Իր ճանապարհորդությունների ընթացքում Րաֆֆին հավաքել է հայկական, պարսկական, հունական և բյուզանդական երեք հազարի հասնող հազվագույտ հին դրամներ, նուրբ քանդակներ ու նկարներ, արժեքավոր ձեռագրեր:
Վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննա Րաֆֆին, ֆինանսական դժվարությունների պատճառով, որոշում է վաճառել այդ հավաքածուն: Աննան իրենց որդու՝ Արամի հետ 1896 կամ 1897 թ. Թիֆլիսից մեկնում են Պետերբուրգ՝ հավաքածուն այնտեղ վաճառելու նպատակով։
Պետերբուրգում դրամները չեն կարողանում վաճառել։ Որոշ աղբյուրներ էլ պատմում են, որ նրանց այստեղ ասում են, որ Լոնդոնում նման հավաքածուի համար մեծ գումարներ կտան․․․ Առաջին, թե երկրորդ հանգամանքի բերումով Աննան որդու հետ Պետերբուրգից ուղևորվում է Լոնդոն․․․
Հենց այստեղ էլ տեղի է ունենում շատ ցավալի մի դեպք․․․
Հանրակառքի մեջ գրպանահատները տիկին Աննայի գրպանից գողանում են ողջ հավաքածուն: Վշտահար և հուսահատ կինը դիմում է ոստիկանություն, բայց ապարդյուն:
Եվ այդպես, Րաֆֆիի ընտանիքը մնում է Լոնդոնում:
Տիկին Աննան ազգությամբ ասորի էր: Նա Րաֆֆիի հետ ծանոթացել էր Սալմաստում (Իրան): Այնտեղ էլ նրանք ամուսնացել էին, ունեցել երեք զավակ` մեկ աղջիկ և երկու տղա: Աղջիկը` Եսթերը, վաղաժամ մահացել էր: