Հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի(1928-1975) ծննդյան օրն է: Մինասի բուռն կյանքը ցավոք կարճ եղավ՝ ավարտվելով մինչ օրս էլ առեղծվածային ավտովթարով: Սակայն նկարիչը հասցրեց անցնել նշանակալի ու արգասաբեր ստեղծագործական ընթացք և խորը հետք թողնել հայ գեղանկարչության պատմության մեջ: Art365-ը ներկայացնում է հուշեր նկարչի կյանքից նրա՝ Ազգային պատկերասրահում պահվող նկարների ուղեկցությամբ:
Ինքնադիմանակար, 1960
Մտերմությունս Մինասի հետ շատ ջերմ էր: Գրեթե ամեն օր տեսնվում էինք: Ազնիվ էր, համեստ, չէր ծխում ու չէր խմում: Երբեք չէր ջղայնանում, նաև գրավիչ զրուցող ու պատմող էր: Հաճախ, ուշ երեկոները, երբ գնում էինք ծանոթ երիտասարդ նկարիչների մոտ, նրբորեն նշում էր թերություններն ու հայտնում գովեստը, բոլորի համար դառնալով բարեկամ-ընկեր:
Նկարիչը մինչ այդ բարեկամացել էր պատանի տարիքում կոտորածից փրկված, ապա ընտանիք կազմած ու հայրենիք ներգաղթած շինարար Գևորգին` հորս: Նրանց գիշերային երկար զրույցներից ծնվեցին հայրենի հողից դուրս նետված ու Մինասի վրձնով ժայռերի նմանեցված գաղթական մայրերի կերպարները։ Քիչ ուշ ստեղծվեց նաև քարագործ վարպետի նույնիմաստ դիմանկարն ու այլ գործեր:
Շահեն Խաչատրյան
Հիշողություն, 1973
Մի օր Մինասի հետ մտանք Սարյանի տուն։ Մինասին տեսնելով՝ շատ ուրախացավ։ «Դո՛ւ պիտի ղեկավարես նկարիչների միությունը։ Դո՛ւ պիտի բոլորին առաջնորդես»,-ասում էր Մինասին։ Այսպես խոսում ու հետն էլ նայում էր պատին կախված իր նկարներին։ Մինասի թեման, կարծես, ավարտելով՝ գլուխը խոնարհեց ու ասաց. «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը. առավոտյան ոչինչ չես անում, ցերեկը ոչինչ չես անում, երեկոյան ոչինչ չես անում»։ Եվ կրկնեց. «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը»։
Տիգրան Մանսուրյան
Սպասում
1966թ. աշնանն էր: Իմ տանն էին Պ. Սևակը և գրականության ինստիտուտի ուրիշ ընկերներ: Եկավ Մինասը, լրագրող Վ. Շահնազարյանի հետ։ Հաճախ էր ինձ մոտ գալիս, որպես կանոն, ուշ ժամերին, ցերեկվա գործերն ավարտելուց հետո: Պարույրը գրկեց և ջերմորեն համբուրեց Մինասին՝ տասնյակ տարիների ծանոթ-բարեկամի նման։ Ապա իրեն հատուկ անմիջականությամբ ասաց. «Մինաս, դու ոչ միայն մեծատաղանդ նկարիչ ես, այլև բանաստեղծ։ Քո բանաստեղծական ապրումով լիքը մի խոսքն ինձ ասել է Վաչեն:
Ես օրվա 24 ժամերին գյուղում զբաղված եմ տան շինարարության, այգու աշխատանքներով, աչք բացելու, քաղաք գալու ժամանակ չունեմ, քաղաքում հազվադեպ եմ լինում: Շորհակալ եմ իմ փոքր ախպորից` Վաչիկից, որ մեզ վերջապես հանդիպեցրեց: Քո այդ խոսքը շատ է բանաստեղծական, դու բանաստեղծ ես, ոչ միայն ներկերի, գույների. «Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, թվում է, թե այսօր գյուղ եմ գնալու, գյուղ պիտի գնամ»: Ես այդ մեծ կարոտի զգացումը, ապրումն ունեցել եմ շատ անգամներ՝ հեռավոր Մոսկվայում եղած տարիներին, որն ի վերջո, այս տեսքն է ստացել.
Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում
Ոչ Հայաստանում։
Տեղն ու տարածությունը կարևոր չեն, այլ ապրումի պոետական ծավալն ու խորքը, տարողունակությունը»:
Մինասն իրեն հատուկ խորաթափանցությամբ խոսեց Սևակի մի քանի գործերի մասին՝ զարմանք պատճառելով մեզ և Սևակին իր գրական նուրբ, խորունկ վերլուծումներով:
Վաչե Սաֆարյան
Նատյուրմորտ, ձմերուկ, 1960
..Մինասը մեզանում իրոք բացառիկ երեւույթ էր: Խորհրդային երկրի տարբեր քաղաքներիցՙ Մոսկվայից, Լենինգրադից, Վիլնյուսից, Տալլինից, Սվերդլովսկից եւ բազմաթիվ այլ վայրերից մարդիկ էին գալիսՙ գրողներ, նկարիչներ, գիտնականներ, գալիս էին հատուկ նպատակովՙ Մինասի հետ ծանոթանալու, նրան տեսնելու համար: Տասնյակ ու տասնյակ անուններ կարող եմ հիշել: Նման մի երկրորդ անձ չի եղել մեզանում: Եվՙ չի էլ լինի:
Մինասի արվեստանոցում, դռնից դեպի ձախ մի հնամաշ-հնաոճ սեղան եւ մի քանի աթոռ կար: Դա արվեստանոցի հավաքավայրն էր, ամենաջերմ անկյունը: Մի անգամ արվեստանոցում ռուս երաժիշտներ եւ արտիստներ կային: Զրույցի միջոցին հեռախոսը զանգեց: Մինասը վեր կացավ եւ մոտեցավ արվեստանոցի խորքում, պատուհանագոգին դրված հեռախոսին եւ սկսեց խոսել:
Ներկա օտարներից մեկը, բալետի հայտնի բեմադրիչ Յուրի Պոտյոմկինը , խոշոր գանգուրներով, արծաթած մազերով, դեմքի ուղիղ գծերով, Ջան Մարիա Վոլոնտեին հիշեցնող բարձրահասակ եւ գեղեցիկ մի տղամարդ, ինքըՙ ազնվականի երեւույթով, նայելով Մինասին եւ հեռվից հեռու հետեւելով նկարչի դիմախաղին, ասաց.
- Բայց, նրան նայեցէք, նա չէ՞ որ գրանդ է, իսպանական գրանդ, իսկական արիստոկրատ:
Այո, Մինասը գրանդ էր, արիստոկրատ եւ ամենից առաջՙ ոգու արիստոկրատ:
Նա արիստոկրատ էր իր բարեկիրթ խոսքով, իր նուրբ ու խոր մտածումներով ու խոհերով, իր առօրյա պարզ կյանքով եւ նրբակիրթ վարվեցողությամբ եւ մանավանդ իր վսեմական արվեստով:
Երվանդ Տեր-Խաչատրյան
Փիլիսոփա, 1960
Մինասն ինքն իր էությամբ ոնց որ հավաքածու լիներ։ Ժողովրդի անցյալը, ներկան, զարմանալի բան էր, ինչպես կարող էր այդքան շատ լինել նրա մեջ։ Նա խորապես էր ընդունում այդ ամենը. ինչպես սեփական մաշկի վրա։ Հոյակապ գիտեր հայ ժողովրդի պատմությունը, մեր մտավորականներին։ Տխրությունը գալիս էր նաեւ նրանից, որ 1915 թ. քրոջն ու եղբորը սպանել էին, տատիկին այրել… Ճիշտ է, ինքը չէր տեսել այդ ամենը, բայց հիշողությամբ գենետիկորեն փոխանցվել էր։ Նա ուրիշ տեսակի էր. մտածելակերպը, քայլելը, խոսելը, ամեն ինչ ուրիշ տեսակի էր… Դուրս էր եկել Ջաջուռից, պատկերացրեք գնալ-սովորել Լենինգրադում, երբ տնից ոչ մի կոպեկ չկար։ Նա գիշերներն աշխատում էր կաթսայատանը, որ գումար հայթայթի ոչ միայն սնվելու, այլ՝ ներկերի համար։ Գերզգայուն էր… Երբ ամուսնացանք, ասում էր, որ երկար չի ապրելու։ Հետո-հետո հասկացա։ Իր վախճանից երկու տարի առաջ կանչեց, ասաց՝ քեզ մի բան եմ ուզում ցույց տալ, հանեց մի գործ (հրդեհից հետո նկարած), ինքն է, իր վերջին րոպեները, ես կռացած իր վրա… ցնցված էի։ Եվ տեղս չէի գտնում։ Ասաց՝ այդպես պիտի լինի…
Գայանե Մամաջանյան (կինը)
Խաչելություն, 1973
Աղբյուրներ՝ glartent.com
aravot.am
yerevan.onine