Այսօր, երբ Հայաստանում գրքերը հրատարակվում են առավելապես 100-500 տպաքանակով, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ, օրինակ, խորհրդային շրջանում, գրքերը հրատարակվում էին հազարավոր և տասնյակ հազարավոր տպաքանակներով: Բայց եղել են այդպիսի ժամանակներ: Իհարկե, մեծ տպաքանակներով հրատարակությունը, չէր երաշխավորում այդ գրքերի ընթերցանության մեծ ծավալները, այլ պայմանավորված էր այլ հանգմանքներով: Մարդկանց մտածողությունն ու արժեքներն այլ էին, հասարակության մեջ գրքի հետ առնչվող մարդու նկատմամբ այլ վերաբերմունք կար, կարևոր էր, որ նորաձև էր գիրք գնելը, տանը մեծ գրադարան ունենալը: Այսօր արդեն մարդիկ գրքեր չեն հավաքում, կա գրքի ձևաչափերի՝ էլեկտրոնային, աուդիո, ընտրության հնարավորություն, գրքերը շատերին մատչելի չեն:Այս ամենով պայմանավորված գրքերի տպաքանակները փոքրացել են: Հայ գիրքը ամենից մեծ տպաքանակներ ունեցել է Խորհրդային շրջանում՝ 1000-100 հազար: Ընդորում, ամենից մեծ տպաքանակներով հրատարակվել են մանկական ու պատանեկան գրքերը՝ 20-100 հազար, Հայկական սովետական հանրագիտարանի հատորները՝ յուրաքանչյուրը՝ 100 հազար տպաքանակով, ինչպես նաև հայ դասական գրողների երկերի հատորները, տարբեր ժողովածուներ ու մատենաշարեր՝ 10-60 հազար տպաքանակով: Սակայն հետաքրաքիր է, թե հայկական գեղարվեստական, ո՞ր առանձին հրատարակություններ են ամենից շատ տպաքանակներով հրատարակվել:Ներկայացնում ենք այդ գրքերից 7-ը:
7
Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս» վեպ, Երևան, 1976, տպաքանակը՝ 50 հազար:
Այս տպաքանակով շատ գրքեր են լույս տեսել խորհրդային շրջանում:1896-1897 թթ. գրված այս վեպի գործողությունները ծավալվում են Բաքվում հայ մեծահարուստ Մարկոս աղա Ալիմյանի զավակների հարաբերությունների շուրջ: Մարկոս աղայի մահվանից հետո նրա ժառանգության շուրջ սկսված պայքարում բացահայտվում են նրա զավակների բարոյական նկարագիրը, արատավոր ու անբարոյական միջավայրը:
6
Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը» վեպ, երկրորդ հրատարակություն, Երևան, 1984 թ., տպաքանակը՝ 50 հազար:
«Ռանչպարների կանչը» վիպասք է, որ ներկայացնում է 19-դարավերջին արևմտահայերի կյանքը, ազգային-ազատագրական շարժման հերոսական ու ողբերգական էջերը, հայ անվանի հայդուկների սխրանքները:
5
Ավետիք Իսահակյան, Երկեր, «Հայ դասականների գրադարան» մատենաշար, Երևան, 1987, տպաքանակը՝ 51 հազար:
Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի երկերի այս ժողովածուում ընդգրկված են նրա տարբեր տարիների բանաստեղծությունները, լեգենդները, արձակ էջերը, հատվածներ օրագրերից ու հուշերից:
4
Եղիշե Չարենց, Երկեր, «Հայ դասականների գրադարան» մատենաշար, Երևան, 1983, տպաքանակը` 51 հազար:
Այստեղ ընդգրկված եմ հանճարեղ բանաստեղծի բանաստեղծությունները, պոեմները, բալլադները և թարգմանությունները:
3
Հովհաննես Շիրազ, «Հուշարձան մայրիկիս», Երևան, 1979, տպաքանակը՝ 60 հազար:
Բանաստեղծի՝ այս գրքում ընդգրկված են քնարական բանաստեղծություններ նվիրված հեղինակի մանկությանը, հատկապես մոր կերպարին:
2
Ստեփան Զորյան, Ճանապարհորդ Ջեկոն, Երևան, 1978 թ., տպաքանակը՝ 100 հազար:
«Ճանապահորդ Ջեկոն» արձակագիր Ստեփան Զորյանի հայտնի ու սիրված մանկական պատմվածքն է: Այն պատմում է տատիկի ու շան կապվածության, Ջեկոյի ճարպկության, հնարամտության ու հավատարմության մասին:
1
Խնկո Ապեր, Մկների ժողովը, Երևան, 1983 թ., տպաքանակը՝ 100 հազար:
Հայտնի մանկագրի առակ-հեքիաթը այլաբանորեն անդրադառնում է խոսքի ու գործի հարաբերությանը, վտանգի ժամանակ մարդկանց ու հանրույթի պահվածքին:
Վերոթվարկյալ ցանկում ներառվել են միայն առանձին հրատարակություններ: Սակայն եղել են ու կան առանձին հեղինակների գործեր, որոնց տարբեր հրատարակությունների տպաքանակների հանրագումարը հասնում է միլիոնավոր օրինակների:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան