Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ, դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, —
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա՛խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն սատանի առաջ...
Ա՜խ, արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում...
Հովհաննես Շիրազ
Սիլվա Կապուտիկյանն ու Հովհաննես Շիրազը հանդիպել են ուսանողական տարիներին՝ Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորելու ժամանակ: 1936 թվականն էր: Համակուրսեցի բանաստեղծները ամուսնանալու որոշում կայացրեցին 4 տարի անց՝ 1940 թվականին։
Թեև ամուսնության հենց սկզբից էլ զույգը շատ տարաձայնություններ ուներ, սակայն մի հարցում նրանք համակարծիք էին․ կյանքի մեծագույն երջանկությունը իրենց որդին էր՝ Արա Շիրազը, որը հետագայում դարձավ հայտնի քանդակագործ:
Բաժանում
Տարաձայնությունները, վեճերը, մեղադրանքներն ու կռիվներն այնքան հաճախացան, որ 4 տարի անց Շիրազն ու Կապուտիկյանը որոշում են ամուսնալուծվել։
Բաժանումից հետո Սիլվա Կապուտիկյանն այլևս չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։
Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ
Անցնում ես դու մեր տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քե՜զ եմ փնտրում դեռ կարոտով:
Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես դու ինձ աշխարհին.
Մինչ դողում է, որպես երդում,
Քո անունը իմ շուրթերին:
Հյուրանոց է սիրտը քո բաց,
Հեշտ գալիս են, հեշտ էլ գնում,
Իմ սիրտն՝ ամրոց, որտեղ անդարձ
Դու ես փակվել ու չե՜ս ելնում:
Եվ ինքս իմ դեմ լուռ մռայլվում՝
Սիրուս համար խանդում եմ քեզ,
Որ հեղհեղուկ այս աշխարհում
Դու սիրահա՜ր ունես ինձ պես:
1945 թ.
Հովհաննես Շիրազը ամուսնացել է երկրորդ անգամ և ունեցել յոթ երեխաներ։