Մուրացանի կյանքի տխուր պատմությունը սկսվել էր դեռ երեք տարեկանից։
Սև ծաղիկ կոչվող հիվանդությունը 1850-ականներին շատ երեխաների կյանք էր խլել։ Այնքան շատ էին մահացող երեխաները, որ քահանաներն անցնում էին փողոցներով, տան շեմին դրված դագաղները տանում էին գերեզմանոց։ Մի օր հիվանդության հերթական զոհին գերեզման տանելիս, հրաշք է տեղի ունենում․ դագաղի միջի երեխան սկսում է կենդանության նշաններ ցույց տալ։ Փոքրիկը երեքամյա Գրիգոր Տեր-Հովհաննիսյանն էր՝ Մուրացանը։
Նրա կյանքը սկսվեց դրամատիկ պատմությամբ և այդպես էլ շարունակվեց ու ավարտվեց՝ լի դրամաներով ու դժբախտություններով․․․
Բայց այդ ամենի մասին հերթով։
Ոսկեհատ Թավրիզյանը՝ Մուրացանի կյանքի մեծագույն սերն ու պատիժը
Ոսկեհատին Մուրացանը հանդիպել էր պատանի հասակում և սիրահարվել միանգամից։ Թիֆլիսում ապրելու տարիներին նա անվերջ նամակներ էր գրում Ոսկիին, սեր խոստովանում։ Նամակներն իրենց արդյունքը տալիս են, Ոսկիի սիրտը փափկում է։ Որոշում է տեղափոխվել Թիֆլիս՝ ուսման պատրվակով, իսկ իրականում՝ Մուրացանի կողքին լինելու ցանկությամբ։ Ոսկին ընդունվում է մանկարավարժական կուրսերի և հաջողությամբ ավարտում դրանք։
1885-ին նրանք ամուսնանում են․․․
Մուրացանը երջանիկ էր, աշխատում էր որպես հաշվապահ միաժամանակ մի քանի տեղում։ Փորձում էր ապահովել կնոջ ու երեք երեխաների՝ Գուրգենի, Ռուզանի և Սուրենի բարեկեցիկ կյանքը։ Երջանիկ ու միասնական ընտանիք, որը բաժանվում էր միայն ամռան ամիսներին, երբ Ոսկին երեխաների հետ գնում էր Շուշի՝ հանգստանալու, իսկ Մուրացանը մնում էր Թիֆլիսում աշխատելու։
Շուշիում գտնվելու ընթացքում Ոսկին շարունակում էր սիրային նամակներ ստանալ ամուսնուց, ինչպես մինչ ամուսնանալն էր։ Մուրացանը գրող էր, սիրող էր, ուստի սիրո մասին կնոջը գրելը պարզապես հոգու պահանջ էր։ Սակայն Ոսկին գրեթե բոլոր նամակները թողնում էր անպատասխան, քանի որ զգացմունքային չէր և ամուսնու սիրային զեղումներն այնքան էլ նրա սրտով չէին։
Կնոջ սառնությունը շատ էր տանջում Մուրացանին, նա տագնապների մեջ էր, երազներ էր տեսնում, վախեր ուներ, որ կինն իրեն դավաճանում է։ Ցավոք, այդ կասկածները անհիմն չէին․․․
Հոգեկան խանգարումները
Կյանքի վերջին տարիներին Մուրացանի մոտ հոգեկան խանգարումներ ի հայտ եկան։ Թերևս նաև ժառանգական խնդիր էր, քանի որ հոգեկան խնդիրներ ունեցել են նաև նրա հայրը, հորեղբայրը և հորաքրոջ աղջիկը։
Սպանդար Սպանդարյան՝ Մուրացանի ընկերը և կնոջ սիրեկանը
Սպանդար Սպանդարյանը աշխատակցում էր «Մշակին», հրատարակում էր «Մեղու Հայաստանի» և «Նոր դար» թերթերը, ընկերացել էր Մուրացանի հետ և դարձել էր գրողի կնոջ սիրեկանը․․․
Երբ Սպանդարյանը ծանր հիվանդանում է, և պետք է տեղափոխվեր Գերմանիա՝ բուժման նպատակով, ծախսերի մեծ մասը որոշում է հոգալ Մուրացանը։ Գուցե նա այդ մեծահոգի քայլն անում էր հանուն կնոջ, որը սիրահարված էր Սպանդարյանին և չէր թաքցնում իր սերը․․․
Սպանդար Սպանդարյանը
Սպանդարի և Ոսկեհատի սիրային կապի մասին հետզհետե սկսում է խոսել ամբողջ Թիֆլիսը։ Մուրացանը տանջվում էր, սակայն ոչինչ անել չէր կարողանում, բացի՝ Սպանդարյանի հետ կապերը խզելը։ Հուսահատ գրողը որոշում է այլևս ոչ մի գործ չհրատարակել «Նոր դար» հանդեսում, ր սկսում տպագրվել «Արձագանքում»՝ գցելով Սպանդարյանի հրատարակած թերթի վարկանիշը․ հուսահատ մարդու վրեժխնդրություն։
Գերմանիայում գտնվող Սպանդարյանին Ոսկին շատ էր կարոտում, կարոտում էր այնքան, որ ամուսնուն պարտադրում է իրեն և երեխաներին ուղարկել սիրեկանի մոտ։
Մուրացանը անսալով կնոջ ցանկությանը, նրան ու երկու երեխաներին 1898-ին ուղարկում է Գերմանիա։ Մեծը՝ Գուրգենը մնում է հոր հետ, որի համար գրողը վարձում է վարժուհի՝ Սոֆյա Մալիտսկայային։ Հոգատար և խոհեմ կինը խղճում էր Մուրացանին, գնահատում նրա տաղանդը և փորձում էր օգնել ամեն հարցով։ Սակայն, երբ ավագ որդին էլ է մեկնում Գերմանիա, Սոֆյան ստիպված հեռանում է Մուրացանի տանից՝ նրան թողնելով մենակ։
Մենակությունը, անարդարության գիտակցումը, չսիրված լինելու բեռը խախտում են Մուրացանի հոգեկան հավասարակշռությունը։
Նա հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ էլ մահանում է մենության մեջ, 1908-ի օգոստոսի 30-ին։
Մուրացանի՝ Ոսկեհատին ուղղված վերջին նամակի վերջին տողերն են․
. «Ե՛կ, իմ կյանք, իմ ուրախությու՛ն, իմ երջանկությու՛ն, իմ երկի՛նք և արքայությու՛ն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճաշակեմ»:
Աղբյուր՝ Ն. Թուխիկյան․ Խոստովանություն: