Վահան Սուքիասի Տերյանը (Տեր-Գրիգորյան) սկզբում բանաստեղծությունների տակ ստորագրել է «Վահան Տեր-Գր.»: Ուսանողական տարիներին կրել է Շվին, Վոլո և ուրիշ կեղծանուններ: 1907 թվականի վերջերից ստորագրել է «Տերյան»: 1910 թվականի մայիսի 10-ին Ցոլակ Խանզադյանին գրած նամակում կատակով ստորագրել է «Վահանուս Տերյանուս»:
****
Մի անգամ, երբ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով, նկարիչ Փանոս Թերլեմեզյանը այցելում է հիվանդին և նրան մխիթարելու համար ասում.
-Շուտ լավացիր, Շիրվա’ն, գնանք Թիֆլիս, քեֆ անենք. դու կխմես, ես կպարեմ:
-Չգիտեմ, Փանո’ս, ինչպես կվերջանա իմ պատմությունը. գուցե և մեռնեմ, բայց արի, ավելի լավ է, հենց հիմա պարի.… քո պարից գոնե չզրկվեմ:
****
Շիրազին հարցնում են.
-Սիլվան սկզբից այդքան տաղանդավո՞ր էր:
-Չէ հա, բաժանվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ:
****
Մի անգամ Ավետիք Իսահակյանը քայլում է դաշտերով և լսում է, որ մի գյուղացի աշխատելով երգում է իր «Մաճկալ ես, բեզարած ես» երգը:
Մոտենում է և հարցնում, թե նա գիտի արդյոք, որ դա իր երգն է:
Մարդը նայում է Իսահակյանի կոստյումին, ոտից գլուխ չափում և ասում.
-Այ մարդ, գնա քո գործին, սա մեր ժողովրդի երգն է…
****
Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը: Հրաժարվում է.
-Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:
****
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ...
Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս մի աչքի արդյունք է:
****
Տաղանդավոր երգահան Ավետ Տերտերյանը յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո ծանր հիվանդանում էր:
****
Մի անգամ, երբ Առնո Բաբաջանյանը դեռ հաճախելիս է լինում մանկապարտեզ, նրանց մոտ հյուր է գալիս մի երաժիշտ: Նա լսում է մի քանի երեխաների, այդ թվում՝ Առնոյին, և նրան խորհուրդ է տալիս անպայման զբաղվել երաժշտությամբ: Անցնում են տարիներ, և մի գեղեցիկ օր Առնո Բաբաջանյանը պարզում է, որ այդ մարդու անունն էր... Արամ Խաչատրյան:
****
Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնւոմ է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, - պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:
****
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է...
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետեւում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:
****
Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
- Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
- Այդ հսկայական քարն ինչպես եք տանելու…
- Ինքնաթիռով պիտի տանիմ…
- Ինչու համար…
- Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը: