն։ Գ.Նժդեհի խորհրդածությունների և հոդվածների այս հրատարակությունը գրական արևելահայերեն է և ունի պատշաճ ծանոթագրություններ: Հեղինակի խոսքն առաջին հերթին հասցեագրված է հայ երիտասարդությանը և նպատակ ունի մղել նրանց ինքնաճանաչողության: Հեղինակը անցյալի պատմական անձանց, դիպվածների ու գաղափարների ներկայացմամբ ու քննությամբ անդրադառնում մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Հեղինակը խոսում է ռազմարվեստի փիլիսոփայությունից, խրախուսում Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը և զարգացումը՝ ապագայի պատերազմներում գերակա համարելով զենքը, այլ ոչ մարդուժը: Գրքում շեշտվում է ժողովուրդների ինքնակազմակերպման ու հավաքական պայքարի անհրաժեշտությունը, որովհետև այդպես մենք «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»: Կարևորելով խոսքի արժեքը, քննադատելով բարոյական անկումը, մատնացույց անելով դամոկլյան սրի պես մեր ժողովրդի գլխին կախված թուրքական վտանգը՝ Նժդեհն ընդգծում է հոգևոր հայրենիքի փայփայման կարևորությունը՝ որպես կորսված նյութական հայրենիքի վերադարձի միակ նախապայման: Նա անդրադառնում է Սյունիքում մեր հաղթության մանրամասներին, այլ պատերազմներում մեր պարտությունների պատճառներին, ներքին ու արտաքին թշնամիներին՝ ցավով եզրակացնելով, որ «խորապես գիտակցված չէ մեր անցյալը, ստեղծագործ չէ մեր ներկան»:
Հացն ու հոգևոր սնունդը
Աչքը կո՛ւշտ ժողովուրդ. ահա՛ մի ուրիշը՝ ամենահայկականը հայի գովելի հատկություններից:
Խոսեցրե՛ք իր էպոսը, իր ֆոլկլորը և պիտի համոզվեք, որ հայի համար հացը կեցության բարիքների շարքում առաջինը չէ:
«Ձեռքը բարձրացրեց Դավիթը մանուկ, ուզեց ոսկին վերցնել, հրեշտակը, հեռացնելով ձեռքը, դրեց կրակի վրա, մատը կրակին սեղմեց և այրեց մատը: Մատը բերանը դրեց և լեզուն այրեց, լեզուն այրվեց, սակավ համրացավ նա: Եվ սկսան նրան կանչել կակազ Դավիթ»:Այսպես, պատժելով իր ապագա հերոսի միամիտ արարքը, հայը հաստատել է իր անընչասիրությունը, իր հոգեկան պայազատությունը:
Հայոց արքան, Հայաստան հրավիրելով Նազովրեցուն, ասում է՝ թեև շատ մեծ չէ իր երկիրը, բայց կբավի երկուսին:
Մի ուրիշ թագակիր՝ Տրդատը, աշխարհակալելու սահմանված իր սուրը նետում է Սեպուհ լեռների մեջ:
«Հագնված ու կո՞ւշտ ես, գոհ եղի՛ր, հո՛ղ է մնացածը»,- ասում է միջնադարի հայ երգիչը Նաղաշը:
«Հարուստ է նա, ով լուսաբացից համեստ աշխատանքի է լծվել իր անդաստանի մեջ»,- ասում է անանուն իմաստասերը՝ ի՛նքը՝ ժողովուրդը:
«Եթե հյուրեր եկան, հաց տուր, կերա՞ն հացը, մինչև դուռը տար»,- ասում է Ձենով Օհանը:
«Աստծուց ենք ես էլ, հացս էլ, ով կարիք ունի, թող վայելի»:
Գիտենք՝ անցորդին է պատկանում թոնրից հանված հայ շինականի առաջին հացը: Ահա՛ հայը, և ահա՛ և հացը հայի համար, հացը՝ առնված բառիս ամենահայկական իմաստով:
Հոգևոր ու նյութական հայրենիք
Հայրենի՛ք: Երկյուղած սեր և հարգանք դեպ մեր նախահայրերի հիշատակը, դեպ մեր կրոնը, որ ցեղի սիրտն է, դեպ մայրենի լեզուն, որ հայրենասիրության թթխմորն է, դեպ տոհմիկ գրականությունը և արվեստները, որ ցեղի մտքի և հոգու կյանքն են, ազգային պատմությունը, որ «ցեղի հոգին ամրացնելու ճիգերի պատմությունն է», իրար հաջորդող սերունդների` հայրենի հողի վրա թափած քրտինքն ու արյունը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դեպ Անիի ավերակներն ու Հայկի եռաթև աղեղը, դեպ մեր հեթանոս աստվածներն ու փառատաճարները, անսասան հավատը դեպ մեր մեծ հույսը... Գումարի՛ր, ընթերցո՛ղ, գումարի՛ր այդ բոլորը, և կստացվի հոգևոր Հայրենիքը:
Նվաճելի է նյութական Հայրենիքը, հոգևորը՝ գրեթե ոչ:
Երբ կորցնելով իրենց անկախությունը, շատ անգամ՝ և հայրենի երկիրը, ժողովուրդները շարունակում են իրենց հոգու մեջ ապրեցնել աննյութեղեն, միստիկ Հայրենիքը, նրանց աշխարհագրական Հայրենիքը երկար չի մնա օտարների ձեռքին:
Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքերն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց տալիս. «Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը»: «Ո՛չ»,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը: Ասել է՝ իմ երկիրը, ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արևելքի անուղղա խուժը, որ թրքություն է կոչվում, ոչինչ չունի տված այդ երկրին՝ ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում... Այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիքն է ստեղծում:
Լեզու և ինքնաճանաչում
Հայ լեզուն այսօր ազգային հոգևոր ինքնապաշտպանության գրեթե միակ զենքն է, մասնավորապես տարագիր հայության համար: Ազգային ինքնաճանաչությունը պարապ խոսք է, սին՝ առանց մայրենի լեզվի:
Վաղուց ենք գիտակցել, թե լեզվի մահը դառնում է ժողովուրդների հոգևոր և քաղաքական մահը: Արդարացիորեն դատապարտում ենք օտարախոսներին, քանզի «նրանց հոգիները նման են պղնձի, որից հրեան զատել է արծաթը: Ընդունում ենք, թե լեզուն միակ ոսկե կամուրջն է, որ ձգված կմնա անցյալի և ներկայի միջև:
Պարզ է այդ ամենը ֆիզիկական ցավ պատճառելու աստիճան, բայց և այնպես չգիտենք, չենք ուզում իմաստնորեն օգտվել մայրենի լեզվից: Թեև հաճախ խոստովանում ենք, որ եթե հայությունն ինքնիրեն չկրծեր դարերով, բարբարոսների սուրն անկարող պիտի լիներ մաշելու մեր ազգի մարմինը: Բայց և այնպես, ոչինչ չենք խնայում՝ հայությանը պահելու ներքուստ պառակտված վիճակի մեջ՝ պատրաստի որս գիշատիչ հարևանների համար:
Կարծեք՝ ճակատագիրը լեզուների խառնակության նոր պատիժ է տվել մեզ՝ իրար չհասկանալ:
Զարհուրելի է օրվա հայ խոսքը. «Նրանց բերանը բաց գերեզման է»:
Նյութերը տրամադրեց՝ Արմեն Սարգսյանը