Հայ ժողովրդի սիրելի սրբերից են Հռիփսիմյան կույսերը՝ Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն և նրանց ընկերները: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, ընդհանուր թվով 70 կույս, որոնցից 37-ը նահատակվում են Վաղարշապատում: Ըստ ավանդության Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով Հայաստան եկած սրբակենցաղ կույսերը, այստեղ հալածանքների են ենթարկվում արդեն Տրդատ թագավորի կողմից, ապա նահատակվում անդավաճան մնալով իրենց ուխտին: Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն և մյուս կույսերը դարեր շարունակ եղել են քրիստոնեությանը անմանցորդ նվիրվածության ու անխախտ հավատի օրինակ: Նրանց վարքն ու պատմությունը եղել է ոգեշնչման օրինակ, հետագայում և մինչ օրս էլ նրանց բարեխոսությանն են ապավինում հավատացյալները: Կույսերի նահատակությունից հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նրանց մասունքներն ամփոփում է տապաններում ու թաղում նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին: Հետագայում՝ 618 թվականին Սուրբ Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը կառուցում է հոյակերտ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որտեղ էլ գտնվում է սրբուհու տապանը։ Սուրբ Գայանյանց կույսերի նահատակության վայրում էլ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը կառուցում Սուրբ Գայանե վանքը: Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի գրիչին է պատկանում նաև հայ միջնադարյան գրականության ամենաուշագրավ ստեղծագործություններց մեկը՝ Անձինք նուիրելաք շարականը: Շարականը մեր բանաստեղծության առաջին ակրոստիկոսն է և կազմված է 36 տնից, որոնք սկսում են մեր այբուբենի տառերով: Ներկայացնում ենք շարականի բնագիրն ու Գեղարդ երգչախմբի կատարումը:
Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի,
Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք,
Ի պարծանըս ձեր բարձրացեալ տոնէ
Մայր Սիովն դըստերօքըն իւրովք։
Բարբառք երկնաւորք լըցին զերկիր,
Քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս,
Ողջակէզք բանաւորք և զոհք փըրկութեան
Եւ որոջք անարատք ընծայեալք աստուծոյ։
Գեղեցկութիւնք մարմնաւոր պայծառութեան ձերոյ
Յիմարեցոյց զթագաւորն և պակեան հեթանոսք
Ի գեղ սքանչելի աստուածատուր կուսանացըն.
Տարփացեալ զուարթունքն ընդ մարդկան տօնեցին։
Դարձեալ վերստին արարչագործ զօրութեամբ
Եւ դարձեալ եդեմ աստուածատունկ զարդարի,
Քանզի ծառըն կենաց տընկեցաւ ի դրախտին,
Բերելով մեզ պըտուղ զերանելին Հռիփսիմէ։
Երկունք մահաբերք անիծիցըն լուծան,
Եւ Ադամ վերըստին աստուածակերպ ճոխանայ,
Փոխանակ Եւայի՝ դըստերք նորա.
Մարտիրոսք և կուսանք ընծայեալք աստուծոյ։
Զօրք հրեշտակաց ընդ մարդկան տօնեցին,
Եւ կանայք ի յերկինս գըրեցան զինաւորք,
Կուսութեամբ ընդ մահու պատերազմեալք յաղթեցին,
Խաչակից լինելով կուսածին արարչին։
է՜ զարմացումըն և ի վեր քան ըզհրաշըս
Խորհըրդոց և բանից հրեշտակաց և մարդկան,
Քանդի Էնըն աստուած ամենազօր զօրութեամբըն
Խոնարհեալ տեսանէր ըզհանդէս կուսանացըն։
Ընկերք միամիտք մարմնական կենցաղոյս,
Նախատակք հաւասարք և հոգւով միացեալք,
Միաբան ընթացեալք ի տեղի ճակատու
Զինեցան հաւատով և կացին յանդիման։
Թուլացան կորովիք հաստաձիգ աղեղանց,
Եւ տըկար կանայքըն վառեցան զինու,
Թագաւորն պերճացեալ զօրութեամբ և փառօք
Ի մանուկ ի կուսէն պարտեալ ամաչէր։
Ժողովեալ բազմութեան ազգաց և ազանց,
Ոչ զօրէին առ մի նահատակ,
Քանզի հասեալ ի թիկունըս աներևոյթ օգնութիւնն,
Խորտակեաց յայտնապէս ըզգաղտնի պատերազմըն։
Ի վերայ միոյ պատուական մարգարտի,
Խաղացին ցընծալով ամենայն հեթանոսք,
Արևմուտք յարևելըս ընթացեալըք հասին
Քարոզել յայտնապէս ըզչըքնաղ տեսութիւն։
Լուան թագաւորք և լըցան խընդութեամբ,
Որսալ յանձն առին ըզգաղտնի մեծութիւնն.
Պարգևել իրերաց խոստանային բանիւք
Եւ ծածուկ հընարիւք գողանալ ի միմեանց։
Խորհուրդ հոգևոր յըղութեանցըն յայտնիւր,
Եւ երկունք փըրկութեան աշխարհի ճեպէին.
Քանզի կամըք վերին հրամանին քաղցրացեալ,
Իջուցին ի վերուստ ըզպարգևս փըրկութեան։
Ծընան կուսանք ազգըս բազումըս
Եւ մարըք՝ մանկունք զհրապարակըս ծերոց,
Ի գիրկըս սըրբութեան աղօթից և պահոց
Աճեցին հաւատով զարգացեալք ի Քրիստոս։
Կանայք պատուականք քաղաքաւ և ազգաւ,
Վաճառականք առատք անյայտ մարգարտին,
Եղին զանձինըս գրաւականըս բաղմաց
Եւ եղեն փըրկանք անծանօթ աշխարհին։
Հռիփսիմէ՛, մեծ խորհուրդ և անուն ցանկալի,
Ընտրեալ ի յերկրի և դասեալ ընդ հրեշտակըս.
Եղեր օրինակ սըրբութեան կուսանաց
Վարդապետութիւն արանց արդարոց։
Ձեզ նմանիլ կարօտին ամենայն հոգիք
Միացեալք սըրբութեամբ և սիրոյն Քրիստոսի,
Զի մահուամբ ձերով մեզ ճանապարհ հորդեցիք
Ելանել ամենայն մարդոյ առ աստուած։
Ղեկավարըք ճարտարք հոգևոր հըմտութեամբ,
Թեթևաբեռն մարմնով և մըտօք սըլացեալք,
Ընդ երկայն ասպարէզս ծովածուփ կենցաղոյս
Անվընաս նաւեցիք և հասիք առ Քրիստոս։
Ճըշմարիտ որթոյն Քրիստոսի շառաւիղք
Եւ ողկոյզըք ճըմլեալք երկնաւոր մըշակին,
Կոխեցայք ճըգնութեամբ ի հընձանըս ձեր,
Զի ուրախ լինիջիք անմահական բաժակաւըն։
Մերժեցին ըզկարիս մարմնական կենցաղոյս,
Զի ծանեան եթէ երազ է և սուտ պաճուճանք,
Ոչ հեշտացան ի գըրգանըս փափկութեան,
Իմացան եթէ սընոտի է անցաւոր մեծութիւնս։
Յանդաստանս հոգևորս աղօթից և պահոց,
Վաստակեայըք յուսով զամենայն ժամանակըս,
ժուժկալեալք փորձութեանց և պէս պէս լըլկանաց
Եւ եղեալք ժառանգորդք անթառամ պըսակին։
Նախանձելի յօրինեցին զառագաստ կուսութեան
Նոր նորոգեալ արեամբ և հըրով մատնեցին
Զանձինըս սուսերաց և ջահից, և անշէջ
Լապտերօքն հետևեալ մըտին յառագաստ։
Շինուածք երկնաւորք ի յերկրի հաստատեալք
Եւ արձանք լուսեղէնք ի յերկինըս կանգնեալք.
Ինքեանըք ելին և այլոց ցուցին
Զճանապարհս ցանկալի զվերին Երուսաղէմի։
Ո՜վ զգաստութիւն իմաստուն կուսանացն,
Որոց ոչ յաղթեաց յեղգութիւն և քուն,
Այլ արթունք և պատրաստք մընալով երկրնաւոր հարսանեացըն,
Զի մըտցեն ի յառագաստ անմահ փեսային։
Չունի ոք ի նոսա անուն չարութեան
Եւ ոչ նախատինըս յիմար կոչելոյ,
Քանզի միով պընդութեամբ հոգւով արութեան
Միաբան քաջացան առ հասարակ ցընծասցեն։
Պարակցեալք քաջազէն բըռնութեամբ ի յերկրէ
Ի յերկինս տարադէմ գընացին փախըստեայք.
Ինքեանըք ելին և մեզ ուսուցին
Բազում նեղութեամբ մըտանել յայն հանգիստն։
Ջերմեռանդն աղօթիւք և սիրովն առ աստուած
Հայցեցին ըզհընարս փըրկութեան,
Բառնալով ըզխաւար դիւապաշտ մոլութեանց յաշխարհէ,
Պայծառացեալք լուսովըն, որ ի հօրէ ծագեցաւ:
Ռահըս յոլովըս առաքինութեան յայտնեցին
Որդւոց մարդկան վերանալ յաշխարհէ
Անստերիւր հոգևորակա՜ն վարուք ելանել
Ի բանակս երկնաւորս անմարմին հրեշտակացըն։
Սոքա են քարինք սուրբք հիմնեցեալք ի յերկրի,
Զոր կանխաւ տեսեալ գուշակեաց մարգարէն.
Ի նոյն ի նիւթոյ շինեցաւ կաթուղիկէ եկեղեցի,
Բարձրացեալ փառօք ի պարծանըս խաչին։
Վասըն ձեր, երանեալ նահատակք,
Զօրըք հրեշտակաց անմարմին զուարթնոցըն
Ի յերկնից ի յերկիր հեղան, և մարդիկք
Խառնեցան ի գունդըս զինուորաց Քրիստոսի։
Տօնեսցուք ստուգութեամբ ի հընձանըս նոցունց,
Զի արբեալք լիցուք անմահական բաժակաւըն,
Քանզի բաշխեն ըզբժշկութիւն հոգւոց և մարմնոց
Եւ զպարգևըս երկնաւորս սիրողաց իւրեանց։
Րաբունւոյն հրամանաւ աներևոյթ ազդմամբ
Յարևմըտից յարևելըս եկեալ հասին,
Զի լուսով հրեշտակական վարուք կուսութեան
Փարատեցին ըզխաւար դիւապաշտ մոլութեանցըն։
Ցընծութեամբ տօնեսցուք զյիշատակըս նոցունց,
Զի և նոցին հաղորդիցուք փըրկութեան.
Խընդրելով յարարչէն ըզպարգևս երկնաւորս
Եւ դասիլն ընդ նոսին ի յարկսըն լուսեղէն։
՚Իիւծեալք մաշեցան յուսացեալք ի մեծութիւն,
Եւ կանայք վեհազինք գերազանցեալք յաղթեցին,
Բուրվառք ոսկեղէնք հրով հոգւոյն վառեցան,
Ջահազգեցեալք ի Քրիստոս և դասեալք ընդ հրեշտակըս։
Փառաց ի փառըս բարձրացեալ՝ պարծին
Ի պատիւ և ի փառս երեսուն և եօթեանքն,
Քանզի այս է թիւ երանեալ կուսանացըն,
Որք անթառամ պսակեցան յանվախճան յաւիտեանն։
Քեզ, որ ցընծութիւնդ ես, Քըրիստոս աստուած,
Եւ ուրախութի՜ւն ամենայն արդարոց,
Քաղցրասցին վասըն մեր աղաչանք սըրբոցըն,
Շնորհելով զթողութիւն մեր բազում յանցանացն։