Հովհաննես Թումանյանը դրամատուրգիայի ու թատրոնի մեծ սիրահար էր: Հիացած էր հատկապես Շեքսպիրի ստեղծագործությամբ և երազում էր դրամաներ գրել, սակայն այդպես էլ չի գրում: Թատրոնի հետ Թումանյանի կապերը սկսվում են փետրվարյան մի ցուրտ օր՝ 1887 թվականին, երբ երիտասարդ բանաստեղծը խաղում է «Վարդան Մամիկոնյան» ներկայացման մեջ, ոչ ավել ոչ պակաս հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանի հետ միասին, որը պատմիչ Եղիշեի դերն էր խաղում: Իհարկե, «խաղալը» փոքր-ինչ բարձրագոչ է հնչում, քանի որ Թումանյանն ընդամենը Ավարայրի դաշտում ընկած զինվոր էր ներկայացնում, սակայն այնպես է ստացվում, որ այստեղ էլ նա աչքի է ընկնում:
Տեսնենք, թե ինչպես է այս ամենը պատմում բանաստեղծը.
««Ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էին — կեցցե՛ Վարդան, կեցցե՛ զորավար, և սրա նման բաներ, նրանից հետո մեռել պիտի խաղայինք, իբրև պատերազմի դաշտում — Ավարայրի դաշտում սպանված հայ զինվորներ։ Ահա հենց էս սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր՝ թե դաշտում, թե լեռնալանջերին, իբրև սպանված ու թափված զինվորներ։ Ես ընկա մի լեռնալանջ։ Բանն էն է, որ էդ լեռնալանջ ասածդ կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, ետևից տեղ- տեղ արանք-արանք տախտակներով շինած։ Էդ տախտակների վրա պառկեցինք — իբրև լեռնալանջերին։ Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքովը մին պառկեցի…։— Վարդա՛ն, իմ Վարդա՛ն, — մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ։ Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա — սը՛սս... հասարակությունը ամեն կողմից սը՛ս արավ ու լռեց, պատրաստվեց։ Էդ ժամանակ ես էլ ուզեցի պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ. վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ՝ հանկարծ մի հազ բռնեց ինձ։ Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները — այսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ։ Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել — բրավո... բիզ, կեցցեն հայոց քաջերը...և այլն և այլն»: