Երկու մեծ բանաստեղծները հայ գրականության տարբեր շրջափուլեր են ներկայացնում, առաջնահայաց նրանց պոեզիան քիչ ընդհանրություններ ունի, սակայն նրանք շատ թելերով կապված են։ Ընդունված է ասել, որ Պարույր Սևակը սկսեց այնտեղից, որտեղ ավարտել էր Եղիշե Չարենցը։ Այսինքն՝ Սևակի պոեզիան, որոշակի իմաստով շարունակեց Չարենցի ստեղծագործությունը։ Իհարկե, այս պնդումը կարող է և վիճարկվել, սակայն, անվիճելի է Եղիշե Չարենցի մեծ ազդեցությունը Պարույր Սևակի՝ որպես բանաստեղծ կայացման վրա.
Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս 3 տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին «սովետահայ գրականության ողնաշար», այսօր դարձել էր «ժողովրդի թշնամի»: Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը՝ իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասեցի.
-Հասկացա, որ բանաստեղծ չեմ:
«Անցյալը ներկայացած» ինքնակենսագրական ակնարկում Պարույր Սևակի այս խոստովանությունը, սակայն, Սևակ-Չարենց հարաբերությունների միայն սկիզբն է։ Այս գրությունից երկու տարի անց՝ 1967 թ․, բանաստեղծը մեծ նախորդին անդրադառնում է իր՝ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական նստաշրջանում և հոբելյանական հանդիսավոր երեկոյին ընթերցած՝ «Չարենցը և արդիականությունը» զեկուցման մեջ․
Երբ էլ որ մենք զրկվեինք Չարենցից, թեկուզ 18-20 տարեկան ժամանակ, նա պիտի մնար հայ գրականության պատմության մեջ, ինչպես մնում են և հավերժորեն մնալու են իր և բոլորիս պաշտելի Դուրյանն ու Մեծարենցը: Առավել ևս 20-25, 25-30 տարեկանում Չարենցի մահը մեծ կորուստ կլիներ բոլորիս համար, ինչպես որ ահավոր կորուստ էր 40-ամյա հասակում, կորուստ՝ բոլորիս համար, բայց ոչ իր համար, որովհետև նա այդ տարիքներում Էլ կմեռներ իբրև մեծ բանաստեղծ ու գրող…
Սևակն, իհարկե, շատ բարձր է գնահատում հատկապես «հեղափոխության երգիչ» Չարենցին, սակայն անսահման հիացմունքով արձանագրում է հանճարեղ բանաստեղծի ստեղծագործության մեծությունը և հայ գրականության պատմության մեջ ունեցած նշանակալի դերը։
Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ՝ երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարներից մեկն է: 1500 տարվա ճանապարհ անցած մեր տաղաչափության մեջ նորություն բերելը համարյա անհնարին մի գործ էր, իսկ Չարենցի բերած նորությունները շատ էին այնքան, որ ստիպեցին Մ. Աբեղյանի նման մեկին հատուկ ուսումնասիրություն գրել այդ մասին, երբ Չարենցը տակավին երիտասարդ էր:
Չարենց-Սևակ ստեղծագործական ընդհանրություններն, իհարկե, ավելի ընդգրկուն ու ծավալուն ուսումնասիրության նյութ են, սակայն Չարենցի սևակյան ընկալումների առանձնահատկությունները երևան են գալիս նրա կազմած չարենցյան ընտրանին ընթերցելիս։ Չարենցի 70-ամյակի առթիվ, նույն 1967 թվականին,Պ․ Սևակը կազմում է «Եղիշե Չարենց» վերնագրով ժողովածուն, որն այս տարի, բանաստեղծի ծննդյան արդեն 125-ամյակի առթիվ վերահրատարակեց գրականագետ, Պ․ Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։
Չարենցի մեծության գիտակցումը, որը երևում է Սևակի զեկուցման մեջ, գրքում արտահայտվում է հատկապես առաջին ու վերջին բանաստեղծություններում՝ «Մոնումենտ» և «Չնչին, ինչպես Արարատին նետած քար»․
Ես մոնումենտ կանգնեցրի ինձ համար դժվար մի
դարում,
Երբ կործանվում էր իմ շուրջը այն ամենը, որ
բազմաթիվ
Տարինե՜ր, դարե՜ր էր կանգնել — և անմա՛հ էր թվում
աշխարհում:
Ժողովածուն բավական ընդգրկուն պատկերացում է տալիս Ե․Չարենցի ստեղծագործության վերաբերյալ։ Բանաստեղծությունները ներկայացվում են հետևյալ բաժիններում․ «Քնարերգական», «Արվեստ քերթության» «Գիրք իմաստության» «Տաղեր և խորհուրդներ» «Երգիծական» «Փրկված պատառիկներ»։
Երևում է, որ Պ․ Սևակը ձգտել է Չարենցի ստեղծագործությունները ներկայացնել դրանց ոճային բազմազանությամբ և հատկապես նորարությամբ։ Տեսանելի են Սևակի ժամանակի, այդ ժամանակի մեջ Չարենցի ստեղծագործության ընկալումների առանձնահատկությունները, նաև այդ հասարակարգում «թույլատրելիի» սահմանները։ Բանաստեղծությունների ընտրությունը նաև ներկայացնում է ոչ միայն կազմողի գրական ճաշակը, այլ նաև նրա՝ այդ օրերի մտահոգությունները՝ կապված պոետի նկատմամբ հասարակության ու իշխանության վերաբերմունքի հետ։ Ըստ այդմ էլ՝ այս ժողովածուում ուշադիր ընթերցողը կգտնի ոչ միայն Եղիշե Չարենցին, այլև Պարույր Սևակին։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան