Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին, 1914 թ․Պետրոգրադ
Ասելիք շատ կա, սիրելի Նվարդ, բայց գրելու հավաս ու հալ չկա: Մի կողմ թողած իմ անձնական կյանքը, որ շատ է տխուր ու սրտամաշ, մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում, ավելին կասեմ, հույս էլ չեն ներշնչում, որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք, սիրելիս, որ ես, սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝ հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու: Ընդհակառակը, այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը, այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառն մտածումները, որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ—միայն թե ազատվեի այդ թախծալի մտածմունքներից ու տարակուսություններից:
Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթելի մոլություն է—դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը— այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ:
Ես ինձ այնպես եմ զգում—ինչպես կզգա մեկը, որ թոքախտ ունի և գիտե, թե որ քան կարճ է իր կյանքը—նրա կյանքը կյանք չէ, այլ—մահացում: Տարիներով մենք ձգտում ենք ստեղծել մեզ համար գոյության մինիմալ պայմաններ, որպեսզի նվիրվենք մեր կոչման—իսկ մինչ այդ վատնում ենք մեր բոլոր ուժն ու կարողությունը և հանկարծ դառը սրտով տեսնում ենք, որ միջոցը նպատակ է դարձել և անցածը ետ դարձնելու հնար չկա: Այդպես ենք մենք բոլորս—կոտըրված, գետնահար խոտի նման, ընկած, պարտված, անհույս ու անհավատ: Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում, իսկ մարդիկ կարծում են, որ կարելի է նրան կենդանացնել...
Ախ, թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը—հին և անբուժելի հիվանդություն է դա, և մենք անզոր ենք նրա դեմ: Չկարծեք, թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները, ավա՜ղ, շատ վաղուց: Եվ չեմ ազատվի դրանցից երևի մինչ վերջը — ինչպե՞ս ազատվես ինքդ քեզնից:
Կարո՞ղ եք երևակայել, երբեմն իմ մտքից անցնում է հեռանալ աշխարհից, մի վանք շինել և լռության մեջ անցկացնել կյանքիս կարճ օրերը, սակայն անկարող եմ իրականացնելու իմ այդ գաղտնի բաղձանքը —պատճառներ ու արգելքներ շատ կան ոչ միայն արտաքին, այլև ներքին։Իմ սիրելի և լավ Նվարդ, դուք այս նամակը կարդալիս չզարմանաք և չծիծաղեք վրաս: Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական:
Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին վսեմ իմաստը: Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է և իմ երկիրը, «իմ Նաիրին» — գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «Նաիրյան չքնաղ հոգին» է այրվում: Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված, մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրանց հոգու մեջ — գուցե դրա համար հարկավոր է, որ մենք, այդպիսիներս, սքեմ հագնենք և լռակյաց կյանք վարենք օրհներգություններ հորինելով կրոնական և կրոնական, սրբազան խորհուրդներ կատարելով (таинства свершать) նաիրյան հոգու առջև...
Բայց ես հեռու գնացի և զգում եմ. որ իմ ուզածը չեմ կարողանում արտահայտել: Դուք ինձ սխալ չըմբռնեք: Դա երկար պատմություն է, և ես իզուր սկսեցի խոսել դրա մասին: Եթե վիճակվի ինձ երկրորդ հատորս հրատարակել, այնտեղ Դուք այդ բանից կգտնեք «Երկիր Նաիրի» վերնագրի տակ — այն ժամանակ գուցե զգաք այդ, թեև դա էլ իմ կողմից հանդգնություն է, վասնզի այդ արտահայտելու հնար և ուժ գուցե չունենամ: Ներկա պայմանները չեն նպաստում այդ իրագործելու — պատերազմից հետո գուցե հաջողվի ինձ լույս ընծայել գիրքս, որ, գիտեմ, շատերին դուր չէ գալու: Իսկ առայժմ արաբ ու պարսկական նշանագրերն ու ձևերն ուսումնասիրելով եմ զբաղված, թեև հավասս քիչ է, բայց «ապագայի» համար հուսալով (!) մի կերպ աշխատում եմ այդ անախորժ աշխատանքն անել, որպեսզի արևելքի (իսկական) դռները բացվեն (գոնե մի քիչ) իմ առջև..
Վահան
Թեև բանաստեղծի՝ նամակում նշված երկրորդ հատորն այդպես էլ չհրատարակվեց, սակայն «Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծություններից հրապարակվեցին մամուլում: Նամակի տրամադրություններին մոտ է հատկապես այս բանաստեղծությունը․
Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։
Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։
Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին...
1915
Հովհաննես Թումանյանի դուստր՝ Նվարդ Թումանյանը(1892-1957 թթ․) և Վահան Տերյանը մտերիմներ էին։ Պահպանվել են Վահան Տերյանի նամակներն ուղղված Նվարդին և նրան ձոնված այս բանաստեղծությունը․
Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել
Թումանյանի պալատում
Կգտնես, ո՜վ, մարդ,
Անուշ, Արփի-արբեցում
Եվ վարդ, և Նվարդ...
Աշխեն Թումանյան, Հովհաննես Թումանյան, Սուսաննա Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Նվարդ Թումանյան, Վահան Տերյան, Լևոն Շանթ, Մարտիրոս Սարյան և այլք։ Թիֆլիս, Թումանյանի պատշգամբում, 1914: