1985 թվականին «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում հրապարակված «Զրույց իր և մայրերի հետ» խոսքում Հրանտ Մաթևոսյանը նշում է.
«Գյուղում զոհվածների հուշարձան էին կանգնեցնում, նաև ինձ էր խոսք տրված: Ոչ մի անգամ այդպես պատասխանատու չէի զգացել: Ելույթս էլ մի քիչ անսովոր եղավ: Պիտի փառք տայի ջահել տղաներին, բայց իմ խոսքը եղավ թիկունքի մայրերի մասին: Այդ մայրերը՝ տասնութից քսան տարեկան աղջիկներն էին, որ հասցրել էին երկուսից հինգ երեխա ունենալ և ամուսիններից զրկվել: Իրենց միսն իրենց բերանն առած ամեն ինչ քաշեցին»[1]:
Շարունակության մեջ արձակագիրը ցանկութուն է հայտնում իր ստեղծագործությունը մի յուրահատուկ գրական կոթող դարձնելու այդ մայրերի համար: Դժվար է ասել, թե որքանով կարելի է Հրանտ Մաթևոսյանի արձակի կանանց պատկերասրահը այդպիսի կոթող համարել, սակայն անժխտելի է, որ գրողին հաջողվել է ստեղծել թիկունքում պատերազմի հետ առերեսվող կանանց, ոչ միայն մայրերի, բազմազան ու տպավորիչ կերպարներ։
Չնայած հեղինակի վերևում բերված խոսքի տոնայնությունը, բուն գործերում չենք կարող գտնել ծանր պատերազմական պայմաններում ապրող կանանց միայն «կոթողային» կերպարներ: Նմանապես չենք կարող պատերազմի ու ռազմական գործողությունների ուղղակի նկարագրություններ գտնել, սակայն Հայրենական պատերազմի գեղարվեստական արտացոլումը դրանից ոչ միայն չի թուլանում, այլ ուժգնանում է: Թիկունքում կանայք ապրում են բարդ, «սահմանային» իրավիճակներում, որտեղ բարոյական ուենիշերը իրենց տեղը զիջում են այլ ընկալումների: Ճշգրիտ գնահատականներին փոխարինելու են գալիս կարեկցանքը, հարգանքը նրանց տառապանքի նկատմամբ, որոշ դեպքերում ցավն ու զայրույթը։ Ծմակուտի կանայք լիարյուն, ապրող ու պատումների ընթացքում զարգացող՝ իրենց դերերը փոխող կերպարներ են՝ կյանքի հետ իրենց բազմազան կապերով, պարտքերով, հաշիվներով, չարությամբ ու մեղքերով, մեծ զոհողություններով ու փոքրիկ հաղթանակներով։ Նրանք մեծ մասամբ քիչ թե շատ բարվոք պայմաններ ու բնականոն, ապահով կյանք չեն տեսել, երջանիկ չեն։ Նույնիսկ ընտանիք ու ամուսին ունենալով հանդերձ՝ ծանր անցյալի, գյուղական վարքի ու բարքի, հետամնաց պատկերացումների պատճառով չեն կարողանում հանգիստ ապրել, իրենց կին զգալ, վայելել նույնիսկ պատերազմից հետո, կարծես արդեն հասանելի երջանկությունը։
Այս կերպարների ուսումնասիրության համար կարևոր է նրանց ապրած ժամանակի ու միջավայրի ուսումնասիրությունը։ Այդ ժամանակը մեծ մասամբ Հայրենական պատերազմի շրջանն է ու հետպատերազմական տարիները։ Ըստ այդմ էլ առնչվում ենք մի շարք հարցերի․ ինչպե՞ս է պատերազմն անդրադառնում հերոսուհիների կյանքի ու բնավորության վրա, որքանո՞վ է հեղինակը կարևորում և ինչպե՞ս է պատկերում այդպիսի իրավիճակներում ավանդական հանրույթում տեղի ունեցող փոփոխությունները և դրանց ազդեցությունը կերպարների վրա։
Կերպավորման տեսանկյունից մեծ կարևորություն ունի նաև հեղինակի ստեղծագործական զարգացման ընթացքի առանձնահատկությունների ուսումնասիրությունը, քանի-որ ըստ էության նույն, նույնիսկ իրական նախատիպեր ունեցող կերպարները՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության տարբեր շրջաններ ներկայացնող՝ «Եզրով», «Մեռելալույս», «Տախը» անավարտ գործերում և «Մեր վազքը», «Աշնան արև» (վիպակ և կինովիպակ) «Տերը» տպագրված գործերում ներկայանում են տարբեր շեշտադիրումներով ու հակասական գծերով։
Հրանտ Մաթևոսյանի արձակի այս հերոսուհիներին պայմանականորեն կարելի է երեք խմբի բաժանել․
- Թիկունքի «հերոսներ» կամ «զոհեր»․ ամուսիններ կորցրած կամ միայնակ, գյուղում տղամարդկային աշխատանք կատարող, անձնական երջանկություն չունեցող, ամենատարբեր կերպ շահագործվող, միայնակ ու դժբախտ որբևայրի կանայք: Օրինակ՝ հեղինակի առաջին պատմվածքներից մեկի՝ «Վերադարձի» պատերազմ գնացած ամուսնուն դավաճանած ու խղճի խայթից տանջվող Էմման, «Մեռելալույս» վիպակի Շամամը, Վերգուշը, Բավուկը և այլք։
- Ուժեղ, կամային, երբեմն դաժան, աշխարհից իրենց դժբախտ երիտասարդության համար վրեժ լուծող կանայք: Օրինակ, «Աշնան արև» վիպակի Աղունը, նույն գործի կինովիպակային տարբերակի Ղևանտի Մայան:
- Գյուղում որոշակի դիրք ու պաշտոն ունեցող, ուսուցչուհի և կուսակցական կանայք, որոնք չունեն անձնական երջանկություն, ունեն կորուստներ, շահագործում ու հարստահարում են գյուղացիներին, անցանկալի մարդկանց հեռացնում գյուղից, ուղարկում պատերազմ, վերածվում իսկական բռնակալների։ Այդպիսի մի բացառիկ կերպար է Հրանտ Մաթևոսյանի վերջին՝ անավարտ վեպի՝ «Տախի», նաև «Տերը», «Մեռելալույս» և «Եզրով» վիպակների հերոսուհի` օրիորդ Ուցյունը՝ Սիրանույշ Վրացյանը։ «Վարիչուհին», ինչպես անվանում է նրան հեղինակը իրական պատմական նախատիպ ունենալով հանդերձ՝ ընդհանրանալով՝ նույնիսկ կորցնելով սեռային հատկանիշը, դարձել է բռնակալության խորհրդանիշ։
Հրանտ Մաթևոսյանը հերուսուհիներին ներկայացնում խորությամբ, ու բազմակողմանիորեն՝ խուսափելով պատրաստի կաղապարներից: Կանայք երևակվում են միմյանց ու տղամարդկանց հետ հարաբերություններում: Այստեղ էլ հեղինակը մի քանի առանցքային հարց է բարձրացնում․ կարողանո՞ւմ են նրանք կին մնալ, թե առճակատվելով պատերազմին ու կեցության ծանր պայմաններին, կոտրվում և խեղճանում են, կամ մյուս ծայրահեղությունը՝ ատելությամբ լցվում աշխարհի նկատմամբ, ստանում տղամարդկային հատկանիշներ, դառնում կուսակցական ղեկավար, որոնց գործունեությունը միանշանակ գնահատել չի կարելի։ Որտե՞ղ է երևում նրանց կանացիությունը և ինչպիսի՞ն է նրանց նկատմամբ շրջապատի վերաբերմունքը։ Կյանքի հանգամանքները նրանց փոխում են ամբողջությա՞մբ և անդա՞րձ, թե, այդուհանդերձ, պարտադրված դերափոխությունը ժամանակավոր է։ Եվ, վերջապես, մեզ համար գլխավոր հարցը․ միայն պատերա՞զմն է այդ կանանց այդպիսին լինելու պատճառը։
Սրբուհիներ
Այս հարցերը Հ. Մաթևոսյանի տարբեր գործերում, տարբեր կերպ են իրացվում, և ըստ հեղինակային վերաբերմունքի փոփոխությունների, հետևաբար՝ կերպարակերտման առանձնահատկությունների բազմազան, երբեմն նույնիսկ հակասական են: Ընդհանրապես, հեղինակի կենդանության օրոք տպագրված գործերում կանանց կերպարները որոշակիորեն իդեալականացված են, «սրբագրված»։ Գյուղական կենցաղի ու հարաբերությունների շատ մանրամասներ չկան, ինչի հետևանքով առավել հստակ ու միանշանակ է պատերազմի ավերիչ ազդեցությունը նրանց հոգեբանության ու կյանքի վրա։ Օրինակ, «Աշնան արևի» կինովիպակային տարբերակում, այդ իդեալականացումը որոշ չափով պայմանավորված է պատմող հերոսուհու՝ Աղունի, իրականության ընկալման յուրահատկություններով, սակայն առավել չափով նկարագրվող իրադարձությունների ժամանակային հեռավորությամբ: Հենց այդ հեռավորությունն էլ թերևս մոռացնել է տալիս շատ մանրամասներ և կերպարները երևակվում են ավելի լավ լույսի ներքո: Սակայն, նույնիսկ այս դեպքում, մութ գծերը ակնարկվում են, որոնց համատեքստերը պարզ են դառնում հեղինակի մյուս՝ անավարտ գործերում.
«Նա տեսավ պատերազմի ժամանակվա լուսավոր սպիտակ կալը և կանանց երամը՝ իր հասակի բոլոր աղջիկ-կանանց՝ թաքուն ծիծաղկոտ, թաքուն տխուր, թաքուն մի բանի կարոտ։ «Կուրանամ ես,— շշնջաց նա.— մուրացկանի, հաց ուզող մուրացկանի պես վիզները ծո՜ւռ... էս թփի տակ, էն մարագում... մի քի՜չ, խնդրելով, գերի՜ — պիպոս Եգորից սեր էիք ուզում... Կուրանա՜մ ես... Թաքուն արյուն տալով, թաքուն արյուն տալով քանիսդ գնացիք»։Մայան կանանց մեջ զատվում էր (Մայան եղանով խուրձ էր տալիս դեզի գլուխը), և նա սթափվեց ու գնաց։ — Որովհետև լավը չէիք,— հիմա արդեն առանց խղճահարության ասաց նա»[2]։
«Տերը» կինովիպակում հերոսը՝ Ռոստոմը, անցյալ վերադառանալով՝ հուշերի պատառիկներում գտնելով այդ կանանց, նրանց «սրբուհի» է անվանում․
«․․․քիչ հետո, երբ վարիչուհին կաշվե բաճկոնը հանեց (մնաց տղամարդու բանակային վերնաշապիկով), այդ Վերգինը երեսը խմբից դարձրած մեկուսի կանգնած էր, բաճկոնը տարավ նրա ուսերին գցեց, հետո այդ Վերգինը ձյուների մեջ կքել, բաճկոնի օձիքները բերանի մոտ հավաքել, հոտ էր քաշում ու լուռ լաց էր լինում. ի~նչ սրբուհիներ էին. մեկը սայթաքեց ու բերանքսիվայր մնաց շալակի տակ, հետո ելնելիս խուլ ու սրդողած բողոքեց «իիի, Հիտլեր» - դա միակ անեծքն էր, այդ էլ խեղդվեց վարիչուհու զուսպ սաստի տակ՝ «ձայնդ»»[3]:
Իհարկե, ինչպես նախորդ դեպքում, Ռոստոմը նույնպես որոշակիորեն իդեալականացնում է այդ շրջանի կանանց։ Տառապանքը սրբացնում է նրանց: Ժամանակների հեռվից կենցաղային մանրուքները նահաջնում են, պատկերը մշուշվում է։ Անկախ միջանձնային բարդ հարաբերություններից, որոնք պայմանավորված էին ոչ միայն պատերազմական իրավիճակով, հեղինակը ստեղծում է նաև կանանց որոշակի համերաշխության մթնոլորտ, որը առաջանում է բոլորի համար ընդհանուր դժբախտությունից և բոլորի համար ընդհանուր սիրո պակասից։ «Աշնան արև» կինովիպակում գյուղ վերադարձած Սիմոնը հանդիպելով գյուղի կանանց՝ ամաչում է, որ ողջ է մնացել, որ ինքն է ողջ մնացել, այլ ոչ թե ավելի ուժեղները, ավելի «լավերը»․
«․․․նա չէր ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին, նրա քայլն անընդհատ ծանրանում էր, նա ետ էր ընկնում ու անցնում Աղունի թիկունքը։ Հետո, երբ արդեն շատ էին մոտեցել և կալի կանայք խմբված նայում էին, նա հանկարծ գայթեց, թափ առավ ու գնաց գրկելու բոլորին կարծես միանգամից։ Նա սրտից է սարքած, և աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու և մանավանդ քսան տարեկանում որբևայրիացած այդ խեղճ կանայք էին արժանի և մեծ սիրո, և՛ մեծ մխիթարանքի, և՛ մեծ գովեստի․․․»[4]:
Հեղինակը հոգեբանական դետալներով ու կարճ՝ կրակոցի պես հնչող երկխոսություններով պատկերում է մի իրավիճակ, երբ նույնիսկ Աղունը՝ գյուղի ամենադժբախտ ու թշվառ կանանցից մեկը, պատերազմական իրավիճակում դարձել է նախանձի առարկա, նույնիսկ անշուք ու աննկատ Սիմոնը՝ ցանկալի։ Եվ առաջին պահի զայրույթին ու նախանձին փոխարինելու են գալիս Սիմոնին իրենց կողքին ունենալու ցանկությունը, նրա համար պայքարելու ձգտումը․
«Այո, «ով էր գալու — ով եկավ»։ «Դե նեղանալ մի, Մայա ջան, տերը մեռած պատերազմը կարծում ես գիտի՞ ում է սպանում ու խնայում», հազար տեղից ծալվելով ասաց Սիմոնը, և Աղունն ինքը տեսավ, որ այդ երեխային ինքն է պաշտպանելու։ Եվ թեկուզ դա դաժան էր, բայց մեղքն Աղունինը չէր, դա այդպես էր,— Աղունը կանգնեց Սիմոնի ու կանանց արանքում, Մայայի ու Սիմոնի արանքում և ասաց Մայային. «Վերևն աստված կա, ամեն մեկին իրա սրտովն է տալիս»։ «Հա, բախտավոր», արհամարհեց Մայան, և ինքր չխնայեց ու հաստատեց. «Սիրտդ ինչ որ ուրիշին է ուզում՝ գալիս կանգնում է քու առաջ»։ Եվ Մայան չոր բերանը լիզեց ու պատասխան չունեցավ, և ինքը գլխաշորը շտկեց ու նրանից տուն գնալու իրավունք խնդրեց. «Հիմա՝ թույլ տալի՞ս եք ամուսնուս հետ տուն գնամ», և նա թույլ տվեց. «Գնա, բախտավոր»։ Եվ Մայան երևի հենց այդտեղ վճռեց զավթել Սիմոնին, խլել Սիմոնին Աղունից, չնայած մինչև այդ մի տեսակ արհամարհում էր Աղունին էլ, հենց Սիմոնին էլ, և Սիմոնը կուչ էր գալիս իշխանուհու ու էգի նրա հայացքի տակ։ Կանայք հուսահատությունից ու կարոտից այրվում էին, և ինքը, երբ իրենք հեռանում էին կանանց լուռ նայող խմբից, կսմթեց, պինդ կսմթեց Սիմոնի կողքը»[5]։
Սակայն նույնիսկ Աղունի հմայական կսմթոցը չի օգնում, քանի որ Ղևանտի Մայան ի վերջո հասնում է իր նպատակին: Լինում է այն ինչ պետք է լիներ, բարոյականության հարցեր այստեղ չեն դրվում, սակայն Հ. Մաթևոսյանը այնպես մանրամասն է ներկայացնում իրադարձության հասունացումը և այնպես հպանցիկ ու արագ բուն միջադեպը, որ այլ հարց է առաջանում. արդյո՞ք սիրո պակասից է, ի վերջո, Մայան «զավթում» Սիմոնին, թե Աղունից, ժամանակից, պատերազմից վրեժ լուծելու կամ այլ պատճառով.
«Գերեզմանոցի ձորում ասաց. «Գերեզմաններից վախենում եմ», ու մտավ Սիմոնի թևը։ «Ես կողքիդ՝ ինչի՞ց ես վախենում», ասաց Սիմոնը։ «Դու քո Աղունինն ես, ես էլ էսպես անտեր շան պես սրա-նրա թևի տակին», ու սեղմվում էր, սեղմվում էր Սիմոնին։ «Դե հետդ բերեիր երեխեքից մեկին», ասաց Սիմոնը։ «Երեխեքը քեռոնց են՝ ասացի», ու սեղմվում էր, սեղմվում էր Սիմոնին։ Էդ ինչքա՜ն էր ջղային, էդ ինչքա՜ն էր անհամբեր, էդ ինչպես էր միաժամանակ լացում ու ծիծաղում, միանգամից ինչպես էր խելագար ու խելացի։ Սիմոնին ասաց. «Ոտներդ սառչում են, շուտ արա»։ Հատակը տախտակած չէր, գետին էր։ Տաշեղի պես մի րոպեում նա բռնկվեց, մարեց ու քնեց։ Վաղ լուսաբացի հետ Սիմոնը շորերը հագել փախչում էր, նա դեռ քնած էր։ Նա քնած էր վերից վար կեսը վերմակի վրա, մերկ և աղջամուղջի մեջ թուխ»[6]:
Նույն դրվագը, սակայն որոշ փոփոխություններով պատմվում է «Աշնան արև»-ի վիպակային տարբերակում, սակայն այստեղ հերոսուհու անունը Սոնա է։ Ի տարբերություն կինովիպակի, այստեղ առավոտյան Սիմոնը մտածում է, որ Սոնան «լիրբ է», ինչը բացահայտում է կանանց նկատմամբ գյուղի տղամարդկանց վերաբերմունքի այլ շերտեր[7]։ Ընդ որում, երկու դեպքում էլ «սիրո» դիպվածին, հաջորդում է Մայայի կամ Սոնայի ակնկալիքը Սիմոնից․ նա պետք է նրանց տան հատակը տախտակեր։
Զավթիչներ
Ինչպես և Մայան, մի քանի այլ հերոսուհի ևս՝ սեփական նախաձեռնությամբ, կամ գյուղում մնացած փոքրաթիվ տղամարդկանց ոտնձգությունների պատճառով հայտնվում են «սիրուհու» կարգավիճակում, սակայն դա էլ ի վերջո բավարարվածություն ու հանգստություն չի բերում և, ընդհակառակը, բացապարզում է գյուղի կանանց հանրության մտայնությունները, որոնք վերածվում են մեղսոտ, սակայն ընկալելի ու հոզիչ մի բանաձևի, որը հնչում է Շուշանի բերանից․
«Որբևայրիացած աղջիկների այդ խումբը միշտ խումբ էր, միշտ միասին էին։ Նրանց երամը մի րոպե շաղվել-շփոթվել էր, որովհետև Աղունը ճայթյունի պես հանկարծ էր վրա հասել Մայային («Լիրբ, զավթիչ»), բռնել էր մազերից ու՝ մեջքին, մեջքին, մեջքին («Զավթիչ, զավթիչ, զավթիչ»), բայց կանանց շփոթված-շաղված երամը հավաքվել, մի կողմ էր շպրտել Աղունին, բարձրացրել էր Մայային, ուղղել շորն ու մազը, և բահը ձեռքին Շուշանը կանգնել էր դեռ վրա քշող Աղունի դեմ. «Բախտավո՜ր, ասել էր, մերոնք որ Հիտլերի դեմ զոհվել են՝ մենակ մեզ համար չեն զոհվել... քոնն էլ որ ողջ-առողջ եկել է՝ մենակ քեզ համար չի եկել, գլուխդ աշխատո՞ւմ է թե չէ»[8]։
Սակայն նույնիսկ սա ամփոփումը չէ, և կա նաև գյուղում ստեղծված բարոյական այս մթնոլորտի ավելի աբսուրդային շարունակությունը, որը մնացել է Հրանտ Մաթևոսյանի անավարտ ու մինչ վերջերս անտիպ գործերում: Եթե «Աշնան արևում» հերոսները բարոյական հարցեր չեն բարձրացնում, ապա «Մեռելալույս» վիպակում ու «Տախում» մենք տեսնում ենք այդ խնդրի շուրջ հասունացող այլ բախումներ, որտեղ գործողության մեջ է մտնում ու գյուղի «բարոյականության» մասին հոգ տանում վերևում արդեն հիշատակված վարիչուհի Սիրանուշ (Փառանձեմ) Վրացյանը, սակայն ոչ թե գյուղի մթնոլորտի ու կարգ ու կանոնի մասին մտահոգվելով, այլ անձնական հարցեր լուծելով: Այդպիսին են «Մեռելալույսում» Քեչոնց Շամանի, իսկ «Տախում»՝ Ղևանտի կնոջ ու Սարիբեգի կապի պատմությունները: Քեչոնց Շամամը հղիացել էր այլ տղամարդու հետ կապի հետևանքով, ապա կորցրել երեխային և երբ ֆերմայից նրան հիվանդանոց են տանում, բացահայտվում է տեղի ունեցածը.
«...կուսկազմակերպության Փառանձեմը մոտեցել էր, և նրանք սայլի, եզների ու մոխրագույն այդ հիվանդի պես լռել էին: Նրա եղբայրը զոհվել էր, նա ուզում էր եղբոր անհայտ գերեզմանի վրա զոհել բոլորին: «Ոմանք նռնակ են բռնում, ոմանք ճիպոտ», ասել էր նա: «Գնա՞մ», ասել էր ֆերմայի վարիչը, «գնա», ասել էր Բավուկը: Կուսկազմակերպության Փառանձեմը երեխաներին ասել էր. «Անցեք դասարան», և հանգած, խուլ Շամամին հարցրել էր. «Ախչի, մարդասպան, ո՞վ էր, Բաբուշենց Համբո՞ն էր, թե՞ սա՝ որ ճիպոտը ձեռին էսպես խելոք կանգնել է»[9]։
Վարիչուհին նույնիսկ հոդված է ուղարկում շրջանային թերթին՝ «Ճակատայինների կանայք և մեր անելիքը» վերնագրով, սակայն հետագայում իր պահվածքի՝ մարդկանց ճակատագրերի համար կործանարար ազդեցությունը զանց առնելով՝ հպարտանում, որ մյուս գյուղերի կուսկազմակերպություններից առաջ են անցել այդ հարցերի բարձրացման գործում[10]: Այսինքն կրկին արարքի նպատակը անձնական շարժառիթներն են ու կուսակցական մրցակցությունը:
Այս հերոսուհու վարքի անձնական շարժառիթների հիմքը՝ նախանձն է, չարությունը, ընտանեկան ու անձնական, քաղաքական հաշվեհարդարը։ Սոցիալական ծանրագույն պայմաններից, միայնակ ու անսեր գոյությունից զատ գյուղի կանայք ու նաև տղամարդիկ ստիպված են դիմանալ տեղական ղեկավարների դաժանությանը, իշխանասիրությանը, վրիժառությանը, երեսպաշտությանը։ Եվ ինչպես արձակագրի շատ գործերում է գյուղական ծանր, սակայն ընդհանուր առմամբ համերաշխ գոյությունը պղտորվում է դրսից եկած, կամ տեղական պաշտոնյաների միջամտությամբ: Եվ գյուղական փակ աշխարհը սկսում է կործանվել:
Վարիչուհին
Վերոթվարկյալ գործերում հին Ծմակուտի աշխարհի կործանողների մարմնացումն ու խորհրդանիշը Սիրանուշ Վրացյանն է, ընկեր Ուցյունը։ Այս կերպարը բացառիկ է թե՛ Մաթևոսյանի և թե՛ ընդհանրապես մեր արձակի համապատկերում։ Այս կերպարին անդրադարձը ակամա կամ տրամաբանորեն ներառելու է նաև մյուս կերպարներին, քանի որ բռնակալը՝ հեղինակի հուշումների վրա հիմնված մեր բնութագրմամբ՝ «շրջազգեստով Ստալինը», առանց զոհի չի լինում, իսկ զոհերն էլ կանայք են, երեխաներն ու պատերազմից վերադարձած հոգեպես ու ֆիզակապես հաշմված տղամարդիկ։
Ո՞վ է Սիրանույշ Վրացյանը: Նա իրական նախատիպ ունի՝ Փառանձեմ Աբովյան անունով: «Տերը», «Տախը» գործերում և անտիպ վիպակներում, նա գյուղի ղեկավար Ղևանտի քույրն է՝ մի տգեղ հաստագավակ, առնական կին, որը տղամարդկանց մեջ եթե նույնիսկ ցանկություն է առաջացնում, ապա, դա սարսափից ծնվող ցանկություն է։ Նա դպրոցում ուսուցչուհի և վարիչ, նաև եղբորից հետո ըստ էության իր ձեռքն է վերցնում գյուղի ղեկավարությունը։ «Տախը» վեպում և «Եզրով» ու «Մեռելալույս» վիպակներում նրա կերպարը կերտվում է խտացված անմարդկային հատկանիշներով, իսկ «Տերը» վիպակում՝ ավելի մարդկային գծերով։ Թեև հեղինակը այստեղ հերուսուհու անունը չի տալիս, սակայն գոնե արտաքին նկարագրությամբ «վարիչուհին» հիշեցնում է «ընկեր Ուցյունին»․
«․․․շարված էինք, թևը ձիու սանձի մեջ ու ձեռքերը կաշվե բաճկոնի գրպաններում՝ մեր դեմ օրիորդ վարիչուհին էր, տաբատը նույնպես գալիֆե սև կաշի էր, երկարաճիտ սապոգները՝ նույնպես, միայն գլխին բրդե շալ էր փաթաթած. այդ նիհար, սփրթնած, վախեցած երեխաների վրա նրա ներսում կարեկցանք կա՞ր - անթափանց էր»։ Սակայն, այդուհանդերձ շարունակության մեջ մենք տեսնում կերպարի փոքր-ինչ մարդկային տարբերակ։ Վարիչուհին խիստ է դպրոցի աշակերտների ու գյուղացի կանանց նկատմամբ, սակայն դեռևս չի կորցրել իր կանացի էությունը, համենայն դեպս ամուսիններին պատերազմում կորցրած կանանց կարեկից լինելու հատկանիշը․ «․․․օրիորդ վարիչուհին գալիս էր շարքի կողքից՝ բարձած ձին քաշելով, առաջ էր ընկնում, ետ էր ընկնում, մենք տառապում էինք յուրաքանչյուրս իր մեջ, վարիչուհին՝ բոլորիս համար» [11]։
Այս կերպարի ավելի մեղմ տարբերակ է ըստ մեզ «Մեր վազքը» պատմվածքի ռազմագիտության ու մաթեմատիկայի ուսուցչուհին։ Նա, ինչպես օրիորդ Ուցյունը, պատերազմում կորցրել է եղբորը, խիստ է, տիրական, բնութագրվում է «պողպատե հայացքով»։ Սակայն հեղինակն այստեղ հերոսուհուն բացահայտում է եղբոր որդու և առանց հոր մեծացող մյուս տղաների հետ հարաբերություններում և նրա վարքի հիմնավորումը գտնում եղբոր նկատմամբ մեծ սիրո ու վերջինիս կորստի ցավի մեջ․
«Նրա եղբայրը զոհվել էր ռազմաճակատում, և նրա առջև, զոհված եղբոր համար, մենք բոլորս մեզ մեղավոր էինք զգում, թեկուզ մեղավորը մենք չէինք, և հարգանքի հետ նաև վախենում էինք նրանից, որովհետև երբ նա մեզ նայում էր, ամեն անգամ երբ նայում էր, մեզ թվում էր, թե մենք ենք սպանել նրա եղբորը։ Շաբաթից շաբաթ և դասից դաս, նույնիսկ մեկ օրվա մեջ, մաթեմատիկայի ժամից մինչև ռազմագիտության ժամ, խստությունը նրա դեմքին կարծրանում էր, և մենք հասկանում էինք, թե նրա համար ինչքան լավն էր եղել նրա եղբայրը, ինչքան խորն էր եղել եղբոր սերը նրա մեջ, և ինչքան մեծ է նրա վիշտը»[12]։
Երեխաների հետ նա խիստ է սակայն մի պահի մեջ, այդուհանդերձ, դառնում է հորաքույր ու կին և չի կարողանում մերժել Մադաթի պահանջը․ «Ուսուցչուհին դանդաղ իջեցրեց իր ծանր կոպերը, մի քիչ մնաց այդպես աչքերը փակ ու դեմքը բարձր, և երբ ծանր կոպերը դանդաղ բարձրացրեց՝ արտասուքով լիքը հորաքույր էր, և շատ լավ երևում էր, որ զոհված իր եղբորը նա տեսնում է նրա որդու մեջ։ Մենք դա լավ էինք հասկանում, քանի որ այդ պահին այդ տղայի մեջ մենք ինքներս տեսնում էինք հրամանատարի ու հերոսի։ Նա լավ հրամանատար էր. նա ուզում էր ունենալ այնպիսի ջոկատ, որի յուրաքանչյուր մարտիկը լիներ վստահելի վազորդ։ Նա լավ ուսուցչուհի էր. նա ուզում էր իր մեջ միատեղել մեր բոլորիս ու յուրաքանչյուրիս սերը և ռազմական կարգապահությունը»։
Այս դեպքում դաժանությունը ընկալվում և մեկնաբանվում է որպես խստապահանջություն՝ ծնված պատերազմական պայմաններում կարգապահություն դաստիարակելու պահանջից, սակայն հարցի բարոյական կողմն այդուհանդերձ մնում է առկախված․ «Բայց այդ ինչպե՞ս է պատահում, որ ես լավն եմ, նա լավն է, դու լավն ես, բոլորս լավն ենք, իսկ վատ բան այդուհանդերձ լինում է»[13]։
Շրջազգեստով Ստալին
Այս կերպարը կենտրոնական է դառնում հատկապես «Տախը» վեպում ու բացահայտվում է գլխավոր հերոս Ռոստոմի կերպարի հարաբերությամբ և հերոսի՝ նրա նկատմամբ վերաբերմունքի նրբերանգերում։ Եվ ինչպես Ռոստոմին միանշանակ չենք կարող գնահատել, այնպես է Սիրանուշ Վրացյանին։ Ռոստոմի հուշերում Սիրանուշը մե՛կ ցանկալի կին է, մե՛կ չտեսած մայր, մե՛կ բռնակալ, մե՛կ թալանչի, մե՛կ գյուղացիներին սանձող բարոյականության տիպար։ Հերոսը անընդհատ մոտենում ու հեռանում է Սիրանուշից, ինչի շնորհիվ հեղինակը կարողանում է այս հակասական կերպարի նորանոր շերտեր բացահայտել։
Այսպես Սիրանուշը դաժան է ու կամային։ Նա կազմակերպում է գյուղացիների թալան-հարկահանությունը՝ պետության կարիքների համար նրանցից խլելով ինչ-որ հնարավոր է: Ռոստոմը սարսափով հիշում է, թե ինչպես իրեն ներքաշելով՝ «կուսակցական առաջադարանք» տալով, վարիչուհին, ոչնչացնում է գյուղի խոզի ֆերման։ Խոզերն ուղղակի գնդակահարվում են Սիրանուշ Վրացյանի ապագա ամուսնու՝ գնդապետի կողմից․
«Այս աշխարհում գողություն էլ կա, լրբություն էլ ու հազարումի դավաճանություն էլ, բայց մենք ահա թե ինչ ենք ասում. ասում ենք ամենամեծ դավաճանությունն այն է, երբ երամակը քեզ խոզ է կարծում, բայց դու խոզ չես- ձախով ականջների ետևը քորում ես ու աջով կրակում ականջի մեջ» [14]։
Խոզերի ոչնչացման սարսռազդու ու արյունոտ տեսարանը խորհրդանշորեն արտացոլում է այս կնոջ վերաբերմունքը գյուղի ու գյուղացիների նկատմամբ։ Ասել է թե, գյուղացու տեսանկյունով՝ գալիս ես, քեզ ներկայացնում որպես մեզնից մեկը, սակայն կործանում ու սպանում։ Ուշագրավ է, որ անտիպ նյութերում խոսելով այս կերպարի մասին, Հրանտ Մաթևոսյանը նշումներ ունի Վրացյանների մեջ խոզի արյան առկայության մասին։ Այս ավանդությունը թեև վեպում չկա, սակայն կան հերոսուհու խոզի հետ նույնացման նշումներ.
«Նրանց ցեղում խառնամուսնություն կա – Բավուկն ուզել է իր հորեղբոր տղային – ակնարկ՝ որ Փառանձեմի սերը եղբորը կնոջ սեր է տղամարդուն։ Նրանց ցեղում երբևէ հեռավոր արյուններ են խաչվել – թուրք ու հայ – իրար հետ ամուսնանալով, իրար սեղմվելով նրանք դուրս են մղում իրենց արանքից օտար արյունը։ Նրանց ցեղի մեջ (կանանց) բեղերը հեռավոր ամուսնության հետևանքով էր մտել։ Նրանց ասում էին Ղալանց, բայց նրանք իրենց համառորեն Վրացյաններ էին ասում։ Նրանք Վրացյաններ էին եղել, օտար բեղավոր մի արարած էր մտել նրանց ցեղի մեջ, նրանք իրար մեջ ամուսնանալով ուզում էին խոզի թե ինչի այդ արյունը դուրս քշել իրենց միջից» (անտիպ)[15]:
Կործանարար գործունեության հաջորդ դրվագում Սիրանուշ Վրացյանը անձնական և այլ պատճառներով նույնիսկ բանակային տարիքի չհասած կամ ավելի հասակավոր մարդկանց ուղարկում է ռազմաճակատ։ Հարցաքննում ու հալածում ճակատից վերադարձած տղամարդկանց։
Գյուղի գրեթե բոլոր կանայք Սիրանուշի զոհերն են՝ Աղունը՝ «Մեռելալույսում», երբ Քեչոնց Շամամի պատմության հետ կապված մի անմեղ կատակի պատճառով վարիչուհին ցանկանում է դպրոցից հեռացնել նրա տղային՝ «Բրտիշանը», Շամամը՝ որպես անբարոյական ու մարդասպան, Վերգուշը և այլք: Եվ այս մթնոլորտում ու հարաբերությունների մեջ գյուղը կործանվում էր, ոչ միայն պատերազմի հարվածներից, այլ առաջին հերթին ղեկավարի պահվածքից: «Տախում» Ռոստոմը այսպես ընդհանրացնում պատկերը.
«…օրիորդ Սիրանուշ Վրացյանի դեմ մեր նիհար մարմինները ուռչում ու կոշտանում էին լրջորեն ու թշնամանքով: Մենք սուրբ չենք թե մեր տանտիրուհին է էնտեղ, թե սգավոր հարսներ են լուռ խնդրանքով` կախվել մեր երեսից, թե՛ ուրիշ աղջիկներ են հենց էնպես արևածաղկի պես մեզ դուր եկել, և նրանք բոլորը քույրական տաք ափերով մեր սիրտը մի րոպե բռնել են... բայց թե թշնամական էդ ինչ որձություն էր զարթնում օրիորդ Ուցյունի դեմ՝ մենք դրա ակունքը չենք գտնում: Պատճառը գուցե այն էր, որ իր կին տեղով գյուղի վրա նա բանեցնում էր Ղեվանտ եղբոր իրավունքներն ու շարժուձևը և նույնիսկ պահանջել էր թե իր տակին պիտի Ղեվանտի հովատակը լինի, գուցե այն՝ որ անպարզ, բայց թաքուն զգում էինք, որ գյուղը նա քայքայոմ է, որ նա կանգնում է մեր ու մեր խոտհարքի միջև և իրեն ատելու հետ մենք խոտհարքն էլ ենք ատում, գուցե և այն պատճառով էինք ատում, որ ձմռանը զուտ կարտոլ, ամռանը կանաչ աղցան, իսկ միս՝ հազվադեպ ուտող մեր մարմինները նրա կոնքերի դեմ անզոր էին, ինչպես որ անբառապաշար, անտղամարդ, վախեցած գյուղն ինքն էր անզոր նրա գործունեության դեմ և հազիվ երեք տարեկան քուռակն էր ծալվում նրա գավակի տակ-նրա ծնկների մեջ: Խորամանկություն, կուսակցական համարձակություն ու լեզու ունեցող մյուսին՝ Ղեվանտի կնոջը, կուսակցական հանձնարարությամբ նա տգետ, անպատասխանատու ու անկնիկ ամբողջ չոբանի հետ ղրկեց Ղազախի ձմեռանոցները արյուն տալով մեռնելու և մնաց միանձնյա և՛ սրա որբերի, և՛ գյուղի վրա… ժողովի առաջ նա ասաց, որ այդտեղ հարսի ու տալոջ խնդիր չկա, որ ինքը նրա տալը չէ և նա էլ իր հարսը չէ– իր բերանով կուսակցությունն է նրան հանձնարարում»[16]:
Հարսին ուղարկելով Ղազախ՝ նա կարծես թե սկզբունքայնություն էր դրսևորում, որպես բարագութ հորաքույր ստանձնում նրա երեխաների խնամքը, սակայն իրականում հաշվեհարդար էր տեսնում և՛ կնոջ և՛ Սարիբեգի նկատմամբ՝ նրանց կապի համար: Տղային ճակատ է ուղարկում այն դեպքում, երբ նրա գնալու տարիքը դեռ չէր լրացել:
«Մեռելալույս» վիպակում Սիրանուշի կերպարը ներկայացվում է կնոջ՝ Աղունի տեսանկյունով: Այս կերպարը, թեև ատելի է, բայց նրա դիրքն ու իշխանությունը, խորամանկությունը ու այս ամենի արդյունքում ձեռք բերված նյութական բարիքները գայթակղիչ են դառնում, իսկ վարքը՝ օրինակելի։ Չար ու բարի սկզբունքների այսպիսի հարաբերություն ու նյութական բարիքների ձեռքբերման հեռանկարով չարի հաղթանակի այս մոտիվը հանդիպում ենք Հրանտ Մաթևոսյանի այլ գործերում ևս, մասնավորապես «Նանա իշխանուհու կամուրջը վեպում»։ Բարի ու արդար հերոսները սկսում են համակրել ու արդարացնել չարերին ու անարդարներին՝ համարելով, որ կյանքն է այդպիսին և լավ ապրելու համար պետք է այդպես ապրես։ Եվ այս առումով Սիրանուշը վանելով հանդերձ, դառնում է այս գործերի հերոսների ուղենիշը և հետագայում նրանք ինչ որ չափով կրկնօրինակում են նրան: Աղունը դառնում է խիստ, հաշվենկատ ու դաժան, Ռոստոմը՝ ձգտում է իր սկզբունքայնությամբ նմանվել նրան:
«Տախում» կերպարը զարգանում է, ավելի ճշգրիտ թերևս ավելի մեծ խորությամբ ու մանրամասներով է ներկայացվում։ Սիրանուշը այստեղ լիարժեք բռնակալ է, որ շատ ընդհանրություններ է դրսևորում այդ շրջանի կուսակցական ղեկավարների հետ: Հեղինակի ակնարկ-զուգահեռները կարելի է տեսնել մասնավորապես երկրի առաջնորդի հետ: Նրանք նման են նույնիսկ արտաքին գծերով՝ գալիֆե տաբատ, բեղիկներ, մեծ քաղաքականության մասին դատողություններ։ Իսկ հերոսուհու Վրացյան ազգանուն կարող է ակնարկ լինել առաջնորդի վրացական ծագման.
«Սիրուշը կարծես միայն կին է ու հենց միայն կին է - ձեռները ծանըր քամակին բռնած, թոկը ձեռին տղամարդ չի, գյուղը տղամարդուց մինչև վերջին կաղուկույրը ինքը չի ավլել՝ հանուն հայրենիքի, ամեն վերադարձողի հետ ինքը չի մթնում ու ամեն կարոտի հետ՝ ուրախանում, որպես թե սիբիրախտի երկրից են գալիս՝ քառասուն ու հարյուր քառասուն տեղ ստուգված ու կնքված ամեն վերադարձողի ինքը չի տնտղում ու քննում՝ այստեղ, ծնողի ու երեխայի առաջ, անտառի ու գետի հին խշշոցի մեջ, այնտեղի՝ Դերբենդի ու Չերչիլի ու դաշնակցության ու հայրենիքի ու պետական ու պատասխանատու բաների մասին, բայց իրականում՝ թե ինչու են եկել և ինչու չեն զոհվել: «Պարապ կնիկ է, դուք բանից խոսեք»: Իսկ եթե լիներ՝ որ կնիկ չլիներ. այո, եղբոր տեղն էր նստել և Ղևանտին այդպես էլ ասել էր. «Դու մեկնում ես, բայց ոչ բացակայում»»[17]:
Եվ ստանձնելով, ըստ էության զավթելով գյուղի ղեկավարությունը Սիրանուշ Վրացյանը՝ զինվելով կուսակցական հրահանգներով, կամ դրանց սեփական մեկնաբանությամբ ահաբեկում է մարդկանց: Թալանում է գյուղը, սակայն բարոյականության դասեր տալիս, պատժում մեծերին ու փոքրերին. ««Խեղճ ժողովրդի վրա շեք է արել ու կանգնել, հողեմ ես դրա որձ գլուխը»։ Հետո ասել էր. «Աքսորում է թող աքսորի, ինքը հետներս հո չի գալու, գոնե իրենից կպրծնենք»: Նա գրասեղանի ետևից ելել, թիկունքը դեպի երեխան կանգնել էր աշխարհի քարտեզի դեմ և ասել էր.
«Միացյալ Նահանգներն ի վերջո տեղի տվեցին»: «Այո», ասել էր նա: Վառարանի մոտ երեխայի գլուխը պտտվել ու սիրտը խառնել էր: «Ո՞ւր է գլորվում այս գյուղի բարոյականությունը»: Նրա հզոր գավակի դեմ ծաղկի ցողունի պես բարակ՝ երեխան նայել էր նրա կողքով պատին: «Ո՞ւր է այս գյուղի լուման», ասել էր նա: Նրա զորեղ գավակը ամբողջ պատերազմի ժամանակ մնաց անձեռնմխելի և անակնմխելի-ոչ մի տղամարդ չհամարձակվեց այդ գավակին դիպչել ոչ խոսքով ոչ հայացքով, բոլորն էլ բավարարվեցին Կոտոյի մոր ասածով, և մեկ էլ Համբո հորեղբայրն էր ասել «ձիո՞վ», ասել էին Փառանձեմը ջոկատի հետ գալու է սարերը, ասել էր «ձիո՞վ»: Աշխարհի քարտեզի դեմ կանգնած՝ նա թույլ էր տվել. «Զեկուցիր»[18]:
Հերոսներից մեկի՝ Կոտոյի մոր խոսքում ուշադրություն է գրավում վարիչուհու «որձ» բնութագրումը: Ընկեր Ուցյունի այս ընկալումը, որը գալիս է նրա դիրքից, պաշտոնից, վարքից, արտաքին տղամարդկային, առնական նկարագրից, իր ամբողջ տարօրինակությամբ, սարսափելությամբ ու անսովորությամբ շարժում է գյուղացիների հետարքրությունը, գայթակղում նրանց, գաղտնի ցանկությունների ու մտքերի առիթ տալիս: «Մեռելալույս» վիպակում պատերազմից վերադարձած տղամարդիկ այգում «փլված» երկար զրույցում փորձում են հասկանալ նրա էությունը, մեկնաբանել վարքը․ սիրո ու ընտանեկան երջանկության բացակայություն (Ռուբենի հետ չստացված հարաբերություններ, Սերժ Քառյանի մերժում), ցեղական իշխանատենչություն ու վրեժխնդրության զգացում, տգիտություն․ հերոսուհու կյանքի վավերական ու անվավեր տարբեր պատմություններով գյուղացի խեղճ տղամարդիկ փորձում են հասկանալ իրենցից շատ տարբեր այս կերպարին, ի վերջո այդպես էլ չեն հասկանում։ Գյուղացիների ավանդական ընկալմամբ կինը այդ պայմաններում վաղուց պետք է ինչ-որ տղամարդու հետ կապվեր, դառնար մյուսների նման։ Նրանց համար անհասկանալի է Սիրանուշի խելքը, հեռատեսությունը, մեծ նպատակներ ունենալն ու դրանց հասնելու ճանապարհին ոչինչ չխնայելը։ Եվ այս դեպքում գյուղացիներին օգնության է գալիս ծաղրը, երգիծանքը, որն իրականում կրկին նրանց խեղճության նշանն է[19]։
Այս խոսք ու զրույցի ընթացքում երևում է, որ վարիչուհին այդպիսին է եղել նաև մինչ պատերազմը, սակայն չի ունեցել իշխանություն։ Այսինքն՝ պատերազմը չէ նրան այդպիսին դարձրել և պատերազմից հետո էլ նա արդար ու բարի չի դառնալու։ Տղամարդիկ անզոր են այդպիսի կնոջ առջև, որը ղեկավար է, «որձ»[20] և ի տարբերություն որոշ գյուղացիների պահպանում է բարոյականության ձևական կանոնները, պատահական կապերի չի տրվում, սպասում է իր ամուսնուն: Ամուսինն էլ երգիծանքի օրենքներով պետք է այս գրոտեսկային կերպարի հակապատկերը լինի՝ կարճահասակ, փոքրամարմին, բայց զինվորական: Գնդապետ, որը կազմակերպում է գյուղի խոզերի սպանդը, հետևաբար կարող է հաղթահարել նաև խոզային այրուն ունեցող, անհաղթահարելի Սիրանուշին, որը միայն նրա կողքին է կին դառնում, այսինքն գյուղում այլ տղամարդ չկա: Սա էլ ավելի նվաստացուցիչ է Ծմակուտի տղամարդկանց համար:
«...Ուցյունն ինքը պատշգամբում էր. արմունկները բազրիքին էր դրել, գավակը ցցել էր ու երեսն առել բռունցքների արանքը, ինչպես որ կատուն ճնճղուկ բռնելուց առաջ՝ պոչը փեշի տակ լուռ լարվում էր։ Սիմոնն ասաց. «Ինչքան էլ գեներալական լինի՝ քաշըդ վաթսուն կիլոյից ավել չի, դու էս ցենտներանոց աղջկան օրինակ էդ ո՞նց ես շուռ տալու»: ...Նանը պրանենք նազե՛ց: Ինչպես եթե գոմեշի կուրծքը քորես ու դուր գա՝ նազեց: «Ես դրսից եմ, վարպետ Սիմոն, էդպես ծանր երևում. եթե ինձ առանց շորերի մերկ տեսած լինեիր՝ ցենտների մասին խոսք չէր լինի, կոնքերս, ճիշտ է, լայն են, բայց մեջքըս բարակ է, եթե ուզենաս երկու ձեռքով բռնել՝ մատներդ իրար կհասնեն, կբռնես, ճիշտ եմ ասում, մեջքս բարակ է»: Մենք մեր թաքստոցում՝ «կուվալդի, կռանի՛, մա՞ս- տուռնի՛, դարբնոցային ծանր ուռնի՞ կոթի պես է բարակ քու մեջքը»: Սիմոնը. «Վա՜յ, Սիրանուշ ջան, գետինը մտնենք, դու էստեղ ներկա ե՞ս»: Ուցյունը. «Ես արտաքուստ եմ էդպես խիստ ու ծանր, եթե փորձես, վարպետ Սիմոն, մի ձեռքով կգրկես ու ձիուն կդնես»: Սիմոնը, «Գործ չունեմ: Ես ինչ գործ ունեմ, այ մարդ, քեզ գրկեմ ու ձիուն դնեմ, քեզ թող քու գնդապետը գրկի ու իրա սուդաբեգին դնի...»[21]:
«Մեռելալույս» վիպակում, հետագայում գյուղի՝ զոհվածների հուշարձանի բացման առիթով գյուղ եկած Սիրանուշին Աղունի տղան փորձում է հիշեցնել նրա պահվածքն ու դրա կործանարար հետևանքները, սակայն ապարդյուն.
«Աղունի տղան տեսավ, որ նրանք այդ են, սա՝ այս, որ սրա պինդ ճարպոտ ուսի տակ սրա սրտին դանակի ծայրով, սրի ծայրով էլ անհնար է հասնել, և որ սրա էությունը թպրտացնելու համար, և որպեսզի սա հասկանա, չոքի, ոռնա, լացի կլանչի, խնդրի՝ պետք է ձեռ գցել սրա բաժին հացին, մայրն այնինչ լաց էր եղել»[22]:
Տախերը
Ի տարբերություն Աղունի լրագրող տղայի, որը նոր սերնդից է ու նրա համար Սիրանուշի կերպարը հասկանալի ու տհաճ է, «Տախում» Ռոստոմը՝ սեփական սկզբունքների ու մոլորությունների մեջ, այդուհանդերձ, կարոտաբաղձությամբ է հիշում Սիրանուշի ղեկավարության տարիները, քանի որ գյուղում կարգ ու կանոն կար, կար վախի մթնոլորտ: Ճիշտ այնպես, ինչպես շատ-շատերն այսօր էլ կարոտաբաղձությամբ են հիշում Իոսիֆ Ստալինին, մոռանալով նրա անհամար հանցագործություններն ու բռնությունները։ Դատի գործով Կիրովական գնացած Ռոստոմը իր պաշտոնյա ազգականի հետ խոսում է գյուղի խնդիրների մասին և ասում, որ «քայքայված գյուղին մի օրինակ, մի Ստալին, մի արձան է պետք»[23]: Ինչին ի պատասխան բարեկամը հիշում է Սիրանուշ Վրացյանին, որը կարծես թե ուզում է գյուղ վերադառնալ: Ռոստոմն այս խոսքից հիշում է «խոզանոցի արյան խշշոցը», սակայն հնչում է նրա ցանկությունը. «Խոզանոց՝ չունենք, ձիանոց՝ չունենք... որբևայրի մի երկու կթվոր, մի երկու կով ու մի քանի ծառ է մնացել- թող գա վրաները շեք անի ու կանգնի, այդ գյուղից մենք մեզ հանում ենք»[24]:
Ռոստոմը որոշակիորեն՝ բարոյականության ու սկզբունքայնության տեսանկյունից իրեն նույնացնում է Սիրանուշ Վրացյանին: Այսինքն` ինքը թողնում է իր դիրքը գյուղում, թող Սիրանուշը վերադառնա: Այն որ այս երկու կերպարները աղերսվում են ժողովուրդների առաջնորդի ընկալումների հետ, փաստվում է նաև «Տախը» վեպի մեկ այլ հատվածում. «Բարև ձեզ,– ասացինք. – մենք այստեղի Իոսիֆ Ստալինն ենք ու գումարած կնյազ Արգուտինսկին, պետությունը մեզ անտառ է վստահել»[25], -ասում է Ռոստոմը:
Այս զուգահեռը պատահական չէ, թերևս քանի որ Ռոստոմը՝ Տախը նույնպես խոզային էություն ունի: «Տախ» նշանակում է խոզ, և Սիրանուշի մեջ, ինչպես տեսանք նույնպես խոզի արյուն կա, բացի այս նա նմանեցվում է խոզի.
«Սիմոնն ասաց, «Կասկա՞ծ… Օրինակ որ կոխ եք կալնում՝ ո՞րըդ եք վեր գցում»: Նրա պուճուր գնդապետը ցույց տվեց, որ դա հարց չի, և որ ինքն անձնապես լրջորեն վիրավորվում է: «Ուրեմն քո մայորությունից վախում է», վիզը ծռեց Սիմոնը: Ոտները լայն դրած, ձեռները ետևին՝ նրա պուճուր գնդապետն ասաց «նա կին է», բայց Սիմոնն ուսը բարձրացրեց ու շրթունքը ծռեց՝ «եսի՛մ», և գնդապետն ասաց. «Դու քո մերունը ո՞նց շոտ տվիր»: «Իմ մերունը խոզ էր,- ծիծաղեց Սիմոնը,- քորի հատուկ տեղ ուներ՝ դանակով քորեցի՝ պառկեց ու կողքն ուրախ դեմ արավ»: «Էդ՝ բոլորն էլ քորի հատուկ տեղ ունեն», ասաց պուճուր գնդապետը։ Հետո Սիմոնն ասել էր. «դե գնա ու գտի՞ր», հետո ասել էր. «Էս խոզարած Ծմակուտն էս տասը տարին ուրեմն անտեղյակ է եղել»[26]:
Եվ խոզարած Ծմակուտը այդ տարիների ընթացքում կքում էր Սիրանուշ Վրացյանի ծանր շնչի տակ ու չէր կարողանում գտնել նրա հետ լեզու գտնելու բանալին: Քանի որ վերջինս գյուղական հանրույթից տարբեր գոյություն էր, արտաքուստ պահպանում էր բարոյականության սկզբունքները: Հետևաբար նրան մոտենալ, շոշափել, ծմակուտցի դարձնել հնարավոր չէր: Իսկ Ռոստոմի ողբերգությունն այն է, որ կարծես թե նույն բանն է փորձում անել՝ պետության անունից պահպանել իրեն վստահված անտառը, լինել սկզբունքային, գործել օրենքի տառին համապատասխան, սակայն ընկնում է իր ուռճացված ինքնընկալման, իր ստեղծած բարոյական ու ազնիվ կերպարի ծուղակը։
Ռոստոմը, ինչպես Հ․Մաթևոսյանն է ասում մի առիթով՝ «դեմ է գնում կյանքին, փորձելով իրեն կերտել` ելնելով՝ իդեալական գեղեցիկ, բայց, ավաղ, պատվի ու բարոյականության մասին վերացական, արդեն ոչ ժամանակակից պատկերացումներից: Եվ չի ցանկանում նույնիսկ փոքր զիջումներ անել կյանքին՝ ժլատ, անմաքուր, բայց շարժուն և շատ կենսունակ»[27]։ Հերոսն, ըստ էության, իրեն կերտում է իր տեսածի՝ կուսակցական առաջնորդների նմանությամբ, սակայն նրա ողբերգությունն այն է, որ ինքը կեցվածք չի բռնում և ազնիվ է ու փորձում է իսկապես իդեալական լինել ոչ իդեալական աշխարհում: Եվ այս համատեքստում օրիորդ Ուցյունը, որքան էլ ատելի է, դառնում է նրա իդեալը: Ռոստոմը ենթագիտակցորեն ձգտում է փոխարինել նրա բացակայությունը գյուղում, սակայն չի կարող, որովհետև սիրտ ու խիղճ ունի, որովհետև այլ ժամանակներ են՝ ստալինյան դարաշրջանն անցել է, պատերազմը վաղուց է ավարտվել: Եվ ըստ մեզ այս՝ իրար կապված և ինչ որ առումով միմյանց հակադրվող, բայց նաև կրկնող հերոսների՝ երկու տախերի՝ Ռոստոմի և Սիրանուշի շուրջ է հյուսվում վեպը:
Եվ ուրեմն
Ռոստոմի ու համագյուղացի տղամարդկանց՝ Սիրանուշ Վրացյանի ընկալումն ունի հոգեբանական իր մեկնաբանությունները․ այն մի կողմից պայմանավորված է հերոսների մանկական չիրականացված ցանկություններով, բռնակալի նկատմամբ զոհի բարդույթներով, դիրք ու իշխանություն ունեցող մարդկանց նկատմամբ գյուղացու վերաբերմունքով, սիրո ու վախի համադրությամբ և ենթագիտակցական աշխարհի այլ առանձնահատկություներով։ Մյուս կողմից պատերազմը, դրա թողած անհաղթահարելի հոգեբանական հետևանքները, թույլ չեն տալիս հերոսներին ազատագրվել վախերից ու մեղքի զգացումից ու դրանց համար նախատեսված պատժի հեռանկարից։
Սակայն, այդուհանդերձ, վարիչուհու և Հրանտ Մաթևոսյանի տարբեր գործերի պատերազմական թեմայի հետ կապված հերոսուհիների համեմատական քննությունը, թույլ է տալիս եզրակացնելու, որ միայն պատերազմը չէ, որ մարդկանց այսպիսին է դարձնում։ Գյուղական ծանր կյանքը, չպարզված հին հարաբերությունները, ներողամտության ու սիրո պակասը, մեծ հավակնություններն ու շատ այլ հանգամանքներ ձևավորում են գյուղը կործանող արատավոր մթնոլորտը։
Անկախ պատերազմական պայմաններից, Հրանտ Մաթևոսյանի համար իմ տպավորությամբ էական են հենց այդ ներքին՝ բարքերից ու միջանձնային հարաբերություններից բխող պատճառները, որոնք այսպիսի կերպարներ են ստեղծում։ Այսինքն պատերազմը ավելի մեծ ու ավերիչ, հայ գյուղը կործանող ընթացքի մի կարևոր, բայց ոչ որոշիչ դրվագ է։ Այն բացահայտում է հերոսուհիների մի մասի հերոսական, ուժեղ, առօրյա կյանքում թաքնված բնավորության դրական գծերը, իսկ մյուս կողմից ստեղծում բռնակալության մարմնավորումներ, որոնց գործունեության հետևանքները պատերազմից տասնամյակներ անց էլ զգացնել են տալիս։
Դժվար է ասել, այս կերպարների կյանքի պատկերները կարելի՞ է պատերազմական ու հետպատերազմական շրջանի հայ գյուղի կյանքի ճշմարտացի վավերագրեր համարել, թե՞ ոչ։ Քանի-որ Ծմակուտն ամեն դեպքում փակ աշխարհ է՝ իր օրենքներով ու կառուցման տրամաբանությամբ։ Նաև դժվար է ասել՝ կարելի է Մաթևոսյանի ստեղծագործությունը, իր ցանկությանը համապատասխան այդ կանանց հիշատակի կոթող համարել, սակայն այս հերոսուհիների միջոցով հեղինակը ներկայացնում է պատերազմի ժամանակ կուսակցական քաղաքականության այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են՝ բանակ զորակոչելու կարգն ու դրա խախտումները, բանակի կարիքների համար նյութական միջոցների հավաքագրումը, գյուղական տնտեսության փոփոխությունները, ավանդական հանրույթում մարդկանց վարքի փոփոխությունը։
Եվ նկարագրվող դեպքերի հնարավոր գնահատականներից անկախ, գյուղի կանայք յուրաքանչյուրն իր իմացածի ու կարեցածի չափով՝ կռվով, տղամարդկային աշխատանքով, սիրով, աղոթքով ու մատաղով, թիկունքում պատերազմում էին ոտնձգություններ կատարող տղամարդկանց, զավթիչ կանանց, դաժան ղեկավարների, սոցիալական ծանրագույն պայմանների ու ճակատագրի դեմ: Եվ այդ տառապանքը կարեկցանքի ու հարգանքի է արժանի։
Եվ «Մեռելալույս» վիպակի վերջաբանում մաթևոսյանական կանանց այս տիպերը խորհրդանշորեն ամփոփվում են մի ծիսական գործողության մեջ, որը տարօրինակ մի լույս է սփռում Ծմակուտի խավար աշխարհում։ Այս դրվագը սեղմ ձևով ներկայացվում է նաև «Աշնան արև» կինովիպակում։ Այն օրերին, երբ մի երգի պատճառով Սիրանուշը ցանկանում դպրոցից հեռացնել Աղունի տղային ու ահաբեկում է Աղունին, երբ մյուս կանայք վախով սպասում են վարիչուհու նոր որոշումներին, Սիմոնի եղբոր՝ ճակատում գտնվող Ադամի համար նրա ծնողները ծնկաչոք մատուռ են գնում, որպեսզի իրենց սպիտակ երինջը մատաղ անեն: Սիմոնի մայրը, որին Աղունը ծաղրում է և «վախեցնում Ուցյունով», թերևս միակ կինն էր, որ այդ պահին չի վախենում վարիչուհուց, քանի որ մատաղ էր անում իր որդու համար․
«Մատուռի մոտով անցնելիս ինքն ասաց. «էդքան ահ ու մահի մեջ քեզ քու մոր աղոթքն է պահել», «քու մոր ու քու հոր», ավելացրեց, «ես հաշիվ չեմ, քանի որ անգրագետ եմ ու աստծու տեղը լավ չգիտեմ»։ Ինքը ծաղրով էր ասում, բայց Սիմոնը կանգնել էր ու աչքերը լցվել էին։ Նրա հերնումերը եկան, սպիտակ երինջը մեկը քաշելով ու մյուսը քշելով եկան, մատուռին հասնելուց առաջ պառավը սոլերը հանեց, ծնկեց ու ծնկած եկավ ծնկած պտտվելու մատուռի շուրջը, իսկ ծերունին երնջի հետ ցածր զրուցելով էր պտտվում մատուռի շուրջը, այդպես երկար պտտվում էին»[28]:
[1] Հրանտ Մաթևոսյան., Զրույց իր և մայրերի հետ, «Հայաստանի աշխատավորուհի»,1985, թիվ 1,էջ 6:
[2] Հրանտ Մաթևոսյան, Տերը․ կինովիպակներ, Երևան, 1983, էջ 205:
[3] Նույն տեղում՝ էջ 258:
[4] Տերը․ կինովիպակներ, էջ 155-156:
[5] Նույն տեղում, էջ 156:
[6] Տերը․ կինովիպակներ, էջ 217:
[7] Տե՛ս Հրանտ Մաթևոսյան, Հատընտիր, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 553։
[8] Տերը․ կինովիպակներ, էջ 220-221: Նույն դրվագը նաև «Աշնան արև» վիպակում: Տե՛ս Հրանտ Մաթևոսյան, Հատընտիր, հատոր առաջին, էջ 557-558։
[9] Հրանտ Մաթևոսյան, Անտիպներ, հատոր առաջին, Երևան, 2017, էջ 535։
[10] Տե՛ս նույն տեղում, էջ 556:
[11] Տերը․ կինովիպակներ, էջ 256-257:
[12] Մեջբերումն ըստ պատմվածքի թվային տարբերակի։ Տե՛ս www.hrantmatevossian.org կայք։
[13] Նույն տեղում։
[14] Հրանտ Մաթևոսյան, Անտիպներ, հատոր երկրորդ, Երևան, 2017, էջ 198:
[15] Տե՛ս Վ․ Փիլոյան, «Մաթևոսյանական ծրագրած, սակայն անավարտ և չիրացված երկեր։ Մաթևոսյանական արձագանքներ 3 /միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու/ Երևան, 2020, էջ 145։
[16] Անտիպներ, հատոր երկրորդ, էջ 178-179:
[17] Անտիպներ, հատոր առաջին, էջ 408։
[18] Անտիպներ, հատոր երկրորդ, էջ 540-541:
[19] Տե՛ս Անտիպներ, հատոր առաջին, էջ 574-594:
[20] Գրականագետ Վ. Փիլոյանը հերոսուհու սեռային այս ընկալումները հաշվի առնելով նրան տեղադրում է Կ. Յունգի առանձնացրած հոգեբանական արքետիպերից՝ ստվերի մեջ. «Կարծում ենք` ստվերի արտահայտություն կարող ենք համարել օրիորդ Ուցյունի (Սիրանուշ-Փառանձեմ Վրացյանի) կերպարը «Մեռելալույս» և «Տախը» անավարտ երկերում, որ կրկնում է բացակայող, պատերազմ մեկնած եղբորը` Ղևանտ Վրացյանին, ապա և փոխարինում նրան»: Տե՛ս Վ. Փիլոյան, Հայոց արքետիպերի համակարգը Հր. Մաթևոսյանի ստեղծագործության մեջ, «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում»(գիտական նյութերի ժողովածու), Երևան, 2018, էջ 252:
[21] Անտիպներ, հատոր երկրորդ, էջ 200:
[22] Անտիպներ, հատոր առաջին, էջ 556:
[23] Անտիպներ, հատոր երկրորդ, էջ 213:
[24] Նույն տեղում, էջ 214:
[25] Անտիպներ, հատոր երկրորդ, էջ 323:
[26] Անտիպներ, հատոր առաջին, էջ 571։
[27] Լեզվի պոեզին/հարց․ Ալլա Մարչենկո/, «Вопросы Литературы»), N 12, 1980 թ.։ Աղբյուրը՝ hrantmatevossian.org/hy/works/id/lezvi-poezian
[28] Տերը․ կինովիպակներ, էջ 156:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Մաթևոսյանական ընթերցումներ 4(հոդվածների ժողովածու), Երևան, ԵՊՀ, 2022: