Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն
5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունն» իր գեղարվեստական առանձնահատկություններով, թեմաներով, գաղափարներով ու ներկայացվող իրականության նկատմամբ հեղինակի վերաբերմունքով առանձնանում է հայ մատենագրության մեջ: Ունենալով հանդերձ հստակ պատմականություն, Բուզանդի երկն աչքի է ընկնում ընդգծված գեղարվեստականությամբ, բանահյուսական, առասպելական մոտիվներով ու պատկերներով: Հեղինակը կարողանում է նրբորեն ներկայացնել հերոսների հոգեբանական աշխարհը, պատմագրությանը ոչ բնորոշ հնարանքներով կենցաղային փոքրիկ դրվագներում ու պատմական մեծ իրադարձությունների ֆոնի վրա պատկերում է մարդկային հարաբերությունները: Պատմական հերոսները Բուզանդի պատմության մեջ լիարյուն մարդիկ են, կամ գրական կերպարներ իրենց քաջությամբ ու վախերով, հերոսականությամբ ու նենգությամբ, սիրով, խանդով, դավաճանությամբ: Բայց այս ամենը ներկայացվում է ընդգծված գաղափարականությամբ ու միտումով: Բուզանդի համար հայրենիքը, պետականությունը, հավատն ու եկեղեցին կարևորագույն արժեքներ են, որոնց դեմ գնացողը կամ դրանք քղաքական կամ անձնական պատճառներով անտեսողը պատժվում է: Պատմական անձերը, լինի թագավոր, զինվոր, թե հոգևորական առաջին հերթին պետք է հավատարիմ լինեն իրենց առաքելությանը, նվիրված լինեն հայրենիքին ու պատրաստ լինեն զոհաբերության: Բերվող հայտնի հատվածում տեսնում ենք, որ հայրենի հողը նույնիսկ Հայաստանից հեռու ուժ է տալիս պարսկական գերության մեջ հայտնված Արշակ թագավորին: Արշակը պատժվում է իր բնավորության, վատ վարքի, բայց նաև զորավոր հայրենի հողին ու հավատին դավաճանության ու անազնվության համար:
Սուտ երդումն ու շղթայված Ավետարանը
Ապա Պարսից Շապուհ թագավորը կանչում է վհուկներին, աստղահմաներին ու քավդյաներին, նրանց հետ խոսում է ու ասում. «Ես շատ անգամ կամեցա սիրել Հայոց Արշակ թագավորին, բայց նա ինձ միշտ անարգեց։ Ես նրա հետ խաղաղության դաշն կապեցի, և նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր (սրբության) վրա, որին Ավետարան են ասում, նախ այն երդումը դրժեց։ Ես բյուր բարիքներ կամեցա նրան անել, ինչպես հայրը որդուն, իսկ նա բարիքի դեմ չարիք հատուցեց ինձ։ Ես Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին կանչեցի, կարծելով, թե նրանք նենգությամբ նրան երդվեցրին և ինձ ստել տվին։ Երբ ես նրանց նախատում էի, ինչպես մահապարտների, ինձ ասաց նրանց գլխավորը՝ Մարի քահանան։ Ասում էին. «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը դրժեց, ապա նույն ավետարանը նրան էլի ձեր ոտքը կբերի»։ Ես նրանց չլսեցի և հրամայեցի նրանց—յոթանասունին մի փոսի մեջ մորթոտել, իսկ նրանց հավատակիցներին հրամայեցի սրի քաշել։ Այն Ավետարանը, որի վրա Արշակ թագավորը երդվեց, որ և նրանց քրիստոնեական կրոնի գլխավոր (գիրքն) է, շղթաներով կապեցի, և գրանցվում է իմ գանձարանում։ Բայց միտքս եկան Մարի քահանայի խոսքերը. և հիշեցի, որ նա ասում էր. «Մեզ մի՛ սպանիր. ես գիտեմ, որ նույն Ավետարանը Արշակ թագավորին կբերի քո ոտքը»։ Ահա նրա ասած խոսքերն իսկությամբ կատարվեցին։ Որովհետև Հայոց Արշակ թագավորը ահա երեսուն տարի է, որ Արյաց հետ պատերազմ է մղում, և. ոչ մի տարի մենք չկարողացանք հաղթել, իսկ այժմ ինքն իր ոտքով ելել եկել է ինձ մոտ։ Բայց եթե գիտենայի, թե այսուհետև նա կմնա իմ պայմանին և հնազանդության անկեղծ ուխտով, ապա շատ մեծարանքներով նրան խաղաղությամբ կուղարկեի իր աշխարհը»։
Հայաստանի հողն ու ջուրը
Քավդյաները նրան պատասխան տվին և ասացին. .«Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք»։ Հաջորդ օրը բոլոր քավդյաներն ու աստղահմաները հավաքվեցին եկան և ասացին թագավորին. «Հիմա որ Հայոց Արշակ թագավորը եկել է քեզ մոտ, ինչպե՞ս է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում, կամ ինչպե՞ս է իրեն պահում»։ Թագավորն ասաց. «Նա իրեն համարում է ինչպես մեկը իմ ծառաներից. ուզում է իմ ոտքի հողը դառնալ»։ Նրանք ասացին թագավորին. «Դե , արա ինչ որ քեզ ասում ենք. նրանց այստեղ պահիր, մարդիկ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից՝ Հայաստանի սահմաններից մոտ երկու բեռ հող և մի ամանով ջուր։ Հետո հրամայիր, որ քո սենյակի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը. ապա դու ինքդ Հայոց Արշակ թագավորի ձեռքից կբռնես, նախ կտանես սենյակի այն տեղը, որտեղ բնական գետինն է, և նրան հարցուփորձ կանես։ Հետո նրա ձեռքը բռնած, հայկական հող շաղ տված տեղը կտանես և կքսես, թե ինչ է խոսում. և այն ժամանակ կիմանաս, թե երբ նրան արձակելու լինես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահի՞, թե՞ ոչ։ Որովհետև եթե հայկական հողի վրա խիստ լեզվով խոսի, իմացի՛ր, որ Հայոց աշխարհք հասնելուն պես հենց նույն օրը նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քեզ հետ, նույն ճակատամարտերը, նույն թշնամությունր կշարունակի»։
Պարսից թագավորը քավդյաներից այս լսելով՝ մարդիկ ուղարկեց Հայաստան արագավազ ուղտերով հողի և ջրի, որ գան և նրա համար պարզեն հմայքը։ Քիչ օրերից հետո եկան ու բերին այն, ինչի որ նա նրանց ուղարկել էր։ Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնիկ երկրի նույն հողը։ Եվ Հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ ու հրամայեց մյուս մարդկանց հեռացնել և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։
Արշակը՝ ըմբոստ ու ենթարկվող
Սենյակում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան. «Արշակ թագավոր Հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար. ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, և քեզ ինձ որդի դարձնել, իսկ դու իմ դեմ խստացար, ինքնակամ, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար, և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցիր»։
Արշակ թագավորը ասում է. «Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու. բայց իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ երդումս, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց, ու ահա եկա քո առաջ, և ահա ես՝ քո ծառան, քո ձեռքում եմ. ինչպես ուզում ես վարվիր ինձ հետ, եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առաջ, մահապարտ եմ»։
Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով. անմեղ ձևանալով նրան բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ (Արշակը) այն տեղն էր հասնում, հայկական հողի վրա ոտք էր դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով խոսքը փոխում էր, սկսում էր խոսել և ասել, «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք՝ ծառաներդ, մեր՝ ձեր տերերի, բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք»։
(Շապուհը) դարձյալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ (Արշակը) զղջում էր ասածների համար, խոնարհվում էր, նրա ոտքերն էր ըննում. սաստիկ ափսոսում, զղջում էր ասած խոսքերի համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրա, առաջվանից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խոսքերով ապաշխարել։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում, խստանում, ամբարտավանանում էր, իսկ հենց որ կանգնում էր հատակի բուն գետնի վրա, զղջում էր:
Երբ եղավ երեկո՝ Պարսից թագավորի ընթրիքի ժամը, սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա տախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա, իսկ այն օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմոցների շարքը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Նախ երբ բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերին բազմեցրին Արշակ արքային, նա մի պահ այդպես մնաց նստած ուռած-փքված, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես, վե՛ր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր տոհմի տեղն է եղել այդ, իսկ եթե իմ երկիրը հասնեմ, քեզանից խիստ վրեժխնդիր կլինեմ»։
Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել շղթաներ և գցել Արշակի պարանոցը, իսկ ոտքերին ու ձեռքերին դնել կապանքներ և տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև մեռնի։