Գրականությունն իր բնույթով հասարակական երևույթ է, հետևաբար իր ստեղծման ու զարգացան առանձնահատկություններով ոչ միայն արտացոլում է հասարակական կամ մարդկային կյանքի իրողությունները, նաև որոշակիորեն կապված է գրականություն ստեղծող անհատի դասային պատկանելության, միջավայրի, այս կամ դարաշրջանի իրողություններիհետ: Սա էլ իր հերթին ըստ գրականագետների կարող է նշանակել, որ գրականությունը մշտապես որևէ պատվեր է կատարում, դառնում գործիք ու քարոզչական միջոց կամա թե ակամա: Պատվիարտուներն են տոհմացեղային առաջնորդները, իշխանական տները, եկեղեցին, հրատարակչությունները, պետություններն ու նույնիսկ քննադատությունը: Այս դեպքում հարց է առաջանում. Կա՞ օբյեկտիվ, այս պայմանականություններից անկախ գրականություն:
Հայ և ոչ միայն այ միջնադարյան գրականությունը նման պատվերի լավագույն դրսևորումն է ցույց տալիս: Առաջին հերթին բոլոր պատմիչները եկեղեցական են և կան նաև կոնկրետ մեկենասներ՝ հովանավորներ, որոնք հաճախ ակտիվորեն մասնակցում են նույնիսկ ստեղծաբանական հարցերին: Օրինակ, Սահակ Բագրատունին իր հարցերով ու ցանկություններով կարծես մասնակցում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ստեղծմանը: Ղազար Փարպեցու մեկենասը Վահան Մամիկոնյանն է, Եղիշեինը՝ Մամիկոնյան Դավիթ Երեցը և այլն: Բայց սրանով հանդերձ տեսնում ենք, որ պատմիչները բանավիճում են մեկենասների հետ, միշտ չէ, որ ամբողջությամբ արտահայտում են իրենց դասի գաղափարները, օրինակ քննադատում են խոտոր ընթացքով հոգևորականներին:
Պատվերը պատվեր իհարկե, բայց մյուս կողմից էլ եթե գրականությունը ամբողջությամբ կտրված լինի իրականությունից չի ունենա սոցիալական ներգործություն, չի ընթերցվի ու տարածվի կդառնա ինքնանպատակ: Ի վերջո գրականությունը ստեղծվում է ընթերցողի համար, երբեմն շատ հստակ: Օրինակ, Գրիգոր Նարեկացին իր «Մատյանի» վերնագրում նշում է, որ գրում «Կրոնավոր եղբայրների հարցումներին ի պատասխան»: Եվ այս «պատվերը» ոչ մի կերպ չի անդրադառնում հանճարեղ «Նարեկի» գեղարվեստական որակի ու հոգևոր նշանակության վրա:
Միշտ չէ, որ հեղինակն արտահայտում իր դասի շահերն ու գաղափարախոսությունը: Օրինակ Լև Տոլստոյը ազնվական լինելով՝ լրիվ այլ գաղափարներ է ներկայացնում: Մեր գրականության մեջ ավելի մեծ դեր է ունեցել թերևս կուսակցական կամ որևէ խմբակի պատկանելությունը: Կարող ենք հիշել Մուրացանին՝ որպես պահպանողական հայացքների կրող: Միքայել Նալբանդյանին՝ որպես հողափոխական-դեմոկրատական գաղափարախոսության: Բայց իմ կարծիքով ամեն դեպքում մեծ գրողները կարողանում են հաղթահարել սոցիալական այս պայմանականությունները:
Ամբողջատիրական հասարակարգերում, օրինակ սովետական քննադատությունն էլ է ուղղորդում, պատվեր իջեցնում, որը համապատասխանում է իշխող գաղափարախոսությանը կամ ժամանակին: Օրինակ, մեր 1930-ականների, ապա նաև պատերազմական շրջանի գրականությունը: Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը», որը գրվում է Երկրորդ ամաշխարհային պատերազմի ընթացքում, շատ հստակ գաղափարական նպատակներով և հանրային ու պետական պատվերով: Եվ էլի հարյուրավոր այդպիսի գործեր, որոնց մեծ մասն այսօր ուղղակի մոռացվել են:
Իսկ այսօր էլ ամբողջ աշխարհում հրատարակչություններն են հաշվարկում հանրային պատվերն ու ձևավորում իրենց պատվերը գրողներին: Ուսումնասիրվում է շուկան ու պահանջարկը, ըստ այդմ հրատարակչության հետ համագործակցող հեղինակներն իրենք ակամա հետևում են պահանջարկրին, նաև գիտեն ինչ կհրատարակեն հրատարակչությունները: Երբեմն այդպես էլ գրում են: Կամ գրում են հաշվի առնելով պետական քաղաքականությունը, որպեսզի մրցանակներ ստանան:
Ամեն դեպքում պատվեր մշտապես կա, այլ է խնդիրը որ դժվար է ասել պատվերը վատ, թե լավ բան է: Մտածել է պետք....
Մանրանակար՝ Մովսես Խորենացի և Սահակ Բագրատունի, 17-րդ դար, Մաշտոցյան Մատենադարան