Չնայած շատերը գրելու գործընթացը պատկերացնում են հարմարավետ նստած՝ սեղանի շուրջ, մեկ բաժակ սուրճով կամ թեյով, որոշ գրողներ նախընտրել են կանգնած աշխատել՝ բացատրելով, որ այդպես իրենց աշխատանքն ավելի արդյունավետ և կենտրոնացած է ստացվում:
Այս մեթոդը, որը ժամանակի ընթացքում օգտագործել են մի շարք հանտի գրողներ, նրանց համար դարձել է ոգեշնչման աղբյուր և ստեղծագործական պրոցեսի մի նոր ձև:
Ահա հինգ հեղինակավոր գրողներ, ովքեր նախընտրել են կանգնած գրել և իրենց լավագույն ստեղծագործությունները կերտել են հենց ոտքի վրա։
1. Էռնեստ Հեմինգուեյ
Այո՛, հենց Էռնեստ Հեմինգուեյը՝ հայտնի Պապան սովորաբար գրել է կանգնած։ Ըստ որոշ տեղեկությունների, նա այդ մեթոդը սովորել է իր խմբագրից՝ լեգենդար Մաքսվել Փերքինսից։
Հեմինգուեյը «Տոն, որ միշտ քեզ հետ է» / A Moveable Feast/ վեպը գրել է Հավանայի իր տանը՝ սեղանի շուրջ կանգնած։ Ահա, նրա սենյակի նկարագրությունը․
«Էռնեստի սենյակում կար մի մեծ սեղան, որը լցված էր նամակներով, ամսագրերով և թերթերի կտորներով, մի փոքրիկ պարկ՝ գիշատիչների ատամներով լի, երկու անսարք ժամացույց, կոշիկի թաթիկներ (ռաժոկ), փայտյա զեբր, վարազ, ռնգեղջյուր և առյուծ, որոնք կանգնած էին մեկ շարքով, տարբեր տեսակի հուշանվերներ և թալիսմաններ։ Նա երբեք չէր աշխատում այդ սեղանի մոտ։ Փոխարենը, օգտագործում էր մի բարձր սեղան, որը տեղավորել էր իր մահճակալի մոտ գտնվող գրապահարանի կողքին։ Նրա շարժական գրամեքենան դրված էր վրան, իսկ թղթերը սփռված էին գրապահարանի վերին հատվածի երկայնքով», - կարդում ենք The Paris Review ամսագիրը գրել է. «Ի սկզբանե Հեմինգուեյը գրում էր կանգնած։ Նա կանգնում էր՝ լայն հողաթափերը հագին՝ փոքրիկ կուդուի մաշված կաշվի վրա, իսկ դիմացը՝ կրծքավանդակի բարձրությամբ, գրամեքենան և ընթերցանության տախտակն էին»:
2. Ուինսթոն Չերչիլ
Ուինսթոն Չերչիլը դարձել է Նոբելյան մրցանակակիր՝ 1953 թ․ գրականության ոլորտում՝ «պատմական և կենսագրական նկարագրության վարպետության և մարդկային բարձր արժեքների պաշտպանության, հանճարեղ հռետորաբանության համար»: Նրա բազմաթիվ գրական գործերից շատերը նույնպես գրվել են կանգնած։ Նա իր կյանքի տարբեր փուլերում գրել է 43 գիրք՝ ի հավելումն հարյուրավոր ելույթների։ Ինչպես նա մի անգամ ասել է գրելու մասին․ «Գիրք գրելն ինձ համար մեծ զվարճանք է»:
3. Վիրջինիա Վուլֆ
Վիրջինիա Վուլֆի հայտնի «Ամեն կին պիտի ունենա իր սեփական սենյակը և գումար, որպեսզի կարողանա գրել» խոսքերը «Սեփական սենյակ» էսսեից ծանոթ են շատերին։ Բայց նա պետք է ավելացներ նաև՝ գումար, սենյակ… և բարձր սեղան։ Նա իր վեպերը գրել է սեղանի մոտ կանգնած, իսկ սեղանը մեկ մետր բարձրրություն ուներ։
Գրողի քույրը նկարում էր կանգնած, և դա Վիրջինիային մտածել էր տվել, որ ինքն էլ պիտի կանգնած աշխատի, այլապես իր գործը կարող էր ավելի հեշտ թվալ։
4. Լյուիս Քերոլ
«Ալիսան հրաշքների աշխարհում» հայտնի հեքիաթի հեղինակ Լյուիս Քերոլը գրել է կանգնած՝ օգտագործելով մանուշակագույն գրիչներ։ Գրողի կենսագիրներից մեկը գրել է․ «Կանգնելով գրասեղանի մոտ, որը նա միշտ օգտագործում էր գրելիս, նրան հաջողվում էր կյանք ու ուրախություն ներարկել նույնիսկ չոր տերևների մեջ»:
5. Չարլզ Դիքենս
Ահա, ինչպիսի տեսք ուներ Չարլզ Դիքենսի աշխատասենյակը՝ ըստ վկայությունների․ «Գրքեր ամենուր՝ հատակից մինչև առաստաղ։ Բարձր գրասեղան, որի կողքին կանգնած նա գրում էր, և ամեն տեսակ հարմարավետ բազկաթոռներ՝ հանգստանալու համար»:
Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք՝ կանգնա՞ծ, թե՞ նստած եք առավել արդյունավետ աշխատում։