Ակսել Բակունցի 1935 թ. գրված և 1936 թ. առաջին անգամ հրատարակված այս վեպի նյութը անցումնային ժամանակներում՝ 20-րդ դարասկզբին, արձակագրի հայրենի՝ Գորիս քաղաքի կյանքն է: Հնի ու նորի՝ Կյորեսի ու Գորիսի հակադրությունը արտահայտվում է մարդկանց կենցաղում, մտածողության մեջ, մշակույթում ու լեզվում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե արձակագրի նպատակն է հին ու նոր քաղքենի բարքերի ներկայացումն ու քննադատությունը, սակայն ուշադիր ընթերցողը այստեղ կարող է տեսնել նաև հեղինակի ձգտումը՝ արձանագրելու վերացող անցյալի հիշատակները: Միաժամանակ Բակունցն այստեղ ուսումնասիրում է հայ մարդուն, իր ինքնության ու ընկալումների բազմազանության մեջ: Գորիսը, ինչպես 20-րդ դարի հայ ինքնակենսագրական մյուս վեպերի քաղաքները դառնում է հայ ժողովրդի կյանքի ու կենցաղի յուրահատուկ մանրակերտ, որտեղ երևակվում են անցյալն ու ներկան, գովելի ու պախարակելի երևույթները, ազգային էության մութ ու լուսավոր գծերը: Նաև հոգևոր ու բարոյական դատարկությունը, որն ի վերջո կործանման է տանելու: Կյորեսն, իհարկե, դատապարտված է, իսկ Գորիսն արդեն այլ քաղաք է, որտեղ կյանքի որակը գուցե ավելի բարձր է, սակայն այստեղ էլ վտանգված է հայի ինքնությունն ու լեզուն: Art365-ը ներկայացնում է հատկապես այսօր խիստ արդիական այս վեպի եզրափակիչ հատվածը հայ նկարիչների գորիսյան բնանկարների ուղեկցությամբ։
Փանոս Թերլեմեզյան, Գորիս, 1929
Բայց մենք վերջին անգամ դարձյալ դառնանք Գորիս քաղաքի երկսեռ հասարակության։
Առաջին հարցը, որ ինչպես ասում են ծառանում է մեր առաջ՝ այն է, թե ի՞նչ մարդիկ էին Գորիսի բնակիչները և այդ ոչ այն իմաստով, թե ինչպես էր նրանց արտաքինը,– որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ կան հաստ ու նիհար մարդիկ, մարդիկ, որոնք հոգնում են քնելուց և որոնք իրենց կյանքում մի անգամ կուշտ քնելու կարոտ են։
Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից առաջինը գերադասում էր մաղաշար թթուն, իսկ երկրորդը՝ չոր թթուն։ Եվ նույնիսկ նրանք կարող էին վիճաբանել և մինչև անգամ կարող էին իրար ծանր խոսք ասել։
Սակայն մեզ ոչ այդ է հետաքրքրում և ոչ էլ այն, որ Հաստ Ներսես բեյը մի քանի գավաթ խմելուց հետո երբեմն յուր կնոջն անվանում էր բիբուլի և պիկուլիա,– անվանում էր նույնիսկ հյուրի ներկայությամբ, որից շառագունում էր տիկին Վարսենիկի երեսը։ Սեզ հետաքրքրում է Գորիս քաղաքի բնակիչների հոգևոր շահերը և թե հանուն ինչի նրանցից շատերը պուֆ անելով մրոտում էին այն փիրուզե երկինքը, որ քաղաքի վրա կախվում էր արծաթ և ոսկի աստղերով և որին մի անգամ անարգել էր նույն Հաստ Ներսես բեյը, Ճաղար Մուղրովի մեդալներով զարդարված կուրծքը նմանեցնելով Գորիսի երկնքին։
Ի՞նչ հոգևոր շահեր ունեին Գորիսի բնակիչները և ի՞նչ ազգի մարդիկ էին և ի՞նչ լեզվով էին խոսում... Ոչ մի հոգևոր շահ չունեին Գորիսի բնակիչները, ընթերցող, և նույնիսկ քաղաքի ավագ քահանա Տերզի բազում տեր Զավենը, լուսավորչական հավատի գավազանը երկու Զիլֆուղար բեյերի տները կօրհներ, եթե թուրք Զիլֆուղար բեյը նրան աջահամբույր տար։ Իսկ ինչ վերաբերում է բեյերի հոգևոր շահերին, ապա նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահ ունենային։ Միայն Պավլի բեյն էր, Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում էր Սյունյաց նախարարության վերադարձը։
Ռաֆայել Շիշմանյան, Գորիս, 1954
Իսկ Հաստ Ներսես բեյը և մյուս բեյերը գիտեին, որ աշխարհում կա պետ և ստորադրյալ և արանքում հարկավոր է թուղթ խաղալ, ուտել և ձանձրանալ, ձանձրույթից հորանջել, հորանջելով բամբասել, աղջիկներին տեղաց անել, տղաներին դարձնել ավելի բարձր պաշտոնյա, այսինքն դարձյալ տեղաց անել նահանգային դեպարտամենտներում։
Նույնն էին նաև խոջաները և միայն նրանց որդիները, որոնք պրոգրեսիստ էին և Պասաժում խանութ ունեին,– պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին և հաշտարար միջնորդ Սուդակինը՝ սարսափելի լիբերալ, ինչպես անվանում էր Լյուդմիլա Լվովնան,– կարծիք էր հայտնում, թե Մարկով 2-րդի ճառից հետո զեմստվոյի իրավունքները կսահմանափակվեն, այնինչ Տիգրան Պետոիչը, որ ոչ պրոգրեսիստ է և ոչ էլ լիբերալ, այլ անկախ մտածող էր, հակառակ կարծիքի էր։
Պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում ծայր էր առնում այդպիսի վեճ համապետական խնդիրների և ոչ, օրինակ, մաղաշարի և չոր թթուի շուրջը, բայց այդ վեճն էլ վերջանում էր հորանջյունով և եթե նույնիսկ հորանջյունով չվերջանար, այլ վերջանար մի շիշ խերեսով, որ Եփրատ Երեմը բաց էր անում ի նշան հաշտության,– դարձյալ հոգևոր շահից չէր այդ վեճը, այլ այն ահռելի ձանձրույթից, որ քաղցր ծորում էր ամբողջ Գորիսում։
Նույնիսկ եթե ասենք, թե տարին մի անգամ Հաստ Ներսես բեյն ունենում էր հոգևոր շահ, երբ, օրինակ, պարոն Արշակը նրան մատուցում էր մի պատվավոր տոմս, որի վրա գեղեցիկ գրչագրով նույն պարոն Արշակը գրել էր․ «Մեծապատիվ պարոն Ներսես բեյ, Գորիսի հայոց ծխական դպրոցի սիրող-սիրողուհիների խումբը խնդրում է Ձեզ Ձեր ներկայությամբ պատվել թատերական հանդեսը հօգուտ...»․– երբ Ներսես բեյը հետկեսօրյա քնից հետո ընդունում էր պատվավոր տոմսը, հարցնում էր, թե ուրիշ ո՞ւմ են հրավիրել, համեմատում էր իր աթոռը և կարգը մյուս բեյերի աթոռների ու կարգերի հետ և ապա մի արծաթ ռուբլի էր տալիս,– տարին մի անգամ հոգևոր ստվերի նման երևում էր և այդ կարելի էր մանրամասն պատմել, որովհետև այդ պատահում էր տարին մի անգամ,– բայց դարձյալ չի կարելի ասել, թե ի՞նչ ազգի էր Ներսես բեյ Ջումշուդովը և ի՞նչ լեզվով էր խոսում և առհասարակ ի՞նչ լեզվով էին խոսում Գորիսի բեյերը, որոնց տները տարին երկու անգամ օրհնում էր քաղաքի ավագ քահանան և տնեցիները՝ մեծից մինչև փոքր կռանում և համբուրում էին հայ լուսավորչական խաչը։
Այդ ամենադժվարն է ասել, թե ի՞նչ ազգի էր Զիլֆուղար բեյը, որ վարժ խոսում էր թուրքերեն և ռուսերեն, իսկ հայերեն թեմական հաջորդին ասում էր աճուրդ, հայ դպրոցի աշակերտին՝ մոնթ, հայ գյուղացուն՝ էշ հայվան, հայ ուսուցչին՝ վարժապետ, Գորիսի Հայ կանանց միությանը՝ Տիկին Օլինկայի կլուբ, հայերեն թերթին՝ վարժապետի գազեթ, որի տան դահլիճի պատերը զարդարված էին Էջմիածնի, Լոռիս-Մելիքովի, Մադաթովի և այլ գեներալների նկարներով, որոնցից մեկին՝ Ֆլիգել-ադյուտանտ Բեժանբեգովին զարմանալի նման էր Զիլֆուղար բեյը. նույն նեղ ճակատը, հոնքերը՝ ոզնու փշերի նման ցից, քիթը բարձր, բայց ոչ մսոտ, այլ չոր և կաշին պիրկ, այնպես որ, երբ Զիլֆուղար բեյն ասում էր՝ «իմ հորս պապը Խաչենի Մելիք-Թյունանն էր»,– ձայնը քթի մեջ դմբդմբում էր, ինչպես կարասի մեջ։
Սուրեն Սաֆարյան, Հին Գորիս, 1960
Իսկ Ասատուր բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ արձակում էր հնչյուններ և ձայներ բը՜ռռ... որ նշանակում էր, թե նա ճաշից դժգոհ է, որովհետև Ասատուր բեյը ոչ ասունաս էր խաղում և ոչ նարդի, այլ սիրում էր որձ այծի միս․ դա՜աս, որ նշան էր հավանության, նաև վկայում էր աշխարհի ունայնությունը, որովհետև այդ ասելով Ասատուր բեյը հառաչում էր։ Քառասուն տարի նա եղել էր գավառային արխիվարիուս և ոմանք դրանով էին բացատրում նրա լեզու չիմանալը, որովհետև քառասուն տարի նա մեռած թղթերի հետ էր խոսել, այսինքն ասել էր բըռռ, երբ գտել էր, որ ժամանակին նոտարը սխալ էր վավերացրել հողի վկայագիրը, ասել էր դա՜աս, երբ ձեռքն էր ընկել քսանհինգ տարի առաջ գավառապետի ռապորտը Գորիս գետի վրա կամուրջ կապելու անհրաժեշտության մասին և վերջապես հը՜մմ էր ասել, որ նշանակում էր, թե կասկածում է հաշտարար միջնորդի հաշվետվության՝ աղետյալներին հատկացրած նպաստի մասին։
Այդպիսի լեզվով էր խոսում Ասատուր բեյը և ոմանք այդ բացատրում էին գավառային արխիվի միջավայրով, բայց Ասատուր բեյի կնոջ ասելով նա հենց սկզբից այդպես էր։ Այդ կարծիքը ճշմարտության մոտ է, որովհետև երբ վրա հասավ Ասատուր բեյի վախճանը, այսինքն երբ ուրիշ մարդիկ նրան կանչեցին հարցաքննության, Ասատուր բեյը ոչ մի բառ չկարողացավ արտասանել և միայն ասաց հոլ-հոլ, աբի-հոլ։ Այնքան ասաց, որ նրան ազատ թողեցին և նա յոթ օր էլ իր տնեցիներին ասաց այդ մութ հնչյունները և մեռավ, իր հետևից հավիտյան անմեկնելի թողնելով չորս հնչյունը՝ հոլ-հոլ, աբի-հոլ։
Ավագ գրագիր Նազար բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ աղվեսահաչ էր տալիս։ Բալասան Կևեր բեյն ասում էր՝ «Սե-բիր-Սիբիրըստա՜ն... Զառ, դու բարա, քարերը թուփ արա...»։ Եվ միայն Պավլի բեյ Օրբելյանն էր խոսում և գրում գրոց լեզվով, որից մի նմուշ արտագրեցինք։ Բայց այդ լեզուն մեռած լեզու էր՝ ինչպես Տեր զի բազումի լեզուն, երբ նա թագի և շուրջառի ծանրությունից քրտնած սկսում էր իր քարոզը.
– Ժողովուրդ հավատացյալ, որպես տեր մեր Հիսուս Քրիստոս ասացյալ է օղտն ոչ անցանի ասղի ծակովն, նմանապես և...
Իսկ ինչ վերաբերում է վաճառականներին, ապա նրանց երիտասարդ սերունդը, որ պրոգրեսիստ էր, խոսում էր չալ հայերեն, այսինքն ռուսախառն հայերեն, ինչպես, օրինակ, Եփրատ Երեմը, որ այսպես էր խոսում, երբ ի նշան հաշտության բաց էր անում խերեսի շիշը.
– Պա մոեմու դրուժբա լուչշե ղալմաղալ... Տիկրան Պետոիչ, համարի թե մի ոչինչ դարազումեննի էր էդ Մարկով վտարոյի ասածը... Խմենք, գասպադա...
Մենք արդեն տեսանք, թե ի՞նչ լեզվով էր խոսում Ավագիմովների ավագ եղբայրը՝ Ամբարի կատու Սողոմոնը, յուրաքանչյուր խոսքից հետո նա ասում էր՝ վեց աբասի, վեց աբասի,– և ինչպես պատմում էին, առավոտյան, երբ բացում էր խանութը, նա հարևանին ասում էր.
– Բարի լույս... վեց աբասի, վեց աբասի։
Իսկ Քյալլա–Ծատուրը՝ դեղագործ և փիլիսոփա, խոսում էր մի հազվագյուտ լեզվով և միայն նա էր այսպես խոսում։
– Բարոնայք, Զանկազորու կավառի Կորիս քաղաքն լուսավորյալ է...
Իսկ խոջաները՝ խոջա Մակիչը, Միրումով Կյուքին, Ֆրանգուլով Բադալ ապերը, մինչև անգամ Ջամբա Ծատուրը, որ խոջա չէր, այլ վաշխառու էր, նրանք բոլորը խոսում էին թուրքա և պարսկախառն մի լեզվով, որ պրոգրեսիստ վաճառականների լեզվից տարբերվում էր այնքան, որքան Իրանի և Մոսկովի կտավը․ մեկն ասում էր սանադ, մյուսը՝ վեկսել, մեկը դրամը թումանով էր հաշվում, մյուսը՝ ռուբլիներով, հայրը կտավը չափում էր գյազով, որին ասում էր խանարշին, իսկ որդին ռուսական կտավը չափում էր ռուսական արշինով։ Այնքան էր զանազան նրանց լեզուն, որոնց Աթա ապերն անվանում էր շան լեզու։
Ուրիշ էր Կյորեսի լեզուն, որով խոսում էին Հին ճանապարհի բնակիչները, հին շուկայի արհեստավորները և խոսում էին կամուրջից այն կողմը՝ Շենի բոլոր թաղերում, Ցաքուտ, Նորու և Ձորեկ գյուղերում,– այն լեզուն, որին տիկին Օլինկան անվանում էր շենավարի լեզու, ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին։
Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը... Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալաչներ։ Հապա Դոլուն Կարին... Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ... և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին... Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո կասեր, որ Մեղբաքերծը կդրնգար։
Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա։ Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը։
– Տիեյերի հացերը մրսել են,– կասեր Աթա ապերը, չուխայի փեշից պոկելով փուշը, որ կպել էր արտի մեջ, բայց այնպես կասեր, կարծես խնդրում էր մի կարպետ, որ ծածկի արտերը։
– Հորա՜ է, հորա՜,– և էլի ուրիշ ոչինչ չէր ասի Աթա ապերը, բայց այդ մի բառը կասեր դանդաղ, ծանր և արքայավայել, կասեր ինչպես հանդերի պատրիարքը, և ով կյորեսեցի էր, նա հասկանում էր, թե ո՞ւր կորան վաղեմի պարարտ հողերը և շարմաղ ալյուրը։
Աթա ապերը կարտասաներ երկու տող «Գորիսի գովքից», բայց այնպես կասեր, որ իբրև իջնում էր խոր ձորերը և բարձրանում է բարձր լեռները, և լեռնային քամու նման լեզուն պտույտք է անում դեպի երկինք։
Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում։ Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,− Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...
Արփենիկ Նալբանդյան, Հին Գորիս, 1962
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան