Այսօր ընթերցում ենք հայ հին գրականության ամենագեղեցիկ ու դրամատիկ պատմություններից մեկը՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը և դիտում են Վարդգես Սուրենյանցի այս թեմայով հիասքանչ նկարը: Ի՞նչ կարելի է ասել. դարերի խորքից մեզ հասած այս պատմությունը հավատարմության մասին է, իհարկե, բայց հավատարիմ լինելու համար էլ խիզախություն է պետք: Ուրեմն խիզախության մասին է, նաև ինքնուրույն լինելու ձգտման, պետական անկախությունը պահելու: Իսկ եթե էլ ավելի խորանանք, այստեղ կտեսնենք գարնան ու զարթոնքի, բնության ու հացահատիկի Աստծո պաշտամունքի հետքեր: Բայց անկախ առասպելական, պատմական, հավատալիքային շերտերից այս հատվածը հիացնում է նաև որպես գեղարվեստական տեքստ: Վայելենք:
ԺԵ
ԱՐԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՇԱՄԻՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արան Նինոսի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին՝ Նինոսից նույնպիսի շնորհի արժանանալով, ինչպես իր հայր ԱրամըԼ Բայց այն վավաշոտ և անառակ Շամիրամը շատ տարիներից ի վեր նրա գեղեցկության մասին լսած լինելով, ցանկանում էր նրան տեսնել, բայց հայտնի կերպով չէր համարձակվում որևէ բան անել: Իսկ Նինոսի վախճանվելուց կամ Կրետե փախչելուց հետո, ինչպես համոզված եմ, Շամիրամը իր ախտը համարձակ պատվելով՝ Արա Գեղեցիկի մոտ պատգամավորներ է ուղարկում ընծաներով ու նվերներով և շատ աղաչանքներով ու պարգևների խոստումով խնդրում է գալ Նինվե իր մոտ կամ իրեն կին առնել ու թագավորել այն ամենի վրա, որոնց տիրում էր Նինոսը, և կամ նրա ցանկությունը կատարել ու մեծամեծ նվերներով խաղաղությամբ իր տեղը դառնալ: Երբ պատգամավորները շատ անգամ երթևեկություն կատարեցին, և Արան չհամաձայնեց, Շամիրամը սաստիկ չարանալով, պատգամավորությունը դադարելուց հետո, վերցնում է իր զորքի բազմությունը և շտապում է գնալ հասնել Հայաստան՝ Արայի վրա: Բայց որքան դեմքից կարելի էր գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանելու կամ հալածելու, որքան նվաճելու կամ իր ձեռքը գցելու, որպեսզի իր կամքը կատարի£
Որովհետև կատաղի կրքի պատճառով տռփանքով սիրահարված էր նրա մասին եղած զրույցներին, ինչպես տեսնելիս լիներ: Շտապելով գալիս հասնում է Արայի դաշտը, որ նրա անունով կոչվել է Այրարատ: Ճակատամարտը պատրաստելիս նա իր զորապետներին պատվել է տալիս, եթե դեպքը բերի, պետք է ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ Շամիրամի կտրիճներից£ Հաղթությունից հետո տիկինը դիակապուտներ է ուղարկում ճակատամարտի տեղը՝ ընկած դիակների մեջ փնտրելու իր ցանկալիին և տարփածուին: Արային մեռած գտնում են քաջամարտիկների մեջ: Հրամայում է նրան հանել դնել ապարանքի վերնատանը:
Իսկ երբ հայոց զորքը պատրաստվում էր նորից պատերազմել Շամիրամ տիկնոջ հետ, Արայի մահվան վրեժն առնելու համար,- (Շամիրամն) ասում է. «Ես իմ աստվածներին հրամայեցի նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա»: Միևնույն ժամանակ նա հույս ուներ իր կախարդական դյութանքով Արային կենդանացնել՝ տռփական ցանկությունից ցնորված: Բայց երբ նրա դիակն սկսեց նեխել, հրամայեց գցել մի մեծ վիհի մեջ ու ծածկել: Իր սիրականներից մեկին ծածուկ զարդարելով՝ նրա մասին այսպիսի լուր է տարածում. «Աստվածներն Արային լիզելով ու կենդանացնելով մեր փափագն ու ցանկությունը կատարեցին, ուստի այսուհետև նրանք ավելի ևս արժանի են մեզանից պաշտվելու և փառավորվելու իբրև ուրախացնողներ և կամակատարներ»: Նաև մի ինչ-որ արձան է կանգնեցնում աստվածների անունով և մեծամեծ զոհերով պատվում է նրան՝ ցույց տալով, իբր թե աստվածների այս զորությունը կենդանացրեց Արային: Եվ նրա մասին այսպես լուրեր տարածելով մեր Հայոց երկրում և բոլորին համոզելով՝ խռովությունը խաղաղեցնում է: Արայի մասին կարճառոտ այսքանն էլ բավական է հիշատակել£ Սա տարիներ ապրելով սերեց Կարդոսին:
Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Պատմություն հայոց /թարգմ. ծանոթագր. և առաջաբ. `Ստ. Մալխասյան, խմբ.` Վ. Առաքելյան, Ա. Աբրահամյան/, Երևան, 1968:
Նկ.Վ. Սուրենյանց, Արա Գեղեցիկ և Շամիրամ, 1899, աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am