Հուղարկավորությունը
Հովհաննես Թումանյանը երկարատև հիվանդությունից հետո մահանում է Մոսկվայում 1923 թ. մարտի 23-ին:
1923 թ. ապրիլի 15-ին Թիֆլիսում՝ Խոջիվանքի գերեզմանատանը տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի հուղարկավորությունը: Սակայն բանաստեղծին հողին են հանձնում առանց սրտի:
Գողացված սիրտը
Հայտնի է, որ Մոսկվայում, դիահերձման ժամանակ, այնտեղ գտնվող բանաստեղծի որդին` Արեգը խնդրում է բժիշկներին Հովհաննես Թումանյանի սիրտը իրեն տալ: Այս մասին եղբորը` Համլիկին գրված նամակում Արեգն ասում է.
«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
Անհանգիստ սիրտը
Հայտնի է, որ տարիներ շարունակ բանաստեղծի հարազատները սիրտը սրբազան մասունքի պես պահում են գրողի սենյակում՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Մի անգամ Թիֆլիս՝ Հովհ. Թումանյանի հարազատներին է այցելում Ավետիք Իսահակյանը:Բանաստեղծը մնում է գիշերելու Թումանյանների հարկի տակ և նրան տեղավորում են հենց նույն սենյակում:Ավ.Իսահակյանն ամբողջ գիշեր անհանգիստ է լինեում: Իսկ երբ առավոտյան իմանում է, որ Թումանյանի սրտի հետ նույն սենյակում է գտնվել, իր անքնությունը բացատրում է հենց հարազատ ու անանգիստ սրտի ազդեցությամբ:
Թերևս այս դեպքից հետո, ըստ որոշ աղբյուրների հենց Իսահակյանն է համոզում հարազատներին Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը տեղափոխել Երևան: Սիրտը հանգրվանում է Բժշկական ինստիտուտի անատոմիկում:
Հայրենի տան բակում
1994 թվականի Հովհ. Թումանյանի սիրտը հողին է հանձնվում Դսեղում՝ հայրենի տան բակում, այս առիթով կառուցված հուշարձանի հարևանությամբ:
Աղբյուրը՝ Հ.Չարախչյանի էջ
Լուսանկարը՝ history.armenpress.am կայքից