Այս հոդվածում մենք հավաքել ենք հատվածներ մեծ գրողների օրագրերից և նամակներից, ինչպես նաև մեջբերումներ նրանց ժամանակակիցների հուշերից, որոնցից դուք կարող եք իմանալ, թե ինչ էին սիրում ուտել Գյուստավ Ֆլոբերը, Լև Տոլստոյը, Ալեքսանդր Դյուման, Ագաթա Քրիստին և Չարլզ Դիքենսը:
Չարլզ Դիքենս
Ժամանակակիցների հուշերի համաձայն՝ Դիքենսի սիրած կերակուրը տապակած պանիրն էր: Նա այս ուտեստը հաճույքով նկարագրում է իր առաջին վեպերից մեկում:
«Վարագույրի վրա ստվեր գցած երկու գլխարկները տիկին Բարդլի ամենամոտ ընկերուհիներից երկուսինն էին, որոնք հենց նոր էին եկել՝ խաղաղ կեսօրով մի-մի բաժակ թեյ խմելու և տանտիրուհու հետ համեստ ընթրիքը կիսելու, ընթրիք, որն իրենից ներկայացնում էր երկու բաժին խոզի տոտիկներ և տապակած պանիր: Պանիրը հաճելիորեն կարմրել էր՝ բուխարու առջևի հոլանդական փոքրիկ վառարանում տապակվելով»:
Չարլզ Դիքենս. Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը
Հետաքրքիր է, որ Չարլզ Դիքենսի կինը 1851 թ.-ին, Մարիա Քլաթերբակ կեղծանունով, հրատարակեց իր խոհարարական գիրքը՝ «What shall we have for dinner? / Ի՞նչ ենք ունենալու մենք ընթրիքին» վերնագրով: Այս գիրքը որոշակի հետք թողեց անգլիական խոհարարության պատմության մեջ և նույնիսկ մի քանի անգամ վերահրատարակվեց, իսկ նրա հայտնի ամուսինը գրեց առաջին հրատարակության նախաբանը: Հայտնի է, որ Դիքենսի սիրելի տապակած պանրի բաղադրատոմսը նույնպես այս գրքում էր, բայց ամուսնալուծությունից հետո նրա կինը այն չընդգրկեց երկրորդ հրատարակության մեջ, ուստի այս պանրի պատրաստման հատուկ դիքենսյան տեխնոլոգիան մեզ համար գաղտնիք է մնում:
Լև Տոլստոյ
Կոմս Լև Տոլստոյը հայտնի քաղցրակեր էր. նրանց տանը միշտ շատ քաղցրավենիք կար: Կինը՝ Սոֆյա Անդրեևնա Տոլստայան, նույնպես գրել է իր «Խոհարարական գիրքը», որը, ի դեպ, վերջերս է լույս տեսել: Այն կոչվում է «Обед для Льва. Кулинарная книга Софьи Андреевны Толстой»: Այս գրքի հետ կապված պետք է նշել Լև Նիկոլաևիչի երկտողը, որը նրա որդի Իլյան է մեջբերել իր հուշերում:
«Что сильней, чем смерть и рок, — сладкий анковский пирог».
«Ի՞նչն է ավելի զորեղ քան մահն ու բախտը. քաղցր անկեւյան թխվածքը»:
Իլյա Տոլստոյ. Իմ հիշողությունները
Այս հայտնի տորթի պատրաստման գաղտնիքը կոմսի զոքանչի հետ կիսվել էր Տոլստոյի ընտանեկան բժիշկ Նիկոլայ Անկեն, այդ պատճառով էլ տորթը կոչվեց Անկեւյան: Հետագայում Սոֆյա Անդրեևնան նույնպես սովորեց պատրաստել այն: Այդ ժամանակներից ի վեր Տոլստոյի ընտանիքում ոչ մի տոնակատարություն չէր անցնում առանց այս քաղցրավենիքի:
Սա էլ նրա սիրելի թխվածքի բաղադրատոմսը.
Բաղադրությունը
3 ձու
1,5 բաժակ յուղոտ թթվասերը
1 բաժակ շագանակագույն շաքարավազ
150 գ հեղուկ մեղր
2.2 բաժակ ալյուր
վանիլին
0,7-ական թեյի գդալ սոդա և աղ
կարագ
զարդարանքի համար՝ նարնջի կեղև
Կրեմի համար
4 ձու
100 գ կարագ
3 կիտրոնի հյութ և քերած կեղև
1 բաժակ շագանակագույն շաքարավազ
Բազմանդամ ընտանիքի սիրած մյուս քաղցրեղենը ՝ մուրաբան էր: Յասնայա Պոլյանա կալվածքում շատ պտղատու ծառեր կային, ուստի այն եփում էին մեծ քանակությամբ: Ինքը` Լև Նիկոլաևիչը, դեռ մանկուց պաշտում էր մուրաբաները: Իր հուշերում նա գրել է.
«Ես շատ էի սիրում մուրաբա, երբեք չէի հրաժարվում դրանից և նույնիսկ հաջողեցնում էի ինքս գտնել այն ժամանակ, երբ ինձ չէին տալիս: Հիշում եմ, որ երբ ինձ քիչ էին մուրաբա տալիս, ես ավելին էի պահանջում: Ինձ ասում էին՝ չի կարելի: Այդ ժամանակ ինքս թաքուն գնում էի խոհանոց, գտնում մուրաբայի տարան և հենց ձեռքով ուտում միջից»:
Կյանքի վերջին տարիներին Լև Տոլստոյն ամբողջովին հրաժարվեց մսից, բայց մինչև կյանքի վերջ սիրում էր քաղցրավենիք և հաճույքով ուտում:
Ագաթա Քրիստի
Դեդեկտիվների թագուհի Ագաթա Քրիստին դեռ մանկուց առանձնանում էր լավ ախորժակով: Իսկ ահա դեռահասության տարիքում ուտում էր մեծահասակներից էլ շատ: Նրա ընթրիքը կարող էր սկսվել խաշած, ապա տապակած հնդկահավով, և ավարտվել տավարի ֆիլեով և կրեմով թխվածքաբլիթով:
Անգլիացի գրողն իր ինքնակենսագրականում գրում է. «Հաշվի առնելով սննդի այն ահռելի քանակությունները, որ ես կուլ էի տալիս, զարմանում եմ՝ ո՞նց էի այդքան նիհար մնում»:
Տարիքի հետ գրողը սկսեց փիլիսոփայորեն վերաբերվել սննդին, ավելի՝ զսպել ախորժակը: Բայց, ամեն դեպքում նա սերը ուտելքի նկատմամբ մնաց:
Ագաթա Քրիստիի սիրած ուտեստների ցանկը բավական ընդարձակ է: Ցանկացած տեսակի միս, քաղցրեղեն մեծ քանակությամբ: Սակայն ինքը՝ գրողը նշում է, որ իր ամենասիրելի ուտեստն, այդուհանդերձ, դեռ մանկուց եղել է սերուցքը:
Գրողն իր խոհարարական նախասիրությունները տեղափոխում էր իր վեպերի էջեր, և կարող էր ստեղծագործություն նվիրել ու ընծայագրել որևէ ընկերոջ, որն իրեն նոր ու լավ ուտեստ էր հյուրասիրել, կամ փառահեղ ընթրիքի հրավիրել:
«Սնունդը ինչ-որ մեկին սպանելու ամենահեշտ ու ամենաարագ եղանակներից մեկն է»:
Ագաթա Քրիստի
Գյուստավ Ֆլոբեր
Ֆրանսիացի գրող, «Մադամ Բովարի» սկանդալային վեպի հեղինակ Գյուստավ Ֆլոբերը հայտնի է նաև նրանով, որ, այսպես կոչված, «հինգի ճաշկերույթների» մասնակիցներից մեկն էր: «Հինգի ճաշկերույթները» հայտնի հինգ գրողների հանդիպումների ձևաչափն էր, որի ընթացքում նրանք ուտում էին համեղ ուտեստներ և խոսում գրականության մասին:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի անգամ Ֆլոբերն իր գործընկեր գրողներին հրավիրեց ամեն ամիս հանդիպումներ անցկացնել ռեստորանում, որտեղ նրանք կքննարկեին գրականություն համեղ ճաշի սեղանի շուրջ: Այս հավաքներին ներկա էին ինքը՝ Գյուստավ Ֆլոբերը, Էմիլ Զոլան, Էդմոն Գոնկուրը, Ալֆոնս Դոդեն և Իվան Տուրգենևը:
Ալֆոնս Դոդեի հուշերից.
«Այս հավաքույթները կոչվում էին «Ֆլոբերի ճաշկերույթներ» կամ «ծաղրուծանակված հեղինակների ճաշկերույթներ»: Իսկապես, մենք բոլորս էլ ձախողվել էինք այս կամ այն ստեղծագործությամբ... Ժիրարդիենը ևս ցանկանում էր միանալ մեր ընկերությանը, բայց նա գրող չէր, և մենք նրան չընդունեցինք: Տուրգենևը մեզ ասում էր, որ Ռուսաստանում իրեն ծաղրում են, բայց քանի որ Ռուսաստանը հեռու էր, մենք չէինք կարող ստուգել՝ արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ»:
Գուստավ Ֆլոբերը ծանրամարմին մարդ էր, նա նախընտրում էր դժվարամարս և յուղոտ սնունդ: Նրա սիրած ուտեստը տապակած բադն էր: Այս ուտեստը պատրաստվում էր հետևյալ կերպ. բադը լցոնում էին խոզի ճարպով, լյարդով և խոտաբույսերով և երկար տապակում էին ցածր ջերմաստիճանի տակ: Ժամանակակիցներն ասում էին, որ Ֆլոբերն այդպիսի մի ամբողջ բադ կարող է միայնակ ուտել:
Իր հուշագրության մեջ Ալֆոնս Դոդեն սիրով հիշում է իրենց միասին անցկացրած երեկոները.
«Մենք սեղան էին նստում երեկոյան յոթին, իսկ գիշերը ժամը երկուսին դեռ շարունակում էինք ուտել: Ֆլոբերն ու Զոլան հանում էին իրենց բաճկոնները, Տուրգենևը մեկնվում էր բազմոցին... Ֆլոբերի ձայնը զրնգում էր ամբողջ շենքով, մենք խոսում էինք գրականության մասին՝ բացսիրտ, առանց շողոքորթությունների, առանց փոխադարձ գովասանքների»:
Ալեքսանդր Դյումա
Ֆրանսիացի մեծ գրող Ալեքսանդր Դյուման իրական գուրման էր և սիրում էր նաև պատրաստել: Կյանքի վերջին տարիներին նա նույնիսկ «Խոհարարական մեծ բառարան» գրեց, որտեղ էլ գրառեց իր կյանքի ընթացքում խնամքով հավաքած բոլոր գրառումներն ու բաղադրատոմսերը:
Ի դեպ, Դյուման այցելել է շատ երկրներ: Որտեղ էլ լինում էր, միշտ փորձում էր տեղական խոհանոցը և մանրամասնորեն հարցնում էր իրեն դուր եկած ուտեստի բաղադրատոմսը:
Դյումայի ամենասիրելի ճաշատեսակը ֆրանսիական ավանդական սոխով ապուրն է: Ահա հենց Դյումայի բաղադրատոմսը.
«Վերցնել չորս սպիտակ սոխ, մաքրել կեղևը, կտրել սոխը շերտերով, բաժանել օղակների: Կաթսայի մեջ հալեցնել կարագը, այնտեղ դնել սոխի օղակները, տապակել մինչև ոսկե դարչնագույն կդառնան սոխերը, ավելացնել մի քիչ ալյուր և տապակել այնքան, մինչև խյուսը ևս կդառնա ոսկեգույն: Դրանից հետո լցնել սպիտակ լոբու արգանակ, իսկ եթե չկա, ապա ջուրը աղով և պղպեղով բացել և լցնել խյուսի վրա: Դնել ապուրը կրակի վրա՝ փորձելով այն հասցնել փրփրելու աստիճանի, բայց աշխատել չեռացնել այն, ապա լցնել տարայի մեջ՝ նախապես կարմրեցրած հացի կտորների և կարագի վրա: Քերած Գրուիր պանիրը մատուցել առանձին ափսեով՝ սիրողների համար»: