Երբևէ հետաքրքրվե՞լ եք թե ո՞ւր են տանում քաղաքային լճակներում լողացող բադերին ձմռանը: Կամ մտքներովդ անցել է՝ խուլ ու համր ձևանել, մարդկանց տափակ հարցերից ազատվելու համար: Գուցե մտածել եք պահակություն անել տարեկանի արտում, որպեսզի երեխաները չընկնեն մերձակա անդունդը: Եթե այս ամենի մասին չեք մտածել, ուրեմն անհուսորեն մեծացել եք, վերջնականապես կտրել թելը մանկության աշխարհի հետ: Հեռացել այն աշխարհից որի կորստի ցավի, նաև մեծերի աշխարհ մտնելու դժվարությունների մասին է աշխարհի ամենահայտնի գրքերից մեկը՝ Ջերով Դեյվիդ Սելինջերի Տարեկանի արտում, անդունդի եզրին կամ այլ թարգմանությամբ Փրկիչը տարեկանի արտում վեպը:
Մեծ ազդեցություն
Կարելի է երկար պատմել այս վեպի ամերիկյան գրականության վրա ունեցած հսկայական ազդեցության, բայց նաև արգելված լինելու մասին: Այս նշանավոր վեպը ամենատարբեր ցանկերում 20-րդ դարի լավագույն վեպերի թվում է: Կարելի է նաև հիշել, որ հենց այս վեպը գտնվեց Ջոն Լենոնի մարդասպանի և մի քանի այլ մարդասպանների մոտ: Վեպի շատ ընթերցման, ազդեցության ու հասարակական-քաղաքական տարբեր իրադարձությունների հետ առնչություններն իհարկե հետաքրքիր ու տպավորիչ են, սակայն ավելի կարևոր է բովանդակությունը, մասնավորապես երեխայի անխուսափելի հասունացման ու մանկական անմեղությունը կորցնելու ողբերգության թեման:
Ծպտված ճանապարհորդություն, անցումային ծես
Վեպը պատմում է 16-17 տարեկան մի փնթփնթան, կոպիտ ու հայհոյախոս պատանու՝ Հոլդեն Քոլֆիլդի մասին: Նա հեռացվում է դպրոցից և վերադառնում տուն՝ Նյու-Յորք: Եվ այս ճանապարհորդությունը, ինչպես վեպերում հաճախ լինում է դառնում է երեխայի արագ հասունացման մի ընթացք, տարիքային անցումային ծես, բայց և մեծահասակների աշխարհի մի յուրահատուկ ուսումնասիրություն պատանու աչքերով: Մեծերի աշխարհը հերոսը ցույց է տալիս ոչ միայն նկարագրություններով ու բողոքներով, որոնք գրքում անվերջանալի են, այլ կարծես մտնում է մեծահասակի կաշվի մեջ, ծպտվում մեծահասակի դիմակի տակ: Եվ ամբողջ վեպի ընթացքում հերոսը գրեթե ոչինչ ավելին չի անում, քան իրեն մեծահասակի տեղ դնելը: Ու հենց այս գտնված գեղարվեստական հնարանքի միջոցով էլ հեղինակը ցույց է տալիս, թե ինչպիսին է մեծերի աշխարհը ներսից:
Մեծերի աշխարհը
Եվ ինչ է տեսնում տղան՝ կեղծիք, դերասանություն, անբարոյականություն, խեղճություն և անորոշություն: Մի անկատար ու տեղ-տեղ տհաճ աշխարհ: Բայց ողբերգությունը սա չէ, այլ այն, ուր մեծահասակները ամեն կերպ փորձում են տանել երեխաներին այնտեղ, նրանց դարձնել իրենց նման: Կարող է թվալ, որ որ այս գիրքը երեխաների ու պատանիների մասին է: Սակայն ընդհակառակը. այս գիրքը մեծահասակների մասին է, որոնց նմանակում են երեխաները: Հոլդենը սուտ է խոսում, ծխում, խմում, հայհոյում, քննադատում, ծաղրում իրեն շրջապատող գրեթե ամեն ինչ: Իրեն ներկայացնում այնպիսին, ինչպիսին իրականում չկա: Ճիշտ մեծահասակների պես:
Եվ այսքանից հետո մեծերը՝ ծնողներ, տարբեր ուսուցիչներ, և այլ մարդիկ, որոնք հանդիպում են հերոսի ճանապարհին, փորձում են դաստիարակել երեխաներին, նախապատրաստել նրանց բարեհաջող հասունացումը: Դառնում քարոզիչներ, բայց իրականում փրկիչների կարիք կա: Եվ Հոլդենը երազում է հենց այդ մասին.
«Հասկանո՞ւմ ես, ես պատկերացնում եմ, թե ինչպես փոքրիկները երեկոյան խաղում են վիթխարի դաշտում, տարեկանի արտում։ Հազարավոր փոքրիկներ, և շուրջը ոչ մի մարդ, ոչ մի մեծ չկա բացի ինձնից։ Իսկ ես կանգնած եմ զառիթափի եզրին, անդունդի պռնկին, հասկանո՞ւմ ես։ Ու իմ գործն այն է, որ բռնեմ երեխաներին, թույլ չտամ, որ սայթաքեն, անդունդն ընկնեն։Հասկանո՞ւմ ես, նրանք խաղում են ու չեն տեսնում ուր են գնում, իսկ ես վազում եմ ու բռնում նրանց, որ ցած չընկնեն։ Ահա և իմ ամբողջ աշխատանքը։ Պահպանել երեխաներին տարեկանի արտում, անդունդի եզրին։ Հասկանում եմ, սա հիմարություն է, բայց միակ բանն է, որ ես ուզում եմ իսկապես։ Երևի հիմար եմ»։
Փրկիչը տարեկանի արտում(թարգմ. Աստղիկ Աթաբեկյան):
Հոլդենը հրաժարվում է մեծանալ, բայց ըստ էության ընտություն չունի, ինչպես չենք ունեցել մենք և այդ ընտությունը չենք տալու մեր երեխաներին:
Արդյո՞ք Հոլդենը կդառնա փրկիչ, թե՞ կընկնի անդունդը, դժվար է ասել...ավելի հավանական է, որ նա կդառնա այնպիսին, ինչպիսին բոլոր մեծահասակներն են, սակայն նա իր առաքելությունն արդեն իրագործել է՝ մտածել է տվել այս ամենի մասին:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան