Գաղտիք չէ, թե խոսքի ու գործի ազատության ինչպիսի սահմանափակումներ կային խորհրդային հասարակարգում։ Հատկապես գրողները պետք է շատ ուշադիր լինեին իրենց գրվածքներում, խոսքում ու պահվածքում, որպեսզի իշխող գաղափարախոսությանը չհամապատասխանող դրսևորումներից զերծ մնային։ Ստալինի ղեկավարման շրջանում պետությանը հակառակվելը գրեթե միշտ հավասարազոր էր սեփական կյանքի կործանման դատավճիռը կայացնելուն։ Եվ, ինչ խոսք, արվեստագետները հաճախ ստիպված էին զգուշավոր լինել, գնալ ամենատարբեր զիջումների։ Սակայն նրանցից ոմանք առավել զգույշ և հարմարվողական էին, քան մյուսները։ Այդպիսին էր ըստ հուշերի նաև Դերենիկ Դեմիրճյանը, որն իր բնավորության այդ գծի պատճառով, ինչպես վկայում է Ստեփան Զորյանը, երբեմն հայտնվում էր բավական զավեշտալի իրավիճակներում։
Ահա մի քանի պատառիկ Ս. Զորյանի հուշերից։
- Առաջին անգամ, երբ Երևանում ներկայացվեց «Քաջ Նազարը», պիեսը վերջանում էր նրանով, որ պիոներները դրոշակներով գալիս էին բեմ և տապալում Նազարին։
Երբ ես իմ զարմանքը հայտնեցի Դեմիրճյանին՝ նա ասաց.
— Այնտեղ այդպես ցանկացան…
Այնտեղ-ը Թիֆլիսն էր, ցանկացողը՝ Закрайком-ի քարտուղար Մյասնիկյանը, որը համարվում է գրականագետ։
Հեքիաթի մեջ մտցնել օրվա կոնկրետ իրականություն — կարմրադրոշ պիոներներ — պարզ անհեթեթություն էր, տարրական էսթետիկայի ոտնահարում և… չգիտես, էլ ինչ ասես։ Ու այս ցանկացել է գրականագետ համարվող Ալ. Մյասնիկյանը։
Իսկ հեղինա՞կը, որ համաձայնել է այդ անհեթեթությանը…։
- Երբ «Վարդանանքը» լույս տեսավ ավանդական կոնցեպցիայով — Վասակը բացարձակապես դավաճան — ես հիշեցրի նրան իր պիեսը, ուր նա փորձեր է անում Վասակի քաղաքականությունը հասկանալու, նա ասաց.
— Դա հիմա չի անցնի։ Հիմա դավաճան են ուզում…
— Իսկ պատմական փաստ կա՞, որ վրացիները մասնակցել են Ավարայրին և «վաշա» կանչել, — հարցրի ես։
— Չկա, իհարկե, բայց այսօր դա պետք է…։
- Երկրորդ [համաշխարհային] պատերազմի առաջին տարին էր։
Մի օր փողոցում Դեմիրճյանին տեսա զինվորական հագուստների մեջ — ոտքերին՝ փաթաթաններ, գլխին՝ պիլոտկա, կրծքին՝ Լենինի շքանշանը։
— Այս ի՞նչ բան է, — զարմացա։ — Ճակա՞տ եք գնում։
— Չէ՛, — ժպտաց խորհրդավոր։
— Հապա՞։
— Խորհուրդ կտայի, որ Դուք էլ հագնեք։
— Ինչո՞ւ։
— Պետք է։ Որովհետև քաղաքացու հագուստով մարդուն վատ աչքով են նայում։ Համարում են Հիտլերի ագենտ։ Հագե՛ք…
Նրա խորհուրդը լսելով՝ հետաքրքրվեցի, հեգնանքս թաքցրած.
— Լա՜վ, հիմա որ հագնվել եք այդպես՝ չէ՞, կարող են Ձեզ վերցնել և ուղարկել ֆրոնտ։
— Ճը՛, — լեզուն տրաքացրեց նա։ — Չեն ուղարկի։ Արդեն 65 եմ։
- Շատ զգույշ, հեռատես էր, բայց մեկ-մեկ սուր բնությունը արտահայտվում էր։
Մի զրույցի ընթացքում պրոլետգրողները իմ ներկայությամբ հարցրին Դեմիրճյանին, թե Վ. Տերյանի օրոք շատ պոետներ են եղել, որ գրել են, տպագրվել — ի՞նչ եղան դրանք։
— Գնացի՛ն, — պատասխանեց Դեմիրճյանը շատ լուրջ։
— Ո՞ւր։
— Այնտեղ, ուր դուք եք գնալու։ Դեպի անհայտություն…
Ասաց և, նկատեցի, սփրթնեց իսկույն։
Եվ այնուհետև երկու շաբաթ չէր հանգստանում։ Ամեն հանդիպելիս՝ հարցնում էր, թե իր ասածից բան չե՞ն շինի… կամ՝ «մի բան դուրս չգա անախորժ»…
Ես հանգստացնում էի, որքան կարող էի.
— Կարևորություն մի՛ տաք։ Նրանք հասկացան, որ հանաք եք անում։
— Հանա՜ք… Մեր օրերում հանաքը հանաք չի մնում։ Հանաքը դառնում է դանակ… Պետք է զգույշ լինել…
Աղբյուրը՝ Ստեփան Զորյան, Եռագույն մի ճանապարհ, Երևան, 2007: