1929 թ. օգոստոսի 13-ին է ծնվել նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ ու դերասան Բագրատ Հովհաննիսյանը (1929-1990 թթ.): Մասնագիտությամբ բանասեր-գրականագետ Բ. Հովհաննիսյանը 1960-ական թվականների սկզբից մուտք է գործում կինոյի աշխարհ: Սկզբում որպես սցենարիստ, ապա նաև հայ գրականության հայտնի ստեղծագործությունների էկրանավորող: Art365-ը առանձնացրել է 5 ուշագրավ դրվագ հայտնի ռեժիսորի կյանքի ու ստեղծագործական ընթացքի վերաբերյալ:
*
Բագրատ Հովհաննիսյանը ծնողները Հայոց ցեղասպանության տարիներին փախչելով Վանից, հաստատվել էին Բաքու քաղաքում, որտեղ էլ ծնվել է ռեժիսորը: 1937 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Թեհրան, ապա 1946-ին վերադառնում Երևան: Այստեղ էլ ապագա ռեժիսորը ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն ու Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան, 1960-ական թվականներից որպես սցենարիստ սկսում է աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում:
**
Բ. Հովհանիիսյանի համար ճակատագրական է լինում հանդիպումը Անդրեյ Տարկովսկու հետ. 1964-1966 թթ. Բ. Հովհաննիսյանը որպես ռեժիսորի օգնական փորձաշրջան է անցնում Մոսֆիլմում՝ մասնակցում Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի նկարահանումներին: Մասնավորապես մասնակցում և նույնիսկ փոքրիկ դերով (իսպանացի հյուր) հայտնվում է նշանավոր ռեժիսորի «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում:
***
Հովհաննիսյանի և Տարկովսկու մտերմությունը և համագործակցությունը շարունակվում է և արդեն մյուս նշանավոր ֆիլմում՝ «Սոլյարիս»-ում, հայ ռեժիսորը ոչ միայն Տարկովսկու օգնականն էր, այլև նրան է վստահվում այս ֆիլմի թեև էպիզոդիկ, սակայն տպավորիչ ֆրանսիացի գիտնական Թարհիե դերը:
****
Անդրեյ Տարկովսկին ամեն կերպ աջակցել է Բագրատ Հովհաննիսյանի որպես ռեժիսորի կայացմանը: Նա Բ. Հովհաննիսյանի «Հնձան»(1973 թ.) ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր: Ֆիլմում նաև նկատելի է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի, մասնավորապես «Անդրեյ Ռուբլյովի» որոշակի ազդեցություն:
*****
Բագրատ Հովհաննիսյանի գրեթե բոլոր ֆիլմերը գրական գործերի էկրանավորումներ են: Առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Աղքատի պատիվը»(1969 թ.) Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա է նկարահանվել, «Հնձանը»՝ Ռուբեն Հովսեփյանի: Ավելի նշանավոր ու բարեբեր էր համագործակցությունը Հրանտ Մաթևոսյանի հետ: Բ. Հովհաննիսյանը էկրանավորել է Հր.Մաթևոսյանի «Աշնան արև»(1977 թ.) և «Տերը»(1987 թ.) վիպակները: