Մեր հանդեսի ուշադիր ընթերցողն անշուշտ նկատած կլինի, որ համարից համար «Ռոսլինն» ընդլայնում է տարբեր հանգամանքների բերումով աշխարհի նույնքան տարբեր եզերքներում հայտնված արվեստագետներին հայտնաբերելու գործը՝ յուրօրինակ մերանի դեր խաղալով նրանց մեկտեղման, հայ արվեստասեր հասարակայնությանն ու առհասարակ հայությանը ներկայացնելու հարցում։
«Ռոսլին» արվեստի հանդեսի համարի պատասխանատու և խմբագիր Մարտին Հուրիխանյանի այս խոսքը թեև վերաբերում է ամսագրի 12-րդ համարի բովանդակությանն ու արտասահմանաբնակ հայ արվեստագետներին անդրադարձող հոդվածներին, սակայն բնութագրում է նաև ամսագրի առաքելությունն ու նպատակներն ընդհանրապես։
Հիմնադրվելով 2020 թվականին՝ Գրիգոր Մովսիսյան ու Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ և խբագրությամբ հրապարակագիր Վրեժ Առաքելյանի, ամսագիրը արվեստին նվիրված տպագիր պարբերականների համար դժվարին ժամանակներում եզակի ներկայություն է, որն ի սկզբանե որդեգրել է հայ դասական ու ժամանակակից արվեստն իր տարբեր ճյուղերով վերլուծելու և հանրահռչակելու, մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության բազմազան հարցերը լուսաբանելու, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր տաղանդաշատ հայրենակիցներին հայտնաբերելու, նրանց ստեղծագործության պատշաճ, արվեստաբանական ներկայացմամբ մշակութային կապեր ու կամուրջներ ստեղծելու առաքելությունը։ Միաժամանակ ամսագիրը համախմբում և հարթակ է տրամադրում նաև երիտասարդ ու վաստակաշատ արվեստաբաններին՝ ստեղծելով արդյունաշատ երկխոսության միջավայր։
Ժամանակակից թվային դարաշրջանում, երբ արվեստի պարբերականները, այլևս չեն տպագրվում և աստիճանաբար տեղափոխվում են թվային տիրույթ, արվեստաբանական խորը վերլուծություններն իրենց տեղը զիջում են ժամանացային, հաճախ մակերեսային ակնարկներին ու անդրադարձներին, դասական ոճի, տպագիր արվեստի ամսագիր հրատարակելը մեծ նվիրվածություն ու առաքելության գիտակցություն է պահանջում։
Հանդեսն իր համարներում անդրադառնում է արվեստի պատմության ու տեսության բազմաբնույթ հարցերի, մշակութային գործիչների հոբելյանների ու կարևոր իրադարձությունների։ Մասնավորապես 2024 թ․ մեր ազգային-եկեղեցական կյանքում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ․ Մայր տաճարի վերաօծում և Մյուռոնօրհնություն։ «Ռոսլին» հանդեսի 2024 թվականի 3-րդ համարի թեմատիկ ուղղություններից մեկը Մայր տաճարն է։ Համարը բացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ․Ասողիկ աբեղա Կարապետյանի «Հույսի, լույսի Մայր տաճարը» հոդվածով։
Հայր Ասողիկի ծավալուն անդրադարձը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանն ու ներկայացնում է համայն հայոց հոգևոր կենտրոնի հիմնադրման պատմությունը, ժամանակների մեջ Մայրավանքի ճակատագիրն ու ներկա վիճակը։ Ի մասնավորի հեղինակը կանգ է առնում վերջին տարիներին իրականացված հիմնանորոգման անհրաժեշտության, ընթացքի ու արդյունքների ներկայացման վրա։
Հանդեսի հաջորդ՝ արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանի անդրադարձը նույնպես նվիրված է Մայր տաճարին և հանգամանալից ներկայացնում է տաճարի որմնանկարների և ընդհանրապես ձևավորման յուրահատկությունները՝ առանձնացնելով եկեղեցու հոգևոր խորհուրդները, հայոց մեջ դրանց ընկալումն ու գեղարվեստական իրացման առանձնահատկությունները։ Մանրամասն ներկայացվում են ոչ միայն որմնանկարները, այլև տաճարը զարդարող գեղանկարները։
Հանդեսի այս համարում տեղ է գտել նաև ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությանը նվիրված Օվսաննա Քարամյանի ակնարկը, որտեղ ընդհանուր գծերով խոսվում է Իսրայելյանի մոնումենտալ նախագծերի գաղափարական նշանակության մասին։ Այս հոդվածը որոշակիորեն կապվում է նախորդ հոդվածների հետ. թեև այստեղ խոսք չկա մեծ ճարտարապետի՝ Մայր Աթոռում իրականացրած աշխատանքների մասին, սակայն հենց նրան ենք պարտական Իջման Սուրբ Սեղանի, Սուրբ Խորանի, Մեծ Եղեռնի և «Կաթնաղբյուր» հուշարձանների ստեղծման համար։
Համարի երաժշտական բաժնում կարող ենք գտնել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությանն ու հայ երաժշտարվեստի ավանդույթներին առնչվող հոդվածը, Ալեքսանդր Չեպալովի՝ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և նրա մոր՝ երգչուհի Իրինա Միլկեվիչուտեի հետ հարցազրույցները, որոնք անկասկած կհետաքրքրեն օպերային արվեստի երկրպագուներին։
«Ռոսլին» հանդեսում ի սկզբանե հատկապես մեծ է գեղանկարչությանն առնչվող նյութերի թիվը: Մասնավորապես այս համարում ընդգրկվել են ուշագրավ հոդվածներ, էսսեներ ու հարցազրույցներ, նվիրված Վարդգես Սուրենյանցի նկարազարդումներին, Երվանդ Քոչարի տարածական նկարչությանը և հայ գեղանկարչական ավանդույթի հետ հարաբերություններին, Վալմարի գեղանկարների հավաքածուին, գեղանկարիչ Տիգրան Հակոբյանի արվեստի առանձնահատկություններին:
Ժամանակակից արվեստի ու նորաձևության, նաև ազգային տարազը պահպանելու ու նորովի ներկայացնելու հարցերին են նվիրված Արմեն Երիցյանին և «Տերյան» մշակութային կենտրոնի մասին պատմող անդրադարձները: Բացահայտումներով լի է Լևոն Լաճիկյանի Գյումրու օպերային-օպերետային թատերախմբի գործունեությանն ու բալետային ներկայացումներին նվիրված ակնարկը:
Մեր երկրի համար դժվարին ժամանակներում անցյալի ու ներկայի հայ արվեստը, ապրող ու արարող հայ մարդուն, մեր հոգևոր-մշակութային զորավոր ու կենսատու ժառանգությունը, խոսքն ու միտքը ներկայացնող որևէ ձեռնարկ, այս դեպքում արվեստին նվիրված հանդեսի հրատարակությունը, այսօր առավել քան կարևոր է ոչ միայն մեր մշակութային կյանքում արվեստի շուրջ երկխոսություն ծավալելու, այն հանրահռչակելու, այլև հուսահատությունը հաղթահարելու, մարդկանց մխիթարելու ու ոգեշնչելու, վաղվա նկատմամբ հավատ, ապրելու ու ստեղծագործելու ձգտում առաջացնելու տեսանկյունից։
Հանդեսի 2024 թ․ 3-րդ համարը կարող եք ընթերցել այստեղ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան