Լրացավ սիրված բանաստեղծ, նաև արձակագիր Արմեն Մարտիրոսյանի(1943-2009) ծննդյան 80-ամյակը: Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ» վերնագրով, լույս է տեսել 1973-ին: Նշանակալի են հեղինակի «Շարակնոց» (1997), «Սիրո շղթա»(2003), «Ներաշխարհի լռություն» (2006) ժողովածուները: Ա. Մարտիրոսյանը հեղինակել նաև եռահատոր «Մազե կամուրջ» պատմավեպը՝ նվիրված միջնադարյան Հայաստանի կյանքին, անկախության ձգտումներին, ընդվզումներին և այլն: Հեղինակն այս վիպաշարում ստեղծելու համար միջնադարյան Հայաստանի մթնոլորտը, տիպականացնելու համար կերպարները, օգտագործում է հայ մատենագրության, առաասպելաբանության, «Սասնա ծռեր» էպոսի որոշ մոտիվներ ու պատումի ոճ: Մասնավորապես կարող են տեսնել սպասված առաջնորդի երկրորդ վերադարձի, կայծակե թրի, քարից կայծ դուրս բերելու, վրանում ծուղակ-հոր փորելու, Կաթնաղբյուրի ջրով հզորացման, քարայրում փակվելու մոտիվները: Վեպի առաջին հատորը լույս է տեսել դեռևս խորհրդային շրջանում՝ 1986 թվականին, մյուս երկու հատորները՝ անկախության շրջանում: Երկրորդ հատորում՝ հայոց Կատրամիդե թագուհին մահից 150 տարի անց վերակենդանանում է: Կատրամիդեի հարությամբ՝ անեցիների նախկին փառքի հիշողությունն ու արժանապատվությունը վերածնվում են: Նրանք ըմբոստանում են և սկսվում է Անիի վերածնունդը: Art365-ը ներկայացնում է սիրված հեղինակի, այս ուշագրավ վեպի երկրորդ հատորը բացող գլուխը:
ՀԱՄԱՅԻԼԸ
Այդ օրը՝ մահից հարյուր հիսուն տարի անց, Կատրամիդե թագուհին արթնացավ գերեզմանում, սովորականի պես տրորեց կոպերը, որ գիշերային քնից հետո աչքերը լիուլի բացի և ննջասենյակի պատուհանից ընկնող մի բուռ աղոթրանը հավաքի ակնախոռոչներում։ «Տարօրինակ է,— շշնջաց նա,— աղոթրանը չի երևում, ընդհակառակը, շուրջս համատարած խավար է։ Ես, հավանաբար, առօրյա հոգսերից հոգնած, երկարատև քուն եմ մտել»։ Նա մեղադրեց մարմնական ծերությանը. գալիս, կաղապարում է մշտապես երիտասարդ հոգու ցանկացած ըմբոստություն, միտք ու շարժում։ Փորձեց դուրս գալ անկողնուց։ Առաջ հեշտ էր, ձեռքի թեթև շարժումը բավական էր, որ հետ տանի բրդյա վերմակը։ Հիմա դժվարացել է` վրայի հողի շերտը չշրջվեց, ծանր էր, անասելի ծանր քարուքռա էր, ինչ արեց–չարեց, չշրջվեց համառորեն։
— Միայն հոգին չի,— ասաց նա,— մարմինը նույնպես կաղապար ունի։
Սոսկումով մտածեց, որ մարմնի կաղապարը սառը գերեզմանահորն է՝ գլխին փլվեց` վերջ, ոչ մի մահկանացու դուրս չի գա այնտեղից։ Ինքն է տարօրինակ կերպով արթնացել, ոգի չի, ոսկոր ու կաշի է, աչքերը բաց են, գիտակցությունը տեղն է, հենց նոր տրորեց կոպերը, շոշափեց հողե վերմակը, մաշկի տակ զգաց արյան անակնկալ ներխուժումից թրթռացող երակները։ Ոգի չի, մահկանացուի ոսկոր ու կաշի է, և անդրշիրիմյան սառնությունը տաքացնում է, ստիպում, որ արյունը հոսի երակներով։ Այդպես է, սառնամանիքը երկրաբնակին է վախ ու սարսափ ներշնչում, իսկ ննջեցյալի քարացման ու անտարբերության համեմատ ընդամենը պահապան ու տաք թոնրատուն է, ուր աներևույթ հացթուխները թխում են ապրելու հանապազօրյա հացը։ Ինքը դրանով սնվեց հարություն առնելիս։
Երկրաբնակներից շատերն անծանոթ են, բայց Կատրամիդե թագուհին գիտի մարմնի ու հոգու վրա սառնամանիքի թողած ավերակը։ Ամուսնու մահից հետո հինգ տարի որբևայրի մնաց, թագը գլխին՝ որբևայրի, ցերեկը դեռ ոչինչ, իշխանության տակ երկիր էր ու ժողովուրդ, անվերջանալի բանուհոգսով օրը մթնեցնում էր։ Դժվարը գիշերն էր՝ անկողնում, բրդյա հաստ վերմակի տակ գանգատվում էր սաստկացող ցրտից ու մենությունից։ Կողակից Գագիկ թագավորի հետ ձմեռ օրով յոթ անգամ սար ելներ, ձոր իջներ, չէր մրսի–հիվանդանա, հիմա տաք անկողնում մրսում է, յոթ ձեռք շոր է հագնում այրու սև զգեստի տակից, բայց էլի՝ թեթև քամի փչեց, անկողնային հիվանդ է, մենության ու որբության ցավը ոսկորն է մտել, շարժվելիս հետը շարժվում է։ Գիշերը թագուհի չի, թագը գլխին չի քնում, գիշերն ամուսնուն կարոտող կին է։ Որբևայրի է՝ և վե՛րջ, հազարավոր ուրիշ կանանց նման։ Դա անբուժելի ու սաստկացող ցավ է, բռնել է կոկորդը, խեղդում է, բժիշկ ու հեքիմի գործ չի, որ դեղ ու դարման գտնեն, և պալատականների աչքի առաջ թագուհին օր օրի սմքեց, փետուրի պես բարակեց։
Մենության միջից նայելիս, Կատրամիդեն հասկացավ, որ յուրաքանչյուրը յուրովի տառապում է, թվացյալ ուրախության տակից տառապանքը յոթգլխանի դևի պես կանգնում է առաջը, ես կամ, ասում է, քեզ հետ ծնվել, մեծացել եմ, և ֆշշացող գլուխները մոտեցնում է՝ մեկը մեկից չար ու ագահ, թե փորձի հաղթել, շրջանցել մեկին, մյուսներն են սպառնալի բարձրանում։ Մահկանացուի սովորական ճակատագիր է՝ կյանք մաշել յոթգլխանի դևի ֆշշոցի տակ։
— Ողջ–առողջ հալվում–վերջանում եմ,— քրթմնջաց թագուհին,— թագավորը մեռավ և ավերակ թողեց իմ հոգում։ Ես ավերակաց ո՞ւմ թագավորեմ։
Նրանից սառնությունը ծայր առավ, փոխանցվեց պալատականներին և Միջնաբերդի պատ ու պարսպից դուրս եկավ, և անեցիներն ամռան տապին հանկարծ նկատեցին, որ տների ապակիները սառցակալել են, վրաները գուշակության առիթ տվող աներևակայելի պատկերներ են դաջվել։
— Նոր ջրհեղեղի նախանշան է,— ասացին,— աշխարհի վե՜րջը մոտեցել է։
Եվ քաղցից ու անգործությունից տրտնջացող ատաղձագործները որոնելի դարձան, որովհետև ամեն մեկը որոշեց տանը տապան ունենալ՝ գալիք ջրհեղեղի առաջն առնելու։ Ով դրամ ուներ՝ կանխիկ, ով չուներ՝ բարեկամ ու հարևանից, հարուստ վաշխառուից պարտք վերցրեց, վճարեց–վճարեցին, տապան կառուցեցին, ունեցած–չունեցածով հազար անգամ մեջը մտան–ելան, Ախուրյան գետում փորձեցին ամրությունն ու անջրանցիկությունը, փակվեցին՝ կային՝ տապանի, կային՝ աճող, մեծացող, ստրկության մղող պարտքի փաթաթանով։ Ուշացողը կրկնակի, եռակի վճարեց, որովհետև, պատահեց, մեխ ու տախտակի պակասություն ընկավ քաղաքում, չզբաղված ատաղձագործի, դուր ու ուրագի, մուրճ ու սղոցի պակասություն։ Տագնապն ու իրարանցումը տարբեր տեսակի բաժերից ու շարիաթներից ծանր նստեցին անեցիների վրա՝ միանգամից էին, կանխիկ վճարովի և համատարած։ Եվ ուղեկից բանուխոսքը, մարդկանց գործ ու շարժումին զուգընթաց, ամպափոշու պես տարածվեց ամենուր։ «Մեխ ու տախտակ գնեցի հիսուն դրամով»,— ասում էր մեկը։ «Առաջ մի դրամ էլ չէի տա,— տրտնջում էր երկրորդը,— կյանքը հիսուն անգամ թանկացել է»։ «Աշխարհի վերջը մոտենում է,— եզրափակում էր առաջինը,— ջրհեղեղը տեսնող է եղել Արագածի գագաթից»։
Եղան՝ էժան գնով տուն ու տեղ վաճառեցին և բնակվեցին տապանում՝ պատրաստ առաջին իսկ փորձությանը գործի դնելու արևի տակ չորացող թիակները։ Այժմ աշխարհակործան ջրհեղեղը գար–չգար, մեկ է, իրենք անխոցելի էին ու անխորտակ։
— Հասարակ ամբոխը գերազանցեց թագուհուն,— շշնջաց Կատրամիդեն,— ե՛ս մնացի լքված ու անպաշտպան։
Գիշեր ու տիվ մաշեց՝ փրկության դուռ գտնելու։ Սովորական տապանով գլուխը պրծացնելն իր բանը չի, ինքն, ինչքան չլինի, թագուհի է, իր անելիքն ուրիշ է, հպատակինն՝ ուրիշ։ Չնմանվեց մյուսներին, բայց և այլ ճար չգտավ, և հուսահատության շղթան նրա հոգում զրնգաց օրեր ու շաբաթներ՝ մինչև այն պահը, երբ առաջին անգամ երկյուղածորեն բացեց մեռած ամուսնու առանձնասենյակը։ Չվախեցավ ոգիներից, թեև գիտեր, որ նրանք շուրջպարի են այնտեղ։
— Ինձ հալումաշ անող հուսահատության շղթայի զրնգոցը նրանց հալածող թալիսման է,— ասաց։
Ոգիներին վտարելու կարիք չեղավ, թեկուզ շղթան առաջվա պես զրնգում էր։ «Նրանք այստեղ, կարծես, չեն ապրել,— մտածեց թագուհին,— մի անկյունում թաքնվել են և հարմար առիթի են սպասում թիկունքից հարվածելու»։
Նա ուշադիր զննեց սենյակը, կռացավ, նայեց մահճակալի տակ, շրջվեց, բացեց պահարանը, շոշափեց ամուսնու հագուստները։ Մեռած թագավորի շունչը մնացել էր արքայական հանդերձանքի վրա։ Հազար ասպարեզ հեռվից կճանաչեր այդ միակ, ծանոթ ու հարազատ մարմնաբույրը. ննջարանում՝ իր բարձի վրա ևս տարածված էր։
— Հագուստը հետս խոսեց,— ասաց նա,— մեռած ամուսինս ինձ հիշում է։ Ոգիներն այլևս սարսափելի չեն։
Լիաթոք շնչել–արտաշնչելով՝ հանգստացավ և ենթագիտակցորեն զգաց իր մեջ ծնունդ առնող համայիլի գոյությունը։ Չմոռանա, գրիչներին պատվեր տա երազահանի վերջին էջում ավելացնելու լիաթոք շնչել–արտաշնչելով չար ոգիներին հեռացնելու մասին հենց նոր հեղինակած համայիլը։ Գրվել–արտագրվելով կտարածվի, կփորձվի բազմապատիկ, գրավոր ու բանավոր կփոխանցվի սերնդեսերունդ, և երազահանի վերջին էջում՝ նրա դիմաց, ազատ լուսանցքում մեկն անվարժ ձեռագրով կավելացնի՝ փորձյալ է։ Եվ չեն իմանա, որ Կատրամիդե թագուհու հորինածն է, ինչպես ինքը չգիտի նախորդ համայիլների հեղինակներին։ Կհիշեն–չեն հիշի, կարևոր չի, կարևորը համայիլի տեղաշարժն է։ Մահկանացուն կնքելուց հետո էլ թագուհին անասելի հրճվանք կապրի, երբ անծանոթ մեկը, դար ու դարեր անց, չար ոգուն հանդիպելիս երեք անգամ հանգիստ ու լիաթոք շնչի–արտաշնչի, չարի ձեռքերը կկապվեն հալածվողի կատարյալ հանգստությունից։ Փորձված համայիլը մարդկանց կուղեկցի երկար, քանի որ աշխարհի երեսին չար ոգիները մշտական են, և նրանց կապող–կաշկանդող համայիլը՝ մնայուն։ Ինքը գահ ու թագի տեր է, բայց թագավորությունն ի՞նչ… Բագրատունիների աթոռը երերում է, ուր որ է, փլվելու է։ Առհասարակ հայոց թագավորությունը Հայաստան աշխարհում վաչկատուն է։ Լավ գտավ՝ վաչկատուն։ Կատրամիդեն այդ բառի պարանին կառչած՝ կիջնի պատմության Խոր վիրապը, կհանդիպի Արտաշիսյան, Արշակունյաց թագավորներին, կնախատի կասի՝ ձեր տեղում նստեիք, համայիլի չափ կյանք ունենայիք։ Թագավորությունն, ուրեմն, քոչվոր է, համայիլը՝ նստակյաց, բաց պահարանի առջև թագուհու հենց նոր հորինածը՝ նույնպես։
— Ոգիներ չկան,— հորանջեց համայիլը,— չեմ ծնվել, որ անգործությունից ծերանամ։
— Մարդկանց մեջ սերնդեսերունդ կապրես, եթե երեք անգամ փորձվի, հաստատվի ազդեցությունդ,— արձագանքեց թագուհին,— իզուր տեղը ոչ ոք չի ծնվում։
Նա նորից շնչեց, արտաշնչեց՝ մայր էր, սնում էր նորածնին։ Եվ համայիլը մեծացավ, ով մեծանում էր տարեցտարի, սա՝ կաղնեհասակ, պոկվեց մոր շուրթերից, գնաց, պատեպատ զարկվեց, գնաց, տնտղեց ամեն անկյուն, և թագուհին լսեց նրա ճյուղատարած ոտնաձայնը հատակին, պատերին, առաստաղին։ Թափառելիս ոտնաձայնը մի տեղ նմանվեց տնքոցի՝ խուլ, ընդհատ ու անկանոն։
— Գագիկ թագավորի գանձարանն է,— ասաց համայիլը,— ծնվեցի, որ գտնեմ ու բացեմ։
— Գագիկի գանձարանը՝ չար աչք ու ականջից հեռու։ Ամեն մարդ ունի իր գաղտնարանը, թագավորն՝ առավել ևս,— ասաց Կատրամիդեն։
Նա հաճախ զղջումի, հուսահատության, ուրախության ու վշտի պահերին հոգու քարանձավում փակվել, աղոթել է, աղոթքով զրուցել իր հետ, զրուցելով մաքրվել, թեթևացել։ Արած–չարածը մոռանալու, շրջանցելու ապաշխարանք է, առանց դրա անհնար է ապրել։
Յոթ զնգոց որսաց թագուհին, անտեսանելի դռնակի վրա յոթ փականք բացվեց, և հազար ջահ վառվեց կիսախավարում, մթությունը պատռվեց անծանոթ ճառագայթներին բախվելիս։ Եվ նա, ով մտածում, խոսում էր, լռեց, պապանձվեց տեսիլքի մոտիկությունից, և լռող–պապանձվողը Կատրամիդե թագուհին էր, և նա, ով խուլ ու համր էր, խոսեց բազմաձայն, ճկվեց աղեղնակոր ու երգեցիկ, և խոսող ճկվողներն առանձնասենյակի պատերը, հատակն ու առաստաղն էին, և համայիլի թելադրանքով բացված գանձարանը։ Անսովոր տարուբերումից թագուհին վայր ընկավ ուշաթափ. սովոր չէր ճառագայթահարվելուն։ Քիչ հետո, երբ ուշքի գա, տեսած–զգացածը հավաքելով՝ կմրմնջա.
— Գոնե ոսկու և արծաթի շեղջ լիներ դռնակի հետևում. եղած–չեղածը սովորական փայտ է, բայց սպասիր, ո՞վ է տեսել, որ փայտը ճառագայթի…
Մեռած արքայի գանձարանում տաշեղ ասես՝ տաշեղ չի, չհղկված ու անտաշ փայտի կտոր է, ճառագայթները բռնել են առանձնասենյակը, կուրացնելու չափ լուսավորում են. ահա իրար հատելով խաչ նկարեցին հատակին։ Իսկական խաչ է, վրան Փրկչի պատկերը՝ ամոթատեղերն են ծածկված փալաս–փուլուսով։ Գունատ է, երակները կապույտ գծեր են գունատության վրա։ Ձեռքերի ու ոտքերի գամված տեղերից, տեգով խոցված կողից արյուն է հոսում, ողողում հատակը։
— Նո՜ր է խաչվում,— վախեցած շշնջաց թագուհին,— կուց–կուց արյուն է լալիս։
Նա ակամա վկան է խաչելության։ Հազար և ավելի տարիներ առաջ կատարվածը տեսլացել, քարացել է, և հիշողության այդ մասնիկն է համայիլի ազդեցությամբ արթնացել, դրվել առաջը։ Թագուհին ուզում է մոտ վազել, հանել գամերը, խաչվածին վար բերել փայտի վրայից, լվանալ, կապել վերքը։ Միտքը գնում է, ինքն անշարժ մնում է տեղում։ Ողջ–առողջ Քրիստոսը հարկավոր է տառապյալ, քնած թե արթմնի փրկության տապան երազող երկրին։ Նրա իրական հայտնության պակասն է մարդկանց ողբերգության պատճառը… Հավատով սպասում են, չի երևում, կանչում են, չի գալիս, իբր, դեռ փորձում է հավատացյալին։ Երբ, ի վերջո, հայտնվի, ուշ կլինի, և գուցե մարդ չմնա՝ Ահեղ դատաստանի օրն արդարանալու։ Թող Փրկիչը հիմա՛, հենց հիմա՛ հայտնվի, քանի դեռ երկիրն ու ժողովուրդը կան և թագավորություն ունեն։ Առիթը ներկայացել է. թագուհու դիմաց խաչված Քրիստոսն է, նրա արյան հոտն է տարածվել առանձնասենյակում։ Մարիամ Մագթաղինացու պես թագուհին տեսնում է խաչելությունը, և նրա թեթև օգնությունը բավական է՝ Աստծո Որդուն ազատելու կապանք ու վերքերից։ Թեկուզ Քրիստոս է, բայց անլուր տանջանքի մեջ է, Կատրամիդեի առաջ ուժաթափվում, հատնում է։ Կատրամիդեն՝ յոթ պորտ ազնվական, առանց նրա կանչի, ինքնազոհության գնով կգնա օգնության։ Ով ուզում է լինի, երբ կողքին մարդ է մեռնում, անտարբեր չի թողնի հեռանա։ Բայց ծանր ու հոգեմաշ գամերով թագուհուն ագուցել են հատակին։ Նա կանգնել է տեղում և հայացքով է աղերսվում ճառագայթվող փայտին և խաչվածին։ «Ճակատագիր է,— շշնջում են թագուհու շուրթերը,— ոչ մի մահկանացու նրան չի խանգարելու, որովհետև նախապես սահմանված է, նա «Ամեն ինչ կատարված է» ասելու է՝ խաչի վրա վերջին շունչը փչելիս»։
Կատրամիդեն գիտի՝ հենց գաղտնարանը փակվի, պատկերը կանհետանա։ Նայես՝ որտե՞ղ է իր հորինած համայիլը. նա՛ է բացել գաղտնարանը, նա՛ էլ կփակի։
Աջը տանում է ճակատին, խաչ հանում դեմքին, և շուրթերը երկյուղով աղոթում են։ Ո՛չ խաչակնքելու եկավ, ո՛չ աղոթքի։ Պարզապես առանձնասենյակը չգրված օրենքով ներգործում, հուշում է։
— Փրկչական խաչի փայտից պոկված մասունք է՝ ներծծված Աստծո Որդու արյամբ,— ասաց համայիլը։
«Հատակին նկարված պատկերը կենդանի ու զգայական է։ Արյունով թրջված մասունքը պահել է հեռավոր անցյալի հիշողությունը»,— մտածեց թագուհին, ապա դարձավ համայիլին, ասաց բարձրաձայն.
— Դո՛ւ ցույց տվեցիր, դո՛ւ էլ ազատիր աներևույթ կապանքներից։
— Կփրկեմ,— ասաց համայիլը,— միայն թե նորից հանգիստ շնչիր–արտաշնչիր։
«Վերականգնում է ուժն ու զորությունը,— մտածեց թագուհին,— ես եմ նրան հորինել, ես էլ փորձելու եմ»։
Կատարեց համայիլի պարտադրանքը, և կրծքավանդակի համաչափ տարուբերման հետ թեթևացավ։ Կաշկանդող կապ ու երկյուղ անցան, և նախկին հանգստությամբ հարմարվեց շրջապատին, ասես չէր մտել խորհրդավոր առանձնասենյակը։ Լավ գտավ կանոնավոր շնչառությամբ վախը, հուսահատությունը, հալածող նախապաշարումն ի բաց վանելու համայիլը։ Կիսով չափ ծածկեց գաղտնարանի դռնակը, և հատակին դաջված խաչն ու պատկերն անհետացան ճառագայթների նվազումից։ Մոգական զորությամբ պատկերը պոկվեց հատակից, և Կատրամիդեն լսեց տախտակի, հանվող գամերի և ճեղքվող առաստաղի ճռճռոցը, որն ուղեկցում էր ճերմակ ամպի մեջ տարրալուծվող Քրիստոսին։
— Գնաց լողանալու ամպի փրփուրում,— շշնջաց թագուհին,— հարությունը պարզ և հասկանալի մանրանկար է, գույները հստակ են, մարդիկ՝ տեսանելի։ Քրիստոսը լողանալով մաքրվում է երկրային մեղքից։ Նա՛ չի գործել, բայց քսվել է նրա մարմնին՝ վարակված հողի, ջրի, անձրևի, քամու, մարդու հանդիպելիս։ Ե՛վ Հուդայի համբույրը, և՛ ձեռքերի ու ոտքերի գամերի հետքերը, և՛ կողի վերքը, և՛ երկրային դաժանությունից փոխանցված այլ նշանները կջնջվեն, և Նա Հորը կներկայանա կաթնահունց երեխայի ճերմակությամբ։ Հարությունը կարոտող հոր և հնազանդ որդու հանդիպում է։
Կատրամիդեն մտածեց փրփուր ամպի և երկնային ծովի մասին։ Ինքն էլ լողանա՜ր, մաքրվե՜ր փոխակերպվելիս։ Երկինք կբարձրանար կատարյալ ու գեղաշիտակ՝ սև, լուսարձակ աչք, վրան՝ եղեգնյա գրչով քաշված լուսապսակ հոնք, վրան՝ լայն, անկնճիռ ճակատ և սևսաթ վարսեր՝ իբրև բոլորագիր թափված արձակ շարադրանք, կարապնավիզ է և սլացիկ, ամպի փրփուրում լոգանք ընդունի թե չէ, ներդաշնակ կզրուցի երկնքի հետ։
— Մահկանացուի թռիչքի թևերը թույլ են ու անզոր,— զգուշացրեց համայիլը,— իզուր մի խորհիր այն բանի վրա, ինչին չես հասնելու։
— Քրիստոսը ևս թևեր չուներ,— ասաց թագուհին,— մարդ էր երկրակենցաղ։
— Հավա՛տը բարձրացրեց,— ասաց համայիլը,— ապրողներից մեկին է վիճակված լողանալ ամպերում։
Ամպի լոգանք ընդունելը թագուհու բանը չի, թեկուզ հավատն աչքի լույսի պես ծնված օրից չի թողել կույրի նման խարխափի։ Նրան բաժնեգրվածը մահկանացուի սահմանափակ տեսողություն է՝ մի տեղ կհոգնի, կփակի աչքերը, և վերջ՝ հավատը կզրկվի կատարելությունից։ Ինչպես ամենքը, Կատրամիդեն ևս ապրել է տարածվող վարակի, Ահեղ դատաստանի երկյուղի, հիվանդության, նախանձի, բանսարկության, չարության, թշնամանքի հարևանությամբ, և ամեն մեկն անբուժելի հետք է թողել հոգում, մի բան տվել է, հարյուրը տարել է անվերադարձ։ Դե արի ու մաքուր մնա, մի՛ կեղտոտիր ձեռքերդ, մի՛ վարակվիր համաճարակից։ Մի շրջվի հարցնի համայիլին՝ եթե Աստծո Որդի չլիներ, Քրիստոսն ինչպե՞ս էր խաչված, խոնջացած մարմինը փրկելու համատարած տիղմից։ Եվ Կատրամիդեն շրջվեց, «հավատացյալ եմ,— ասաց համայիլին,— ինչքան թույլատրում են մարդկային կապանքները։ Եկեղեցի կառուցեցի Անիում։ Իմ հավատի տունն է»։
— Քո կառուցած եկեղեցին անզոր է,— ասաց համայիլը։
— Գյուղ ու ագարակ նվիրեցի,— առարկեց թագուհին։
— Մենակյաց է,— ասաց համայիլը,— բորոտին ու դիվահարին չի բուժել, չի ապաքինել հիվանդին, հավատափոխին չի բերել ի դարձ։ Անայցելու մենաստան է՝ քաղաքի կենտրոնում փարթամորեն ծաղկած։
— Նրան տվեցի, ինչ հնարավոր է,— ասաց Կատրամիդեն,— մնացյալն Աստծո գործն է։
— Դու տեսար փրկչական փայտի մասունքը,— ասաց համայիլը,— տեղավորիր եկեղեցում և դպրատուն կառուցիր։ Մայր տաճարն առանց նրանց կիսատ է և մրսում է։
— Դրամ չկա,— հառաչեց թագուհին,— արքայական գանձարանը դատարկ է։
Համայիլը մատնացույց արեց նրա ձեռքի ադամանդյա մատանին, թևի ապարանջանը և ամենայն զարդ ու զարդեղեն, որ թագուհին կրում էր պարանոցին ու հագուստի վրա։ «Ավելորդ զանգուլակներ են,— ասում էր նրա շարժումը,— հիշեցնելու են քո երկրային գոյությունը»։
Թագուհին արեց այն, ինչ թելադրեց համայիլը, և հաջորդ օրերին անեցիներն ականատես եղան անձնական զարդեղենի առքուվաճառքին և տեսան բարձրացող դպրատունը՝ տուֆե պատերով, քանդակազարդ խոյակներով ու քիվերով։
Չմոռացավ, տաճարի արևելյան պատի հիմքում տեղավորեց փրկչական փայտի մասունքը, որ Մայր տաճարն աստվածային զորություն ունենա և բուժի այսահարներին, բորոտներին, մոլորյալներին ու այլ հիվանդների։ Երբ հավատացյալների ամբոխը գիշեր ու զօր չէր հեռանում տաճարից, թագուհին հասկացավ, թե ինչքա՜ն էին խանգարում զարդեղենը և երկրային փառքը, որոնք առաջ կանացի բնազդով համարում էր անհրաժեշտ ու կարևոր։ Երկնային վերահաս հասունություն պարուրեց նրան, և Կատրամիդեն թափահարեց ձեռքերը, զննեց պարանոցն ու հագուստը, անձնական զարդատուփը՝ համոզվելու, որ կնոջական ակնեղենի հետք ու ստվեր չկան, և խաղաղված ծունր իջավ գավիթում, ուր փրկչական մասունքը խորհրդավոր ճառագայթ էր նետել։
— Ես հաղթեցի իմ մեջ բնակվող կնոջը,— ասաց,— և Անիի գետնուղու նման կիսատ չմնաց հավատի այս տունը, և ես վերջապես գտա իմ փրկության տապանը։