Վիլյամ Սարոյանը Հայաստանում եղել է մի քանի անգամ, սակայն ըստ հուշերի ու նամակների հատկապես մեծ տպավորություն է ստացել է 1976 թվականի այցից։ Մասնավորապես այդ մասին գրողն իր հիացմունք է արտահայտում և շնորհակալություն հայտնում 1977 թվականի օգոստոսի 29-ին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանիn և բանաստեղծ Վահագն Դավթյանին ուղղված նամակում։ Վ․Սարոյանը սիրով հիշում է 1976 թվականի հոկտեմբերյան իր այցը, շնորհակալություն հայտնում նամակի հասցեատերերին ջերմ ընդունելության նաև Զորի Բալայանին՝ ճամփորդության ժամանակ օգնության համար։ Բացի այս Վ․ Սարոյանը ցանկություն է հայտնում կրկին այցելել Հայաստան և որոշ պահանջներ ու պայմաններ նշում։ Ներկայացնում է ենք այս ուշագրավ նամակը․
29 օգոստոսի 1977 թ.
Փարիզ
Իմ սիրելի Վարդգես և Վահագն Դավթյան,
Անցյալ հոկտեմբերի համար ես շատ երախտապարտ եմ ձեզ: Եթե ես նամակ չեմ գրում, դա չի նշանակում, որ ձեզ չեմ հիշում: Իմ այցելության ժամանակ ցուցաբերած ձեր բարեհոգությունը ես հիշում եմ անսահման երախտագիտությամբ:
Հիրավի, այն ամենալավ այցն էր, որ ես երբևէ ունեցել եմ իմ կյանքում: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք Զորի Բալայանին` այդ լավ մարդուն, որն ինձ ապահով հասցրեց Օդեսա, նավ նստեցրեց և հրաժարվեց վերցնել մրգերով
ու այլ ապրանքներով լի զամբյուղը: Այդ զամբյուղը կախված է իմ աշխատասենյակի պատից և ինձ հիշեցնում է Զորիին ու նրա տուն կատարած իմ այցելությունը, որի ժամանակ ես վայելեցի նրա սիրալիր տիկնոջ պատրաստած համեղ կերակուրները, տեսա նրա փոքրիկ երեխաներին: Կցանկանայի, որ Զորին գրեր սովետական էսկիմոսների հետ անցկացրած իր ժամանակի մասին, քանի որ նրանց մասին գրած Զորիի պատմվածքներն անմոռանալի են:
Այժմ ցանկանում եմ խոսել մի շարք կարևոր հարցերի մասին.
1. այո՛, ես ուզում եմ այցելել Հայաստան հաջորդ տարի ոչ թե այն բանի համար, որ նշեմ իմ 70-ամյակը, այլ այն բանի համար, որպեսզի նորից վայելեմ մեր փառահեղ երկիրը, մեր ազգն ու ժողովուրդը: Բայց կցանկանայի, որ ինձ համար
Գեղարդում մի տուն հատկացնեիք. ոչ այնպիսին, ինչպիսին է Գրիգոր Գուրզադյանի առանձնատունը՝ իր վարդի պարտեզով, այլ մի փոքրիկ տուն, որտեղ ես կարող եմ վայելել հանգստություն և զբոսնել Հայաստանի այդ հեքիաթային ու
չոր վայրում: Ուզում եմ խորապես զգալ Հայաստանի աշունն իմ մեջ, զրուցել կենսուրախ և առողջ մարդկանց հետ, ծիծաղել, ուրախանալ, խնդալ ու գոռալ նրանց հետ:
2. Ես ուզում եմ, որ դուք ուղարկեք երկրորդ գորգը, այն փոքր գորգը, որը պատկերում էր սլացող սպիտակ եղնիկ, մյուսը` մեծ գորգը, գեղեցիկ է, բայց ես ուզում եմ, որ դուք ուղարկեք փոքր գորգը:
3. Կցանկանայի, որ այդտեղ մեկը մտածեր հրավեր ուղարկելու իմ զարմիկ Խաչիկ (Արչի) Մինասյանին և նրա տիկնոջը՝ Հելենին, որպեսզի նրանք կարողանան առանց ծախսի այս տարվա հոկտեմբերին գալ Հայաստան: Նրանք Փարիզ
են գալու սեպտեմբերի կեսերին, և եթե դուք նրանց նամակ գրելու կամ հեռագրելու լինեք, պետք է անեք Փարիզի իմ հասցեով: Նրանք Երևան կժամանեն Փարիզից Մոսկվայի վրայով: Նրանք ունեն իրենց վերադարձի տոմսակը Փարիզից
մինչև Պալո-Ալտո, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի մոտ, և որտեղ բնակվում են նրանք: Վահագն Դավթյանը ծանոթ է Խաչիկի բանաստեղծություններին, և կարծում եմ՝ Խաչիկն այն անձն է, ով պետք է Հայաստան այցելի, տեսնի Հայաստանը, քանի որ նա Ֆրեզնոյում ծնված մշեցի է և սիրում է Հայաստանը ամբողջ հոգով: Հուսով եմ, որ այս գործը գլուխ կբերեք:
4. Կխնդրեի, որ այս նամակն ստանալուն պես ինձ հեռագրով տեղյակ պահեիք դրա ստացման մասին: Կխնդրեի նաև ուղարկել ինձ «Հայրենիքի ձայն» և «Գրական թերթ» շաբաթաթերթի վերջին 11-12 համարները: Ես ենթադրում եմ, որ դրանք ուղարկվում են Ֆրեզնոյի իմ հասցեով, սակայն կխնդրեի, որ ձեզ մոտ կատարեիք իմ հասցեի փոփոխությունը: Երևի դուք Ֆրեզնո եք ուղարկում այն մեծադիր ամսագիրը, որի առաջին էջում մի ժամանակ երևաց իմ գունավոր
պատկերը: Ես կխնդրեի, որ ինձ ուղարկվող բոլոր ամսագրերն առաքվեին նոր հասցեով: Կցանկանայի, որ ստույգ գրեիք՝ ինչ եք ուղարկում իմ նոր հասցեով:
5. Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Բուլղարիայի «Օբզոր» եռամսյա ամսագրին: Բացարձակապես շատ հոյակապ ամսագիր է: Հրատարակվում է չորս լեզուներով՝ անգլերենով, իսպաներենով, ֆրանսերենով և ռուսերենով: Այն շատ
շքեղ հանդես է. գուցե մե՞նք էլ կարողանանք այդպիսի մի եռամսյա հրատարակել:
Շատ հիասթափված էի, որ Վահագն Դավթյանը Սոֆիայում չէր: Ես համոզված էի, որ նա այնտեղ կլիներ, ինչպես նաև Ռազմիկ Դավոյանը, Լևոն Մկրտչյանը և Հրանտ Մաթևոսյանը: Ինչ-որ տանտերերը պահանջեցին ինձանից, ես սիրով և ուրախությամբ հանձն առա: Կարծում եմ, որ այդ հանդիպումը աշխարհի բոլոր գրողներին պարտավորեցրեց կատարել իրենց պարտքը պատմության և անխուսափելի կործանման դատապարտված մարդկության առջև, այն է՝ չսանձազերծել նոր պատերազմ: Հարկավ մենք մեզ չպետք է սպանենք մեր իսկ ստեղծած զենքերով: Մենք այդպիսի զենքեր միշտ էլ ունեցել ենք. ծանր քարը միշտ էլ զենք է եղել: Հուսով եմ, որ այս նամակով ձեզ շատ չեմ ծանրաբեռնում և ձանձրացնում, պարզապես ձեր նամակին պատասխանում եմ ամենայն մանրամասնությամբ: Ֆրեզնոյի հասցեով ուղարկած ձեր նամակը ստացա ուղիղ մի ժամ առաջ և անմիջապես պատասխանում եմ այդ նամակին՝ հուսալով, որ իմ նամակը ստանալուն պես նման վերաբերմունք կցուցաբերեք նաև դուք:
Գրեթե ավարտել եմ իմ նոր գործը Փարիզում, ուր գտնվում եմ հունիսի 18-ից: Ես, հավանաբար, կթռչեմ Լոնդոն, այնտեղից` Իսլանդիա՝ համալսարանում ելույթ ունենալու համար, հետո՝ Նյու Յորք, իսկ այնտեղից էլ` Կալիֆոռնիա, ուր
կլինեմ հոկտեմբերի սկզբներին, ուստի եթե դուք ինձ գրելու լինեք, խնդրում եմ այդ նամակի կրկնօրինակն ուղարկեք Ֆրեզնոյի իմ հասցեով, բայց հուսով եմ, որ մինչև Փարիզից մեկնելս ձեզանից պատասխան կստանամ:
Վարդգե՛ս, հուսով եմ, որ Ձեր առողջությունը տեղն է: Չեմ մոռանում այն փառահեղ ճաշը, որ Դուք տվեցիք ինձ Ձեր տանը: Առաջին անգամն էր, որ ես այդպիսի արտակարգ ճաշատեսակ վայելեցի՝ այդ փառահեղ քյուֆթան: Ես իսկապես կցանկանայի իմանալ՝ ով է պատրաստում այդ ճաշատեսակը (ըստ հայկական ավանդույթի): Ֆրեզնոյում ես չգիտեմ ոչ ոքի, ով կարողանա պատրաստել այդպիսի ճաշատեսակ, կամ էլ մեկին, ով իր կյանքում երբևէ կերած լինի այն:
Ես խորապես վշտացա՝ իմանալով իմ եղբոր՝ թատրոնի մեծ հանճար Վարդան Աճեմյանի մահվան մասին: Ցավում եմ, որ հաջորդ անգամ Հայաստան այցելելիս ես նրան չեմ տեսնի: Նա շատ-շատ էր աշխատում, և երբ նրան առաջարկեցի հանգստանալ, նա ասաց՝ ո՛չ-ո՛չ, առայժմ՝ ո՛չ: Շատ պարզ բան է՝ նույնիսկ ամենահոգնած մարդը հանգստանում է իր սիրած աշխատանքը կատարելիս:
Մենք այնքան քիչ բան գիտենք մարմնի և հոգու առեղծվածների մասին: Զորին գիտի էսկիմոսների մասին: Նա ասում է, որ երբ նրանք զգում են իրենց մոտալուտ մահը, լքում են այն վայրը, ուր բնակվում են...
Վահա՛գն, խնդրում եմ իմ բարևները հաղորդես տիկնոջդ և նրան ասես, որ հիշում եմ կարմիր - կանաչ պղպեղով և ձվով պատրաստված կերակուրը, որը սեղան եկավ այնպես, ինչպես արևից եկող լույսը՝ գեղեցիկ և փոքրիկ:
Խնդրում եմ շնորհակալություն հայտնել Աղասուն` իր հոյակապ ընկերակցության համար: Նա մեզ անընդհատ դեսուդեն էր տանում:
Վարդգե՛ս, նորից շնորհակալություն Ձեր նամակի համար: Այստեղ՝ Փարիզում, իմ այս նամակի պատասխանին եմ սպասում: Ես գիտեմ, թե որքան հմուտ մարդ եք Դուք, քանի որ ինձ համար Օդեսա – Աթենք նավի տոմսը ձեռք բերեցիք
ամենայն արագությամբ: Ես Օդեսայում՝ աշխարհի այդ լավ քաղաքում, հիանալի ժամանակ անցկացրի: Այնտեղից նավով մտա Դարդանել և Էգեյան ծով: Փառահեղ ճամփորդություն էր:
Դուք ինձ նորից նամակ կգրե՞ք, թե՞ սրան կհետևի լռության երկար շղթան:
Իմ լավագույն բարեմաղթությունը ձեզ և ձեր ընտանիքներին, իմ ընկերներին, եթե թշնամիներ ունեմ՝ նաև նրանց, քանզի մենք բոլորս հայ ենք, և թող նրանք էլ ստանան իմ լավագույն բարեմաղթությունները: Պետք է շնորհակալ լինենք մեր
թշնամիներից, քանի որ նրանք մեզ չեն թողնում հանգստանալ, իսկ երբ եռանդուն եք, կռվելով ձեր թշնամիների հետ, նրանց ուղարկելով ձեր ողջույնները, երբեք չեք մեռնի:
Վիլյամ Սարոյան
Աղբյուրը՝ Է․ Հովսեփյան, Վիլյամ Սարոյանի նամակներից, Պատմաբանասիրական հանդես, 2008, թիվ 3: