Գրականագետ Լևոն Հախվերդյանը հաշվել է, որ Պարույր Սևակը կարճ ժամանակամիջոցում ամենից շատ բանաստեղծություններ գրել է 1964 թ. գարնանը Դիլիջանում՝ կոմպոզիտորների տանը հանգստանալու և երեք տարի անց՝ 1967 թ. գարնանը Արզնիում բուժվելու ընթացքում: Պատճառը գուցե այն է, որ «Անլռելի զանգակատունը» պոեմի հրատարակությունից հետո բանաստեղծի համազգային հռչակը, դրա հետ կապված տարբեր հանդիպումներն ու աշխատանքներն այնքան ժամանակ էին խլում, որ Սևակն ուղղակի դադար ու պահ չէր գտնում ստեղծագործելու համար: Այդ պատճառով ցանկանում էր թողնել մշտապես հյուրերով լեցուն Երևանի Կասյան, այժմ Վազգեն Առաջին Վեհափառի անունը կրող փողոցն ու բնակվել հայրենի գյուղում, որտեղ էլ նախաձեռնում է առանձնատան շինարարություն: Սակայն շինարարությունը նույնպես մեծ ջանք, միջոցներ ու ժամանակ է խլում.
«Ծննդիս քաշքշուկն(բանաստեղծի ծննդյան 40-ամյակի միջոցառումներ) անցնելուց հետո պիտի (բռնություն գործադրելով) բանաստեղծության բերանը փակեմ և վերադառնամ Սայաթ-Նովային պարտավոր եմ մինչև գարուն կատարել իմ տարեկան պլանը (ինստիտուտի համար), զի գարնանից պիտի զբաղվեմ շինարարությամբ (մինչև ձյուն գալը): Ախար, գիտե՞ս, թե՞ չգիտես, որ ես ահա 6 տարի է, ինչ մի... տնակ եմ սարքում մեր գյուղում։ Քանդվեցի(առողջությունս էլ հետը), իսկ տակից դուրս գալ չեմ կարողանում: Ու մինչև այդ տունը չսարքվի, ես ոչ մի լուրջ գործ չեմ կարող անել։ Նախ՝ որովհետև իմ Երևանի բնակարանը պարզապես քարվանսարա է և ինձ իմ տանը զգում եմ ոչ ավելի լավ, քան կայարանի սպասասրահում: Եվ հետո՝ շինարարական հոգսը խլում է իմ 12 ամսից 8-ը...», — գրում է բանաստեղծը Վահե Հովակիմյանին:
Իսկ Լևոն Հախվերդյանը հիշում է.
«Ի՜նչ խոսք կարող էր լինել երբեմնի հանգիստ զրույցների, շախմատ կամ նարդի խաղալու մասին: Գալիս էին ով ասես ու երբ ասես, մարդիկ, որոնց կարոտը չէին քաշում ո՛չ տանտերը, ո՛չ, մանավանդ, տանտիրուհին, բայց, փափուկերես մարդիկ, ընդունում էին բոլորին և անպայման սեղան գցելով: Ինչ էլ չլիներ` գյուղի ընտիր լավաշն ու պանիրը, օղին էլ հետը՝ կար ու կար: Պարույր մեջ ամուր նստած էր եկողի առաջ հաց դնելու գեղջկական սովորույթը: Դե արի, Նելլի, սեղան գցիր ամեն եկողի առաջ։ Եվ ի՜նչ կարող էին անել՝ մարդիկ գալիս էին ամենալավ մղումներով, իրենցից չխնդրվող ծառայություններ առաջարկելով, և, կարծում եմ, ոմանք էլ ծառայություններ, իհարկե՝ միջնորդական, խնդրելով, ազգի արժանավոր զավակի քեֆն ու հալը հարցնելով, նրան լավ պահելու խորհուրդներով:
— Թողնո՞ւմ են, որ պահեմ, եկողը հենց խորհուրդ է տալիս ու պատվիրում լրջորեն, չիմանալով, որ խանգարողն ինքն է, — մի օր բողոքեց Նելլին, որին Պարույրը պատասխանեց տրտմալի ժպիտով»:
Եվ այս հանգամանքներում զարմանալի չէր, որ Սևակը կարողանում էր ստեղծագործել միայն հանգստյան տներում, սակայն հենց այս գերլարված շրջանում էլ ծնվում են բանաստեղծի սիրված շատ գործեր, որոնց մի մասը հետագայում տեղ գտան նրա վերջին՝ «Եղիցի լույս» ժողովածուում: Շարունակելով Սևակն ափի մեջ նախագիծը՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին, ներկայացնում ենք Դիլիջանում ու Արզնիում ստեղծված այդ գործերի մի փունջ:
Գարնան վտանգավոր հոտը
-Հարկավոր չէ՜,- ասում եմ ես ինքըս ինձ,
Ասում եմ ես մտքիս մեջ
Ու մեկ-մեկ էլ՝ գժի նման՝ բարձրաձայն:
Հարկավոր չէ՜ այս նոր սերը ո՛չ մեկիս՝
Ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Ո՜չ մեկիս...
Բայց ակամա դերասանից (հասկանո՞ւմ ես, ակամա՜),
Հա՛, ակամա դերասանից ո՞վ է դժբախտ առավել...
Եվ կույր ձեռքս
Կույրին հատուկ խարխափումով ու դողով
Հեռվից-հեռու ձեռքդ, մեջքդ կամ աչքերդ է որոնում
Եվ մոլեգին շոշափումով կարծես նրանց վրայից
Ջնջում է իմ «հարկավոր չէ»-ն տառ առ տառ...
Վա՜յ քեզ, թշվա՛ռ երջանկություն,
Տանջանքի հո՛ղը գլխիդ:
Մի՞թե նրա չափ էլ չկաս, որ չտանջես ինքըդ քեզ,
Որ մոռանաս «միթե»-ները,
«Չէ որ»-ները քո երկսայր
Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթանցքին
Գարնան պես:
Իսկ գարո՜ւնը...
Արձակվում է ճամփաների պաղն արդեն:
Կպչուն ցեխն է հովեր առնում իշխելու:
Եվ ձների մարմնի վրա վտակները հալոցքի
Իրենց հունով բաց են անում նորանոր
Երակներ ու զարկերակներ սև ու տաք.
Սկսվում է մի նոր գարուն անհատա՜կ ու անհատա՛կ՝
Երազի մեջ մեզ պատահող անկումի՛ պես անհատակ...
Ինչքա՜ն կուզես «հարկավոր չէ՛» գոռգոռա.
Ինչքա՜ն կուզե թող ուղեղըդ երկմտանքի սև ջերմից
Ձյան պես հալվի,
Դառնա պաղած թանապուր.
Ինչքա՜ն կուզես խաչ դիր վրադ
Քո սեփական արյունով,
-Միևնո՜ւյնն է.
«Հարկավոր չէ՛»-ն իր իսկ կամքին հակառակ,
Ինքն իրենից թաքուն անգամ՝
Ի վերջո
Վերափոխվում ու դառնում է «ի՜նչ ուզում է թող լինի»,
Որովհետև... մարդը մա՜րդ է, ո՛չ թե քայլող գաղափար...
Որովհետև... «չէ որ»-ները նո՛ւյնպես քնել են ուզում...
Որովհետև... ինքդ գարնան վտանգավոր հոտ ունես...
Որովհետև... ինքս էլ գարնան վտանգավոր այդ հոտից
Միշտ զգում եմ գլխապտույտ,
Որ տևում է ամիսներ...
Որովհետև... պարտվե՞լ, այո՛,
Ումի՜ց կուզես դու պարտվի՛ր,
Սակայն ո՛չ թե ինքդ քեզնից.
Ինքդ քեզնից պարտվելով՝
Դու դառնում ես փսոր ծամոն
Կամ ինքնաթափ պատի ծեփ
Եվ ոչ նույնիսկ մի մեքենա,
Գեթ մեքենա՛ խելացի,
Որ կուզեի՛ իրոք դառնալ,
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Եթե բնավ չի՜ ստացվում, ի՞նչ անեմ:
Էլ ի՞նչ մնաց, որ ի՜նչ անեմ, սիրելի՛ս:
Մնաց գոռա՜լ, թե երկուսիս՝ ինձ ու քեզ,
«Հարկավոր չէ՛»-ն հարկավոր չէ՜ իսկապես.
Մե՛նք ենք իրար հարկավոր...
17.III.1964թ.
Դիլիջան
Առավոտ լուսո
Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես... ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:
Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին՝
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:
Ես՝ պատրանազերծ,
Բայց և հուսազեն,
Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում
Էլ չե՜մ զբաղվում ու չե՛մ զբաղվի
Չեղածի վրա եղածի թերին իզո՜ւր քննելով,
Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,
Կեղծված դրամով կեղծ բան գնելով,
Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն
Մահանալու պես անվերջ քնելով:
Ես՝ զարթնած արդեն,
Բայց դեռ անլվա,
Հեղուկով մի կուց,
Որ պարգևում է ձնհալն անխուսափ,
Նախ զովացնում եմ դեմքն իմ՝ հիվանդի՛,
Իսկ հետո՝ ամե՜ն տեսակ հիվանդի`
Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,- մե՜կ է:
Զովացնում նրանց ամենքի դեմքը՝
Իմ ամենաբուժ մատների հետքը
Անջինջ թողնելով սրա ու նրա
Դեռ գոց կոպերի,
Դեռ փակ շուրթերի,
Տակավին քնկոտ երեսի վրա:
Ու բոլորի՛դ մեջ,
Անխտիր բոլո՜ր-բոլո՜ր-բոլորի՜դ,
Ինչ-որ սիրելի մի բան եմ գտնում,
Սիրելու ինչ-որ արժանի մի բան,
Որ հավանաբար
Ա՛յն ժամանակ է ստեղծվել արդեն,
Երբ հին չորս ոտքից երկուսը
Անդարձ
Մենք կորցըրեցինք...
Եվ վեհ բարձունքից աններողության
Ես, քարի նման, վար եմ թավալվում՝
Հասնելով փափուկ ա՛յն ստորոտին,
Որից քիչ անդին
Ճահիճն է ապրում
Իր հավերժական ինքնածին կյանքով,
Եվ, քարի լեզվով, ասում եմ. «Այբ, Բեն»,
Այսինքն՝ «Արեգակ»,
Կամ՝ «Եղիցի լույս»...
16.III.1967թ.
Արզնի
Ձայնիվ երկրորդ առ Տեր կարդամ
Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու)
Հարգանքով Նրա առջև կեռանան,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք պահանջ չունենք,
Մենք գոհ ենք նույնիսկ,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք խոստանում ենք,
Եվ մենք իսկապե՛ս
Նրան չե՜նք կարող ու չե՛նք մոռանա,
Միայն թե թող Նա թողնի հեռանա…
Իսկ թե հա՛րկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս`
Դառնալով Նրա թագավորության
Հին Հպատակն ու նոր Քաղաքացին`
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը Արշալո՜ւյսը,
Գա՛,
Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
Բայց մի քիչ հետո
Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
Կորել է նաև ինքը Խավարը…
Արշալո՞ւյսը գա,
Եվ իր կտրված պորտից պոկվելով`
Նորածին օրը ալ-կարմիր շնչի
Եվ ինքն էլ զգա,
Որ իր այդ շնչով խոնավ ու տաքուկ
Այնպե՜ս է լցվում աշխարհը կրկին,
Ինչպես տկճորը արնագույն գինով,
Եվ այդ լցումի թրթիռը հսկա
Մանրիկ անցնում է մեր իսկ ներքինով`
Իբրև մի սարսուռ,
Որ մեզ կապում է անտես կապերով
Աստվածների հետ,
Դարձնում նրանց հետ մեզ հարաբերող,
Բայց և առնչում մեզ օվկիաններին,
Որոնց անվախճան ու տարուբերող
Մակընթացություն-տեղատըվությունն
Այլ բան չէ արդեն,
Քան թե աննշան մեր զարկերակի
Նշանակալից արձագանքը մեծ
Մեզնից սկսվող տարածության մեջ…
17.III.1967թ.
Արզնի
Լուսավորության չգիտեմ ինչը
Շա՜տ սպասելով,
Զո՜ւր սպասելով հարմար պաշտոնի`
Ես ինքս եմ ահա ինձ նշանակում
Լուսավորության նախարա՞ր ասեմ,
Թե՞ կատարածու լուսավորության,
Այսինքն` լույսի,
Լամպերի,
Ջահի,
Որպեսզի... նույնիսկ կույր քարանձավի
Խուլ մթությունը դահլիճ դարձնեմ
Կա՛մ համերգային,
Կա՛մ հարսանեկան...
Սեղմե՜մ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն...
Հո՜ւպ տամ մի կոճակ`
Եվ ստվերները
Դառնան ցայտաղբյուր ճառագայթների...
Աջ կամ ձախ պտտե՜մ մի երրորդ կոճակ`
Եվ մութը իսկույն
Հին չարքի նման
Չքվի-չքանա,
Ու թե մութ մնա,
Մնա ի՛մ կամքով,
Ու մնա միայն իբրև վարագույր
Համբույրի համար սիրահարների,
Իբրև ծածկատեղ փակ կրծքի բացման
Եվ իբրև պայման մանկահղացման...
Ու եթե լինի՜,
Հենց այսպե՛ս լինի,
Իզուր չե՛մ գոչի ես «Եղիցի լո՜ւյս»,
Այլ կշշնջամ արդեն. «Եվ եղև՛»:
Եվ լինի՜,Լինի՜...
15.II.1962թ. 17.III.1967թ.
Երևան-Արզնի
Աղբյուրը՝ Լ.Հախվերդյան, Պարույրը, Երևան, 1987