Ազգի գաղափարը այն չէ, ինչ ազգն ինքն է մտածում իր մասին ժամանակի մեջ, այլ այն ինչ Աստված է մտածում ազգի մասին հավերժության մեջ։
Վլադիմիր Սոլովյով, Ռուսական միտք
Անկախությունից հետո ծավալվում են ազգային գաղափարախոսության ստեղծման շուրջ քննարկումներ, որոնցում գրեթե միշտ «Սասնա ծռերը» դիտվում է որպես այդ գաղափարախոսության հիմնասյուն: Ազգային էպոսին հղումներ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների ուղերձներում ու ելույթներում, կուսակցությունների ծրագրերում, մշակութաբանական, հասարակագիտական, փիլիսոփայական բնագրերում։ Մասնավորապես, էպոսի մեկնաբանություններով, արդիականացման փորձերով ու որպես ազգային գաղափարախոսություն օգտագործելու առաջարկներով հանդես են գալիս Ալեքսանդր Վարպետյանը, Օլեգ Բաբայանը և այլք։ 2000-ականներին էպոսի շուրջ քննարկումները նոր թափ են ստանում իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի հոդվածներում, հարցազրույցներում և ելույթներում:
«Ազգային գաղափարախոսությունը» պետք է փոխարիներ խորհրդային մարքսիստական գաղափարախոսությանը, միավորեր ժողովրդին, լեգետիմացներ նոր պետականությունը, որոշ դեպքերում ձևավորեր ազգային ինքնությունը: Այս խնդիրները հատկապես առկա էին Կենտրոնական Ասիայի երկրներում, մասամբ իրենց դրսևորումները գտան մյուս հանրապետություններում, մասնավորապես Հայաստանում:
Այս տեսանկյունից բնութագրական է և հետաքրքիր ուսումնասիրության նյութ է տալիս Ղրղզստանի օրինակը: Այս երկրում «Մանաս» էպոսը գաղափարական շատ մեծ նշանակություն ունի հանրության կյանքում, կա կենդանի վիպասացման ավանդույթ, վիպասացները՝ մանասչիները, ընկալվում են որպես մարգարեներ, պատգամաբերներ: Այս հանգամանքներն էին թերևս պատճառը, որ ազգային կամ պետական գաղափարախոսությունը Ղրղզստանում կառուցվեց հենց «Մանաս» էպոսի շուրջ: Սակայն արդյո՞ք էպոսին անդրադարձը միայն գաղափարական նպատակներ ուներ:
1995 թվականի օգոստոսին Ղրղզստանում մեծ շուքով նշվեց «Մանաս» էպոսի հազարամյակը, այդ մասին հատուկ հայտարարություն արվեց ՄԱԿ-ի 49-րդ նստաշրջանում: Հոբելյանի նշումը պատահական չէր, քանի որ նույն տարի նախատեսված էին նաև նախագահական ընտրություններ, և այն դարձավ Ղրղզստանի առաջին նախագահի նախընտրական արշավի մի մասը: Երկրի և էպոսի միջազգային ճանաչումը, տնտեսական որոշակի կայունությունը, հիմք նախապատրաստեցին երկրի առաջին նախագահ Ասկար Ակաևի նախագահական երկրորդ ժամկետի առաջադրման համար: Միաժամանակ որպես ազգային գաղափարախոսության հիմքեր Ա.Ակաևը առաջարկեց «Մանաս» էպոսի 7 «պատգամները»: Դրանք են՝
- Ժողովրդի միասնականություն և միություն
- Միջէթնիկական համաձայնություն, բարեկամություն և համագործակցություն
- Ազգային պատիվ ու հայրենասիրություն
- Տքնաջան աշխատանքը և գիտելիքը՝ բարգավաճման ու բարեկեցության ճանապարհ
- Հումանիզմ, մեծահոգություն և հանդուրժողականություն (հարգանք մարդու, նախնիների և ապագա սերունդների նկատմամբ)
- Ներդաշնակություն բնության հետ
- Ղրղզական պետականության ամրացում և պաշտպանություն:
Գաղափարական այս հիմնադրույթները, որոնց առնվազն կեսը ցանկության դեպքում կարելի է գտնել շատ էպոսներում ու նաև «Սասնա ծռերում», դարձան Ա.Ակաևի նախընտրական ծրագրի գաղափարական հիմքը և ներկայացվեցին որպես ազգային ինքնության կարևոր բաղադրիչներ:
Հետագայում` նախագահական ընտրություններից հետո՝ 1996 թվականի հուլիսի 21-ի կառավարության որոշմամբ, հաստատվեց նաև ««Մանաս» էպոսի 1996-2000 թվականների քարոզչության պետական ծրագիրը»: Որտեղ մասնավորապես սահմանավում էր էպոսի դերը, նշանակությունը, արժեքը և դաստիարակչական ու գաղափարախոսական նշանակությունը, էպոսի հանրահռչակման ծրագրերը և այլն:
Միաժամանակ գործի անցան նաև պատմաբանները, հայտնաբերվեցին ղրղզներին հիշատակող հնագույն աղբյուրներ, հայտարարվեց 2200-ամյա ղրղզական պետականության, ղրղզների արիական արյան, յուրահատուկ քաղաքակրթության մասին:
Նմանատիպ գործընթացներ տեղի էին ունենում նաև Կենտրոնական Ասիայի այլ երկրներում և ոչ միայն: Հայաստանում նույնպես հանրությունը հակված էր և մինչ օրս էլ հակված է պատմության վերընթերցմանը, առասպելականացմանը, կրոնական ու առասպելական մոդելների վերհանմանն ու համապատասխան գաղափարների ձևակերպմանը: Նաև առանձին անհատներ ձգտում են հիմնավորել ազգային գաղափարախոսության կարևորությունը և եղած առասպելապատմական նյութի վրա այդպիսի մի գաղափարախոսության ձևավորման անհրաժեշտությունը։ Ընդորում, մեզանում այդ գործընթացները սկսվել էին ավելի վաղ, գրականության մեջ 1960-ական թվականներից, իսկ հանրային-քաղաքական դիսկուրսում թերևս Ղարաբաղյան շարժման հետ միասին: Այն տարբերությամբ, որ, օրինակ, եթե Ղրղզստանում գաղափարախոսությունը իջեցվում էր վերևից և հիմնված էր «Մանաս» էպոսի վրա, Հայաստանում անկախության առաջին տասնամյակում գաղափարախոսության պահանջ դնում և փորձում էին ստեղծել մերձգիտական, մշակութային հանրության ներկայացուցիչները: Գաղափարախոսության փնտրտուքները ունեին նաև օբյեկտիվ հիմք:
70 տարվա գաղափարական անազատությունից հետո հռչակված անկախությունը, ազգային զարթոնքը, ապա հաջորդած սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, պետության ճակատագրի անկանխատեսելիությունը, բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը, պատերազմի վտանգը, հիասթափությունը քաղաքական գործընթացներից, խաբվածության գիտակցությունը, հանրության տարբեր շրջանակներում դեպի հոգևոր-մշակութային, բարոյական ու գաղափարական անանց արժեքները ձգտումներ էին առաջացնում: Մարդկանց հայացքը ներկայից անցնում էր անցյալին, պատմության ու մշակութային արժեքների վերարժևորման ու ներկայի մարտահրավերներին դրանց միջոցով արձագանքելու խնդիր էր դրվում:
Նաև, ինչը նույնպես կարևոր է, կար հոգևոր-բարոյական բաղադրիչը: Հայ ժողովուրդը շատ սիրում է մեր էպոսը, հանրությունն իրեն նույնացնում է էպոսի հերոսների հետ, «Սասնա ծռերն» ընկալվում է որպես նախնիների սրբազան պատմություն, հավերժական գիտելիք, բարոյական ու հոգևոր օրենսգիրք: Այս իրավիճակն ու մթնոլորտը թերևս, ինչպես նաև քաղաքական որոշակի նկրտումները ծնունդ տվեցին «Սասնա ծռերի» նոր մերձգիտական, երբեմն էլ հակագիտական ու քաղաքական մեկնաբանությունների:
Տարբեր ուսումնասիրություններում, ելույթներում ու հարցազրույցներում Էպոսի արծարծումները հաճախ զուգորդվում էին հայերի արիական հնագույն ծագման տեսությունների հետ, էպոսը դիտվում էր որպես հայերի արիական ծագման վկայություն։
Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա
Ա․ Վարպետյանի, Օ․ Բաբայանի, Վ․ Սեդրակյանի և մյուսների պետության զարգացման ինքնահատուկ, ազգային էպիկական-«սասնածռերյան» ճանապարհի նախանշումը պայմանավորված էր ոչ միայն վերևում բերված պատճառներով, այլև անկախության հաստատման առաջին տարիներին իշխանությունների, մասնավորապես նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությամբ և ազգային գաղափարախոսության նկատմամբ վերաբերմունքով:
«Ազգայնական» թևի գործիչները իրենց հոդվածներում, ուսումնասիրություններում, կուսակցական ծրագրերում անթաքույց կերպով հակադրվում են առաջին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային գաղափարախոսության վերաբերյալ հայտնի արտահայտությանը։ Նախագահը 1994 թվականին՝ ելույթ ունենալով ՀՀ գերագույն խորհրդի նիստում՝ խոսելով սահմանադրության ընդունման եղանակի մասին, անդրադառնում է հանրության մեջ «հարաճուն արծարծվող» «ազգային համաձայնություն» և «ազգային գաղափարախոսություն» հասկացություններին և դրանք համարում կեղծ․
«Կեղծ քաղաքական կատեգորիա է նաև ազգային գաղափարախոսություն հասկացությունը, որովհետև ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ։ Միշտ էլ կլինեն մարդիկ կամ մարդկանց խմբեր, և դա նրանց լիակատար իրավունքն է, որոնք երբևիցե չեն ընդունի այդ գաղափարախոսությունը։ Գաղափարախոսության մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում, որ ապացուցվում է թե՛ հայ ժողովրդի, թե՛ համայն մարդկության պատմական փորձով։ Պատմական փորձը ցույց է տալիս նաև, որ որևէ գաղափարախոսություն ինքնին դեռևս վտանգ չի ներկայացնում. այն վտանգավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ նրա գործադրումը պարունակում է մենատիրության կամ բռնության տարր։ Ազգային գաղափարախոսության ջատագովներն ակամա նրան տալիս են խորհրդավոր, համարյա կրոնական բովանդակություն, որ պարարտ հող է ստեղծում ամբոխավարության ու քաղաքական շահարկումների համար։ Խորհրդավորության քողը, սակայն, ազգային խնդիրները դարձնում է վերացական, կտրում իրական լուծումներից»:
Շարունակելով՝ Լ.Տեր-Պետրոսյանը, նշում է, որ եթե, այդուհանդերձ, նման գաղափարախոսության կարիք կա, ապա այն պետք է զուրկ լինի խորհրդավորության, կրոնականության քողից, դիցաբանությունից և լինի գործադրելի ծրագիր, այն է՝ «Հայաստանը տեսնել որպես ամուր, ապահով, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, ծաղկող մշակույթ եւ բարգավաճող տնտեսություն»[1]:
Լ․Տեր-Պետրոսյանի այս միտքը, ընդհանրապես գաղափարախոսության շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես գիտական և մերձգիտական հանրության, այնպես էլ մտավորականության ու քաղաքական շրջանակներում։ Տարբեր ուսումնասիրություններում, հոդվածներում որպես ազգային գաղափարախոսության հիմնական բաղադրիչ դիտարկվում է «Սասնա ծռերը»։
Էպոսը ինքնության հիմնասյուն
Մասնավորապես 2002-ին հրատարակված և 2008-ին վերահրատարակված Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի գաղափարախոսական հարցերով տեղակալ Մուշեղ Լալայանի «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ» գրքում ազգային գաղափարախոսությունը սահմանվում է որպես «իր առաքելությունը գիտակցող» ազգի համար պարտադիր արժեքային ինքնահատուկ համակարգ, ծրագիր, որը հիմնված է և ներառում է ազգի ստեղծած մշակութային արժեքները և մասնավորապես էպոսը․
«Հայկական գաղափարախոսության մեջ առկա են և՛ Այբուբենը, և՛ Էպոսը, և՛ հայոց Աստվածաճանաչողությունը, և՛ Ցեղակրոնությունը, և՛ Տարոնականությունը... և՛ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն»[2]:
Հենց նույն էջում հեղինակը բանավիճում է Լ․Տեր-Պետրոսյանի հետ՝ հիմնավորելով ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը։
Մ․ Լալայանի թեզիսներին համահունչ Էպոսին հղումներ կարելի է հանդիպել նաև Հանրապետական կուսակցության առաջնորդների ուղերձներում և ելույթներում։
Օրինակ, 2006 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուղերձ է հղում «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին, որտեղ էպոսը ներկայացվում է որպես ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն, այլ «գաղափարախոսություն», «ազգային ու համամարդկային արժեքների բարձրարվեստ շտեմարան»․
«Այն տվյալ ժողովրդի հոգեկերտվածքի, ազգային մտածողության և հավաքական գաղափարախոսության վկայությունն է, նրա ծագումնաբանության հավաստագիրը, համազգային երազանքների ու իղձերի խտացումը: «Սասնա ծռեր» էպոսը` իր չորս ճյուղերով, մեր ժողովրդի անչափելի բարության ու մարդասիրության, անսահման համբերության ու տոկունության, արարման և հերոսական ոգու հավաստումն է»[3]։
Կամ 2007 թվականին, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ բանակի կազմավորման 15-րդ տարեդարձին նվիրված ելույթում բանակի ծնունդը համեմատվում է էպոսի ստեղծման հետ, իսկ գործառույթը համարվում է՝ էպոսի գաղափարաբանության իրականացումը․ «Սա ամենքիս տոնն է: Ես շեշտում եմ «ամենքիս» բառը, որպեսզի մեկընդմիշտ հիշենք, որ միայն ժողովրդի հավաքական միտքն ու ջիղն է ունակ ստեղծելու ազգային բանակ: Ուզում եմ զուգահեռ անցկացնել մեր էպոսի ու մեր բանակի միջև: Ոչ մի հանճարեղ անհատ ի զորու չէ էպոս ստեղծելու: Էպոս ստեղծում է ժողովուրդը: Ստեղծում է դարերի ընթացքում, բառ առ բառ, դրվագ առ դրվագ հյուսելով իր պատմության հերոսական և ողբերգական էջերը` այնտեղ ներդնելով իր տաղանդը, իր ազգային իղձերը, իր երևակայության ուժը: Նույն այդ էպոս ծնող ժողովուրդը, իր պատմությամբ իմաստնացած, իր անցյալից դասեր քաղած, իր որդիների արյամբ ու անձնազոհությամբ, հղացավ և ծնեց այն հրաշամանուկին, որը կոչված էր իրականացնելու էպոս ներարկված իր ազգային տենչերը»[4]:
Կամ նույն Ս․ Սարգսյանը, արդեն 2012 թվականին «Սասունցի Դավթի» արձանի հարևանությամբ տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ՝ խոսելով բանակում կատարվող բարեփոխումների մասին, կրկին հիշում է էպոսը․
«Մենք կանգնած ենք մի արձանի մոտ, որ հայ ռազմիկի հավաքական կերպարն է: Մեր զինված ուժն է: Նա կռվի դաշտում է և սուրը ձեռքին: Մեր սուրն էլ է մեր ձեռքին: Կարծում եմ, որ բանակաշինություն բառն արդեն պետք է համարել հնացած: Զրոյից բանակ ստեղծելու փուլը վաղուց անցել է: Հայաստանի զինված ուժերը մեր պետականության ամենակայացած կառույցն են: Այսօր խոսքը հայոց բանակի կատարելագործման մասին է: Բարեփոխումների և արդիականացման ճանապարհով` դեպի կատարելություն: Այս ուղղությամբ ինչ-որ արել ենք, խղճով ենք արել, ճիշտ ենք արել, էլի՛ ենք անելու: 21-րդ դարի հայ ռազմիկը ժառանգել է Սասունցի Դավթի ոգին, բայց այլևս ոչ միամտությունը»[5]:
2003 թվականի ընտրություններում իր նախընտրական տեսահոլովակներում էպոսն օգտագործում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը։
Քաղաքական գործիչների խոսքում էպոսին կամ հին առասպելաբանությանը հղումները թերևս կարելի է համարել քաղաքական-հանրային խոսքին բնորոշ պոպուլիզմի դրսևորումներ։ Դրանք դիտարկելի են և համահունչ են հայաստանյան վերջին տասնամյակների իշխանական և նույնիսկ ընդդիմադիր ռազմահայրենասիրական դիսկուրսին։ Ըստ այդմ էլ, թերևս որոշակիորեն ներդաշնակ են լայն հանրության տրամադրություններին։ Ավելին, «Սասնա ծռերը» նույնիսկ 21-րդ դարի 10-ական թվականներին շարունակում է գաղափարական մեծ ծանրաբեռնվածություն կրել և դառնում է քաղաքական զինված պայքարի գաղափարախոսական հիմք ու գործիք։
Էպոսի, ընդհանրապես հին առասպելների քաղաքական նպատակով վերարծարծումները ցույց են տալիս հանրության հուսահատությունը, հիասթափությունը տարբեր ծրագրերից ու գործիչներից։ Նաև, իհարկե մեր ժողովրդի մտածողության արքետիպերը, որոնք անընդհանտ հառնում են անցյալից, նոր իմաստավորումներ ու մեկնաբանություններ ստանում։
Ակնհայտ է, որ մեր հիանալի ու հարուստ էպոսն՝ իր հնագույն շերտերով, ինքնության բաղադրիչ գաղափարների գանձարանով, կարող է դառնալ հասարակությանը միավորող, նրան ոգեշնչող գաղափարական առանցք, սակայն անհրաժեշտ է նախ և առաջ խորությամբ ճանաչել էպոսը, այնտեղ արծարծվող գաղափարներին չմոտենալ ընտրողաբար ու պատեհապաշտությամբ: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն էպոսի ռազմական ու հերոսական կողմին, այլ առաջին հերթին հոգևոր ու բարոյական ուղերձներին:
[1] Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստում՝ Սահմանադրության ընդունման եղանակի մասին, «Հայաստանի Հանրապետություն», 26․04․1994։ Հրատարակված է «Սահմանադրության ընդունման լավագույն եղանակը հանրաքվեն է» վերնագրով։
[2]Լալայան Մ․, Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ (երկրորդ, լրացված և բարեփոխված հրատարակություն), Երևան, 2008, էջ 3:
[3] Ա. Մարգարյանը ուղերձ է հղել «Հայկական ժողովրդական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգությունըե միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին, «Արմենպրես», 23․06․2006
[4] www.mil.am/hy/news.2048 03․09․2019։
[5] Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընտրողների հետ. ՀՀԿ մամլո հաղորդագրություն, «1-ին․ ամ» լրատվական, 10.04.2012, https://www.1in.am/73543.html, 29․10․2019։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան