ՅԻՍՈՒՍԻ ԾՆՆԴԵԱՆ ԱՒԵՏՈՒՄԸ
26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: 32 Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:
(Ղուկ. 1․ 26:38)
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
Օրհներգեր
ԿԱՐԳ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ
***
Ուրախացի՛ր, Մարիամ, Սուրբ Աստվածածին,
որ կրեցիր Քո որովայնում
մեր հայրերի Տեր Աստծուն:
Ուրախացի՛ր, Մարիամ, Կույս անարատ,
որ անճառորեն ծնեցիր Քո Որդուն՝
մեր հայրերի Տեր Աստծուն:
Ուրախացի՛ր, Մարիա՜մ, Քրիստոսի Մա՜յր,
քանզի Քեզանից ծագեց մեզ վրա Լույսը`
մեր հայրերի Աստված Քրիստոսը։
***
Տիրո՛ջն օրհնեցեք
և փառավորե՛ք Նրան հավիտյան:
Մարդկային ցեղն այսօր փրկելու Եկածը
մարդ եղավ իսկապես. հրեշտակների հետ օրհնեցե՛ք
և փառավորե՛ք Նրան հավիտյան։
Հնօրյան մանկացավ անարատ Սուրբ Կույսից
և հանձն առավ մկրտվել, հրեշտակների հետ օրհնեցե՛ք
և փառավորե՛ք Նրան հավիտյան:
***
Ուրախացի՛ր, Աստվածածի՜ն, որ Պարծանք ես կուսության
և հաստատուն Մայրը մարդկանց,
Օգնականը և Շնորհն աշխարհի,
մեր Փրկչի Մայր և Աղախին Մարիա՜մ:
Երանելիդ բոլորի,
բնությամբ անկրելի Աստծուն կրելով,
բոլորի Ամենակալին արժանի եղար կրելու [Քո] որովայնում,
[Նրա՛ն], որ երևաց մարդկային ցեղին:
Քերովբեական Աթոռ երևացիր, Աստվածածի՜ն`
գիրկդ առնելով բոլորի Աստծուն,
որ նստում է քերովբեների մեջ.
Նրա առջև միշտ բարեխոսի՛ր՝ փրկել մեզ:
Աղբյուրը՝ Օրհներգեր/գրաբար և աշխարհաբար/Երևան, 2011։