Հովհաննես Թումանյանը մշտապես շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով, սակայն առանձնապես մտերիմ է եղել բարերար, հասարակական գործիչ, իր գրքերի հրատարակիչ, իշխանուհի Մարիամ Թումանյանի(1870-1947 թթ․) հետ։ Բանաստեղծին ու իշխանուհուն կապել են փոխադարձ խոր հարգանքը, մեծ համակրանքն ու հոգևոր ազգակցությունը։ Նրանց միմյանց ուղարկված նամակներն ու իշխանուհու հուշերը ենթադրել են տալիս նաև փոխադարձ սիրո մասին։ Ներկայացվող նամակներում զգացվում են նրանց նուրբ ու մտերմիկ հարաբերությունները։ Բանաստեղծը նաև անդրադարձ է կատարում այդ օրերին իրեն նյութական օժանդակություն հատկացնելու նպատակով՝ Մարիամ Թումանյանի ու ընկերների նախաձեռնության անհաջողության պատճառներին, ընդհանրապես հայ գրողի ու գրականության նկատմամբ հասարակության արհամարհանքին ու անտարբերությանը։
Աբասթուման–Թիֆլիս
1 նոյեմբերի, 1902, Աբասթուման
Սիրելի՛ Մարիա Մարկովնա
Ես շատ շնորհակալ եմ Ձեր թանկագին նամակի ու արտասուքների համար։ Ես երբեք, երբեք չեմ կասկածել Ձեր սրտի քնքշության և հոգու ազնվության վրա։ Ես միշտ համոզված եմ եղել, որ Դուք քույրորեն տանջվում եք իմ վիճակով։ Եվ այդ է պատճառը, որ որքան էլ տեսել ու ընդունել եմ Ձեր զգացմունքների իրական ապացույցները, երբեք չեմ զգացել սրտիս վրա այն ահագին ծանրությունը, որ զգացի այս վերջին դիմումի, այն էլ ծրագրի, միմիայն դատարկ խոսքերից։
Սիրելի՛ Մարիա Մարկովնա, ավելի ծանր ու դժբախտ դեպք չի կարող լինել երբեք, քան երբ մարդու՝ իրեն ապրելու և իր ընտանիքը պահելու հոգսն ու խնդիրը դուրս է գալի իր ձեռից ու դրվում հրապարակ։ Այդ միշտ է անտանելի, բայց մանավանդ այն դեպքում, երբ այդ հրապարակը լիքն է ստոր մարդկանցով։
Ես հիշում եմ՝ մի քանի տարի առաջ սովորական բան էր հայոց լրագիրներում գրողներին անվանել «մուրացկան»։ Ամենանախատական խոսքը աշխարհքում, որ գործ էր ածում մի ժողովրդի լուսավորված, ինտելիգենտ մասը իր գրողների վերաբերությամբ։ Իսկ այդ ժողովուրդն ինքը իր կնոջ ու իր հարազատ երեխի քթիցն էլ է հանում իր տված մի պատառ հացը։
Ես տեսել ու լսել եմ շատ շատերին, որ լավություն են
արել այս կամ այն գրողին, ու մտքումս ասել՝ երանի թե չլիներ այն գրողն ու գրականությունը, որ ընկած չլիներ սրա հուսով ու սրա մուննաթին։ Ես անձնական դժբախտ փորձերով էլ գիտեմ, թե ինչ մարդիկ են դրանք։ Դրանք ինչ են հասկանում՝ ինչ բան է բանաստեղծը։ Դրանք միմիայն բանաստեղծ կարող են սպանել, վկա են հայոց բոլոր բանաստեղծներն ու գրողները, որ շշկլված եկել են ու հայհոյելով գնացել։
Սա, իհարկե, պատմական մի շրջան է, երբ տաղանդը, որքան էլ կաշվից դուրս գա, միայն նահատակ կարող է լինել։ Իսկ նահատակել ամեն ձևով ու ամեն ձեռով՝ մեղք բան է։
Այն դիմումի պատճենը դղրդեց իմ հոգին։ Ես այն մի քանի օրը ինձ կորցրել էի. չնայելով Շանթը միշտ աշխատում էր իր նամակներում մեղմել ամեն բան ու պատվավոր մի ձևով ներկայացնել։
Եվ երևակայեցե՛ք, ես միայն այժմ, երբ այդ նամակներից հետո համոզված եմ, որ այլևս դիմում չի լինելու, միայն այժմ, ասում եմ՝ այս մի քանի օրը, ինձ զվարթ եմ զգում և ազատ շունչ եմ քաշում։
Այնինչ այդ նամակները Ձեզ շատ են վշտացրել։ Ես շատ եմ ցավում, հիրավի, վշտանալու բան կա, բայց ինչ անեմ։ Տեսնո՞ւմ եք, որ վշտանալով հանդերձ ինձ չեք մեղադրում։ Եթե երբևէ դիմումի մասին խոսք է եղել, ես իմ մեջը միշտ այսպես եմ մտածել, թե այդ դիմումը երևի կլինի մի քանի ունևոր մարդկանց, որոնց Դուք լավ եք ճանաչում, և որոնք մի հարուստի նման չեն ծիծաղիլ դիմողի ետևից, կամ մի հայտնի տիկնոջ նման չեն ասիլ, թե բանաստեղծը մի՞թե այդքան երեխա կունենա…
Բայց ես չեմ ուզում խոսել այս մասին ու վրդովվել կամ վրդովել։ Որ լինելով նեղության մեջ, այսուամենայնիվ, այսքան հակառակ եմ, սրանից ավելի էլ ի՞նչ ապացույց է հարկավոր, որ դառն է։
Սիրելի՛ Մարիա Մարկովնա, ասում եք, որ ես գրականության մասին մտածեմ ու ինձ վրա նայեմ իբրև գրողի վրա, իմ զգացմունքները զոհեմ գործին։
Բայց ցավն այն է, որ մեր գործն այնպիսի գործ է, ուր կարելի է ամեն բան զոհել՝ բացի զգացմունքները։ Սա զգացմունքների գործ է։
Գրականություն, լավ եք ասում։
Բայց գրականությունից առաջ գրող կա, գրողն էլ իր զգացմունքներով է գրող։ Երբ որ այդ զգացմունքները կզոհվեն, այնուհետև էլ գրող չի լինիլ, իսկ երբ գրող չի լինիլ–գրականություն էլ չի լինիլ։
Սակայն ես Ձեզ շատ լավ եմ հասկանում։ Ձեր բոլոր ուզածն այն է, որ ես ապահով լինիմ, և այդ ցանկությունն այնքան քույրորեն ու բուռն է Ձեզ հուզում, որ Դուք աշխատում եք, ինչ էլ որ լինի, գտնեք այդ գործի լավ կողմը ու հաշտեցնեք իմ խրտնած զգացմունքների հետ՝ չնայելով, որ Դուք էլ եք ինձ համազգաց։
Իմացա՛ծ եղեք, որ հենց այդ զգացմունքն արդեն ինձ համար շատ բան է, որովհետև մենք ավելի սրտի մարդիկ ենք, թեկուզ և մեր կյանքն այսքան թաղված ու զբաղված նյութականի խնդրով։
Եվ չէ որ հենց նյութականի խնդիրն էլ նրա համար է այդքան ծանրանում, որ սիրտ չկա, անսիրտ, կոպիտ մարդիկ են, ինչպես Դուք էլ վկայում եք Ձեր նամակում։
Դրանցից պետք է ապահով լինել, պետք է մարդ, որքան կարող է, իր սիրտը պատսպարի հեռու, թեկուզ չքավորության մեջ։ Որքան հնարավոր է, թեկուզ հենց միմիայն խաղաղ լինելու համար։ Չէ որ կարելի է պակաս ապրել ու խաղաղ լինել։ Ես գիտեմ ու նախագուշակում եմ այդ, նրա համար էլ հերիք եմ համարում եղած վրդովմունքներն ու վշտերը և հրաժարվում եմ այն մի քանի հազարից ու նրանց հետ եկող բոլոր անախորժություններից․․․
Համբուրելով Ձեր ձեռքերը՝
միշտ Ձեր՝ Հ. Թումանյան
Իսկ Մարիամ Թումանյանը պատասխանում է․
Սիրելիս,
մի՞թե Դուք կասկածում եք, որ Ձեզ հետ միասին տանջվում է և իմ սիրտը: Ինձ մեծ կսկիծ է պատճառում, որ ես չեմ կարող ապահովել Ձեզ այնքան, որ ստիպված չլինեմ ամեն անգամ դիմումներ անելու, շոշափելով Ձեր զգայուն ինքնասիրությունը:
Իմ փափագս է Ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի Ձեր զգայուն սրտին, որ Ձեր հոգին հանգիստ լինի...
Հավատու՞մ եք, որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերը իզուր են… որ չեմ կարող պաշտպանել Ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ես կուզենայի Ձեզ խնամել, ինչպես մի քնքուշ ծաղիկ, պահպանել թե՛ արեգակի այրող ճառագայթներից, թե՛ ձմեռվա ցրտից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ...:
Դուք մենակ չեք տանջվում, որ Ձեզ հասկացողներ ու համակրողներ կան, և երկրորդ, որ ես ամեն միջոց գործ կդնեմ, որ Ձեզանից հեռու պահեմ մուննաթները և խայթոցները։
Տարիներ անց Հովհ․ Թումանյանը հիշում է այս նամակն ու Մարիամի արցունքները․
Մարիամ Թումանյանին
Թիֆլիս–Աբասթուման
18 հուլիսի, 1909, Թիֆլիս
Սիրելի՛ Մարիա Մարկովնա
Ո՜րքան կուզեի այժմ Աբասթուման լինեմ։ Այդ փոքրիկ գեղեցիկ հովիտում Ձեզ հետ զբոսնեինք ու խոսեինք գեղարվեստից և ամեն բանից, ինչ որ գեղեցիկ է ու լավը։
Ո՜րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում։ Այդտեղ ես շատ եմ երազել, ու գրել եմ իմ մի քանի լավ բաները։ Այդտեղ եմ մշակել «Անուշը», այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ. հա՛, «Թմկաբերդի առումը»։
Այդտեղ նամակներ եմ ստացել, որոնց վրա արտասուքի կաթիլների հետքերն ամեն խոսքից ու գրչից ավելի պերճ են խոսել իմ սրտին… Այդտեղ ես բանաստեղծություններ եմ գրել ինձ համար ու տվել քամուն…
Եվ ի՜նչ լավ եմ արել։
Մի տուն կա այդտեղի պարկից վերև, փոքրիկ ձորակում, առվի ափին, ծառերի մեջ կորած՝ այնտեղ ֆելդշեր Тячкин–ն էր ապրում այն ժամանակ։ Ես նրա մոտ էի՝այն տանը։ ճշմարիտ որ «սիրելի Աբասթուման․..» այնքան թանկագին ցնորքների, հիշողությունների ու զգացմունքների հետ է կապված՝ սկսած Աբասթուման գնալու պատմությունից ու արցունքներից։
է՜հ, էս մի նամակն էլ էսպես լինի։
Արդյոք ինչպե՞ս է Միշայի առողջությունը, խնդրում եմ՝ չմոռանաք Ձեր նամակում։
Անվերջ բարևներով՝ Ձեր Հ. Թումանյան: