1923 թ, մարտի 23-ին երկարատև հիվանդությունից հետո Մոսկվայում վախճանվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Մեծ բանաստեղծի վախճանը ցնցում է հայ ժողովրդին: Նույնիսկ մտավորականության այն ներկայացուցիչները, որոնք գաղափարական որոշակի հակասություններ ունեին բանաստեղծի հետ, խոր ցավով արձանագրում են Հովհաննես Թումանյանի կորուստը: Եղիշե Չարենցը, որ անցյալի գրականության վերարժևորման շրջանում բավական սուր էր արտահայտվել Հովհ․ Թումանյանի մասին, 1923 թվականի տարեսկզբին Մոսկավայում էր գտնվում է և մի նամակ է գրում հիվանդանոցում գտնվող բանաստեղծին.
«Ամենասիրելի Հով. Թումանյան,
Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին։ Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից։ Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նայիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը։ Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր
«Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը։
Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Զեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս՝ իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերեքին այնքան շռայլ ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր»։
Մոսկվա, 1 հունվարի, 1923 թ․
Արդեն մարտ ամսին, երբ ստացվում է Հովհաննես Թումանյանի մահվան լուրը, Ե․ Չարենցը մահախոսական է գրում․
«Սերունդներ են կրթվել մեր մեծ պոետի գործերով և այդ գործերից շատ - շատերը այսօր և վաղը կրթելու են նորանոր սերունդներ։ Որովհետև Հով. Թումանյանն է հնչեցրել ընչազուրկ աշխատավորության, չքավոր գյուղացու առաջին երգը — «Արի գութանը», չքավոր գյուղացու, աշխատավորի սրտից է խմել մեր մեծ պոետը իր դառն ու տխուր երգերը։ Հնի, նահապետական անցյալի մութ ու մռայլ իրականության պատկերողն էր Հով. Թումանյանը, այն իրականության, որ արդեն սահել է հավիտենության գիրկը։
Եվ որքան մութն ու աղետաբեր էր այդ աշխարհը աշխատավորի համար— այնքան էլ տխուր ու վշտալի էին մեր մեծ պոետի երկերը։
Աշխատավորության դասի գոյության թարգմանը լինելով հանդերձ՝ Հով. Թումանյանը իր գեղարվեստական բարձրարժեք երկերում հասցրել է մեր լեզուն անտեսանելի ճկունության, հաղորդել է նրան առնություն և ուժ, միշտ կենդանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին։ Մեր մեծ պոետի մահով մեռնում է վերջին մոհիկանը մեր ժողովրդական առույգ ու հյութալի բարբառի-և մեր գալիք գրականությունը շատ բան ունի վերցնելու Հովհ․ Թումանյանի գանձարանից»։
Հովհաննես Թումանյան, 1923․25․03.
Մեկ տասնամյակ անց, Ե․ Չարենցը գրում է նաև Հովհ․ Թումանյանին նվիրված իր հայտնի բանաստեղծությունները․
Հ․ Թ․
Ես կարդում եմ նրան ու ասում.— Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս։—
1933․ IV 15
Նա մեծ էր ավելի, քան եղավ։— Երկընքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։—
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ —
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ․․․
1933.IV 15
Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ։— Արմատնե՜ր ուներ նա հողում։
Իր երգերը — գեղջուկ նայիրցու քրտինքո՛վ էր նա ողողում։
Հանճարեղ երգերում նրա — իր երկրի արև՛ն էր շողում։—
Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ։— Արմատնե՜ր ուներ նա հողում։—
1933.IV 17
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Չարենցի, Երևան, 2022: