Խաչենը Արցախի կենտրոնական ու մեծ գավառն էր։ 9-13-րդ դարերի պատմական աղբյուրներում այս գավառի անունով էր կոչվում ամբողջ Արցախը։ Խաչենի կենտրոնը համանուն բերդն էր, որը Հասան-Ջալալյանների փառապանծ իշխանական տան նստավայրն էր։ Ըստ պատմական աղբյուների միջին դարերում բյուզանդական արքունիքը նույնիսկ նամակագրական կապ է ունեցել Խաչենի իշխանի հետ, իսկ Խաչենը համարվել է Հայաստանի վարչական միավոր։ Ներկայացնում ենք այս գավառի պատմությանը նվիրված մի հատված Ղևոնդ Ալիշանի Արցախ աշխատությունից։
ԽԱՉԵՆ
Անվանի գավառը, ինչպես նաեւ Խաչենի աշխարհը, հիշվում է Դ դարից Խաչյանք տոհմի անունով, Ներսես Մեծի եւ Արշակունյաց արքաների գահնամակում, որը հետագայում երկար ժամանակ անծանոթ է մնացել պատմություններում: Այն միջին դարերում իր իշխանությունը տարածեց նաեւ վերը նկարագրված Թարթառի հյուսիսային կողմերի գավառների վրա, հասնելով մինչեւ Գեղամա ծովի ափերը եւ Չրբերդի ամբողջ գավառը, մինչեւ որ այդ երկրամասը կոչվեց Փոքր Սյունիք, որը հայոց նահանգներից (աշխարհ) մեկն էր: Առավելապես նրա միջին եւ հարավային կողմերը կոչվում էին Խաչենք կամ Խաչենի երկիր ՝ սրանում գտնվող գլխավոր բնակավայրի անունով. սա Ներքին Խաչենն է:
Աշխարհագրի բառացանկում ասվում է. «Խաչենը սուրբ Կարապետի գլուխն է, Գանձասարն է» որը վկայում է այն մասին, որ այնտեղ է եղել
երկրամասի կենտրոնը, այսինքն՝ Խաչենի բերդը, թեեւ այժմ անհիշատակ է: Գանձասարի ՉԻ (1271) թ. մի արձանագրությունում այն կոչվում է Սուրբ Խաչեն, որը ապացուցում է, որ այն իր անունն ստացել է սուրբ Փայտից (խաչից) քրիստոնեության առաջին դարերում, սուրբ Մեսրոպից ավելի առաջ: Իսկ երկրի տերությունն ու պայազատները բարգավաճման են հասել Թ դարում, երբ հիշվում է նախ Խաչենի բերդը. Աղվանքի իշխան Վարազ Տրդատի կինը, դավադրությունից խուսափելով, «առնում է իր մնացած դստերը՝ Սպրամին (կամ Ապրսամիկին) եւ գիշերով մեծ դժվարությամբ մտնում է Խաչենի բերդը… Սպրամին ամուսնացնում է Սահլի որդի Ատրներսեհի հետ, որը Հայկազյանց տոհմից էր եւ Սյունիքի տերը», որի սերունդները հասան արքունական աստիճանի Սյունիքում եւ Արցախում, որտեղ կոչվեցին Փառիսոսի թագավորներ: Եվ այդ ցեղից ուրիշները Խաչենի իշխաններ ու պայազատներ դարձան, որոնցից հիշվում է ոմն Գրիգորը Ժ դարի կեսին, որը հյուրընկալվել էր Անանիա կաթողիկոսի կողմից: Եվ դրանից առաջ Պերփեռուժեն Կոստանդին կայսրը հիշում է Խաչենի իշխանին, նրան դասելով մեծաշուք իշխանների շարքը, որոնց մասին պատշաճ է համարում գրել նամակի վերնագրում:
ԺԲ դարի սկզբին Խաչենի պայազատները բաժանվում են երկու գլխավոր տոհմի, որոնցից մեկը տիրում է վերին Խաչենին, այսինքն՝ Վայկունիքին եւ Սիսականին, գահը պահելով Հաթերքում, մյուսը՝ Ներքին Խաչենին՝ ունենալով Խաչենաբերդ գահանիստը: Արձանագրություններում եւ պատմիչների երկերում առաջինները կոչվում են Դերսումյանք, իսկ երկրորդը՝ Սակռյանք: Առաջիններին ազգակիցներ ենք գտնում մինչեւ ԺԶ դարի կեսը, իսկ երկրորդինը՝ ԺԳ եւ ԺԴ դարերում: Դրանցից հետո երկուսը կոչվում են մի՝ Հասան-Ջալալյան տոհմանունով, որոնցից հետագայում նշանակվեցին Աղվանքի կաթողիկոսներ, եւ ցարդ գոյություն ունեն տոհմի ճյուղերը:
Գանձասարի արձանագրություններում կարդացվում են սրանց անվանակից այլ պայազատներ ԺԵ-ԺԶ դարերում, որոնց հաջորդականությունը չկարողացանք նշանակել, ինչպես նաեւ հներից շատերին, որոնք հիշատակված են Կիրակոսի կողմից որպես հնագույն խաչենցիներ. այսպես՝ Հաղբակյանները ԺԳ դարի սկզբում, որոնք այլուր կոչվում են Վարդանանց ազգ, եւ Շահապունյաց բնիկները, որոնց ճյուղագրությունը տրված է Կեչառուքի արձանագրության մեջ:
Փառիսոսի թագավորների վերացումից հետո Գանձակի ամիրաները սկսեցին նեղել Խաչենի իշխաններին. նախ Փատլունը ձեռք գցեց գավառին, որին հակառակվեց Գագիկ Ա Բագրատունին: Բայց երկրի իշխանները, պատսպարվելով իրենց ամրոցներում, բռնակալներին պակաս նեղություն չպատճառեցին: ԺԲ դարի կեսին, 1146 թ., Գանձակի Չավլի իշխանը «կրկին գնաց Խաչենի, Տանձիքի եւ Ադախի կողմը, քանի որ նրա ձեռքի տակ չմնացին այն դղյակները, որոնք նա առաջին անգամ առել էր. այնտեղի ազատվածներից մնացածները, որոնք թաքնվել էին անտառներում, նորից են գրավում իրենց բերդամրոցները եւ ապստամբություն մղում տաճիկների (թաթարների) դեմ: Այդ պատճառով նեղվելով՝ Չավլին դիմում է նրանց վրա՝ վրեժխնդրության համար. նա չնայած ամրոցները չկարողացավ առնել, բայց ամբողջ գավառը իսպառ ավերեց: Այրեց եւ սուրբ առաքելադիր ուխտը, որ կոչվում է Դադուի վանք, եւ ինքը չվեց–գնաց Մարաց աշխարհը»:
Սակավ ժամանակ անց եւ բռնակալ Ելտկուզը «պատերազմը չէր դադարեցնում Խաչենի իշխանների դեմ, որովհետեւ երբեմն գաղտագողի գնում էր, գրավում Հարու ամրոցը եւ բոլորին առհասարակ սրի քաշում»:
Դրանից հետո իշխանները հզորացան, գերազանցեցին թաթարներին եւ իրենց ցեղը խառնեցին ժամանակի ազնվագույն տոհմերի՝ Կորիկյանների, Բաղացիների, Զաքարյանների եւ Քուրդյանների հետ: Եվ այդ ժամանակամիջոցում կառուցվեցին երկրի սուրբ վանքերը, որոնց գլուխը կանգնեցին անվանի եւ իմաստուն մարդիկ, որոնցից ոմանք գնացին Գուգարքի կողմերը եւ դարձան մեծահամբավ Հաղպատի աթոռի առաջնորդներ, ինչպես, օրինակ, Բարսեղը ԺԲ դարում եւ Հովհաննիսյանները ԺԳ դարում, ուր գնաց եւ Տեսումեն Խաթունը եւ կառուցեց Տիրամոր եկեղեցին: Նրա հետ այնտեղ գնացին եւ նրա եղբայրները, որոնք այնտեղ ապրեցին եւ մեռան:
Սրանց եղբորորդի Հասանը՝ փաղաքշաբար Ջալալ-Դոլ կոչվածը, Խաչենի իշխանների մեջ անվանի եղավ, փառքով եւ շինարարությամբ աչքի ընկավ Գանձասարում, որի արձանագրության մեջ նրան եւ նրա հորը թագավոր են անվանում:
Նրա կինն էր Մամքանը՝ Բաղաց թագավորի թոռը: Նրա խնդրով եւ մեծն Վանականի հրամանով ոմն Տեր Իսրայելը՝ Գրիգորի եղբայրը (ըստ իս՝ Եղիան է հիշատակել), վկայաբանություն սահմանեց՝ ըստ հայկական եւ հռոմեական ամիսների, եւ առաջինը սա է հիշվում ստույգ ժամանակով տոնավեպ մատյանում: Այս Ջալալը, առաջինը նեղվելով թաթարներից, աստվածային ողորմություն գտավ, եւ Սարդախ խանը նրան վերադարձրեց Չարաբերդը, Ականան, Կարկառը, որոնք գրավել էին իրենից: Բայց բանսարկու մարդկանց միջոցով նա հանձնվում է Արղուն խանի ձեռքը: Մինչ նրա դուստր Ռուզուքանը՝ ոմն Բոր թաթար իշխանի կինը, աշխատում էր փրկել նրան, անօրենները շտապեցին չարաչար մահվամբ սպանել բարյացապարտ մարդուն, 1261 թ.: Եվ նրա որդի Աթաբեկը բերել տվեց նրա նշխարված մարմինը եւ թաղեց Գանձասարում:
Սրանից սկիզբ է առնում Հասան-Ջալալյանների ցեղը, որոնցից է Ջալալբեկ իշխանը իր երկու եղբորորդիների հետ: Նա 1586 թ. հայոց այլ մելիքների հետ միասին գաղթեց Պարսկաստան, զզվելով օսմանյաններից, որոնք 1579 կամ 1580 թ. թալանեցին ու ավերեցին Խաչենն ու Չարաբերդը:
Բայց հզոր եւ իշխանավոր մարդիկ չպակասեցին Խաչենի տնից եւ հետագա դարերում. Սյունյաց մելիքների հետ միասին մինչեւ մեր դարը նրանք գրավեցին վիճակների ու գյուղերի վերակացությունը: Լեկերը 1722 թ. արշավեցին Ուտիք եւ հասան մինչեւ Խաչենաձոր, ավարի ենթարկելով երկիրը, մեծ վնաս պատճառեցին: Մեկ տարի անց խաչենցիները, միանալով Ուտիքի կողմերի բնակիչների հետ, կանգնեցին օսմանցիների եւ պարսիկների դեմ: Եվ ԺԸ դարի վերջերին, բռնակալ Փանա խանի օրոք, ինքնագլուխ իշխանությամբ փառավորվում էին Հովսեփ Մելիքը եւ նրա որդի Բեկլարը՝ զորավոր եւ կորովի մարդիկ, եւ նրանց նման Ադամ Մելիքը, որը նրանցից էլ առաջ անցավ փառքով եւ հերոսությամբ, եւ որի մեծաշեն վիմատաշ ապարանքները մինչեւ օրս կանգուն կան գավառի տարբեր կողմերում: Մելիք Շահնազարը՝ մեծահանճար եւ քաղաքագետ մի մարդ եւ ուրիշները՝ Մելիք Ալլավերդին, Մելիք Բաղրամը, Մելիք Եսային, Մելիք Միրզախանը, մնացին պարսից հպատակության տակ: Նրանց սերնդից ոմանք եւ այժմ պատվի են արժանանում ռուսաց դռանը:
Ջալալյանների իշխանության ժամանակ Խաչենի սահմանը ձգվում էր դեպի հարավ, հասնելով մինչեւ Շուշիի կողմերը, որ մոտ է Գարգար գետին, իսկ ամբողջ երկիրը նրա ու Թարթառի միջեւ է, որոնց միջով, բարգավաճ հովտով, հոսում է Խաչենագետը, որն իջնում է Գանձասարի եւ Շահթախտի լեռներից, որոնք գտնվում են Գըրք-Կյոզ լեռան վերջում՝ Խաչենի, Զանգեզուրի, Վայկունիքի միջնասահմանում: Խաչենագետը աջից ընդունում է մի մեծ եւ մի քանի փոքր վտակներ: Բայց նշանավոր երկրի բնական կերպարանքը, բացի Շուշիի կողմերից եւ արքունական ճանապարհից, մեզ լավ ծանոթ չէ՝ այստեղով հետաքրքրվող ուղեւորների չանցնելու պատճառով:
Արցախի եւ Ուտիքի այլ գետերի նման Խաչենագետն էլ ձորերով է իջնում, որի հետեւանքով էլ այդ մասը Խաչենաձոր է կոչվում: Մեր նախնիներից Կիրակոսը հիշում է, թե ինչպես 1240 թ. Խաչենում սարսափելի ու խոշոր կարկուտ է տեղում, որի հետ էլ թզաչափ ձկներ են թափվում, որ «մենք մեր աչքով չտեսանք, ասում է, բայց շատերը կային եւ հավաստիացնում էին, թե իրենք ականատես են եղել»:
Ըստ հին աշխարհաբաժանման՝ երկրի հյուսիսային կողմը՝ Թարթառի անջրպետը եւ Խաչենի արեւմտյան հովիտը, սեփականացրել էր Մեծիրանքի գավառը, արեւմտյան կողմը՝ Մյուս Հաբանդը կամ Ամարասը, հարավային կողմը՝ Պանծկանք գավառը եւ Շուշիի այլ գավառներ: Դրանց համաձայն՝ մենք էլ Չրբերդ գավառի մնացած մասը բաժանեցինք երեք մասի, դրանք կոչելով հին գավառների եւ նրանց նոր բնակավայրերի անուններվ՝ Մեծիրանք եւ Կսապատ, Ամարաս եւ Ասկերան, Պանծկանք եւ Շուշի:
Աղբյուրը՝ Ղևոնդ Ալիշան, Արցախ, www.digilib.aua.am