1875 թվականի դեկտեմբերի 4-ին է ծնվել 20-րդ դարի մոդեռնիստական պոեզիայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ռայներ Մարիա Ռիլկեն(1875-1926): Ռիլկեն հեղինակել է բանաստեղծական ժողովածուներ՝ «Ճանապարհի սպասում», «Երազներով պսակազարդ», «Ճրագալույց», «Նոր բանաստեղծություններ», «Դուինյան էլեգիաներ» և այլն, պատմվածքներ, վեպ, արվեստին նվիրված հոդվածներ։ Նրա գրական ժառանգության կարևոր մասն են կազմում նամակները։ 1900 թվականից մինչ մահ, բանաստեղծը նամակագրական կապ է պահում բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի հետ։ Թեև Ռիլկեն եղել էր Ռուսաստանում, սակայն նրանք այդպես էլ չէին հանդիպել։ Նամակները, հաճախ բանաստեղծական ձևով ընթերցողին են փոխանցում երկու նուրբ հոգիների զգացմունքներն ու ապրումները, հաճախ դրանք ուղղակի գրական ու փիլիսոփայական էսսեներ են, որտեղ արտացոլվում է երկու ինտելեկտուալ մարդկանց կյանքի, աշխարհի, արվեստի ու գրականության մասին պատկերացումները։ Art365-ը ներկայացնում է այս նամակագրոթյան մի քանի ուշագրավ դրվագ։
«Ընդունի՛ր իմ այնքան արտասովոր
հոգու՝
ֆրանսիական ջրերի խորքից հանված
ավազահատիկն ու խխունջները:
(Մարի՛նա, ուզում եմ՝ դու տեսնես բնապատկերները բոլոր լայնությունների,
ուր տարածվում է հոգին Լազուրե ափից մինչ Ռուսաստան՝ նրա հարթավայրերը)»… Ռ.
հունիսի վերջ 1926 Մյուզո
Այս մակագրությամբ Ռիլկեն Ցվետաևային է ուղարկում իր «Այգիներ» ժողովածուն, որը ֆրանսերեն էր։
Մարինա Ցվետաևան՝ Ռայներ Մարիա Ռիլկեին
Սեն Ժիլ-սյուր-Վի
6 հուլիսի 1926
Թանկագի՛ն Ռայներ,
Գյոթեն ինչ-որ տեղ ասել է, որ օտար լեզվով չի կարելի նշանակալի բան ստեղծել, իսկ ես միշտ մտածել եմ, որ դա ճիշտ չէ (Գյոթեն հիմնականում երբեք չի սխալվում. նա ճշմարիտ է արդյունքում, այդ պատճառով էլ ես հիմա արդարացի չեմ նրա նկատմամբ):
Պոեզիան արդեն իսկ թարգմանություն է. լինի այն մայրենի լեզվից օտար՝ ֆրանսերեն թե գերմաներեն լեզվի, կարևոր չէ: Բանաստեղծը չունի մայրենի լեզու: Գրել բանաստեղծություն նշանակում է փոխադրել: Այդ պատճառով ես չեմ հասկանում, երբ խոսում են ֆրանսիացի, ռուս և այլ բանաստեղծների մասին: Բանաստեղծը կարող է գրել ֆրանսերեն, բայց չլինել ֆրանսիացի բանաստեղծ: Ծիծաղելի է:
Ես ռուս բանաստեղծ չեմ և միշտ զարմանում եմ, որ ինձ համարում ու անվանում են այդպիսին: Դառնում ես բանաստեղծ (եթե ընդհանրապես կարելի է դառնալ, եթե ի ծնե՜ բանաստեղծ չես), որպեսզի չլինես ֆրանսիացի, ռուս և այլն, որպեսզի նրանք բոլորը լինեն քո մեջ: Այլ կերպ ասած՝ դու բանաստեղծ ես, քանի որ ֆրանսիացի չես: Ազգությունը առանձնացված անջատվածություն է՝ բանտարկություն: Օրփեոսը ոչնչացնում է ազգությունը կամ նրա սահմաններն ընդարձակում է այնքան, որ բոլորը (և՛ նախկինը, և՛ գոյություն ունեցողը) տեղավորվում են նրա մեջ: Եվ լա՛վ գերմանացի՜ն է այնտեղ: Եվ լա՛վ ռո՜ւսը:
Բայց յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ առանձնահատկությունը, որ հենց ինքը լեզուն է: Այդ իսկ պատճառով ֆրանսերեն դու հնչում ես այլ կերպ, քան գերմաներեն, և հենց դրա համար էլ դու սկսեցիր գրե՜լ ֆրանսերեն: Գերմաներենը ֆրանսերենից ավելի խորն է, լի, առաձգական, ավելի մութ: Ֆրանսերենը ժամացույց է առանց արձագանքի, գերմաներենն ավելի շատ արձագանք է, քան ժամացույց (զարկ): Գերմաներենը շարունակում է ստեղծվել ընթերցողի կողմից՝ նորից ու նորից, անվերջ: Ֆրանսերենն արդեն ստեղծված է: Գերմաներենը ծագում է, ֆրանսերենը կա, գոյություն ունի: Բանաստեղծների համար լեզուն անշնորհակալ մի բան է, այդ պատճառով էլ դու սկսեցիր գրել այդ լեզվով: Համարյա անհնարին լեզու:
Գերմաներենն անսահման խոստում է (նույնպե՜ս պարգև), բայց ֆրանսերենը կատարյալ պարգև է: Պլատենը գրում է ֆրանսերեն: Դու («Verger»2) գրում ես գերմաներեն, այսինքն՝ ինքդ քեզ՝ բանաստեղծին: Որովհետև գերմաներենը շատ ավելի մոտ է մայրենի լեզվին: Իմ կարծիքով՝ ռուսերենից ավելի մոտ: Շատ ավելի մոտ:
Ռա՛յներ, ամեն տողի մեջ ճանաչում եմ քեզ, բայց դու հնչում ես կարճ, քո ամեն տողը սեղմ Ռիլկե է, համարյա ինչպես համառոտագրություն: Ամեն բառը: Ամեն վանկը:
Grand-MaՏtre des absences….3
դու այդ հիանալի ես արել: Grossmeister-ը այդպես չէ՜ր հնչի: Եվ partance-ը (entre ton trop d’arrivռe et ton trop de partance4 դա հեռվից է գալիս և այդ պատճառով էլ գնում է այդքա՜ն հեռու) Մարի Ստյուարտի բանաստեղծություններից է այդ տողը.
Combien j’ai douce souvenance
De ce beau pays de France….5
Դու գիտե՞ս արդյոք նրա այդ տողերը.
Car mon pis et mon mieux
Sont les plus dռserts lieux?6
(Ռա՛յներ, «Երգ կոռնետի մասին» բանաստեղծությունը ֆրանսերեն սքանչելի կհնչեր):
Բորիսի [Պաստեռնակ] համար ես արտագրել եմ «Vergerե շարքի բանաստեղծությունները:
Soyons plus vite
Que le rapide dռpart….7
սա համահունչ է իմ տողերին.
Այն գնացքը, որից բոլորը
ուշանում են….
(«Բանաստեղծի մասին»)
Իսկ «pourquoi tant appuyerե. ինչպես կասեր մադմուազել Լեսպինասը. «Glissez, mortels, n’appuyez pas!»9:
Գիտե՞ս՝ ինչն է նոր այս գրքում: Քո ժպիտը: (Les Anges sont-ils devenus discrets10). «Mais l’excellente place- est un peu trop en face11ե:
Ա՜խ, Ռա՛յներ, այս նամակի առաջին էջը ես կարող էի բոլորովին բաց թողնել: Այսօր դու.
…Et pourtant quel fier moment
lorsqu’un instant le vent se dռclare
pour tel pays: consent Ո la France….12
Եթե ֆրանսիացի լինեի և գրեի քո գրքի մասին, բնաբան կդնեի. «consent Ո la France13»: Իսկ հիմա՝ քեզնից ինձ.
Parfois elle paraՏt attendrie
Qu’on l’ռcoute si bien,-
alors elle mountre sa vie
et ne dit plus rien14.
(Դու բնությո՜ւնն ես):
Բայց դու նաև բանաստեղծ ես, Ռա՛յներ, իսկ բանաստեղծից սպասում են de l’inռdit15. Այդ պատճառով կգրե՞ս շուտով մի մեծ նամակ, միայն ինձ համար, այլապես հիմար կձևանամ, քան իրականում կամ, «կվիրավորվեմ», «խաբված կզգամ ինձ լավագույն զգացմունքներիս մեջ» և այլն, բայց դու կգրես, չէ՞, ինձ (քո հանգստությա՜ն համար, որովհետև դու բարի՜ ես):
Կարո՞ղ եմ համբուրել քեզ: Չէ՞ որ դա ավելին չէ, քան գրկելը, իսկ գրկել ու չհամբուրել՝ համարյա անհնարի՜ն է:
Մարինա
Քո ծրարի հակառակ կողմում գրված է.
Ուղարկող. Muzot sur Sierre (Valais), Suisse16
Մյուզոն՝ քո բանաստեղծությունների գըրքերի հեղինակը: Այդ պատճառով նա (Մյուզոն) ուղարկում է ինձ՝ չհիշելով} քո մասին
քեզ:
Ռայներ Մարիա Ռիլկեն՝ Մարինա
Ցվետաևային
28 հուլիսի 1926
Դու զարմանահրաշ ես, Մարի՛նա,
քո թե՛ առաջին, թե՛ հաջորդող յուրաքանչյուր նամակում ինձ զարմացնում է փնտրելու և գտնելու քո անսխալ կարողությունը, ասելիք տանող ճանապարհներիդ անսպառությունը ու քո հաստատուն ճըշմարտացիությունը: Դու միշտ ճիշտ ես, Մարի՛նա (արդյոք դա հազվագյուտ չէ՞ կնոջ համար), ճիշտ՝ ամենասովորական, ամենաանխռով իմաստով: Այդ իրավունքի տիրապետումն աննպատակ է և պետք է լինի անսկիզբ, բայց դու ճիշտ ես քո անհավակնոտությամբ ու ամբողջականությամբ, որոնցից էլ առնում ես ուժերդ, և դա է անսահմանության ձգտող քո անդուլ իրավունքը: Ամեն անգամ, երբ գրում եմ քեզ, ուզում եմ գրել այնպես, ինչպես դու, ուզում եմ քեզ նման ինձ արտահայտել՝ զուսպ, բայց միևնույն ժամանակ հուզական: Ասես աստղերի արտացոլանք է քո խոսքը, Մարի՛նա, երբ այն երևում է ջրերի երեսին՝ ջրերից աղավաղված ու հուզված, ջրերի կյանքով, նրա գիշերների շիթերով լի, երբ անհետանում ու երևում է նորից, բայց արդեն մեծ խորության վրա՝ ձուլված կարծես այդ հայելանման աշխարհին, ու այդպես ամեն անհետացումից հետո ավելի ու ավելի խորը թափանցելո՜վ ալիքների մեջ: (Դու մե՜ծ աստղ ես): Հիշո՞ւմ ես արդյոք՝ ինչպես երիտասարդ Տիխո Բրահեն (այն ժամանակ նա դեռ չէր զբաղվում աստղագիտությամբ, այլ սովորում էր Լայպցիգի համալսարանում) արձակուրդին եկավ տուն՝ իր քեռու կալվածքը, և այնտեղ պարզվեց, որ նա (չնայած Լայպցիգին և իրավագիտության պարապմունքներին) արդեն այնքան լավ գիտեր երկինքը, այնպես լավ էր անգիր արել(pense: il savait le ciel par coeur17), որ նրա մեն մի հայացքը, ավելի շուտ անտարբեր, քան հետաքրքրասեր աչքը նկատեց Քնարի համաստեղության նոր աստղը. դա նրա առաջին բացահայտումն էր աստղային աշխարհում: Իսկ մի՞թե դա (թե՞ ես սխալվում եմ) Քնարի համաստեղության Ալֆա աստղը չէ visible de toute la Provence et des teres mռditerranռennes18, որ այժմ կանխորոշված է կրելու Միստրալ անունը: Ի միջի այլոց, բավարար չէր լինի՞ արդյոք վստահել մեզ այդ ժամանակը, որպեսզի նորից հնարավոր լիներ անել այդպիսի մի բան. բանաստեղծ՝ համբառնա՜ծ աստղերին: Tu diras Ո ta fille un jour, en t’arrՍtant Ո Maillane: voici “Mistral”, comme il est beau ce soir!19. Վերջապես «փա՜ռքըե ավելի բարձր է փողոցների անունը կրող ցուցանակից:
Բայց քեզ, Մարի՛նա, ես գտել եմ իմ երկընքում ոչ ազատ հայացքով. Բորիսն ինձ ցույց տվեց դեպի քեզ ուղղված հեռադիտակը. դեպի վեր ուղղված սլացքի մեջ սկզբում իմ աչքերին երևացին տարածություններ, իսկ հետո տեսադաշտում հանկարծակի հայտնվեցիր դու՝ մաքուր և ուժեղ՝ քո առաջին նամակի կիզակետի ճառագայթների մեջ:
Քո վերջին նամակը սեղանիս է՝ գրված հուլիսի իննին. ես կուզենայի այնքա՜ն հաճախ գրել քեզ: Բայց կյանքը տարօրինակ ձևով թմրել է իմ մեջ, և հաճախ ես չեմ կարողանում այն հրել տեղից. ծանրության ուժը, թվում է, նոր աղերսներ է առաջացրել. մանկությունից ես հոգու այդպիսի անշարժություն չեմ ունեցել, բայց այն ժամանակ աշխարհն ամուր էր և ճնշում էր նրան, ով կտրված թևի նման, ինչպես փետուրը փետուրի հետևից, թափվում էր դատարկության մեջ. հիմա ես ինքս եմ դարձել ծանրություն, իմ շուրջն աշխարհը երազ է, իսկ ամառը՝ ամբողջովին շփոթված, ասես չգիտի իր անելիքը:
Տեսնո՞ւմ ես, ես նորից լքել եմ Մյուզոն, որպեսզի այստեղ՝ Ռագացում, տեսնեմ իմ միակ և ամենահին բարեկամներին, որոնց հետ կապերս պահպանում եմ դեռևս Ավստրիայից: (Արդյոք ինչքա՞ն: Չէ՞ որ նրանք բավականին տարիքով են)… նրանց հետ անսպասելիորեն եկել էր իրենց ռուս բարեկամուհին, ռուս մարդ. կարո՞ղ ես պատկերացնել, թե դա ինձ ինչպես հուզեց: Հիմա նրանք այստեղ չեն, ես մի քիչ էլ մնացի Ռագացի պայծառ, ծովակնագույն բուժական աղբյուրների պատճառով: Ինչպե՞ս ես դու:
Ռայներ:
«Car mon pis et mon mieux
Sont les plus deserts lieux»20։
քո նվերը. ես այն արտագրեցի իմ նոթատետրում:
Մարինա Ցվետաևան՝ Ռայներ Մարիա Ռիլկեին
Սեն ժիլ-սյուր-Վի
2 օգստոսի 1926
Ռա՛յներ, քո նամակը ես ստացա իմ անվանակոչության օրը՝ հուլիսի 17-ին (30-ին նոր տոմարով, Կ.Մ.), չէ՞ որ ես նույնպես սուրբ ունեմ, թեև ես ինձ զգում եմ իմ անվան առաջնեկը, ինչպես որ դու քոնի առաջնեկն ես: Սուրբը, որին Ռայներ էին կոչում, հավանաբար ուրիշ կերպ էր անվանվում: Ռայները դու ես:
Այսպես ուրեմն, իմ անվանակոչության օրը ես ստացա լավագույն նվերը՝ քո նամակը: Ինչպես միշտ, բոլորովին անսպասելի: Ես երբեք չեմ ընտելանա քեզ (ինչպես ի՜նքս ինձ) ու այդ հիացումին նույնպես, ինչպես նաև քո մասին ունեցած սեփական մտքերիս: Դու նա ես, ով այս գիշեր կայցելի ինձ երազում, նա, ում այս գիշեր ես կայցելեմ երազում (երազ տեսնել կամ երազում տեսնված լինել): Անծանոթուհի՝ ուրիշի երազում: Ես երբեք չեմ սպասում, ես միշտ ճանաչում եմ քեզ:
Եթե մենք միասին հայտնվենք ինչ-որ մեկի երազում, ուրեմն մենք կհանդիպենք:
Ռա՛յներ, ես ուզում եմ քեզ մոտ գալ հանուն ինձ, հանուն այն նոր բանի, որ կարող է ծնվել միայն քեզ հետ լինելիս, քո մեջ լինելիս: Ու նաև, Ռա՛յներ («Ռայներըե,- նամակի լեյտմոտիվն է), մի՛ բարկացիր. այդ ես, ես եմ ուզում քնել քեզ հետ, քուն մտնել ու քնել: ժողովրդական հրաշք խոսք է, այնքան խորը, այնքան հավաստի, այնքան ոչ երկիմաստ. այնքան ճշգրիտ է այն: Պարզապես քնել: Ու ոչինչ ավելի: Ո՛չ, գլխով թաղվել քո ձախ թիկունքի մեջ, իսկ ձեռքով գրկել աջդ և ոչինչ ավելի: Ամենախոր քնի մեջ անգամ իմանալ, որ դա դու ես: Ու լսել՝ ինչպես է բաբախում սիրտդ: Ու այն համբուրել:
Երբեմն մտածում եմ՝ ես պետք է օգտվեմ այն պատահականությունից, որ դեռ (այնուամենայնի՜վ) կենդանի մարմին եմ: Շուտով ձեռք չեմ ունենա: Ու դա հնչում է որպես խոստովանանք (ի՞նչ է խոստովանանքը. սեփական արատներով պարծենա՜լն է. ո՞վ կարող է իր տառապանքների մասին խոսել առանց հափշտակության, այսինքն՝ առա՜նց երջանկության զգացումի), այսինքն՝ թող դա չհնչի որպես խոստովանանք. ինձ համար մարմինների հետ ձանձրալի է: Նրանք ինչ-որ բան են կասկածում և ինձ (ի՜նձ) չեն վստահում, թեև ես ամեն ինչ անում եմ այնպես, ինչպես բոլորը: Հավանաբար չափազանց… չափազանց չհետաքրքրվելով … բարեհաճորեն: Եվ չափազանց վստահելո՜վ: Վստահելի են օտարները (վայրենիները), ովքեր ոչ մի օրենքի ու սովորույթի չեն ենթարկվում: Բայց տեղացիները վստահել չեն կարողանում: Այս ամենը չի վերաբերում սիրուն. սերը միայն իրեն է լսում ու զգում. նա կախված է տեղից ու ժամանակից. ես դա չեմ կարողանում կեղծել: Ու մեծագույն կարեկցությունը, չգիտես ինչու, անսահման բարությունն է ու սուտը:
Ես ինձ տարիքով ավելի մեծ եմ զգում: Մանկական խաղը… չափազանց լուրջ է: Ես… բավականաչափ լուրջ չեմ:
Բերանը ինձ աշխարհ է թվում. երկնակամար, քարայր, կիրճ, անդունդ: Ես միշտ մարմինը փոխադրել եմ հոգու մեջ (վերամարմնավորե՜լ եմ նրան), իսկ «ֆիզիկական» սերը (որպեսզի նրան սիրես) փառաբանել եմ այնպես, որ հանկարծ նրանից ոչինչ չմնա: Մխրճվելով նրա մեջ՝ ամայացրել եմ նրան: Թափանցելով նրա մեջ՝ դուրս եմ մղել նրան: Նրանից ոչինչ չի մնացել, բացի ինձնից՝ իմ հոգուց (ես ինձ այդպես եմ անվանում, դրանից էլ զմայլանք է. տոնախմբությո՜ւն):
Սերն ատում է բանաստեղծին: Նա չի ցանկանում, որ իրեն փառաբանեն (իբր ինքը վեհասքա՜նչ է), նա կարծում է, որ ինքը կատարելություն է, եզակի կատարելություն: Նա մեզ չի վստահում: Իր խորքում նա գիտի, որ ինքը վեհասքանչ չէ (դրա համար էլ այդպես իշխո՜ղ է), նա գիտի, որ վեհությունը հոգին է, իսկ որտեղից սկիզբ է առնում հոգին, այնտեղ մեռնում է մարմինը: Զուտ խանդ է, Ռա՛յներ: Նույն զգացումը հոգին ունի մարմնի նկատմամբ: Ես միշտ խանդել եմ մարմնին. ինչպե՜ս է գովերգված: Պաոլոյի և Ֆրանչեսկայի պատմության փոքրիկ էպիզոդը: Խե՜ղճ Դանթե, ո՞վ է դեռ հիշում Դանթեին և Բեատրիչեին: Ես խանդում եմ մարդկային կատակերգությանը. երբեք չեն կարող հոգին սիրել այնպես, ինչպես մարմինը, լավագույն դեպքում կգովաբանեն: Հազարավոր հոգիներին միշտ սիրելի է մարմինը: Ո՞վ գեթ մեկ անգամ իրեն հավերժական տառապանքի կմատնի միայն հոգու համար: Իսկ եթե անգամ ինչ-որ մեկը ցանկանա, անհնարին է: Հանուն հոգու սիրո ենթարկվել հավերժական տառապանքի… նշանակում է հրեշտակ լինել: Մեզ խաբեությամբ զրկել են մի ամբո՜ղջ դժոխքից (…trop pure- provoque un vent de dռdain21):
Ինչո՞ւ եմ քեզ ասում այս ամենը: Երևի վախից, որ դու իմ մեջ կտեսնես սովորական մարմնական կիրք (կիրքը մարմնի ստրկությունն է): «Ես սիրում եմ քեզ և ուզում եմ քնել քեզ հետ»,- բարեկամության մեջ այսպես հակիրճ չի ասվում: Բայց ես դա ասում եմ ուրիշ ձայնով, համարյա քնի մեջ, ամենախոր քնի մեջ: Ես ուրիշ ձայն եմ, քան կիրքն է: Եթե ինձ տանեիր քեզ մոտ, դու տարած կլինեիր les plus dռserts lieux22: Այն ամենը, ինչ երբեք չի քնում, կցանկանար քուն մտնել քո գրկում: Մինչև հոգին (խորքերը) կլիներ այդ համբույրը (ոչ հրդեհ. անդունդ):
Je ne plaide pas ma cause, je plaide la cause du plus absolu des baisers23:
******
Դու անընդհատ ճանապարհորդում ես, ոչ մի տեղ չես հաստատվում ու հանդիպում ես ռուսների հետ, որոնք ես չեմ: Լսի՛ր և հիշի՛ր. քո երկրում, Ռա՛յներ, միայն ես եմ ներկայացնում Ռուսաստանը:
Ո՞վ ես դու ի վերջո, Ռա՛յներ: Գերմանացի չես, թեև ողջ Գերմանիան ես: Չեխ չես, թեև Չեխիայում ես ծնվել (NB! մի երկրում, որ դեռևս չկար. ինչքա՛ն նման է քեզ), ավստրիացի չես, որովհետև Ավստրիան եղել է, իսկ դու կլինե՜ս: Դե ինչ, հրաշալի է, չէ՞: Դու հայրենիք չունե՜ս: Le grand poՌte tschռco-slovaque24. այդպես էին գրել փարիզյան ամսագրերը: Ուրեմն, Ռա՛յներ, ի վերջո դու սլովա՞կ ես: Ծիծաղում եմ:
Ռա՛յներ, իրիկնանում է, ես սիրում եմ քեզ: Գնացքը ոռնում է: Գնացքները գայլեր են, իսկ գայլերը՝ Ռուսաստան: Ոչ թե գնացքը, Ռա՛յներ, այլ ողջ Ռուսաստանն է ոռնում քեզ համար: Ռա՛յներ, մի՛ բարկացիր ինձ վրա կամ բարկացիր ինչքան ուզում ես. այս գիշեր ես քնելու եմ քեզ հետ: Մթության մեջ ճեղքվածք է. աստղերն են: Ես համոզվում եմ՝ լուսամուտ է (լուսամուտի մասին ես մտածում եմ այն ժամանակ, երբ մտածում եմ քո և իմ մասին, ոչ անկողնու): Աչքերս լայն բացված են. դրանք դրսից ավելի սև են, քան ներսից: Անկողինը նավ է, մենք մեկնում ենք ճամփորդության:
… mais un jour on ne le vit plus.
Le petit navire sans voiles,
Lassռ des ocռans maudits,
Voguant au pays des toiles-
Avait gagnռ le paradis25
(մանկական երգ Լոզանից):
Կարող ես ինձ չպատասխանել, դարձյալ համբուրիր: Մ.
Իրավունքի և իրավացիության մասին. «Բնությունը նույնպես անբնական է» (Գյոթե), երևում է՝ դու հենց դա՜ նկատի ունեիր: (Բնություն. իրավունք):
Les deserts lieux26 ես նվեր եմ ստացել Բորիսից և դրանք նվիրում եմ քեզ:
1. «Այգիներ» (ֆր.):
2. «Բացակայությունների մեծ վարպետ» (ֆր.): Տող «Այգիներ» ժողովածուից:
3. «Մեկնում (այդ հաճախակի գալուստների և հաճախակի մեկնումների միջև)» (ֆր.): Տող «Այգիներ» ժողովածուից:
4. «Որպիսի քաղցր հիշողություններ // այդ չքնաղ երկիր Ֆրանսիայի մասին» (ֆր.): Մարի Ստյուարտին (1542-1587) վերագրվող «Մնա՜ս բարով, սիրելի Ֆրանսիա» ռոմանսի առաջին երկու տողերը:
5. «Քանի որ իմ վատթարն ու լավագույնը // ամենաամայի տեղերն են» (ֆր.): Մարի Ստյուարտի բանաստեղծության տողերը՝ նվիրված ամուսնու՝ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսիսկ II-ին:
6. «Լինենք ավելի արագաշարժ, // քան սրընթացն է» (ֆր): Տող «Այգիներ» ժողովածուից:
7. «Ինչո՞ւ այդքան հապաղել» (ֆր.): «Այգիներ» ժողովածուից ոչ ճիշտ մեջբերված տող:
8. «Սահե՛ք, մահկանացուներ, մի՛ հապաղեք» (ֆր.):
9. «Մի՞թե հրեշտակները համեստ են հիմա»: Տող «Այգիներ» ժողովածուից:
10. «Բայց լավագույն տեղը փոքր-ինչ այն կողմն է» (ֆր.): Տող «Այգիներ» ժողովածուի «Գարունե բանաստեղծական շարքի երկրորդ բանաստեղծությունից:
11. «Եվ, այնուամենայնիվ, ինչպիսի՜ վսեմ պահ, // երբ հանկարծ բարձրանում է քամին, // այդ երկրին՝ Ֆրանսիային համապատասխան» (ֆր.):
12. Ֆրանսիային համապատասխան (ֆր.):
13. Երբեմն նա թվում է գորովալի, // որ իրեն այդքան լավ են ունկնդրում, // այդ դեպքում նա ցույց է տալիս իր կյանքը // և չի ասում այլևս ոչինչ (ֆր): Քառատող «Այգիներ» ժողովածուից:
14. Չհրատարակվածը (ֆր):
15. Մյուզո սյուր Սյեր (Վալե) Շվեյցարիա (ֆր):
16. Մտածիր. նա անգիր գիտեր երկինքը (ֆր):
17. Որ տեսանելի է ամբողջ Պրովանսին և Միջերկրականներին (ֆր):
18. Մի օր, կանգ առնելով Մեյանում, դու կասես քո աղջկան. «Ահա «Միստրալըե, որքա՜ն գեղեցիկ է նա այս երեկո»(ֆր):
19. «Քանի որ իմ վատթարն ու լավագույնը // ամենաամայի տեղերն են» (ֆր):
20. « … շատ մաքուր… առաջացնում է արհամարհանքի քամի» (ֆր.): Ոչ ճշգրիտ մեջբերում Ռիլկեի «Մրգեր» ժողովածուից:
21. «Ամենաամայի տեղերը» (ֆր.):
22. Ես ափսոսում եմ ոչ թե ինձ, այլ համբույրներից ամենակատարյալը (ֆր.):
23. Չեխոսլովակյան ամենամեծ բանաստեղծը…(ֆր.):
24. «… բայց մի օր այլևս չես տեսնի // Անառագաստ փոքրիկ նավակը, // Որ նետված անիծյալ օվկիանոսները // Եվ նավելով դեպի աստղերի երկիրը, // Հասել է դրախտին…» (ֆր.): «Փոքրիկ նավակ», ֆրանսիական ժողովրդական երգ:
25. «Ամենաամայի տեղերը» (ֆր.):
Թարգմանիչ՝ Կարինե Մեսրոպյան
Աղբյուրը՝ Գրական թերթ, 2014, 13.08: