Մեծերն էլ ունեն իրենց սննդային նախասիրությունները, սիրելի ուտեստներն ու տարօրինակ սովորությունները։ Որոշել ենք այս հոդվածով պատմել ամբողջ ճշմարտությունը տղամարդ գրողների գաստրոնոմիական նախասիրությունների, ինչպես նաև խոհարարության նկատմամբ վերաբերմունքի մասին։
Նիկոլայ Գոգոլ
«Մեռած հոգիների» հեղինակը, անշուշտ, մեծ ուշադրություն է դարձրել սննդին, հաշվի առնելով, թե որքան է նա գրել այդ մասին իր վեպերում։ Նրա անձնական նամակագրությունից և ժամանակակիցների գրառումներից հայտնի է դառնում, որ նա շատ էր սիրում սնունդը և չէր կարողանում չափը պահել, երբ հերթը ուտելիքին էր հասնում:
Նա նաև սիրում էր պատրաստել։ Իտալիայում նա սովորել է կարագով և պարմեզանով դասական մակարոնեղեն պատրաստել։ Ասում են, որ նա նույնիսկ սեփական կարագն էր եփում, իսկ նրա սիրելի ըմպելիքներից մեկը ռոմով տաք այծի կաթն էր։
Ջորջ Օրուել
Օրուելի խոհարարական գրառումներն այնքան հայտնի չեն, որքան նրա վեպերը կամ քաղաքական էսսեները, սակայն գրողը սիրում էր խոսել խոհարարության մասին։ 1946-ին չհրապարակված «Բրիտանական խոհարարություն» էսսեում նա ուսումնասիրել էր իր երկրի խոհանոցը՝ այն նկարագրելով որպես պարզ, բայց ծանր և մի քիչ էլ բարբարոսական: Նա կարծում էր, որ ծովամթերքը վատ է պատրաստվում, և որ կաթնային պուդինգները հիմնականում անհնար է ուտել։
Բայց Օրուելը կարծում էր, որ բրիտանացիները մի բան լավ են պատրաստում. սալորով պուդինգը՝ առանց սալորի, բայց չրերով:
Ֆեդոր Դոստոևսկի
1849-1854 թվականներին գրողը գտնվել է Սիբիրում, ուստի կարող ենք հանգիստ ենթադրել, որ նա այնտեղ բարձր խոհանոցից օգտվելու հնարավորություն չի ունեցել։ Նրա կյանքի մասին պատկերացում ենք կազմում Ռասկոլնիկովի միջոցով, որին տալիս են «կաղամբով ջրիկ ապուր՝ մեջը լողացող բզեզներով»։
Դոստոևսկին սիրում էր մրգեր. Սեմիպալատինսկում, որտեղ նա աքսորված էր, բերում էին սառեցված խնձորներ, որոնք պետք է «հետ բերեին» սառը ջրում:
Բացի այդ, գրողը սիրում էր պանիր, խավիար ևերշիկ։ Կարող էր ընթրիքին ուտել միայն բուլկի, խմել թունդ, քաղցր թեյ: Բացի այդ, նա պաշտում էր մրգերն ու քաղցրավենիքները,հատկապես՝ պաստիլա, չամիչ, սալորաչիր և Տուլայի քաղցրաբլիթներ:
Ջոն Սթայնբեկ
Ինչ վերաբերում էր սննդին, Ջոն Սթայնբեկն իրեն պահում էր locavore ոճով, այսինքն՝ նախընտրում են ուտել միայն այն, ինչ աճեցրել կամ մեծացրել են տանը։ Լոնգ Այլենդում ապրելու ընթացքում նա ծովամթերք էր ուտում, պարբերաբար ձուկ էր բռնում և ընթրիքին հենց միայն ձուկ էր ուտում։
Բայց Սթայնբեկը հաճախ ճանապարհորդում էր ԱՄՆ-ի արևմտյան շրջաններ, որտեղ ձկնորսություն անել չէր կարող, հետևաբար՝ ձուկ ուտել ևս: Հենց այդ կողմերում էլ նա պատրաստում էր մեքսիկական pozole ապուրի իր տարբերակը՝ խոզի մսից և եգիպտացորենից: Այս ուտեստի բաղադրատոմսը գրողին էր տվել նրա ընկերը՝ սցենարիստ Ջեք Վագները:
Ժան Պոլ Սարտր
Սիմոնա դը Բովուարին ուղղված նամակներից կարելի է հասկանալ, որ Ժան Պոլ Սարտրը քաղցրակեր էր և հատկապես հալվա էր սիրում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանակ զորակոչվելուց հետո Սարտրը Բովուարից մի քանի տուփ պնդուկի հալվա է խնդրում, իսկ հետո խիստ անհանգիստ նամակ է գրում նրան, երբ սկզբում տեղ են հասնում միայն գրքերը՝ առանց հալվայի...