Եղիշե Չարենցը իր արտասահմանայն շրջագայության շրջանակում, 1925 թ․ մարտին լինում է Վենետիկում և մոտ մեկ ամիս անցկացնում Ավ․ Իսահակյանի հետ, ներկայացնում նրան Խորհրդային Հայաստանի նոր իրականությունը, հորդորում վերադառանալ հայրենիք: Գրողները շատ մտերմանում են:
«Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա ճանապարհորդելու։ Ինձ մոտ եկավ նա Հռոմից։ Առաջին տպավորությունը, որ ստացա նրանից, փայլուն չէր։ Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով։ Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկամ, և մենք շատ և շատ խորին կերպով բարեկամացանք, մտերմացանք։ Ամբողջ օրը միասին էինք։ Առավոտը կանուխ գալիս էր հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը։ Թափառում էինք հրաշալի Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո գնում էինք Մխիթարյանների վանքը՝ Սուրբ Ղազար։ Խոսում էինք անվերջ ամեն հարցերի մասին՝ գիտության, գրականության, փիլիսոփայության, հեղափոխության, բոլոր այն մեծ խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց, -հիշում է Ավետիք Իսահակյանը»:
Հետագայում Ավ․ Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանը իր «Հայրս» հուշագրության մեջ մանրամասն ներկայացնում է Չարենցի Վենետիկում անցկացրած օրերը, բանաստեղծների մտերմության ու շրջագայությունների ուշագրավ դրվագներ։ Այդ դրվագներից առանձնացրել ենք Չարենցի ու Իսահակյանի Վենետիկի սբ.Մարկոսի հրապարակում արված հայտնի լուսանկարի պատմությունը:
«Չարենցը փափագում էր տեսնել Վենետիկի բոլոր հիշարժան վայրերը. հայրս նրան մեծապես օգնում էր այդ գործում, տանում էր նրան ամենակարևոր վայրերը, ցույց տալիս հուշարձանները, բացատրություններ տալիս։
Պետք է այցելեինք Սուրբ Մարկոսի տաճարը և Դոժերի պալատը։ Այցելում ենք եկեղեցին, մի իսկական արևելյան պալատ՝ զարդարված շքեղ խճանկարներով։ Այս եկեղեցու նկարագրություն տալը համազոր է արվեստի համառոտ պատմությունն անելուն. այնքան շատ են նրա հրաշալիքները՝ աշխարհի ամեն անկյուններից բերված։ Մի սյան վրա կարդում ենք հայերեն մակագրություն, որը թերևս XVII դարում անհայտ մի հայ վաճառական էր արել։ Չարենցը նկատեց հայերի այդ սովորությունը՝ շենքերի վրա իրենց անունները գրել, որը երևի շատ հնուց էր գալիս։ Հայաստանյան բոլոր եկեղեցիներն այժմ էլ կրում են նման անհայտ հեղինակների ինքնագրերը։ Հայրս և Չարենցը չմոռացան լուսանկարվել Սուրբ Մարկոսի հրապարակի աղավնիների հետ, որոնք առանց որևէ երկյուղի գալիս նստում էին մարդկանց բացված ափերին՝ ցորեն կտցելու։ Լուսանկարում հստակ երևում է, որ աղավնին նստել է Չարենցի ափին, իսկ հորս ափը դատարկ է։
Հայրս այն ժամանակ կատակով ասաց. «Եղիշե, դու ավելի բախտավոր գտնվեցիր…»։ Չարենցը պատասխանեց. «Միևնույնն է, Ավետիք, բախտի թռչունը չես բռնի…»։ Շատ տարիներ անց այդ լուսանկարը նայելիս հայրս ասավ մի չթաքցրած տխրությամբ. «Եթե ես իմանայի…»։
«Աղավնիները գալիս, նստում են կտցահարելու համար, և՛ ուսերի վրա, և՛ գլխարկների վրա։ Ահա, ես ու Չարենցն էլ նկարվեցինք Սուրբ Մարկոսի հրապարակի վրա՝ աղավնիների հետ միասին։ Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին 3 - 4 աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ», -հիշում է Ավետիք Իսահակյանը: