Սոնա Օտարյանին
․․․Վերջերս չգիտեմ ինչո՞ւ լռել եք' չնայած որ Զեզ գրել եմ, նույնիսկ, եթե չեմ սխալվում, մի քանի անգամ։ Ինձ համար իբրև մասնագիտություն ընտրել եմ գրականությունը. մտնելու եմ պատմական-լեզվագիտական ֆակուլտետը։ Ուրեմն մյուս տարի
կարող եք пожаловать իմ բնակարանը (!)։ Երևի օգոստոսին այստեղ կլինեք, այնպես որ կտեսնվենք, ճիշտն ասած, շատ եմ ցանկանում Զեզ տեսնել։ Կարծեմ մեր բարեկամությունը չի ընդհատվել, այնպես որ հուսով եմ, այժմ ինձ կգրեք հաճախ։ Սոնա, գիտեցեք, որ Դուք այն հազվագյուտ կինն եք, որին ես արժանի եմ համարում իմ բարեկամությանը: Սա, իհարկե, իբրև կոմպլիմենտ չընդունեք, որովհետև գիտենալով, որ Դուք չեք սիրում կոմպլիմենտներ, չէի ցանկալ Զեզ ասել կոմպլիմենտ։ Նույն կարծիքին է Ձեր մասին և Ցոլակը, իմ ամենամտերիմ ընկերը։ Ուրեմն ավարտելով այն «դպրոցը», որ դժբախտաբար միջնակարգ դպրոց է կոչվում, և դուրս գալով այն այլասերող և նեխված բանտից, որ պանսիոն է կոչվում, ես նորից ուզում եմ վկայել Ձեզ իմ խորին հարգանքը և համակրությունը, ի սրտե ցանկանալով շարունակել մեր բարեկամությունը նույնիսկ ավելի մտերիմ հողի վերա, քան առաջ։ Խնդրում եմ բարեհաճ լինել և սիրել բանասեր-ուսանողին։ Բայց, տեսեք, մի՛ բարկացեք ինձ վրա, այս անգամ ողորմած եղեք ամենահարգարժան իշխանուհի Սղնախյան գինիների (սնանկացա՜ծ իշխանուհի)։
Նախազգում եմ, թե Դուք հիմա էլ ինչ եք մտածում։ Նամակս սկսել էի երեկ, բայց խանգարեցին ավարտել։ Շարունակում եմ առանց վերընթերցելու, որովհետև սարսափելի ծուլանում եմ և ոչ մի տրամադրություն չունեմ գրելու։
Դեռ ժամանակ կունենամ Ձեզ ձանձրացնելու, Սոնա, եթե չեմ ձանձրացրել:
Ինչ-որ Դուք լռել եք, ոչինչ չեք գրում` արդյոք չե՞ք սիրահարվել որևէ երշիկագործի և չե՞ք սիրել դառն գարեջուրը: Առայժմս ընկերոջս հետ ապրում եմ Նախաթոռ քաղաքում և զբաղմունք եմ որոնում, քանի որ ոչ միայն բանիվ Աստծո կեցցե մարդ, այլև հացիվ հանապազօրյա, նույնիսկ ավելին կասեմ, եթե բանը դրան հասավ, ավելի շուտ կարելի է առանց որևէ բանիվ ապրել, իսկ առանց հացի մտքներովդ էլ չանցկացնեք ոչ մի դեպքում]։ Գրեցեք, Սոնա, շուտ-շուտ և մի ծուլանաք, սպասում եմ:
Մնամ Հավիտյան մրսած
Հավիտյան սոված
Անտուն անօթևան
Թափառական (չափազանց սրտաշարժ ստացվեց)
Ձեր Վանիկ
Հասցես՝ Москва, Малый Харитоновский переулок, дом Котова, кв. 10, студенту.
Ներեցեք ձեռագրիս համար, թղթի համար, ծրարի համար, ամեն, ամեն ինչի համար:
1906, 31 մայիսի—1 հունիսի, Մոսկվա
Սոնա Օտարյան-Զոհրաբովնան մանկավարժ էր։ Սովորել է Մոսկվայում՝ կանանց բարձրագույն կուրսերում։ Արամ Տեր-Գրիգորյանի՝ Վահան Տերյանի եղբոր վկայությամբ, Օտարյանը Տերյանի հետ Թիֆլիսում ռուսերեն է պարապել, երբ ապագա բանաստեղծը պատրաստվում էր Լազարյան ճեմարան ընդունվել։ Նրանք թերևս մտերմացել են։ Տերյանը Սոնայի հետ նամակագրական կապ է պահել 1905-1907 թթ․։ Նամակների տոնայնությունից հստակ է, որ Տերյանը զգացմունքներ է ունեցել նրա նկատմամբ։