Կոմիտասի ժառանգության կարևոր մաս են կազմում նրա նամակները, որոնք մեզ հնարավորություն են տալիս ծանոթանալ մեծ երաժշտի կյանքին, բազմազան գործունեությանը և խոհերին:
Կոմիտասը նամակագրական կապ է ունեցել հայ մտավորականների և հոգևորականների բազմաթիվ ներկայացուցիչների հետ՝ կիսելով իր մտորումները՝ երբեմն հանդես գալով որպես մտահոգ և անաչառ քննադատ, իսկ երբեմն՝ լավատես:
Նամակները ընձեռում են բացառիկ հնարավորություն «հանդիպելու» և ավելի խորը ճանաչելու հանճարեղ արվեստագետին՝ Կոմիտասին, որը առանձնանում էր իր համեստությամբ, խորաթափանց մտքով և յուրահատուկ սրամտությամբ։ Նրա բազմաթիվ նամակներից ընտրել ենք մի քանիսը՝ որոշակի կրճատումներով։
Հովհաննես Թումանյանին
1908, 8 հունիս,
Էջմիածին
Սիրելի՛ Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով՝
քո Կոմիտաս
Արշակ Չոպանյանին
1908, 23 դեկտեմբեր
Էջմիածին
Սիրելի՛ Չոպանս,
Ինչպէս երևում է՝ տաք տեղ ես գտել. հը՜, գործերն ու քոյրերն ի՞նչ են անում, դու ինքը զինքդ ինքեանց զինքեանց հանդիսացուցի՞ր...
Մենք բոլորս էլ լաւ ենք և քեզ սիրալիր բարևներ ենք ուղարկում առաջիկայ տօների եւ Նոր տարուան առթիւ:
Այ թէ այնպէս անէիր, որ մնայիր մինչև զատիկ, ու գայի քեզ մի պինդ պսակէի...
Մինաս Բերբերեանն ասում էր, որ քո խաթեր համար չորս անգամ, հակառակ ուսուցիչների տրտունջներին, քննել են Կարախանեան Հայր Ներսէս Վարդապետի ազգականին և չորս անգամն էլ գտել են բոլորովին անպատրաստ մի քանի առարկաներից, այնպէս որ այդ յառաջադիմութեամբ անհնարին է ներկայ տարին ընդունելը:
Ուղտն եկաւ ունքերը փրստած այսպէս՝
գիտե՞մ...
Շատ բարև հարցանողներին և քեզ էլ մի ջերմ պագ ինքը զինքիցս:
Քոյդ Կոմիտաս
Յ.Գ. Յարգելի Կարագեաններին յարգանացս հաւաստիքը:
Նիկողայոս Տիգրանյանին
1912 թվական, 22 հունվար
Էջմիածին
Սիրելի Նիկողայոս Տիգրանեան,
Սիրականը Թիֆլիզից դառնալուն պէս յիշեցրեց խոստումս, որ իմ աշխատութիւնները քեզ ուղարկեմ: Չկարծես, թէ ես մոռացել էի, այլ սպասում էի արտատպութեան, ուստի այսքան ուշացաւ. անցեալ օրը մէկն ստացայ, միւսը ոչ. այլևս չհամբերելով, հէնց ժողովածուի միջից պոկեցի և ուղարկում եմ քեզ այս երկուսը՝ ա) Interpunctionssystem der Armenier եւ բ) Armeniens volkstՖmliche ReigentՊnze. Երկրորդը՝ մի փոքրիկ քաղուծք է այն մեծ աշխատութեանս, որ եկող տարի լոյս կտեսնէ. իմ ուզածի պէս չեղաւ տպուածը, ուստի մի քանի մանր-մունր սխալներ են սպրդել, որ ինքդ էլ կարող ես նկատել, վերջապէս աւելին չէի կարող սպասել մի գերմանացուց, որ հայոց լեզուն չի՛ իմանում և մեր պարերի մասին հասկացողութիւն անգամ չունի: Ես պատկերներ էլ տպել էի տուել, որպէսզի վերջը զետեղած երգերի օրինակներն աւելի եւս դիւրըմբռնելի լինեն օտարների համար. ինչ որ է, այդպէս է եղել: Իմ նպատակն էր միայն մի թեթև ակնարկ ձգել տալ օտարներին մեր եղանակների նկատմամբ, որոնց երաժշտական կազմութիւնն ու տաղաչափութիւնը դեռ շատ բան կարող է ուսուցանել նոցա: Իմ ընտրած օրինակները մասամբ զուտ ժողովրդական, մասամբ էլ աշուղական ձևով կազմած և ապա ժողովրդականացած են. ինչ երկարաբանեմ, Դու ինքդ էլ ես շատ լաւ իմանում այդ...
Ճեմարանի դասերը շատ են խանգարում պարապմունքներս:
Այս ամառ մտադիր եմ շրջել գիւղերում և ստուգել վերջին անգամ ժողովրդական երգերի եղանակները և տպագրել տալ մաս-մաս:
Դու ի՞նչ ես անում, պարսկերէն նոր եղանակներ գրե՞լ ես, նոր բան հրատարակե՞լ ես. անշուշտ շատ բան պատրաստում ես. ես, որ Քեզ եմ ճանաչում, դադար մնացող չես: Ծանօթներիս և հարցանողաց ողջունիր իմ կողմից:
Քեզ քաջողջութիւն և եռանդիդ անպակասութիւն է մաղթում
քո Կոմիտաս Վարդապետ
Տես նաև՝
Կոմիտասի նամակներն ու գծանկարները