1903 թվականի մայիսի 6(19) ծնվել հայ բանաստեղծ, արձակագիր Վահրամ Ալազանը(193-1966 թթ..): Ցեղասպանության օրերին գաղթելով Վանից, Վահրամ Ալազանի ընտանիքը հաստատվում է Երևանում, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է գրողը: Առաջին գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը հրատարակվել է 1922 թվականին: Հետագայում հրատարակվում են նրա՝ «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) բանաստեղծական գրքերը, «Վաթսուներորդ հորիզոնում»(1934) վեպը և այլ գործեր: Վ.Ալազանը գրական ու հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներից էր մինչ 1936 թ., երբ անհիմն մեղադրանքներով բանտարկվում է: Անցնելով բանտարկության ու աքսորի դաժան ճանապարհներով՝ 1946 թ. վերադառնում է հայրենիք, սակայն երկրորդ անգամ աքսորվում է 1949 թ.: 1954 թ., վերադարձից հետո ծանր հիվանդության պայմաններում կարողանում է շարադրել իր հուշերի՝ «Տառապանքի ուղիներում» գիրքը: Մանկության տարիների, Վանի ինքնապաշտպանության ու գաղթի, Երևանում հաստատման առաջին շրջանի մասին Վահրամ Ալազանը նույնպես պատմում է իր հուշերում, մասնավորապես հուշագրության այդ մասը լույս է տեսել 2024 թվականին «Մանկության պատուհանից» խորագրով: Ներկայացնում ենք հատված այս գրքից, որտեղ գրողը ներկայացնում է Նարեկավանք ուխտագնացության, Սուրբ Գրիգոր Նարեկացի նկատմամբ վասպուրականցիների պաշտամունքի ոը ժողովրդական տոնախմբության մասին մի ուշագրավ դրվագ:
ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ
Վանի և Վասպուրական նահանգի հայ բնակչության համար Գրիգոր Նարեկացին վաղուց անտի սրբերի շարքն էր անցել։ Նրա «Մատյան ողբերգության» գիրքը դարձել էր հույսի ու հավատի փարոս, մի տեսակ գերբնական բանալի կյանքի բոլոր փակ ու դժվարին դռները բացելու համար։
Երբ մեկը հիվանդ էր լինում, նրա գլխին «մի տուն Նարեկ» էին կարդում կամ նրա բարձի տակ դնում էին Նարեկացու բանաստեղծությունների գիրքը։ Դա համարվում էր «միակ բուժիչ դեղը» բոլոր տեսակի հիվանդությունների դեմ։ Բժիշկ հրավիրելու փոխարեն Նարեկացու գիրքն էր, որ տնիցտուն էր տարվում, ուր հիվանդ կար պառկած։
Երբ մեկը մի նոր գործ էր սկսում, «Նարեկ էր կանչում»։ Երբ մեկը դժվարին կացության, նեղության, աղքատության և պարտքի մեջ էր ընկնում, Նարեկացու վանքին մոմ էր խոստանում։ Ամուլ կանայք, պտղաբերելու հույսով, ջերմեռանդ աղոթքներով, Նարեկացուն «մատաղ» էին խոստանում։ Նորածիններին, մեծ մասամբ, Նարեկա վանք էին տանում՝ մկրտելու։ Հաշմանդամները, անդամալույծները, անբուժելի ռևմատիկները հենված իրենց ցուպերին, հուզիչ ջերմեռանդությամբ շտապում էին «մուրազակատար» Նարեկա վանքը՝ փրկություն գտնելու համար։
Տարին մի անգամ, «Նարեկա ուխտին», Վանի և Վասպուրականի հայ ժողովուրդը մեծ պատրաստություններով, «նաղարազուռնայով», խորին երկյուղածությամբ, քայլում էր դեպի բանաստեղծի անունը կրող վանքը, որը գտնվում էր Վանա լճի հարավային ափին, Նարեկ գյուղում։
Գնում էին ոտքով, մեծ մասամբ ոտաբոբիկ, որպեսզի «ուխտը ընդունելի լիներ»։
Գնում էին մոլեռանդ հույսի անմարելի կրակով։
* * *
Համաշխարհային առաջին պատերազմից մի տարի առաջ, երբ ես տասնամյա մանուկ էի, ծնողներս որոշեցին գնալ Նարեկ՝ «ուխտի»։
Որքան հիշում եմ, ծնողներս տանում էին մկրտելու իմ կրտսեր քույր Սիրանուշին (Նուշիկ), որն այդ ժամանակ մի տարեկան էր։
Հայրս՝ Վանում հայտնի հյուսն ուստա Մարտիրոսը, ջերմեռանդ հավատացյալ չլինելով հանդերձ, ոչ մի ուխտագնացություն բաց չէր թողնում։ Եվ ամեն տեղ մորս և ինձ անպայման իր հետն էր տանում։ Այսպիսով, ես, կյանքիս մանկական տարիներին, մի քանի անգամ եղել եմ Վարագի, Կարմրվորի, Սուրբ Խաչի, Սուրբ Հակոբի, Սուրբ Գրիգորի և մեկական անգամ՝ Աստվածածնի (Տիրամոր) և Նարեկի ուխտերին։
Համաժողովրդական այդ ուխտագնացություններն անջնջելի տպավորություն են թողել մանկական հիշողություններիս մեջ։
* * *
Գնում էինք դեպի Նարեկ՝ հայրս, մայրս և ես։
Գնում էինք ոտքով։
Հայրս ու մայրս, փոխնիփոխ, իրենց կրծքին սեղմած, տանում էին փոքրիկ Նուշիկին։
Աշուն էր։
Հետևում մնացին Վանը, Արտամետը՝ բուրավետ խնձորների իր այգիներով, համանուն գետի ափին ծվարած Անգղ գյուղը։
Կեսօրից հետո մենք դուրս եկանք Վանա լճի ափը։ Բայց դրանով թևակոխեցինք վտանգավոր մի շրջան։
Այն ժամանակ այդ կողմերումն էր գտնվում քուրդ հայտնի ավազակապետ Սմկոն, որն իր ավազակախմբով թալանում, կողոպտում, սպանում էր աշխատասեր, խաղաղ հայ ժողովրդին։ Եվ Նարեկի ուխտագնացներից յուրաքանչյուրը գիտեր, որ իր ճանապարհը գնում էր դեպի ռեալ վտանգ, դեպի ստույգ մահ, դեպի բարբարոս Սմկոյի բանակատեղին։ Գիտեր, բայց և այնպես գնում էր։
Մեծ էր սրբացած բանաստեղծի հմայքը։ Մեծ էր հավատքը դեպի նա։ Մենք գնում էին լճափին ձգված փխրուն կածանով, որը մոտ էր համարվում ստույգ վտանգի վայրին։
Քայլում էինք սուսուփուս, քայլում էինք այնպես, որ մեր ոտնաձայնը ոչ ոք չլսի։
Աջից ծփում էր Բզնունյաց կապույտ ու վճիտ լիճը, ձախից բարձրանում էին պղնձագույն ժայռերի վիթխարի զանգվածները, որոնք համարվում էին քուրդ ավազակապետի արյունոտ որջը։
Ճանապարհի այդ վտանգավոր հատվածում մեր փոքրիկ Նուշիկն սկսեց իր անգիտակից, բայց ծնողներիս համար ճակատագրական թվացող լացը։ Ծնողներս կարծում էին, որ քուրդ ավազակները մանկան լացի հետքերով կգան ու կսպանեն մեզ։
Հայրս ու մայրս երեխայի բերանը սեղմում էին ձեռքերով և աղոթում, անիծում, «Նարեկ էին կանչում»... բայց իզուր... Նուշիկը, գնալով իր ձայնն ավելի ու ավելի էր բարձրացնում, կարծես թե անպայման նպատակ ուներ իր լացը հասցնել Սմկոյի ականջին։
Հուսահատ ծնողներս, վերահաս վտանգի վախից, ծվարեցին լճափի ժայռերի արանքում և խաղալիքներ, շաքար, լճափի գույնզգույն, ողորկ քարեր սկսեցին սեղմել գազազած մանկան ձեռքը։ Բայց անօգուտ, նա ճչում ու ճչում էր։
– Էսա բայկուշ ի, Մարտիրո՛ս, էնկանդար պիտի վայի, որ մեր կլյոխն ուտի,– ասում էր վախից և հուզմունքից դողացող մայրս, ապա, խոսքը մանկանն ուղղելով, շարունակում էր.
– Ծենդ կտրի, կլյխակե՛ր, տես, կը թալեմ ծով, կերթամ, սրտամե՛ռ, ուղուրսուս աղջիկ, սև էն օր որ տյու աշխարհ չիկիր...
Բարեբախտաբար Սմկոյի ականջներն այդ ժամանակ երևի հեռու էին գտնվում Նուշիկի մատնող լացից, և այս անգամ մենք փրկվեցինք։
Երբ Նուշիկը ճչալուց հոգնեց, թմրեց ու քնեց, մորս աղոթքների տակ շարունակեցինք վտանգավոր մեր ճանապարհը։
Երեկոյան մթնշաղին հասանք մի մեծ գյուղ (կարծեմ Ոստան), ուր հավաքված էին Վանից ու գավառներից եկած բազմաթիվ ուխտավորներ։ Պետք է գիշերեինք այդ գյուղում։
Սմկոյի ավազակախմբի վտանգը դեռ շարունակում էր սպառնալ ուխտավորներին։ Այդ իսկ պատճառով, կանանց և երեխաներին քնացնելով, տղամարդիկ, մեծ մասամբ զինված, կազմ-պատրաստ, շրջում էին գյուղի փողոցներով։
Կեսգիշերին լսվեցին համազարկեր։ Կանանց և երեխաների մեջ սկսվեց խուճապ։ Բոլոր կողմերից լսվում էին լացի և հեծկլտոցի ձայներ։ Ինչպես իմացանք, մոտակա սարից իջնում էր Սմկոյի ավազակախումբը՝ ուխտավորներին թալանելու, առևանգելու և սպանելու մտադրությամբ։
Զինված տղամարդիկ անմիջապես բարձրացան սարը։ Կանայք և երեխաները, չոքած գետնին, լալիս ու բարձրաձայն աղոթում էին։
Հրացանաձգությունը գնալով ուժեղանում էր։
Մարտը տևեց մինչև լուսաբաց։ Սմկոյի ավազակներին ջարդելուց և փախցնելուց հետո քաջերը հպարտ և հանդիսավոր ետ վերադարձան։
Սկսվեց հուզիչ մի իրարանցում։ Ամեն մեկը փնտրում էր իր հարազատներին, գրկախառնվում, համբուրվում, լալիս ու ծիծաղում։
– Մեծ է Նարեկի զորությունը,– ջերմեռանդությամբ բացականչում էին կանայք, ձեռները վեր կարկառած։
Առավոտյան բոլոր ուխտավորները, մեծ մի երթ կազմած, զինված տղամարդկանց ապահով շղթայի մեջ, շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Նարեկա վանքը։
Այսպես, կյանքն ստույգ վտանգի ենթարկելով, փորձությունների միջով, մահվան դեմ մաքառելով, ժողովուրդը գնում էր դեպի իր Նարեկացին...
Ուխտավորների քարավանն, առանց բացառության, քայլում էր ոտքով, ոմանք էլ՝ ոտաբոբիկ։
* * *
Ամեն տեսակի դժվարությունները հաղթահարելուց հետո հաջորդ օրվա կեսօրին մենք արդեն Նարեկ գյուղումն էինք, որի կենտրոնական հրապարակում բարձրանում էր Նարեկա վանքը։
Շրջապատում լսվում էին Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բարբառները։
Վասպուրականի նահանգի բազմաթիվ գյուղերից զատ, այստեղ ուխտի էին եկել նաև Սասնո սարերից և Մշո դաշտերից։ Ինչպես իմացանք, ուխտավորների մեջ կային նաև մեծ թվով թրքուհիներ և քրդուհիներ, որոնք, ինչպես երևում է, նույնպես հավատում էին Նարեկացու հրաշագործ զորությանը։
Գյուղի փողոցներում, վանքի շուրջը տասնյակ և հարյուրավոր օջախների վրա եփվում էին Նարեկացուն խոստացած «մատաղները»։
* * *
Երեկոյան կողմ, վանքի լայնածավալ, ընդարձակ հրապարակում՝ սկսվեց համաժողովրդական այնպիսի մի պար, որը ես երբեք մոռանալ չեմ կարող։
Հրապարակի կենտրոնում հավաքվել էին բոլոր գավառներից եկած տասնյակ «նաղարազուռնաները», որոնց շուրջը բոլորվել էր մի քանի հարյուր մարդուց կազմված պարի կլոր, մեծ շրջանը։
Իմ մանկական աչքերի առաջ փռված էր հեքիաթային թվացող հետևյալ տեսարանը.
Պարաշրջան մտած տղամարդիկ՝ իրենց «քոլոզներով» և նրանց շուրջը փաթաթված «փուշիների» երկար ու ծածանվող ծոպերով, «շուռքյազախիկներով», բոլոր վառ գույների զարմանալի համադրությամբ ծաղկանկարված և մինչև կրունկները հասնող լայն շալվարներով, ջահել հարսներն ու աղջիկները՝ գույնզգույն, խաս գլխաշորերով, «վելոներով», մետաքսյա «ֆստաններով» և «զպուններով», ճակատներին, վզերին, բազմահյուս մազերի ծոպերին, զրնգացող արծաթյա, ոսկյա, պղնձյա դրամներով, հուլունքներով ու կոճակներով, ականջներին, քթերին, բազուկներին ու մատներին շողշողացող բազմատեսակ զարդերով՝ ստեղծել էին գույնի, ռիթմի, կենսուրախության կախարդական այնպիսի մի տեսարան, որի առաջ նսեմանում են նկարչի վրձինն ու գրողի գրիչը։
Եվ կախարդական այս շրջանը տակավ առ տակավ ավելի լայնանում, տարածվում և բռնում էր ողջ հրապարակը, որովհետև գնալով պարաշրջանն էին մտնում նորերը, և ոչ ոք չէր հեռանում։ Տասնյակ «նաղարա-զուռնաները» դղրդացնում էին մթնոլորտը, և նրանց արձագանքը գնում էր մարելու հանդիպակաց կանաչ լեռներում, մթին ձորերում և ընկուզենիների անտառում։
Իսկ պարը՝ գույների գայթակղեցուցիչ վիթխարի այդ օղակը, շարժվող այդ ծիածանը, դեռ պտտվում էր ինքն իր շուրջը, մերթ՝ դանդաղ, հանդիսավոր, մերթ՝ մրրիկի պես խոլ ու ցնցող։
Պարում էին անվերջ, անընդհատ, առանց հոգնելու։ Միայն պարի եղանակներն էին, որ երբեմն փոխվում էին։
Մթնշաղի հետ սկսեց անձրև տեղալ, նախ՝ հանդարտ, ինչպես պարը և ապա՝ հորդ, ինչպես պարը...
Թրջված «նաղարաներից»՝ համարյա ձայն չէր գալիս, «զուռնաների» ձայները խզվել էին։ Պարողների տրեխները թրջվել, փափկել և ճողփում էին ջրի ու ցեխի մեջ, բայց նրանք՝ էքստազի մեջ՝ պարում ու պարում էին իրենց դյութական պարը։ Պարում էին տղամարդիկ, հարսներն ու աղջիկները։
Եվ այսպես, առանց հոգնելու կամ անձրևից հուսախաբվելու, նրանք պարեցին համարյա ամբողջ գիշերը։ (Արվեստի համաժողովրդական այսպիսի «Օլիմպիադաներ», առավել կամ նվազ հանդիսավորությամբ, ես տեսել եմ նաև բազմաթիվ այլ ուխտատեղիներում)։
Սուլթանական արյունարբու բռնակալության, «սեփական» կամ այլ ազգի վաշխառուների ու կեղեքիչների լծի տակ տնքացող, տրորվող հայ ժողովուրդը տարին մի անգամ այսպես հավաքվում էր իր ուխտատեղիներից մեկի շուրջը, մոռանում ամեն ինչ, պարում էր, զվարճանում և դրանով հանում իր դարավոր ոխը կյանքից...
* * *
Վանքի դռները դեռ փակ էին և մինչև կբացվեին, տասնյակ ու հարյուրավոր ուխտավորներ ջերմեռանդությամբ համբուրում էին վանքի հնամենի պատերը և մամռակալած, սևացած դռները։
Հաջորդ օրվա առավոտյան, վերջապես, տեղի ունեցավ վանքի պաշտոնական բացումը, և ժողովրդի մասսայական մուտքը՝ նրա դռներից ներս։
Իմ մանկական հուշերում դեռ անջնջելի է մնացել հետևյալ տեսարանը. ժողովուրդը վանքի դռների մոտից ծնկաչոք գնում էր դեպի վանքի խորքը, ուր գտնվում էր Նարեկացու գերեզմանը՝ ծածկված սրբատաշ և հղկված գերեզմանաքարով։
Գերեզմանաքարի վրա դրված էր մեծ մի սինի։ Երբ մենք ներս մտանք, այդ սինին արդեն լիքն էր արծաթյա, ոսկյա դրամներով և թանկարժեք զարդերով։
Ծնկաչոք ներս սողոսկող ամեն մի ուխտավոր նախ համբուրում էր մեծ բանաստեղծի գերեզմանաքարը և ապա՝ գերեզմանաքարի վրա դրված սինու մեջն էր գցում ինչ թանկագին բան, որ ուներ իր մոտ կամ ինչ, որ խոստացել էր «իր սրբին»։
Կանայք ու աղջիկները պոկում էին իրենց վզերի ոսկեշար մանյակները, ճակատների զարդոսկիները, ոսկյա ապարանջաններն ու ականջի օղերը և մեծ սրտաբացությամբ նետում սինու մեջ։
Վերոհիշյալ սինին օրվա մեջ մի քանի անգամ դատարկվում և լցվում էր նորից։