1971 թվականի հունիս 17-ին ողբերգական ավտովթարից զոհվում են Պարույր Սևակն ու իր կինը: Սիրելի բանաստեղծի մահը ցնցում է ժամանակակիցներին: Պ.Սևակի մահն ընկալվում է որպես ազգային մեծ ողբերգություն: Այդ օրերի նաև հաջորդող շաբաթների հատկապես գրական մամուլում հրապարակվում են Պ. Սևակի ժամանակակից արվեստագետների ու մշակութային գործիչների ուղերձներն ու ցավակցական խոսքերը նվիրված մեծ բանաստեղծին: Art365-ը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի խոսքը Պ.Սևակի մասին, որը հրատարակվել է նրա մահվանից մի քանի օր անց Գրական թերթում։
Սիրելի Պարույր
Այսպիսի վիշտ, գոնե կյանքիս վերջին տարիներին, ես չէի ապրել: Չէի էլ պատկերացնում, թե ի՞նչն այլևս կարող էր ինձ
այսքան ցնցել...
Դու ընդամենը անհատ էիր, բայց ինչպիսի՜ անհատ: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել:
ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:
Պարույր, սիրելի' զավակս, դու շատ լավ գիտեիր այս բոլորը, որ դու միայն քոնը չես: Դա պիտի գիտակցեն շատերը, դա
պիտի լինի մեր առաքելությունը, մեր մտածողության արմատը:
Եվ ճակատագիրը այդքան դաժան չպիտի լիներ քո հանդեպ, ժողովրդի հանդեպ։ Հունիսի 20-ին ես մտքով քեզ հետ էի
ժողովրդի հետ, և տեսնում էի ինչ է կատարվում աշխարհից հեռու, մեր հեռու սարերի գրկում։ Իր մեջ մայր բնությունը, նրա ստեղծող ոգին, վատի դեմ ըմբոստ ու միշտ բարի բնավորությունը խտացնող, հողից ելած մի բեկոր էր ժողովուրդը հանձնում հողին։ Դա ժողովրդական ողբերգություն էր:
Ես ականատես եմ եղել մեր ժողովրդի ճակատագրական ողբերգություններին, այն դառն օրերին։ Եվ եթե ես դեռ կամ այսօր, իբրև միակը մայր ժողովրդի լուսավոր բախտը երազած ու վաղուց անցած իմ սերնդի, ապա թերևս նրա համար միայն, որ այլևս կորուստ չտեսնեմ: Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո, կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու։
Դու աշխարհ էիր եկել քո բնության ուժով և խորը, շատ խորը հավատում էիր այդ ուժին: ժողովուրդը կշարունաակի հավատալ Քո հավատին:
Հիշատակդ, բարի, Սևաչ Պարույր։ Ժողովուրդը կսպասի Քո գալուն։
Աղբյուրը՝ Գրական թերթ, 1971, 26 հունիսի, թիվ 26: