Արմենուհու գլխարկը
Գիտե՞ս, որ գլխարկիդ համար
Ու լենտի համար գլխարկիդ
Կարող եմ ես զոհվել հիմա —
Գլխարկդ կարող է ինձ փրկել:
Գիտես, որ երգից ավելի
Ու փառքից ավելի — այս սին
Կյանքում կարող է հմայել
Գլխարկդ, գլխարկիդ փոշին:
Թավիշ գլխարկիդ համար
Եվ լենտի համար մոխրագույն
Կարող եմ ես զոհվել հիմա —
Միայն թե հասկացիր այդ դու:
Ես ինչպե՞ս քեզ ասեմ հիմա,
Որ դու իմ կարոտը հասկանաս,
Դու — լույս, լուսեղեն — քամի,
Դու այլ փրկության երազ:
Եվ ես, պոետ մի անտուն,
Կյանքում, օրերի միգում
Փնտրում եմ մի վերջին խնդում,
Որ կարող ես ինձ տալ միայն դո՜ւ:
9. III. 1920թ․
«Նորից Արմենուհի Տիգրանյանին» շարքի բանաստեղծություններից է՝ ձոնված բանաստեղծի մտերմուհուն։ Այս և շարքի մյուս բանաստեղծությունները գրվել են «Էմալե պրոֆիլը ձեր» շարքի ոճավորմամբ, որը նույնպես նվիրված է Արմենուհուն։ Այս բանաստեղծությունների տոնայնությունը թերևս թելադրված է Չարենցի և Արմենուհի Տիգրանյանի հարաբերությունների միաժամանակ մտերմիկ ու «պաշտոնական» բնույթով։
Բանաստեղծուհի (գրական կեղծանունը՝ Մենուհի), հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրը՝ Արմենուհին, 1920-ականների սկզբի գրական-մշակութային կյանքի հայտնի դեմքերից էր։ Ուներ գրական սալոն, աշխատում էր Լուսավորության և արվեստի նախարարությունում։ Ե․ Չարենցի հետ ծանոթացել են 1920 թ․ հունվարին։ Ըստ հուշագիրների, հենց նա է նախարար Նիկոլ Աղբալյանի հանձնարարությամբ գտել և նախարարություն աշխատանքի հրավիրել բանաստեղծին։ Չարենցը հաճախ հյուրընկալվել է Արմենուհու տանը։ Բացի «Գալանտ երգերից», նրան նվիրել է ևս վեց բանաստեղծություն․
Նորից Արմենուհի Տիգրանյանին
․․․Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ...
Ա․ Տիգրանյանին նվիրված բանաստեղծությունները վկայում են բանաստեղծի՝ նրա նկատմամբ ջերմ վերաբերմունքի ու սիրո մասին, որը թերևս անպատասխան է եղել։ Ա․ Տիգրանյանը Հայաստանի առաջին հանրապետության դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր։ Իսկ Վարդգեսը՝ հայտնի գրող ու հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի որդին։ Չարենցի՝ Արմենուհուն նվիրված բանաստեղծությունները, շարժում են Վ․ Ահարոնյանի զայրույթը և նա քննադատական հոդվածներ է գրում բանաստեղծի դեմ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Արմենուհին ամուսնու հետ չի հեռանում Հայաստանից և թերևս Չարենցի միջնորդությամբ աշխատանքը շարունակում նախարարությունում։ Հայաստանից հեռացել է 1922 թ․, ապրել Ֆրանսիայում, ապա ԱՄՆ-ում։ Զբաղվել է մանկավարժական, հրապարակախոսական ու բարեգործական գործունեությամբ։ Մահացել է 1962 թ․։ Չարենցի՝ նրան նվիրված անտիպ բանաստեղծությունները Հայաստանի գրողների միությանն է փոխանցել Արմենուհու ամուսինը՝ Վարդգես Ահարոնյանը՝ 1964 թ․։
Վարդգես Ահարոնյան
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան