Մռայլ էր. ինչպես նրա տխրությունը, այնպես էլ ուրախությունը վարակիչ էր. երբ մի քիչ զվարթացավ, վերջապես հարցրեց.
-Տեսնես մեզնից ո՞վ շուտ կմեռնի, հը՞մ...
-Այդ մասի՞ն էիր մտածում,- զարմացավ Ակսելը: - Իմ պապը 98 տարի է ապրել, իսկ հայրս մինչև հիմա ատամներով է ընկույզը ջարդում:
Ակնհայտ չարությամբ հարցրեց.
-Ուզում ես ասել, որ դու հարիր տարի՞ պիտի ապրես...
Ժպտաց իր խորամանկ ժպիտով, հետո մերկացրեց աջ ձեռքը մինչև արմունկը, մերկ արմունկով մի քանի անգամ խփեց սեղանին՝ ապացուցելու համար ուժը, բացականչեց.
֊Տո´, փչացածնե՛ր, բնությունը ինձ ուժ է տվել, ո՛ւժ, ես հազար տարի պիտի ապրեմ...
***
Հարցրի «Չարենց» կեղծանվան մասին:
-Դեռ Ղարսում մի քանի ստիխ (բանաստեղծություն) տպեցի Սողոմոնյան ազգանունով: Մի բժիշկ եկավ մեր քաղաքը, տուն վարձեց, դռան վրա կպցրեց՝ «Բժիշկ Չարենց, ներքին հիվանդություններ»: Չարենց. խիստ հավանեցի ու վերցրի, բա՜ս...
Արտասանեց.
- Ես եմ հիմա մի պոետ, և իմ անունը՝ Չարենց,
Պիտի վառվեմ դարերում, պիտի լինեմ բարձր ու մեծ...Ծիծաղեց բարձր, մանկական հրճվանքով, ավելացրեց.
- Հեչ չի երևում...