• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Սասնա ծռեր» Էպոսն Առաջին հանրապետության տարիներին

«Սասնա ծռեր» Էպոսն Առաջին հանրապետության տարիներին

Հայաստանի Առաջին հանրապետության կարճատև գոյության ընթացքում, հասարակա­կան-քաղաքական բարդ պայմաններում, թեև չենք կարող խոսել բանահավաքչական, ի մասնավորի, էպոսի գրառման համակարգված ընթացքի մասին, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1919 թվականին էպոսի երեք պատում  է  գրառվել: Հայտնի հայագետ Սենեքերիմ Տեր-Հակոբյանի գրառած այս պատումներից երկուսը առաջին անգամ հրատարակվել են միայն 1999 թվականին «Սասնա ծռեր» մատենաշարի Դ հատորում (պատումներ Ա և Բ), մեկը դեռևս անտիպ է: Այս տարբերակները պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հայտնի հայագետ Սենեքերիմ Տեր-Հակոբյանի ֆոնդում։ Այս պատումների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս տեսնելու դրանց գրառման ժամանակի ու պատումների բովանդակության կապ, նոր մոտիվներ։ 

 

Գրառման պատմությունը

 

1919 թվականի նոյեմբերի 12-ին Էջմիածին են բերվել ծագումով Սասունի Խուջարենք, Արծվիկ, Ճախրկանք գյուղերից և այդ ժամանակ Թալինի ու Աշտարակի գյուղերում ապրող՝  Օհան Գասպարյանը, Ղազար Տեր-Մկրտչյանը և Թովմաս Արեյանը: Առաջին երկու ասացողները պատմել են էպոսը, իսկ երրորդը՝ ոչ: Բանագետ Ա. Սահակյանը ենթադրում է, որ երրորդ ասացողը՝ Թովմաս Արեյանը հայտնի բանասաց Թամո Դավթյանն է, ումից հետագայում՝ 1932-ին, մեծ դժվարությամբ  պատում է գրառել հայտնի բանագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը: 

            Օհանի և Թամոյի պատումները էպոսի Սասնո տարբերակների խմբին են դասվում և կարևոր նշանակություն ունեն այս տիպի պատումների ուսումնա­սիրության համար, քանի  որ բանահավաքների վկայությամբ` Սասնո պատումների մեծ մասը սերում, կամ այս կամ այն կերպ առնչվում է Օհան Գասպարյանի և Թամո Դավթյանի պատումների հետ: Այդ առնչությունը նախևառաջ արտահայտվում է էպոսը նրանցից լսելու հանգամանքով:

            Արծվիկցի Օհան Գասպարյանը եղել է Թամո Դավթյանի մտերիմ ընկերը: Սակայն Օհանն ու Թամոն մտերմության և միմյանց պատումներին ծանոթ լինելու հանգամանքից անկախ, երկու առանձին վիպասանական ճյուղեր են ստեղծում։

Մյուս պատումի ասացող Ղազար Տեր-Մկրտչյանի մասին տվյալներ գրեթե չկան: Նրա մասին հետագայում չեն հիշում այլ վիպասացներ: Պատումի փաստացի գեղարվեստական որակից ենթադրվում է, որ նա եղել է հոգևորական և գրագետ: Ընդորում, ըստ պահպանված ձեռագրերի նախ իր պատումը շարադրել է գրավոր, ապա նրանից լսել ու գրառել է Սենեքերիմ Տեր-Հակոբյանը:

 

Գրառման ժամանակն ու պատումների բովանդակությունը

 

Ընդհանրապես վիպասացումը ոչ մի կերպ չենք կարող հանգեցնել պատմական, առասպելական, գեղարվեստական կամ այլ բնույթի տեղեկատվության սոսկական փոխանցմանը: Դա առանձին մշակութային համադրական ֆենոմեն է, որի կայացման գործում կարևոր դերակատարություն ունի նաև ունկնդիր միջավայրը, գրեթե միշտ տեսանելի է էպոսի ներկայացման ժամանակի հասարակական-քաղաքական իրադրության ազդեցությունը:

Էպոսագիտական գրականության մեջ վիպասացման անկումը հաճախ պայմանավորում են համապատասխան լսարանի բացակայությամբ: Բնականաբար լսարանը ժամանակի հետ անտարբեր է դառնում բանավոր հերոսական պատումի նկատմամբ և հատկապես նոր միջավայրում՝ Արևելյան Հայաստանում: Այս դեպքում ասացողը կամ ընդհանրապես տասնամյակներ շարունակ չի պատմում ոչինչ կամ ուղղակի փոփոխություններ է մտցնում պատումի մեջ՝ համապատասխանեցնելով այն լսարանի պահանջին ու ընկալումներին: Հաշվի առնելով էպոսի գրառման ժամանակի, միջավայրի ու բովանդակության որոշակի կապը՝ կարելի է քննել մոտիվային  նորությունները  Հայաստանի առաջին հանրապետության գոյության համատեքստում: 

 

Մասնավորապես Օհան Գասպարյանի պատումը համապատասխանում է Սասնո պատումների ընդհանուր բնութագիչներին՝ սեղմ է, չկա ավանդական քառաճյուղ համակարգը, սակայն պատումն աչքի է ընկնում բանաձևային կառույցների կիրառությամբ:

            Այդ սեղմության մեջ, շատ ավանդական է՝ ընդունված հիմնական մոտիվաշարով և գեղարվեստական միջոցներով, բայց կան նոր դրվագներ: Օրինակ Մհերի զենք ու զրահի մեջ հիշվում է թագը, որը այլ պատումներում չի հանդիպում: Նաև կռվից առաջ պողպատե սյան մոտ ուժի փորձության հայտնի մոտիվում սյունը միայն այստեղ հիշվում է որպես թագավորական նշան: Այսինքն բացի ուժի փորձությունը սյունը թերևս կարող է ենթարկվել միայն թագավորին.

 

-Դավիթ, – ըսեց (ձին), – թագավորի նշանը էստեխն է:

Ըսեց. – Ի՞նչ է թագավորի նշանը:

Ձին ըսեց. – Պողպատե սուն կանուխ էստեղ,

Քաշե թուր, զարկ(Սասնա ծռեր, հատոր Դ, պատում Ա, էջ 106):

 

            Այս մոտիվները հետաքրքիր են նաև նրանով, որ Օհանից իր պատումը լսած մեկ այլ ասացողի՝ Չարքյազ Պողոսյանի պատումում թեև առկա է ռազմի պարագաների նկարագրության մոտիվը, սակայն հիշատակություն չկա թագի ու թագավորական նշան սյան մասին: Ընդհանրապես թեև Սասնա հերոսները բոլոր պատումներում էլ ընկալվում են որպես թագավորներ, սակայն ասացողների ու ունկնդիր գեղջկական միջավայրում նրանք հազվադեպ են ներկայացվում որպես թագավորներ՝ համապատասխան թագավորական իշխանության նշաններով:

            Կան այլ նոր մոտիվներ, որոնք չեն հանդիպում մյուս պատումներում կամ հազվադեպ են իրացվում: Օրինակ, «Որձ» ջրի հիշատակություն, որը կտրում անցնում է գետը: Կամ առաջին ճյուղի բացակայությամբ Մհերը Մսըրից է գալիս Սասուն և կառուցում բերդը: Մհերի մահից հետո Մելիքը մորից խլում և գերում է Դավթին: Դավթի մայրն է ձիուն խորհուրդ տալիս Դավթին կաթնաղբյուր տանել: Կամ Դավթին մենամարտի ժամանակ հրեշտակների փոխարեն օգնում է Սուրբ Սարգիսը, ապա Դավիթը Մելիքին ոչ թե կիսում է, այլ թոփուզով խփում ճակատին և սպանում:   Դավիթը սպանում է Մելիքի զինվորներին, սակայն հարյուր հազար երիտասարդի ազատ է արձակում: Կռվում է Գամալիե Սուլթիկի հետ, ոչ ոք չի հաղթում, բայց Սուլթիկը տարբեր կերպ փորձում է Դավթին՝ շղթաներով, ջրի մեջ այրելով տաքացրած գութանի խոփով, ի վերջո Դավթին սպանում է աղջիկը և այլն:

 

Հերոսների թագավորական նշաններից՝ միջազգային հարաբերությունների հաստատում
        

    Ղ. Տեր-Մկրտչյանից գրառված «Սասունցի Դավիթ» պատումի վրա զգացվում է մեր մատենագրության նաև Աստվածաշնչի որոշակի ազդեցություն: Էպոսի հերոսները՝ Մհերն ու Դավիթն աչքի են ընկնում քաղաքական շրջահայացությամբ ու շինարարական ակտիվ գործունեությամբ: Մասնավորապես Մեծ Մհերը Սասունում շատ բերդեր է կառուցում, որպեսզի «արապներում հճում ի չաղ/էղնի մեջ ի շինած բերդերուն(արաբների հարձակման ժամանակ այնտեղ պատսպարվի)» և արաբների Հայաստան արշավանքի ժամանակ Սասունը մնում է անվնաս: Ընդհանրապես Սասուն և Հայաստան տարբերակումը շատ քիչ պատումներում է հանդիպում, իսկ այստեղ ասացողն առանձնացնում  է այդ հասկացությունները: Մեծ Մհերի մահից հետո, քանի որ նրա եղբայր Ձենով Օհանը Մհերի պես կտրիճ չէր, Մսրա Մելիքը գրավում և ավիրում է Սասունը: Այստեղ պառավից իմանալով հոր զենքի ու ձիու մասին, Դավիթը զինվելով՝  մեկ ամսում երկիրը մաքրում է արաբներից, շինարարական գործունեություն ծավալում, նույնիսկ հրաման արձակում, որ վերաշինեն Սասունի բերդերը: Ինքն էլ մի նոր բերդ է կառուցում, ապա ջուրը բերդ հասցնում և ջաղաց կառուցում:

            Դավթին ենթարկվում են նույնիսկ շրջակա վայրերի արաբները: Ինչպես նախորդ պատումում, այստեղ նույնպես տեսնում ենք թագավորական իշխանության նշաններ ՝ ռազմական-պաշտպանական նշանակության բերդերի կառուցում, թշնամու նկատմամբ արագ հաղթանակ, հրամանների ու օրենքների սահմանում, բերդերի վերականգնում և այլն: Էպոսի պատումների մեծ մասում Սասնո բերդը կառուցում են երկվորյակ եղբայրները, սակայն այն չի գիտակցվում որպես երկրի պաշտպանական միավոր, էպոսի հերոսները հրովարտակներ չեն արձակում: Այս մոտիվը պատումների մեծ մասում իրացվում է Մսրա Մելիքի հետ կապված:

            Ապա պատմվում է Շեյխ Մուհամետտի, Դավթի փախցրած աղջկա, Մուհամետտի երկու որդիների՝ Մահմուտի և Նասսրետտինի,  Մուհամետտի որդի Ապասի, նրա ոսկի մազերի և այն մասին, որ Դավիթը այդ մազերից քնարի լարեր է պատրաստում: Սասունի անկախությունը դուր չի գալիս Մսրա և Բաղդադի թագավորին: Մրսա թագավորը հարկահաններ է ուղարկում՝ գերիներ տանելու և տասը տարվա հարկը հավաքելու համար: Հովանը աղ ու հացով դիմավորում է Ալլին, Ուօլոին, Օսմանին: Դավիթն այդ ժամանակ բերդ է վերականգնում, երբ լսում է հարկահանների մասին: Վերադառնում է, ինչպես պատումների մեծ մասում, պատուհասում է հարկահաններին և կռվի հրավիրում Մսրա Մելիքին: Նաև բարկանում է, սպառնում պատժել Օհանին՝ ենթարկվելու համար: Ապա աղոթում է Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցում: Դավթի աղոթքը գրական է իր արտահայտության կերպով.

 

Ու զըր թևեր լենցուց դեպ էրկինք ու ասեց.

Ով Թորգոմի, Արամի ու մըր պապերի Աստված,

Տուր ըմ մանուկ թևերուն զորուտեն,

Ուար կառնամ կոտրըմ զքու սուրբ կրոնի նաեարնին,

Ուար դրած ան մեջ ուրանց մտքին՝

Գոտորին ուար ք'անվան մկրտված ժողովրդվուն

Եվ բղծին զքու Սուրբ Տաճառին(Սասնա ծռեր, հատոր Դ, էջ 121):

 

            Ապա զգուշացնում է թշնամուն և ձիու հետ միասին մեծ կոտորած անում: Ապա լսելով ծեր մարդուն՝ դադարեցնում է կոտորածը և նրա միջոցով կռվի հրավիրում Մելիքին: Մելիքը քնած է լինում, նրան արթնացնում են վեզիրները: Նա Դավթին հրավիրում է նստել թագավորական աթոռին և խոստանում իշխանաց իշխան դարձնել: Այս կոչումը, որ ըստ միջնադարայն պատմագրության տրվում էր հայ խոշոր նախարարիներին առաջին անգամ միայն այստեղ է հանդիպում, ինչը կրկին փաստում է, որ ասացողը լավ ծանոթ է պատմությանը: Դավիթը սակայն չի խաբվում և կռվի են դուրս գալիս: Այստեղ էլ Մելիքի խոսքում տարբերակվում են թագավոր և իշխան հասկացությունները: Մելիքը որպես թագավոր պահանջում է հարվածի իրավունքն իրեն տալ: Սրան հակառակ մնացած պատումներում Դավիթը հարվածը զիջում է Մելիքին նրա ավագությունը հաշվի առնելով, այլ ոչ թե սոցիալական դիրքը:  Մելիքը նույնիսկ պահանջում է, որ Դավիթը մեկ հարված տա, իսկ ինքը երեք.

 

Մելիք, դու զքու գուրզ զարկեցիր,

Ալ տոր իմո՞ւն ա, թա՞ չէ:

Մելիք ասեց. – Էն ի՞նչ օրենք է,

Օր  թագավոր ու իշխան մեկ հարգի տեր էղնին:

Բետք է, օր թագավոր էրգու-իրեք հաղ ալ եվել էղնի

Ու հարգ էղնի ուրան(Սասնա ծռեր, հատոր Դ, էջ 124):

 

            Ի տարբերություն պատումների մեծ մասի, որտեղ Դավիթը երեք հարվածներից երկուսը զիջում է մոր ու Աստծուն, կամ մոր ու քրոջը, այստեղ զիջման մոտիվը բացակայում է և Դավիթը ընդամենը մեկ հարվածով, Աստծո անունը տալով՝ սպանում է Մելիքին: Ապա թագովորի կանանց ու մյուս գերիներին ազատ արձակում:

            Դավթին հաղթանակը նրան մեծ հռչակ է բերում: Ի տարբերություն էպոսի պատումների մեծ մասի, այստեղ Դավիթն ընդարձակում է գավառի սահմանները: Ապա Դավիթը Սասունի հացի խնդիրը լուծելու համար, բարեկամանում է Հալեպի ամիրայի հետ և ամիրայի թույլտվությամբ բերդ է կառուցում Հալեպում: 

             Եթե պատումների մեծ մասում Դավիթը սահմանափակվում է վանքի վերաշինմամբ, այստեղ նա հիմնում է բերդեր տարբեր վայրերում, ջրամբար, ջրաղաց, ախոռներ, մսուրներ: Դավթի շինարարական ընդարձակ գործունեությունը նաև որոշակի հակադրության մեջ  է մտնում էպոսիի կենտրոնական հերոսի ավանդական ընկալման հետ: Անխուսափելիորեն փոխվում է Դավթի՝ որպես ծուռ-խենթ ընկալումը, նաև ամբողջանում նրա՝ որպես հայրենիքի պաշտպանի,առաջնորդի նաև խաղաղ շինարարի  կերպարը:

            Դավիթն ընդլայնում է Սասունի իշխանության սահմանները: Պատումում շեշտվում է Սասունի անկախության, ինքնուրույն քաղաքական գործունեության, հարևան երկրների հետ հարաբերությունների հանգամանքը, ինչը բնորոշ չէ այլ պատումների:

            Այս պարագայում գուցե կարող ենք մտածել է անկախ իրականությանը համապատասխան վիպասացի աշխարհայացքի ու պատումի գաղափարական առանցքի  փոփոխության մասին: Այդ փոփոխությունն, ինչպես տեսանք արտահայտվում է անկախ պետականությանը կամ էպոսի աշխարհին համապատասխան թագավորական իշխանության պարագաների առկայությամբ, Սասունցի Դավթի ակտիվ շինարարական և ինքնուրույն քաղաքական գործունեության մոտիվներով, որոնք բնորոշ չեն էպոսի ավանդական մոտիվաշարին թերևս արտահայտում են վիպասացների և ունկնդիրների՝ հայոց պետականության վերականգնման, խաղաղ շինարար գործունեության, երկրի շենացման երազանք-ցանկությունները:

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

28.05.2025

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.