Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի արխիվում են պահվում մեծ երգահանի նամակները: Մտերմներին, նաև ժամանակի հայտնի մշակութային, գրական, եկեղեցական գործիչներին ուղղված այդ ուշագրավ նյութերը, ներկայացնում են Կոմիտասին այլ, ավանդական - ողբերգական կերպարից տարբերվող տեսանկյունից: Այստեղ Կոմիտասը ներկայանում է որպես կենսախինդ, ուժեղ, նպատակասլաց ու ակտիվ գործիչ, նրբազգաց, հարուստ ներաշխարհով, հումորի մեծ զգացում ունեցող մարդ՝ կյանքի ու արվեստի վերաբերյալ խոհերով, հիասթափություններով ու ոգևորություններով: Հետաքրքիր է, որ որոշ նամակներում պահպանվել են նաև Կոմիտասի ինքնատիպ գծանկարները: Ներկայացնում ենք Կոմիտասի երեք նամակներն ուղղված իր աշակերտուհի Մարգարիտ Բաբայանին: Նամակներն ուղեկցվում են գծանկարներով:
1906 թ. հոկտեմբերի 23, Փարիզ
Սիրելի՛ օր<իորդ> Մարգարիտ,
Ձեր նամակիկն ինձ անչափ ուրախացրեց. հազար մի մտքեր անցան. օտարներն են հետաքրքիր հայ հեղինակներով, իսկ Ս. Էջմիածնի ջոջե՞րը... Անմիջապես գրեցինք մեր գրասեղանից այս շտապագիրը, որ, եթե հնար է, ներումն շնորհեցեք ինձ այս քանի օր է չգալուս համար, թեև ներումն տուողն եմ, իբր վարդապետ, ես. էս մէկն էլ a la Սուքիաս արքեպիսկոպոս էր: Երգերի մի մասի արտագրութեամբն եմ զբաղուած, որ երգիչների բաժինը քարտիպ պետք է լինի: Հինգշաբթի կգամ և հետս կբերեմ թե՛ երգերի բառերը, թե՛ մեր շնորհածիր ու թանկագին օրիորդ Շուշիկի նուագելիք Մշոյ շորորի նախանուագը: Շատ բարև մեր սիրելի բարեկամ Լալուային, օրիորդացդ և Ձեզ լուսոյ մեջ պահող մայրիկին. ականջը կանչի բժշկապետի։
Ապագայ մտածողը՝
Ձեր Կոմիտաս
1906 թ. դեկտեմբերի 8, Փարիզ
Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց:
Աստուած իրանց բարին տայ:
Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
Շատ ու շատ բարև բոլորիդ:
Ձեր անձնուէր
Կոմիտաս
Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն:
Կար ու չըկար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց
Եկաւ,
Նըստաւ
Ճակտին վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՛կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունես»:
«Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացիր
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»:
1907 թ. փետրվարի 7, Փարիզ
Սիլելի օլիոլդ Մալգալիտ. նախ և ալաջ կհալցնեմ Ձել թանկագին ալողջությունը մեզ ոլ հալցընէք, փալք եւ գոհութին Աստըծու՝ սատ տլուզ ենք եւ ալողջ: Սատ եւ սատ եւ յատուկ բալեւնելս կմատուցանեմ մայլիկին, հայլիկին, հին ու նոլ հալսելին, մեծ ու պզտլիկ փեսիկնելին, գոլոլիկ թոլնիկին եւ ամենեցուն, ոլոնք մեզ կհալցանեն: Սատ ու սատ սնոլակալութին Գոհալ Մալգալիտ Պէլէաս եւ Մելիզանդից. ամեն ու նուագելիս Ձեզ կյիսեմ:
Ելգելի ալտագյութինը դել չեմ վելջացլել, ոլովհետեւ ջանս դուս գալու ցափ էլի մսակում ու ալտագլում եմ, բայց սուտով կվելջանայ, ուլա՛խ ելիլ: Աւետալանը ասում է, թէ ով ոլ համբելի, իսպանալ կելիցէ, դուք էլ, ոլ համբելէք իսպալ՝ կապլիք սատ, իսկ իմ ելգելն էլ լաւ կլինեն, համբելութինը կեանք է, ասում են։ Է՜Հ, բոլ է, սատ բացբելանութիւնը լաւ ցէ, ասում է գոլծը. էս ա, սուտով կվելջացնեմ նամակս եւ կասխատեմ, ասխատելուց լաւ բան չի կայ, ասում է մէկը։
Սիլելի՛ օլիոլդ, սատ ու սատ սնոլհակալ եմ Ձել ուսադլութեան համալ. Պէլէասը ինձ պիտի յիսեցնի Օպելա կոմիկի սատախօզ, մեծ ու պզտիկ մել լօզի մօտ նստող անգլիացինելին, ոլոնք եկած էին օպելա լսելու, բայց էս (չ) եկան ու էս էլ գնացին, կալծում էին, ոլ պէտք է ծիծալէին, բայց լալու բանել սկսան լսել, ելուի կալծում էին, ոլ օպելան կոմիկ անուն ունենալով՝ իլանց էլ կզուալճացնէ. սխալմամբ էին ընկել այնտեղ կալծեմ սրլճանոց էին սպասում, չէ՞... նոքա հասան իլենց մուլազին, մենք էլ հասնենք մել մուլազին:
Ամէն:
Օլիո՛լդ ջան, սատ եմ ցաւում, ոլ այսօր զըլկուելու իմ համելգից, ոլովհետեւ Մելիքեանի՝ ոլդոց ես եմ մկլտելու: Այսօր Դաւիդովից՚ հրաւէր երկու հոգու համար ստացայ, տալիս է համերգ, վաղը, 101, Avenue Victor-Hugo, 8 1/2-ին. ես կհանդիպեմ Ձեզ, եթէ գալու լինէք, միասին կերթանք, 10 ֆր<անկի> ամենալաւ տեղն է ուղարկել:
Շատ կալօտով
բալեւ
ինձնից։
Էս էլ ես եմ.
Աղբյուրը՝ Կոմիտաս, Նամակներ, Երևան, 2007: