Ավետիք Իսահակյանը 1893-1895 թթ․ սովորում է Լայպցիգի համալսարանում։ Այստեղ էլ ուսումնառությանը զուգահեռ մեծ հետաքրքրություն է դրսևորում արևելքի ու արևմուտքի կրոնների, փիլիսոփայական ուսմունքների նկատմամբ։ Բանաստեղծը հատկապես տարվում է Արթուր Շոպենահաուերի և Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությամբ։
Նիցշե, Շոպենհաուեր, Իսահակյան
«Ինչով չեմ տարվել, ինչ փիլիսոփայական էթիկական, հասարակագիտական սիստեմներով ազատագրելու տառապող մարդկությունը։Եղել եմ տոլստոյական, նիցշեական, Գերմանիայում, ուսանող ժամանակս սոցիալ-դեմոկրատ: Հուսահատված դարձել եմ անիշխանական, պեսիմիստ։ Տարվել եմ Բուդդայով: Ոգևորվել եմ հայկական մարտական ազգայնությամբ, դաշնակցական ոչ երկրորդական գործիչ աշխատել եմ անձնվիրաբար, բանտեր եմ նստել, աքսորվել, փախել հայրենիքից», -հիշում է հետագայում Իսահակյանը։
Գերմանական փիլիսոփայությամբ հետաքրքվածությունն արտահայտվում է նրա աշխարհայացքի փոփոխություններում, ինչն էլ դրսևորվում է նրա բանաստղեծություններում, արտահայտվում նամակներում և օրագրերում։ Նամակներից մեկում բանաստեղծը Նիցշեի Այսպես խոսեց Զրադաշտը նշանավոր երկը համարում է «բանաստեղծական — միստիկական գոհար», որը «շատ հետաքրքիր է յուր տարօրինակ հանճարեղությամբ»։ Բացի այս Իսահակյանի Հիշատակարանում, օրագրային գրառումներում հանդիպում ենք տարբեր կարծիքներ Նիցշեի փիլիսոփայության մասին և այդ փիլիսոփայության ազդեցությամբ ծնված ընդհանրացում-աֆորիզմներ։ Ներկայացնում ենք այդ խտացումների մի փունջ․
Իսահակյանի հիշատակարանը
«1895, մայիսի 15. Ոչ մի .ժամանակ չպիտի ամուսնանամ ես Նիցշեի, Շոպենհաուերի նման»:
«1894, նոյեմբերի 25. Երեկ կատարյալ հիվանդ էի, ամբողջ օրը պառկեցի անկողնում— մենակ էի, մոտս ոչ ոք չկար, ճրագը լուռ վառվում էր.
Nietsch e Also sprach Zarathustra մոտս էր. — սաստիկ ջերմում էի ու գլուխս ցավում էր, հիշում էի Ապլայիս(մայրը) անցած կյանքս իր բոլոր մանրամասնությամբ, Շուշիկին, մեր սերը, այժմյան դրությունը - տանջվում էի, ուզում էի փշրել, արյուն էի ուզում...բայց անուժ էի ինձ գտնում...
աղքատ ու անտաղանդ...սիրտս ճաքում էր, բարձս այրվում...ծանր, ծանր գիշեր... »:
«Ես ատում եմ, զզվում մարդկանցից —ես ատում եմ, որովհետև նրանց սիրում եմ, ես ատում եմ, որովհետև նրանք իդեալ չունեն... »:
«Մարդկությունը, երբ սոված է ու ճնշված - նրա տրիբունները ազատությունից, իդեալներից ու սիրուց են խոսում, բայց հենց որ հաց են ձեռք բերում - այն բոլոր վսեմ ձգտումները դառնում են խոզության ու բոզության ձգտումներ... »:
«Էքստազներ, միայն էքստազներ — սա է վեհ կյանքը, ուր և ժպիտ կա, և ՛արցունք, և՛ վիշտ, և՛ ուրախություն, և սեր, և ատելություն... »:
«Ես թեև այժմ մոխրի տակ թաքնված կրակ եմ ու գետնի տակով վազող գետ... բայց շատ շուտով կզարթնեմ ու կվառվեմ, այս մի զինադադար է, մի պատրաստություն է ինձ նամար... Ես պիտի մտնեմ մեր կյանքը մի գիսավոր աստղի պես պիտի երգեմ, քարոզեմ, բարկանամ, լամ, վառվեմ, մարդիկ ապրում են իներցիայով, նրանց մեջ կա մի ինքնաշարժ անիվ ու նրանց գլորում է... »:
«Բնության մեջ նպատակ, դիտավորություն, տենդենց չկա, կա միայն կամք - մի ուժ, որը ցանկանում է այն և անում է այն, ինչ որ իրեն գեղեցիկ, մաքուր, լավ, դուրեկան է թվում... Ոչ մի նպատակ... կամքը բանաստեղծություն է, իսկ փորձաքարը — խելքը, այն ուղին, որի
վրայով պիտի սահե կամքը — պոեզիան... »։
«Հասարակությունը փեթակ է, անհատները' բջիջների տերեր, հարուստները բոռեր, բջիջների տերերն — աղքատները մնում են անտուն, անբջիջ, անհաց»:
«Եթե հազարավոր հանճարներ դուրս գան և ուզենան ապացուցել, որ ընկերին ու մերձավորին սիրելը վատ է, անգունություն, անեսություն է, անինքնուրույնություն է - ես չեմ լսեր մինչև անգամ: Ես կսիրեմ իմ ընկերին ու մերձավորին, բայց ոչ անպայման, իմ լոգիկան ինձ կառաջնորդե»:
«Ի նչ արած — աշխատիր, ուրիշին մի տար ու ամբարիր, որ մարդիկ գան մոտդ ու ոտքերդ լիզեն ու քեզ սիրեն, խնայիր փողերդ ու երբեք մի կարեկցիր ու մի օգնիր մարդկանց... Սա է միակ միջոցը, որը ես չեմ անելու — ես կթքեմ մարդկանց վրա ու կհեռանամ սարերն ու ձորերը, այրերն ու անտառները... »:
Հետագայում Ա․ Ինճիկյանի հետ (1938թ.) հետ զրույցներից մեկում այս շրջանի իր հետաքրքրությունների ու Նիցշեի մասին բանաստեղծը նշում է.
«— Երիտասարդությանս տարիներին տարբեր փիլիսոփայական սիստեմներով շատ եմ տարվել պեսիմիզմ, անարխիզմ... — հափշտակվել եմ Բուդդայով, Շոպենհաուերով, մանավանդ Նիցշեով. մարդկությանը ամեն տեսակ ճնշումներից, տառապանքներից ազատելու ուղիներ էի որոնում: Տենչացել, ձգտել եմ ճշմարտության «իմ կյանքի շեմքից», ինչպես ասել եմ ոտանավորիս մեջ:
Ինձ ոգևորում էր Նիցշեի բողոքող, ընդվզող ոգին: Տիրող հասարակության կաշկանդումներից մարդուն ձերբազատելու ձգտումն էի տեսնում նրա մեջ: Բայց ավելի շատ ինձ գրավում էր Նիցշեի լակոնիկ, աֆորիստիկ, կուռ ոճը:
Հետո տեսա, որ նրա փիլիսոփայությունը խորթ է իմ հոգուն: Նիցշեի ցանկացած աշխարհը հզորների աշխարհն է: Հերոսների պաշտամունք ես էլ ունեմ, բայց Նիցշեի գերմարդու դաժանությամբ չեմ ընդունում: Նիցշեն իմ մեջ արմատ չձգեց, նա դաժանության փիլիսոփան է: Չէ որ հայ ժողովուրդը դաժանության զոհն է... »:
Աղբյուրը՝ Ավիկ Իսահակյան, Ավետիք Իսահակյան․ գիտական կենսագրություն, Երևան, 2000: