• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գարեգին Սրվանձտյանց․ հերոսականության ալգորիթմի հայտնագործումը

Գարեգին Սրվանձտյանց․ հերոսականության ալգորիթմի հայտնագործումը

1873 թ. Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը (1840-1892 թթ.) Մշո Առնիստ գյուղում Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության առաջին տարբերակը՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» անունով, որը հրատարակում է մեկ տարի անց՝ 1874 թ. Կ. Պոլսում, «Գրոց ու բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» վերնագրով գրքում։ Գարեգին վարդապետին իրավամբ տրվում է մեր էպոսի հայտնագործողի պատիվը։
Սակայն արդյո՞ք Գարեգին վարդապետը միայն էպիկական բանահյուսության մի գործ հայտնաբերեց, արդյո՞ք միայն նոր հերոսներ ու հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին մի պատում գտավ, թե՞ հայտնագործեց կամ վերաբացահայտեց հայ ժողովրդի հերոսական մտածողության մի ամբողջ համակարգ, կամ ալգորիթմ, որն էլ մշակութային այլ կոդերի հետ միասին դարեր շարունակել, մեկնաբանել ու վերարտադրել է հայ ժողովրդի հերոսականության իդեալը։
 

Մշակութային ալգորիթմ

 

Ալգորիթմ հասկացությունը սովորաբար կապվում է մաթեմատիկայի և տրամաբանության հետ։  Այն որոշակի խնդրի լուծմանն ուղղված գործողությունների ու կանոնների հաջորդական համակարգ է։ Մշակութային մարդաբանության տեսանկյունից այն կարելի է դիտարկել նաև որպես հանրության մշակութային կամ ծիսական որևէ  փորձառության, արժեքների և վարքագծի վերարտադրման մեխանիզմ։  

Յուրաքանչյուր մշակույթ ունի իր ներքին օրինաչափությունները, պատկերացումների ու արժեքների համակարգը, որոնց միջոցով սահմանում է մարդու վարքը, գնահատում նրա արարքները և փոխանցում սեփական փորձը հաջորդ սերունդներին։

Այս իմաստով «հերոսականության ալգորիթմ» ասելով՝ նկատի ունենք ոչ թե հերոսի գործողությունների անփոփոխ հաջորդականություն, այլ այն մշակութային սկզբունքների ամբողջությունը, որոնց միջոցով ժողովուրդը ձևավորում, ճանաչում և վերարտադրում է հերոսականության իր իդեալը։

«Սասնա ծռերում» այդ սկզբունքները դրսևորվում են հերոսի ծագման ու ժառանգականության, ուժի և արդարության հարաբերակցության, փորձության ու ինքնահաստատման, նախնիների նկատմամբ հարգանքի,  սրբությունների պաշտամունքի,   արժանապատվության, համայնքի նկատմամբ պատասխա­նատ­վության և, ի վերջո, հերոսական արարքի՝ հավաքական հիշողութ­յան վերածվելու միջոցով։

Այս համակարգը նույնությամբ չի կրկնվում էպոսի բոլոր պատումներում։ Այն փոփոխվում է, հարստանում նոր շերտերով, երբեմն էլ վերաիմաստավորվում՝ պահպանելով իր գաղափարական-արժեքային առանցքը։

Հենց այս տեսանկյունից էլ կարևոր է Գարեգին Սրվանձտյանցի գրառումը։ Նա գրառեց ոչ միայն հերոսական պատմություն, այլև հայ ժողովրդի կենդանի մշակութային հիշողության մի պատում, որի միջոցով հնարավորություն առաջացավ մեկ այլ՝ բանավոր ավանդույթում դրսևորմամբ տեսնելու այն մշակութային ալգորիթմը որի միջոցով հայ ժողովուրդը դարեր շարունակ ստեղծել, պահպանել և փոխանցել է հերոսականության իր պատկերացումը։

 

Հերոսականություն և ազգային ինքնություն

 

Էպոսի գրառմամբ սկսվում է հայ ժողովրդի հերոսական ինքնության ճանաչման մի նոր փուլ։ Կենդանի շրջանառվող էպիկական պատումի հայտնաբերումը ժխտեց 19-րդ դարի այն տեսակետը, թե հայերը էպոս կամ դյուցազնական վեպ չունեն, և երկրորդ՝ հնարավորություն ստեղծվեց «Սասնա ծռերի» լույսի ներքո քննելու հայ մատենագրության միջոցով ավանդված առասպելական-էպիկական պատառիկները, այսինքն՝ հերոսականության անցյալի օրինակները։  Այսպես վերականգնվեց հայ ժողովրդի էպիկական ավանդության անցյալի ու ներկայի կապը. տարբեր դարերի էպիկական ստեղծագործությունները՝ էպոսը, «Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ» ավանդավեպերը դիտարկվեցին մեկ ընդհանուր համակարգում՝ գաղափարական ու գեղարվեստական ժառանգորդության սկզբունքով։

Գ. Սրվանձտյանցի գրառումը կարևորագույն օղակ էր 19-րդ դարում սկսված հայ ազգային ինքնության ճանաչման ու սահմանման գործընթացում։ Այս գործում առանձնահատուկ տեղ էր հատկացվում ազգային էպոսներին, քանի որ հենց դրանք էին հնարավորություն տալիս տեսնելու ժողովրդի պատմական հիշողության, աշխարհայացքի, հավատալիքների և բարոյական պատկերացումների ամբողջությունը։

Մինչ Գ․ Սրվանձտյանցը ազգային էպոսի կամ վեպի փնտրտուքը առաջնորդել էր Մկրտիչ Էմինին՝ հայ մատենագրության մեջ գտնելու էպիկական բանաստեղծության պատառիկներ և դրանք վեպ-էպոս անվանելու։ Ապա Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Արսեն Բագրատունին հայ հին առասպելաբանության հիման վրա ստեղծել էր «Հայկ Դիւցազն» էպիկական պոեմը։ Ավելի ուշ Մանուկ Աբեղյանն իր հայ վիպական բանահյուսությանը նվիրված ուսումնասիրություններում, հաշվի առնելով «Սասնա ծռերը», հայ ժողովրդի դարերի ընթացքում ստեղծած էպիկական բնույթի ստեղծագործությունները՝ առասպելները, ավանդավեպերը, էպոսը, վիպական երգերը, դասակարգում է ըստ հինգ հիմնական շրջանի։  Մ. Աբեղյանը ցույց է տալիս էպիկական ավանդույթի զարգացումը, առանձին ստեղծագործությունների ձևավորման ժամանակն ու միմյանց հետ կապերը։ Այս դասակարգման մեջ մեր «նոր վեպը»՝ «Սասնա ծռերը», ժամանակագրորեն վերջինն է, թեև պահպանում է հնագույն առասպելների հետքերը․

«Սասնա ծռերի» կենդանի օրինակը բացատրում է մեզ մեր այս հին վեպի ընդհանուր հատկությունը. այն է Մամ-Կոնից մինչև Մանուել պատմվածները նույնպես մի վեպ են կազմել և ավելի ևս հեշտությամբ, քանի որ մի ընդհանուր դրություն, մի ընդհանուր թեմա գոնե, եղել է, որով հորինվել է մի շղթա, որի օղակները թեպետ և մեկը մյուսից անկախ՝ բայց և իրար հետ կապված են եղել»[1], -գրում է Մ․ Աբեղյանը:

 

Հերոսականության չընդհատվող շղթան

 

Փաստորեն, Մ. Աբեղյանը որպես հայ վիպական բանահյուսության կառուցվածքային միասնության հիմք դիտում է ընդհանուր թեմայի առկայությունը։ Վիպական ընդհանուր ավանդույթի մասին խոսելիս նկատի են առնվում տարբեր ստեղծագործություններում կրկնվող միավորները, իսկ «Սասնա ծռերը» դիտվում է որպես միջնադարյան պատմագրության միջոցով ավանդված «Պարսից պատերազմ» և «Տարոնի պատերազմ» ավանդավեպերի շարունակություն ու զարգացում՝ կրկնվող կերպարներով ու մոտիվներով․

«Տարոնի պատերազմը պարսիկների դեմ դարձել է Սասունի կռիվ Մսրա Մելիքի դեմ: Հին անունները կամ մոռացության են տրված շատ հին միջադեպերի հետ, կամ թե, ինչպես Մուշեղ, Պապ և Շապուհ արքան, ետ են մղված նորերի առաջ։ Այս կերպարանափոխությունը կատարվել է մեկ այն պատճառով, որ Սասունն անբաժան է եղել Տարոնից, մեկ էլ, որ Սասունի 9-13-րդ դարերի դեպքերը նման են եղել հին վեպի պատմվածքներին։ Նոր վեպի մեջ գրեթե չկա մի միջադեպ, որ հնի մեջ չլինի։ Կենցաղական գծերը մի կողմ թողած՝ նորի դիցազնական առասպելները միայն չենք գտնում հին վեպի մեջ։ Նոր վեպի մեջ ապրում են, ուրեմն, հին վեպի տարերքը և ընդհանուր ոգին։ Նույն ձևով, ինչպես կտեսնենք, նոր վեպի մի քանի առասպելների մեջ դեռ կենդանի մնում են հատվածներ Վիպասանքի»[2]:

Այս դիտարկումները կարևոր են նաև մեր առաջարկած հարցադրումը հասկանալու համար։ Եթե տարբեր ժամանակների հայկական էպիկական ստեղծագործությունները կապված են ընդհանուր թեմաներով, կերպարներով, մոտիվներով և աշխարհայացքային սկզբունքներով, ապա կարելի է խոսել նաև հերոսականության որոշակի շարունակական համակարգի մասին։ Այդ համակարգը դրսևորվում է  հերոսների արարքներում, դավանած արժեքների պարագայում, ընդհանուր բնավորության մեջ։ 

Սակայն, մինչ Մ. Աբեղյանը, թե՛ Մ. Էմինի ուսումնասիրությունը և թե՛ Ա. Բագրատունու գրաբարով գրված պոեմը հանրային լայն ճանաչման ու շրջանառության չէին արժանացել և մնացել էին գիտական նեղ շրջանակներում։ Ըստ այդմ՝ դրանք չէին կարող էական ազդեցություն ունենալ ազգային գիտակցության ձևավորման, ինքնության ճանաչման ու պահպանության խնդիրների վրա։ Այս դեպքում բացառիկ կարևորություն էր ստանում էպոսի առաջին տարբերակի հրատարակությունը։

 

Ժողովրդական հիշողությունից՝ ազգային ինքնություն

 

Նվիրյալ հոգևորականն ու բանագետը իր հայրենանվեր գործունեությամբ կարողացավ գտնել ու ժողովրդին մատուցել նրա բանահյուսական գանձերը։ Իր չորս հայտնի գրքերում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» (1874 թ.), «Մանանայ» (1876 թ.), «Թորոս Աղբար» (1879 թ․ և 1885 թ.) և «Համով-հոտով» (1884 թ.), Գ․ Սրվանձտյանցը ոչ միայն հայտնաբերեց, գրառեց ու առաջինը ուսումնասիրեց մեր էպոսը, ժողովրդական բազմաթիվ հեքիաթներ, ավանդություններ, զրույցներ ու երգեր, այլև դրանք ներկայացրեց իրենց միջավայրում՝ հայրենի բնության, պատմական հուշարձանների և անցյալի սրբազան հիշատակների հետ միասին։

Այս գրքերում իր հայրենաշունչ ու ոգեշնչող խոսքով հեղինակը կենդանացնում է մեր պատմական հայրենիքի գեղեցիկ ու հիշատակներով հարուստ անկյունները, խոսեցնում հայ մարդուն, ընթերցողի մեջ արթնացնում սիրո ու հպարտության զգացում հայրենիքի, նրա պատմության ու մշակույթի նկատմամբ։

Գարեգին Սրվանձտյանցը վերգտնում ու ներկայացնում է հայոց ազգային ոգին։ Բանավոր ստեղծագործությունների գրառումն ու ուսումնասիրությունը, սակայն չունեին միայն գիտական նպատակներ․ Գ․ Սրվանձտյանցը ցանկանում էր անցյալի հիշատակների ներկայացմամաբ խթանել ազգային ինքնության զարթոնքը։

Հասկանալու համար Սրվանձտյանցի վերաբերմունքը ժողովրդական բառ ու բանի նկատմամբ՝ բավական է նշել, որ հայ բանահավաքչության ու բանագիտության մեծ երախտավորը բանահյուսական գանձերի իր երկու ժողովածուներին տալիս է ուտելիքի հետ առնչվող անվանումներ՝ «Մանանա» և «Համով-հոտով»՝ ընդգծելով դրանց կենսատու նշանակությունն ու արժեքը։

Մասնավորապես «Մանանայ» գրքի առաջաբանում մեծ հայրենասերն ու բանագետը գրում է.

«Մանանայս կը մատուցանեմ հայ բանասիրաց ոչ իբրեւ Սինայ անապատին երկնատեղաց նուիրական հաց, այլ իբրեւ Հայաստանի գազպին, որ երկրի ծաղկանց հիւթերէն օդին մէջ կը գոյանայ, ցօղով այգոյն կը շաղախի, արեւուն ջերմիկ ճառագայթներէն կը զանգի, կը հասուննայ եւ շաքարախմորի եւ մեղրի համով իբրեւ գինդ յակինթ կամ հատ-հատ մարգարիտ կ՚իջնայ մացառներու, տերեւոց, գազի փշոց եւ մատուտակի ոստոց վրայ ի գոյն արծաթափայլ եւ ի ձեւ նռան հատի, զոր ժողովեն մանկտիք եւ հարսունք, բլիթ-բլիթ յօրինելով, պաշար կազմեն ի քաղցր ճաշակ անձանց եւ հիւրոց ի մեծարանս»[3]:

Նա բանահյուսությունը ներկայացնում է որպես աստվածային սնունդ և ամենահամեղ ուտելիք, որպեսզի «իւրաքանչիւր ոք իւր քիմքը գոհացնելու պատառ մը ուտելիք կամ պուտ մը ըմպելիք կարողանայ գտնել այս թղթերուս մէջը»։

Միաժամանակ շեշտում է տեղային-ազգային առանձնահատկությունները, քանի որ հինկտակարանյան մանանայի տեղական տարբերակը՝ գազպեն, էպոսում ու գրականության մեջ հիշատակվող սիրված բնական քաղցրեղեն էր։

Սակայն այս սերը մենք տեսնում ենք արդեն Գարեգին վարդապետի առաջին գրքում՝ «Գրոց ու բրոցում», հատկապես այս նշանակալի գրքի երկրորդ մասում, որտեղ ընդգրկված է «Սասնա ծռերի» առաջին տարբերակը։ Ի սկզբանե Սրվանձտյանցը կարծում էր, որ իր հայտնագործությունը շատ քիչ մարդու կարող է հետաքրքրել։ Եվ չնայած էպոսի ընդունելության վերաբերյալ բանահավաքի թերահավատությանը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհէրի դուռ»  դառնում է նրա ազգային ծրագրի իրագործման գլխավոր միջոցը։

 

Էպոսի գրառումը՝ հերոսականության համակարգի բացահայտում

 

Մինչ «Գրոց ու բրոց․․․»-ի երկրորդ մասը, որտեղ ընդգրկված է «Սասունցի Դավիթ կամ Մհէրի Դուռ» անունով պատումը, գրքի առաջին էջերից սկսած հեղինակը ընթերցողին կարծես նախապատրաստում է, որ հայ ժողովուրդը չէր կարող  հերոսական էպոս չունենար, քանի որ դարեր շարունակ ամենատարբեր փորձություններ է հաղթահարել․

 

«Գրոց եւ բրոց ծրար մ՚ընծայ բերի Ձեզ այն հողէն ու ջրէն, որ Հայաստանի անունը  կը  կրեն տակաւին, ժողովրդէ մը, որ սերունդ եւ անուն Հայութեան ունին։ Այս հողն եւ ժողովուրդ կամ, այսպէս ըսեմք, Հայաստանն ու Հայ, որ հազար անգամ խորամանկութեան ու բռնաւորութեան փորձեր անցուցեր են, փորձեր՝ խլելու այս ազգի արմատը այդ արտէն, կամ փոխելու այն հողի յատկութիւնը, որ այլեւս չբուսցընէ զՀայ եւ չերեւի Հայութեան նշոյլ մը»։

Այս ամենին հակառակ, հայ ժողովուրդը կա և ուժեղ է․

«Բայց մեր երկրի հողն ու ջուրը, օդն ու եթերքը օծուած են հրեղէն լեզուով,  հրեղէն հոգւով, որք ո՛չ միայն վերաստեղծեր են զհայեր, այլ եւ վերապատմեր են հետագայից Հայաստանի նահապետաց, դիւցազանց, թագաւորաց եւ առաքինեաց անուններ ու գործերը»

Գ․ Սրվանձտյանցի հայացքով ժողովուրդը ուժեղ է, քանի-որ ուժեղ ու ամուր է այն հողն ու երկիրը, բնությունը, որտեղ նա ապրել ու ապրում։ Եվ այստեղ էլ թաքնված է այս ամենի մասին պատմելու նպատակը, անցյալի ու ներկայի կապը․ եթե նույն հողն ու ջուրը անցյալում սնել են հերոսներին, ապա այսօր էլ կարող են․

«Մշոյ հայերը պէտք էր քաջ լինէին՝ նայելով իրենց հայրենեաց դիրքին։ Այն ամեհի  բարձրաբերձ լեռները մեծութիւն մը կ՚ազդէին անոնց սրտին. անտառներով, մացառներով զարդարուած սարերու գագաթներ եւ ծոցերը, նոյնպէս եւ շամբերը, որոց մէջ լեցուն գազաններ են, զիրենք կ՚ստիպէին զէնքի վարժուիլ՝ թէ՛ որսալու համար եւ թէ՛ պաշտպանուելու համար։ Այս ընդարձակ դաշտը եւ այն մեծատարած երկինքը  վեհութիւն եւ վսեմութիւն կ՚ազդէին անոնց հոգւոյն, եւ այն պատուական կլիմայն արդէն զօրաւոր եւ յաղթանդամ կը կազմէր անոնց իրանները»։

Նույնիսկ գետերը զորաբանակ, թագավոր ու սպարապետ են հիշեցնում․ 

«Ջուրերը բոլորն ալ գետեր են, որ չորս կողմի լեռներէն սուր ընթացքով եւ գոռուն-գոչուն ձայնով կը վազեն, կը թափին Եփրատին ծոցը. եւ թէպէտ Մեղրագետն ու  Եփրատ  անձայն կ՚ընթանան, բայց այնպէ՛ս արագ եւ այնպէ՛ս ահարկու եւ լայնածաւալ  պտոյտներով ու հոսանքներով կ՚անցնին, որ կարծես ահեղ թագաւոր մի է Եփրատ եւ անոր սպարապետն է Մեղրագետը,  որք  ջրային զօրաց մեծ բանակ մը առած՝ գաւառները տիրելով կը վարեն, կը դիմեն ի կռիւ ուրիշ տիրապետաց  հետ։ Այսպիսի երկիր մը, որքան իւր բնակչաց նպաստաւորիչ է, այնքան ալ իւր մերձաւորաց եւ ծանօթից նախանձը կը գրգռէ, եւ այս պատճառաւ, գրեթէ շարունակ կռիւի մէջ ծնած  ու  մեծցած ըլլալով, մահուանէ չվախցող մարդիկ էին Մշեցիք»։

Եվ որպես հետևանք, հենց այստեղ էլ ստեղծվել են հերոսական պատմություններ, որոնք գալիս են անցյալից ու շարունակվում ներկայում, շարունակելով հերոսականության ալգորիթմը․

 

«Մշոյ աշխարհ լի է եղեր բանաստեղծներով, երգասացներով, բազմաթիւ աշուղներու  տեղ  է եղեր այս երկիրը. եւ այս բնական հետեւութիւն է այն քաջաց եւ քաջագործութեանց, որոց դիւցազնագործութիւնները կը դիւցաբանէին եւ անոնց թանկագին մահը պէս-պէս երգերով կ՚եղերերգէին։ Մշոյ այն գեղեցիկ հորիզոնը աչք ձգողին սիրտը ինքնին կը թրթռայ, արիւնը կ՚եռայ եւ հոգին կը բարձրանայ»

 

Արդեն երկրորդ մասի առաջաբանում այս հայացքով, սակայն ավելի մանրամասնորեն ներկայացնում է մեր էպոսը որպես ժողովրդի կյանքի, կենցաղի, պատմության, հավատալիքների, սրբազան վայրերի, հերոսական ոգու հուշարձան։

«Ամբողջ այս զրոյցքը նկարագիր է քաջութեան, ընտանութեան, բարեպաշտութեան և պարզ ու անխորամանկ յարաբերութեան  Դավիթին՝ իւր սիրուհւոյն հետ, իւր ախոյեանին հետ: Այս գրուածքը իւր բոլոր անկանոնութեամբ հանդերձ՝ հիանալի ոճեր ունի ասացուածքի» (էջ 130):

Շարունակության մեջ թվարկվում են այլ առանձնահատկություններ ևս․ 

«Այս գրուածքի մէջ կը տեսնէ հետաքրքիրն՝ գեղջկական կեանքի հանգամանքները. Աբամէլէքի մահուան համար սասունցւոց սուգը, Քեռի Թորոսի ուխտը, «Հացն ու գինի, տէրն կենդանի» երդումն, հպատակեցընելու համար թուրի տակէն անցընելու սովորութիւնը, Դաւթի եւ իւր հորթարած ընկերին մտերմութիւնը, Խանդուդ խանըմին աշուղ ղրկելը՝ Դաւիթը իրեն վրայ սիրեցընելու, Դաւիթի անվեհերութիւն եւ վեհանձնութիւնը, երբ Մսրամէլէքի հետ կը զարնուին, Խանդուդի քաջութիւնը եւ փէհլիվաններուն ճիւաղական նկարագրի ահագնութիւնը։ Ձէնով Օհանի ձայնի ոյժն եւ ահաւորութիւնը, եւ Մհերի զօրութիւնը, որ իսպառ անհամեմատ մարդկանց կը կացուցանէ եւ երկրագունդն ալ զայն կրելու անբաւական» (էջ 130)։»

 

Գ․ Սրվանձտյանցը փաստորեն արձանագրում է հերոսականության տարբեր բաղադրիչներ՝ քաջություն, վեհանձնություն, բարեպաշտություն, ընտանեկան ու մարդկային հարաբերությունների պարզություն, հավատարմություն, ուժի բացառիկ դրսևորումներ։ Այս հատկանիշները պատահականորեն կողք կողքի հայտնված բնութագրումներ չեն։ Դրանք միասին ձևավորում են էպոսի հերոսների  աշխարհի բարոյական ու վարքաբանական հիմքը։

Եթե փորձենք այս ամենը ներկայացնել որպես հերոսականության «ալգորիթմ», ապա առաջին հերթին պետք է նկատենք, որ էպոսի հերոսը պարզապես ֆիզիկական ուժի կրող չեն։ Նրա հերոսականությունը ձևավորվում է մի քանի հաջորդական գործողություններով;

 

Ա․ Ծագում և ժառանգականություն- ջրից ծնունդ ու հայրենի լեռների կաթնաղբյուրից ուժ ստանալ

Բ․ Հավատարմություն տոհմիկ սրբություններին- Մարութա Սուրբ Աստվածածնին ու նրա պարգևած Խաչ Պատերազմին հմայիլին

Գ․ Հավատարմություն առաքելությանը, երդմանն ու ուխտին

Դ․ Անկախության ձգտում և ընդվզում բռնակալության դեմ

Ե․ Արդար կռիվ

Զ․ Հանրության բարօրության երաշխավորություն

 

Բացի այս էպոսի առաջին տարբերակն ունի այլ հետաքրքիր մոտիվներ, որոնք մատնանշում է էպոսի հերոսական ալգորիթմի առանձին բաղարիչներ։ Օրինակ՝ եղբայրների կողմից աղքատների տների կառուցումը՝ Սասնո բերդի կառուցումից առաջ, հերոսական ուժի սոցիալական ուղղվածության արտահայտություն է։ Հերոսի առաջին գործը ոչ թե սեփական իշխանության ու ապահովության ամրապնդումն է, այլ համայնքի կարիքների հոգսը։ Կամ այս պատումում՝ Դավթի՝ Մելիքի թրի տակով չանցնելը հակառակորդի իշխանությունը չճանաչելու և նվաստացուցիչ ենթակայությունից հրաժարվելու դրսևորում է։ Մարաթուկում մատաղի ուխտը և Խաչ Պատարագի ստացումը հերոսականության աշխարհիկ ու սրբազան չափումների համադրություն են։

Այս օրինակները ցույց են տալիս, որ էպոսի հերոսը գործում է ոչ միայն ուժի, այլև որոշակի արժեքային համակարգի շրջանակում։ Նրա վարքագիծը ենթարկվում է այն սկզբունքներին, որոնք ժողովուրդը համարում է արժանի, արդար և ընդունելի։ Հերոսականությունը հենց այդ արժեքների գործնական դրսևորումն է։

Հերոսին ձևավորող այս սկզբունքները էպոսի երկարատև բանավոր գոյության ընթացքում  շարունակաբար վերամշակվել, հարմարեցվել և փոխանցվել են  սերնդե-սերունդ։ Հերոսը  դառնում է ոչ միայն անցյալի հիշողության կրող, այլև տվյալ ժամանակի հասարակության հերոսականության իդեալների արտահայտություն։

Այսպիսով, հերոսականության ալգորիթմը ոչ թե անփոփոխ կաղապար է, այլ մշակութային  մեխանիզմ, որը փոխանցվում է պատվի, բարոյականության, արդարության, ազնվության մասին սկզբունքներ կամ կոդեր։ 

Այս տեսանկյունից ուշագրավ է Փոքր Մհերի կերպարը։  Եթե էպոսի մյուս հերոսները իրենց ուժը գործադրում են աշխարհի ու համայնքի խնդիրները լուծելու, հակառակորդին հաղթելու և արդարություն հաստատելու համար, ապա Փոքր Մհերը հայտնվում է մի իրավիճակում, երբ նրա ուժը այլևս չի տեղավորվում աշխարհում գործող կարգի մեջ։ Նա չի կարողանում ապրել իր ժամանակի ու միջավայրի սահմաններում և հեռանում է քարայր՝ սպասելով այն ժամանակին, երբ աշխարհը կդառնա իր վերադարձին արժանի։ Այսպիսով, հերոսականության ալգորիթմի վերջին օղակը ոչ թե անպայման հաղթանակն է, այլ նաև սպասումը, վերադարձի հնարավորությունը և ապագայի նկատմամբ հավատը։ Փոքր Մհերը դառնում է ոչ միայն անցյալի հերոս, այլև ապագայի հույսի խորհրդանիշ։

[1] Մ․Աբեղյան, Երկեր, հատ. Ա, Երևան, 1966, էջ 284:

[2] Նույն տեղում, էջ 400:

[3] Մանանայ, էջ 5:

Hayk Hambardzumyan

16.11.2026

Հայկն ասաց

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.