Լրացավ մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս առիթով հետաքրքիր է անդրադառնալ, թե ինչպիսին էր աշխարհահռչակ երգահանը մանկության տարիներին, ինչպես ստացավ իր անունն ու ինչ հարաբերություններ ուներ քրոջ՝ Աիդայի ու ծնողների հետ վաղ մանկության տարիներին։ Ներկայացնում ենք հատված Շարլ Ազնավուրի Ազնավուրն Ազնավուրի մասին հուշագրությունից։
Շառլի ծնունդը
- Ի՞նչ անուն եք տալիս սրան, — ասում է մանկաբարձուհին, գրկելով ղժժացող երեխային։
- Շահնուր, անսահման քնքշությամբ շշնջում է մայրս։
- Շահ... ի՞նչ,— աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին։
- Շահնուր, — կրկնում է մայրս։
Հիմա բացատրեմ.
Շահնուր ասելու համար հարկավոր է լավ արտասանել «ն»-ի առջևի «հ»-ն, այնպես, կարծես «Շահ»-ին հաջորդելիս լինի «աա՜հհ» բացականչությունը, որն արտաբերում են ախորժալի կարկանդակ տեսնելիս։ Հեշտ չէ արտասանել, ընդունում եմ: Վերջապես շատ մի տանջեք ձեզ այդ անունը սովորելու համար, որովհետև, գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեշտ չէ արտասանել, մանկաբարձուհին ինձ տալիս է Շարլ անունը։ Վերջին հաշվով «Շարլը» «Շահնուրից» այնքան էլ հեռու չէ։ Եվ այսպես, 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը, իր վրա է վերցնում որոշելու Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցչի անունը։
Ո՜ւֆ, բախտս բերել է։
Այն երեխան, որին խնամել են, բարուրել, կաթ տվել, քիթը մաքրել, օրորել, ինձ անծանոթ է մնում, որովհետև հիշողությունս մինչև այնտեղ չի հասնում: Այդ երեխայի մասին գիտեմ միայն այն, ինչ լսել եմ ծնողներիցս, որոնք իմ ներկայությամբ երկար- բարակ պատմել են իրենց բարեկամներին ու մտերիմներին, գովել այդ երիտասարդի խելքը, համեստությունն ու աշխուժությունը:
Փոքրիկ Շառլը
Չափազանց ճարպիկ էր փոքրիկ Շարլը,— ասում էին ծնողներս, — պատկերացրեք, որ նա իր առաջին քայլերն արեց ընդամենը ինն ամսական հասակում։ Լա՜վ, առաջին քայլը, բայց այդ քայլը այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն հուզիչ, այնքա՜ն խիզախ, անգամ ոտքերը չծալվեցին: Փոքրիկ Շարլը իր այդ քայլով ողջ ընտանիքը տակնուվրա արեց։ Էլ չենք խոսում նրա միմիկայից ու խորամանկ չարաճճիություններից, որոնք արդեն վկայում էին նրա դերասանական տաղանդը։
Փոքրիկ Շարլի կյանքը՝ իմը, լուսաբանվում է շատ ավելի ուշ։ Իմ կյանքի առաջին ինը տարիների մասին ոչինչ չգիտեմ, բացի մի քանի աղոտ հուշերից, որոնց համար ավելի շատ պարտական եմ ուրիշների պատմածին, քան հիշողությանս։ Ես ձեզ կասեմ մի այն այն, ինչ կարողացել եմ հիշել մորս պատմածներից։ Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն։ Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:
Ինը տարի ապրել եմ առանց ինքնաճանաչման։ Մանկության ինը տարիներ, որ սիրով գեղեցկացրել են ականատեսները։ Այնուամենայնիվ, անկախ այն բանից, թե ինչ են ասում մյուսները, ինձ թվում է, թե մի սոսկալի փոքրիկ Շարլո եղած կլինեմ, մի Ժանգոտ լակոտ, որ յուրայինների երևակայության ու սիրո շնորհիվ մեղր է դարձել։
Ուրեմն, թող իր մշուշի տակ մնա ծծապտուկի, շիլայի, խոզուկի, մանկապարտեզի այդ շրջանը, ուր, ինչպես բոլոր երեխաները, փայլում էի պարզունակ վարժությունների մեջ, ինչպիսիք են ուղիղ գիծ քաշելը, երկաթալարի մեջ օղակներ անցկացնելը... Թողնենք շրջանը ինքնագոհ ժպիտների, մանկական վշտերի, փչացրած կահկարասիի, ջարդուփշուր եղած հուշանվերների, խեղկատակությունների ու լուցկիների, որոնք մեր ձեռքում դառնում էին հրդեհի ահեղ միջոցներ։
Շառլն ու Աիդան
Այս բոլորին ավելացնենք անվերջ կռիվներս քրոջս՝ Աիդայի հետ, ինչպես բոլոր նրանք, ովքեր տաքարյուն են, շարունակ կռվում էինք:
Հեռավոր տարիներիս հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս՝ Սիդայի, կերպարն է ուրվագծվում։ Թեպետ նա ինձանից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես։ Նրա նվիրական իղձը ինձ չաղացնելն էր։
Այնինչ բավականին թմբլիկ էի: Վկա՝ այդ շրջանի իմ լուսանկարները։ Գունատ, բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով այդ երիտասարդը ես եմ: Նրա ու իմ միջև որպես ընդհանուր գիծ մնացել է բերանի դժգոհ արտահայտությունը միայն ու մեկ էլ ծալված շրթները։ Մայրս չէր կարողանում առանց թախծի նայել իմ մանկության լուսանկարներին:
- Ի՜նչ լավն էիր,— ասում էր ինձ:
Այո՛: Լավիկն էի։ Նշանակում է՝ արդեն չեմ։ Ինչ վերաբերում է Աիդային, ինձ չաղացնելու նպատակով, այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ (Աիդան շատ հարուստ չէր), տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի։ Անժխտելի է, որ նա դեռ իրազեկ չէր իրերի սնուցիչ արժեքներին: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ:
- Ի՞նչ է կուլ տվել:
Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «դուրն եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել նրան, որ ստամոքսը աղաց չէ։ Աիդան սև աչքերը թերահավատությամբ հառում էր նրան ու չէր համոզվում։ Հիմնականում ինձ մի լավ լուծողական էին տալիս, գալարվում Էի, կուլ տված իրը վերադարձնում ու կյանքի գալիս։ Իսկ Աիդան շարունակում էր.
«Կե՛ր, աղբարիկ», իսկ ես պատասխանում էի. «Այո, աղբարիկ», — համոզված, որ եթե նա ինձ «աղբարիկ» է ասում, ուրեմն ես էլ նրան «աղբարիկ», «փոքր եղբայր» պիտի ասեմ։ Եթե շարունակում էի բացել բերանս, պատճառն այն էր, որ Աիդան այնպիսի լրջությամբ ու սիրով էր կատարում իր դերը, որ ես նրան ուղղակի ոչինչ չէի կարողանում մերժել: Մեր միջև տարաձայնություններ չկային: Երբ մեզ կարկանդակներ էին տալիս, առաջինը ես էի ընտրում՝ բնավորության մի գիծ, որի դեմ հետագայում շատ ուժեղ պայքարեցի, բայց միշտ չէ, որ հաղթանակում էի: Կոնֆետներից, իհարկե, ամենամեծն էի վերցնում։ Իսկ երբ պատահմամբ մեզ տալիս էին երկու բացարձակ իրար նման կոնֆետներ, երկար զննելուց հետո վերցնում էի մեկը, կիսով չափ ծծում ու տալիս Աիդային, որից հետո հանգիստ կրծում էի երկրորդը:
Կատարյալ դավադիրներ
Աիդան ինձ տվել է այն ամենը, ինչ կարելի է ուտել։ Ձկան յուղի ժամին իր բաժին ձկան յուղը կուլ էի տալիս, հետո՝ իմը: Կուլ էի տալիս նաև նրա համար նշանակված բոլոր դեղերը: Ու քանի որ Աիդան ոչ մի դեղ չէր սիրում, ուստի իր կորուստը այն քան էլ մեծ չէր լինում։ Իսկ ես մի հարվածով երկու նապաստակ էի սպանում: Միաժամանակ երկուսս էլ գոհ էինք մնում: Չնայած փոքր հասակիս, ընտանիքում ամենաշատը ես էի ուտում։ Ես ու Աիդան գրեթե նույն տարիքին էինք, նույնն էին նաև մեր ճաշակները, մտքերը։ Երբ նա մազերին ժապավեն էր կապում, ես էլ էի ուզում։ Երբ ես ծովայինի զգեստ էի հագնում, ինքն էլ էր ուզում: Մեր ծնողները միշտ համաձայնվում էին:
Աիդան ու ես իրար լավ էինք հասկանում: Կատարյալ դավադիրներ էինք: Երբեք չէինք մատնում իրար։ Մեկիս գործած մեղքի համար երկուսիս հավասար էին պատժում, ու կարևորն այն էր, որ ոչ մեկս մյուսին չէր կշտամբում, քանի որ, վերջին հաշվով, նույնն էր ստացվում, ինձ պատժում էին նրա մեղքի համար, նրան իմ: Չորս ուսերի վրա բաժանած պատիժը շատ ավելի թեթև էր լինում: Սակայն երբ մտածում եմ, զգում եմ, որ մեր ծնողները երբեք էլ կարգին չեն պատժել մեզ։ Հիշում եմ, թե ինչպես մի օր, երբ անզգուշաբար պատռեցի հորս թմբուկի թաղանթը, մայրս ասաց․
- Սպասիր, մի հայրդ գա, տես թե ինչ կանի քեզ:
Հայրս աշխատանքից ուշ էր վերադառնում: Աիդան ու ես, մինչև նրա գալը, արթուն էինք մնում, բայց այդ օրվանից սկսած, ամեն երեկո, վախենալով հանդիպել հորս, սովորականից շատ շուտ էի մտնում անկողին: Իսկ առավոտյան հայրս ասում էր.
- Այսօր չքնես, սպասիր մինչև գալս և պատրաստվիր։ Ես քո դասը կտամ:
Աղբյուրը՝ Ազնավուրը Ազնավուրի մասին(թարգմ. Ս.Բուրսալյանի), Երևան, 1976: