Հոկտեմբերի 9-ին է ծնվել համաշխարհային ռոք երաժշտության ամենանշանավոր, խորհրդավոր ու ողբերգական դեմքերից մեկը՝ Ջոն Լենոնը։ Նրա՝ հատկապես լեգենդար «Բիթըլսի» կազմում անցկացրած տարիները նշանավորվեցին խմբի համաշխարհային հռչակով, Փոլ Մաքքարթնիի հետ համագործակցությամբ ստեղծվեցին անմահ հիթեր, սկսվեց բիթլասերների, ապա նաև լենոնապաշտների շարժումը, որը չի մարում մինչ օրս։ Յուրաքանչյուր սերունդ իր համար նորովի բացահայտում է այս անչափ տաղանդավոր ու մեծ երաժշտի արվեստը, հիանում նրա կերպարով ու հայացքներով։ Art 365-ը ներկայացնում է 10 ուշագրավ փաստ Ջոն Լենոնի վերաբերյալ։
1. Ջոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին: Այդ օրը օդային հարձակման է ենթարկվում Լենոնի հայրենի Լիվերպուլը։ Պատերազմական տրամադրություններով ու հայրենասիրական մղումներով պայմանավորված ծնողները երեխային երկրորդ՝ Ուինսթոն անունն են տալիս՝ ի պատիվ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի:
2. Երգչի կարիերան Ջոնը սկսել է եկեղեցական երգչախմբում՝ Լիվերպուլի Սուրբ Պետրոսի տաճարում։
3. Լենոնի հայրը նրանց բավական վաղ է թողել, իսկ մայրը մահացել է վրաերթի հետևանքով` 1958 թվականին։ Լենոնին մեծացրել է մորաքույրը՝ Միմին։
4.Երաժշտությանը զուգահեռ Ջոնը ակտիվորեն գրում էր։ Նա բանաստեղծությունների, պատմվածքների ու նկարների երկու գիրք է հրատարակել՝ In His Own Write(1964) և A Spaniard In The Works(1965) վերնագրերով։
5.Ջոնի համար ճակատագրական է լինում Փոլ Մաքքարթնիի հետ հանդիպումը, որը տեղի է ունենում 1957թ. հուլիսի 6-ին Վուլթոնի եկեղեցում։ «Բիթըլսի» գործունեության դադարումից հետո նա Փոլին անվանում էր «իմ հին օտարացած փեսացուն»:
6.Ամբողջ աշխարհին նաև իր ակնոցով հայտնի ու կլոր շրջանակներով ակնոցի նորաձևության հիմնադիր Ջոն Լենոնը թեև կարճատես էր, բայց ամաչում էր ակնոց կրել։ Երկար տարիներ նա կարճատեսությունը հաղթահարում էր լինզաների օգնությամբ։
7․Ջոն Լենոնը իր հայտնի ակնոցները սկսում է կրել Ռիչարդ Լեսթերի «Ինչպես ես հաղթեցի պատերազմը»(1967) ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դա 1966 թվականին է։ Ակնոցը դարձավ նրա մարմնավորած հերոսի՝ Private Gripweed-ի կերպարի, ապա նաև Լենոնի ոճի անփոխարինելի բաղադրիչը։ Այս ֆիլմը նաև նշանավորվեց նրանով, որ նկարահանումների ժամանակ է Լենոնը սկսել գրել Strawberry Fields Forever դասական դարձած գործը։
8. Լենոնի կյանքի երկրորդ ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում 1966 թ․ նոյեմբերի 9-ին։ Լոնդոնի պատկերասրահներից մեկում, մի ճապոնացի նկարչի ցուցահանդեսի ժամանակ Ջոնը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Յոկո Օնոյին։ Երկու տարի անց նա բաժանվում է առաջին կնոջից, թողնում որդուն և ամուսնանում Յոկոյի հետ։ Մինչ օրս էլ «Բիթըլսի» երկրպագուները Յոկոյին են մեղադրում Լիվերպուլյան քառյակի համատեղ գործունեության դադարեցման մեջ։
9. 1971 թվականին Ջոն Լենոնը հաստատվում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում։ Նրանով անմիջապես հետաքրքրվում Դաշնային հետաքննությունների բյուրոն, քանի որ երաժշտին մեղադրում էին երիտասարդության վրա ոչ բարերար ազդեցություն ունենալու, քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Լենոնի նկատմամբ հսկողություն է սահմանվում, նույնիսկ որոշում են արտաքսել երկրից։
10. Ջոն Լենոնը սպանվել է 1980 թ․ դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում։ Մարդասպան Մարկ Չեպմանը սպանությունից հետո ոչ միայն չի փախչում, այլև նստում է մոտակայքում և սկսում ընթերցել Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Տարեկանի արտում անդունդի եզրին» վեպը։
Հ․Գ
11. Ջոն Լենոնի վերջին, հետմահու՝ 1984 թ․ թողարկված «Milk and Honey» ալբոմում հնչում է հայազգի երաժիշտ Կուրտ Յաղջյանի վոկալը։