Մարտիրոս Սարյանը 1924 թվականին մասնակցում է Վենետիկի միջազգային 14-րդ Բիենալեին և Խորհրդային միության տաղավարում ներկայացնում մի շարք նկարներ։ Արժանանում մեծ հիացմունքի ու գնահատանքի: Մ․ Սարյանի պայծառ ու տաք բնապատկերները առանձնանում են Սովետական ռեալիստական ու քաղաքականացված արվեստի նմուշներից(Այս մասին կարդալ ավելին)։
Տեսարան Խորհրդային արվեստի տաղավարից, 1924 թ․
Վենետիկում էր այդ ժամանակ ապրում հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: Նա և Մարտիրոս Սարյանը մտերմանում են, և այդ մտերմությունը ձգվում է հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Հայ մշակույթի երկու մեծերի վենետիկյան օրերի մասին ուշագրավ պատմություններ է ներկայացնում Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգենը, իր՝ «Հայրս» գրքում: Ներկայացնում են մի դրվագ այդ հուշագրությունից:
Ավ․ Իսահակյան, Մ․ Սարյան, Վ․ Իսահակյան, Վենետիկ, 1924
Հայրս, նկարչությունից հագեցած, առաջարկեց մի դադար տալ՝ երկու կամ երեք օրով գնալ Լիդո՝ Վենետիկի հիասքանչ լողափը։ Հաջորդ առավոտ նստեցինք «Վապորետոն» արագընթաց նավը, որը քսան րոպեից մեզ հասցրեց Լիդո։ Լիդոն մի երկայն կղզի է, որը պաշտպանում է Վենետիկը Ադրիատիկ ծովից, գիշեր-ցերեկ նավերով միացած է Վենետիկի հետ։ Այնտեղ ասես մայրցամաք լինի՝ կան ավտոմեքենաներ, տրամվայ, կառքեր, իհարկե նաև բազում սրճարաններ ու խանութներ։ Ստվերածածկ լայն ծառուղիով ուղևորվեցինք դեպի լողափ։ Շոգ է, բազմամարդ, շատ են օտարերկրացիք, եկել են լողալու, թարմանալու։
Վենետիկցիները շատ չեն ախորժում ծովում լողալ, նախընտրում են մնալ իրենց տների զով ստվերում։ Վարձում ենք մի խցիկ, հագնում մեր լողազգեստները և վազում, նետվում Ադրիատիկի կապույտ ջրերի մեջ։ Հայրս լավ էր լողում, բավականին հեռանում էր ափերից, չէր երևում, Սարյանը, ափին մնացած անհանգստանում էր, կանչում․ «Ավետիք, վերադարձիր»։
Մ․Սարյան, Ավ․ Իսահակյան, Վենետիկ, 1924
Նստած ենք մանրավազի վրա, արևին չորանում ենք, Սարյանը հանել է իր գծատետրը և փորձում է թղթին հանձնել մեզ շրջապատող գեղեցիկ լողորդուհիների պերճախոս շրջագծերը, բայց շուտով ձանձրանում է, թողնում տետրը և հորս հետ միասին զմայլվում այս աստվածային էակների գեղեցկությամբ։ Այս ջրահարսները եկել էին հյուսիսային երկրներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, եկել էին Իտալիա՝ արև ու սերենադներ որոնելու։ Հայրս նրանց հետ գերմաներեն խոսքեր էր փոխանակում, հաճոյախոսություններ անում։ Սարյանն ավելի երկչոտ էր և օտար լեզու չիմանալով՝ մի կողմ էր մնում, նորից վերցնում գծատետրը և էսքիզներ անում, ընծայում նրանց, նրանք էլ բարեհաճում էին ընդունել, առանց իմանալու, թե ինչ գանձ էին ստանում։ Շատ տարիներ հետո հայրս և Սարյանը պիտի հիշեին այս երջանիկ օրերը և այն գեղեցիկ ջրահարսներին, որոնց Սարյանն իր նամակներում անվանում էր «լավերը»։
Աղբյուրը՝ Վիգեն Իսահակյան, Հայրս, Երևան, 2000։